Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ստիպում է մեզ կյանքին վերաբերվել այնպես, կարծես ամեն ինչ աշխարհում հրաշք է : Այդպիսի մարդկանց հիշելիս սկում ես թոքերիդ ամբողջ ծավալով շնչել, մտքերդ պայծառանում են, անհնարինը դառնում է հնարավոր: Շատ դեպքերում մենք նրանց նույնիսկ լավ չենք էլ ճանաչում : Եթե անկեղծ՝ դա մեզ անհրաժեշտ էլ չէ : Կա մի ներքին ձգողականություն, որով մենք փորձում ենք անընդհատ նրանց կողքին լինել :
Նրանց կողքին հարմարավետ ու տաք է : Նման մարդկանցից երբեք չես հագենում : Ուզում ես հիշել ամեն մի ժեստ, ամեն մի խոսք, ժպիտի ամեն մի հատվածը, աչքերի թարթման հաճախականությունը : Ուզում ես իմանալ բոլոր մտքերը : Քեզ հետաքրքիր է ամեն ինչ, ինչ կապված է քո լույս-մարդու հետ : Ո՞վ է նա . հասարակ մի մարդ , միգուցե ՝ անտանելի բնավորությամբ : Միգուցե ՝ խայտառակ կամակոր կամ վատատես : Բայց նրանից լույս է կաթում ու անասելի էներգիա : Հասարակ շփումը կարող է քեզ մե՜ծ ուժ ու հավատ տալ , ստիպել մոռանալ ամեն ինչ աշխարհում : Տեսնել միայն լույս, հոգու լույս, մարդկային բնավորության ու հոգու լույսը :Նման մարդկանց ուզում ես ուղղակի…գրկել : Գիտեք, վերջին հաշվով թքած պետք է ունենալ, թե նման զգացմունքը ինչ անուն կունենա . սիրահարվածություն, ընկերական ջերմ զգացմունքներ կամ մեկ այլ բան : Մարդու սեռն էլ բացարձակ կապ չունի : Կարևորն այն է, որ այդ զգացմունքը կա : Իսկ ինչու՞ զգացմունքին անուն տալ , ի՞նչ պարտադիր է անպայման հասկանալ այդ զգացմունքն ու ինքդ քեզ համար հասկանալի դարձնել : Թող նման զգացմունքը անհասկանալի լինի, եկեք նրան անվանենք ՛՛ ջերմություն՛՛ ու վերջ : Թող ամեն մարդ իր ներսում պահի այդ ջերմությունը, որովհետև բացի ձեզնից ոչ ոք այդ զգացմունքը չի հասկանա :