Суббота, 23.11.2024, 13:15
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ջիվանի




Ջիվանի (Սերոբ Ստեփանի Լևոնյան) (1846մարտի 5 1909) - աշուղ, ժողովրդական երգիչ։

Ծնվել է 1846 թ. Ախալքալաքի գավառի Կարզախ գյուղում։ Սովորել է աշուղ Թիֆիլիի մոտ, որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թթ նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։

Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ։ Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը։ Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։

Ջիվանու երաժշտական ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղական հետագա սերունդների վրա։ Երևանում կա Ջիվանու անվան փողոց։

Դառն են եղել Ջիվանա մանկության և պատանեկության տարիները։ Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում է հարևան Դադեշ գյուղում։ Սերոբը և նրա երկու եղբայրները՝ Քերոբն ու Փիլիփոսը, զրկվում են մայրական խնամքից ու գուրգուրանքից։ Մորից բաժանվելու վիշտը ընդմիշտ մնում է Սերոբի սրտում։ Եվ այդ ազդեցության տակ նա հետագայում գրում Է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։

Սերոբի հորեղբայրը՝ Մարտիրոսը, որը Կարզախում ճանաչված մարդ էր, իր վրա է վերցնում երեք որբուկների խնամքը։ Ժամանակներն ու պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի Սերոբը կարողանա սիստեմատիկ կրթություն ստանա։ Գյուղական խալիֆայական դպրոցում նոր էր գրել-կարդալ սովորել, երբ հորեղբայրը Սերոբին դպրոցից դուրս է բերում և կարգում հորթարած։

Բնածին տաղանդի տեր պատանին ընկերների հետ հորթերը արոտ տանելիս շարունակ երգում էր հորեղբորից և ուրիշներից լսած, իսկ այնուհետև իր հորինած երգերը։ Ահա թե ինչ է պատմում նրա ընկեր Ավետիս Պողոսյանը. «Մի խումբ պատանիներ Խոզապին լճի ափին անասուններ էինք արածեցնում։ Մեզ հետ էր նաև Սերոբը։ Նա հազվադեպ էր մասնակցում մեր ընկերական խաղերին, շարունակ առանձնանում էր, ցածր ձայնով երգում և հետն էլ ճիպոտի վրա, "նվագում”։ Մի օր էլ տեսնենք սա իր հետ բերել է տախտակի մի կտոր և ձիու պոչից քաշած մազ։ — Ինչի՞ համար են դրանք, — հարցնում ենք նրան։ Սա թե՝ սազ եմ շինելու։ Երբ մենք սովորականի պես սկսեցինք մեր խաղը, Սերոբը առանձնացավ։ Կեսօրին տեսնենք, «սազը» պատրաստ է։ Նա երգում էր հորեղբայր Մարտիրոսից սովորած մի երգ ու հետն էլ խփում «սազի լարերին»։ Ավա՜ղ, մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին»։

Կարզախը Ախալքալաքի գավառի մեծ գյուղերից մեկն էր։ Այստեղ շարունակ աշուղներ էին գալիս և գյուղական օդաներում ելույթներ ունենում, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջ բերում երգ ու երաժշտություն սիրող կարզախցիների շրջանում։ Հորթարած Սերոբը դառնում է աշուղական երգերի ու հեքիաթների երեկոների մշտական հաճախորդը և կլանված ուշադրությամբ ունկնդրում։ Ընդունակ պատանին լսած երգն անմիջապես սովորում էր և հաջորդ օրը երգում։

Աշուղական արվեստը Ջիվանին սովորում է կարզախցի նշանավոր աշուղ Սիայու մոտ։ Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։

Նորեկ աշուղի մտքերը թռիչք են գործում, նա չի ցանկանում գյուղում մնալ, ուզում է քաղաք գնալ և լայն ասպարեզ է որոնում։ 1864 թվականին մի առիթով Ջիվանին հորեղբայր Մարտիրոսի հետ մեկնում է Թիֆլիս, իսկ այնուհետև՝ Ալեքսանդրապոլ։ Կարապետ և Հովհաննես Տալյանների սրճարանում Ջիվանու ելույթը մեծ հաջողություն է ունենում, նրա համբավը արագությամբ տարածվում է քաղաքում և ապա՝ ողջ Շիրակում։

Ջիվանին այլևս չի կարողանում գյուղում մնալ, չնայած նրա համար շատ դժվար էր հարազատներից ու հայրենի գյուղից բաժանվելը։ Հետագայում այղ կարոտը արտահայտում է «Պանդուխտի երգը» բանաստեղծության մեջ.

Ծննդավայր, երբ քեզանից հեռացա, Կարծես դրախտից դժոխքը ընկա. Ա՜խ, իմ երկիր, անուշ երկիր, հայրական, Պապիս, մամիս, նախնիկներիս օթևան։

Ջիվանին մտերմանում Է Կարզախ ժամանած աշուղ Սազայու հետ և երկուսով մեկնում են Թիֆլիս։ Ելույթի համար ընտրում են Կարապետ Սանոսյանի սրճարանը, ուր զուլալ աղբյուրի նման կարկաչում են երիտասարդ աշուղների երգերը։ Ջիվանին Թիֆլիսում մնում է մի տարի։ Այդ կարճ ժամանակամիջոցում նրա երգերը արժանանում են ջերմ ընդունելության։ Շուտով Ջիվանին Տալյան եղբայրներից հրավեր է ստանամ և մեկնում Ալեքսանդրապոլ։ Շիրակը իր հարուստ ֆոլկլորով, պատմական հուշարձաններով գրավում է երգչին։ Նրա վրա մեծ ազդեցություն են գործում Ալեքսանդրապոլի նշանավոր աշուղները։

1872 թվականին Ջիվանին ամուսնանում է սրճարանատեր Հովհաննես Տալյանի աղջկա՝ Աշխենի հետ։ Նրանք ունենում են վեց երեխա՝ երկու աղջիկ` Արաքսյան և Հռիփսիմեն, որդիները՝ Գարեգինը, Գուրգենը, Պարույրը և Լևոնը։ Որդիները բոլորն էլ եղել են նշանավոր մարդիկ, Գարեգինը ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր, որն ապրեց մինչև 1947 թվականը։

Ջիվանու երկրպագուներին շատ է հետաքրքրում տեղեկանալ նրա կենդանի մնացած ժառանգների մասին։ Ներկայումս աշուղի մեկ տասնյակից ավելի թոռներ ու ծոռներ ապրում են Թբիլիսիում, Երևանում է Մոսկվայում։ Արաքսիայի աղջիկը՝ Ռուզաննան (վախճանվեց վերջերս), Թբիլիսիում ամուսնացել էր Ալեքսանդր Նիժարաձեի հետ։ Նրանց աղջիկը՝ Գրետան, ավարել է օտար լեզուների ինստիտուտը և աշխատում է ժողտնտեսության կարևոր բնագավառներից մեկում, ամուր կապեր է պահպանում աշուղի բոլոր թոռների ու ծոռների հետ։ Երևանում են Գուրգենի որդին և աղջիկը՝ Վարուժան և Անահիտ Լևոնյանները, Հռիփսիմեի որդին՝ Դիզբեկը։ Իրենց պապի հիշատակը հավերժացնելու նպատակով ծոռներից երկուսին անվանակոչել են Ջիվան` Հակոբյան Ջիվան՝ Երևանում, Միխայլով Ջիվան` Մոսկվայում, կոմպոզիտոր։ Մոսկվայում Է ապրում Սերգեյ Գասպարյանը՝ Արաքսու թոռը և Ռուզաննան` Լևոնի աղջիկը՝ Ջիվան Միխայլովի մայրը։

Ջիվանին իր խմբով շրջագայել է հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ տեղերի հայաբնակ վայրերում։ 1895 թվականին աշուղը ընտանիքով ընդմիշտ տեղափոխվում է Թիֆլիս, որին ձոնել է մի ընդարձակ երգ.

Իմ կարողության չափ որքան որ գիտեմ, Պիտի գովեմ ես աննման Թիֆլիսը, Կյանքիս մեջ ես վատություն տեսած չեմ, Ինձ հարգել է միշտ պատվական Թիֆլիսը։

Այստեղ ապրելու աոաջին օրերին աշուղը այցի է գնում իր հայրենի Կարզախ գյուղը։ Վերջին անգամ գուսանը Կարզախում եղել է 1908 թվականի ամռանը։ Կարզախցիները ջերմորեն են ընդունում իրենց պանդուխտ զավակին։

Ընտանիքի նյութական դրությունը բարելավելու ուղղությամբ աշուղի գործադրած բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում, կարիքը դառնում է նրա կյանքի մշտական ուղեկիցը։ Պարտքատերերին տեսնելիս նա ամաչում է։ Կարզախցի կառապան Սեդրակ Միքայելյանը Ջիվանուն և նրա խմբի անդամներին Ախալքալաքից պետք է տաներ Արդահան, ճանապարհը անցնում է Կարզախ գյուղի միջով։ Աշուղը կառապանին խնդրում է ձիերը դանդաղ ընթացքով վարի, որպեսզի Կարզախ հասնեն ուշ գիշերին։ — Ինչո՞ւ,— զարմացած հարցնում է կառապանը։ Աշուղը հայտնում է, որ ինքը մի մեծ գումար է պարտք գյուղի քահանային։ — Ամոթ է, թող չիմանա, որ ես այս կողմերում եմ։

Ռեակցիայի տարիներին շատ է ծանրանում ժողովրդի սրտից խոսող գուսանի վիճակը։ 1909 թվականի աշնանը Ջիվանին ծանր հիվանդանում է և ընկնում անկողին։ Անօգնական վիճակում հիվանդությունը ծանրանում է և տևում հինգ ամիս։ 1909 թվականի մարտի 19 հանճարեղ երգիչը վախճանվում է։

Ջիվանին երգեց ավելի քան 40 տարի, ժողովրդի համար ոչինչ չխնայեց։ Նա հորինել է մոտ 800 երգ։ Աշուղի անվան հետ են կապված «Աշուղ Ղարիբ», «Ասլի Քյարամ», ինչպես և արևելյան այլ սիրավեպեր։ Նրա ստեղծագործությունները առանձին գրքերով լույս են տեսել 1882, 1912 թվականներին։ Մեր օրերում լույս են տեսել տպագրված և անտիպ երգերի մի քանի ժոդովածուներ։ Ջիվանին իր երգերով հանդես է եկել իբրև մեծ հայրենասեր, առաջադիմական գաղափարների պրոպագանդիստ, անարդարության, հետամնացության դեմ անհաշտ մարտնչող։ Հալածանքից խուսափելու նպատակով շատ մտքեր արտահայտել է այլաբանորեն։ Այդ տեսակետից առավել բնորոշ է «Խելքի աշեցեք» հռչակավոր երգը։

Աշուղի երգերը տոգորված են ինտերնացիոնալիստական գաղափարներով։ Նա իր ազգը չի գերադասում ուրիշ ազգերից, սիրում և հարգում է մյուս բոլոր ժողովուրդներին.

Ես սիրում եմ մերձավորիս, բայց չեմ ատում օտարին, Օտարն էլ ինձ նման մարդ է, ցանկանամ եմ իր բարին։

Գուսանի սիրո թեմային նվիրված երգերը ունեն առանձնակի հնչեղություն և մեծ ժողովրդականություն են վայելում՝ «Նազելուս ամպ է իջել», «Պաղ աղբյուրի մոտ», «Գեղեցկուհուն» և այլն։

Հայ իրականության մեջ ոչ մի աշուղ այնպես չի սիրվել, ինչպես Ջիվանին։ Այսօր էլ գուսանի երգերը ամենուրեք հնչում են իրենց խոր բովանդակությամբ և հյութեղ եղանակներով։ Ջիվանուն գիտեն բոլորը, գիտեն Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, գիտեն թե՛ մեծերը և թե՛ երիտասարդները։ Շատ աշուղներ երգեր են ձոնել մեծ երգչին, իսկ շատ շատերն էլ նրա անունը հիշատակել են իրենց երգերում։

Ամեն տարի հունիս ամսի երկրորդ կեսերին, Ջիվանու հայրենի Կարզախ գյուղում, մեծ շուքով նշվում է ժողովրդական երգչի օրը։ Տարբեր վայրերից այստեղ են ժամանում գուսանի տասնյակ հազարավոր երկրպագուներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծանուն գուսանին։

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz