Խաչատուր Աբովյան -(Հոկտեմբեր 15, 1805 — անհետացել է 1848) հայ
ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է։ Խաչատուր
Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում, 1805 թվին։ Զավակն է
եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է
ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է
խոսել ինքը՝ վիպասանը։
Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի
եղել։Աբովյանը մինչև տասը տարեկան հասակը անց է կացնում գյուղում, որից
հետո ծնողները 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի
բարեկամ Եփրեմ Կաթողիկոսին։ էջմիածնում Անտոն Եպիսկոպոսի մոտ վեց տարի
սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան
Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոցը, Ստեփանոս
Նազարյանի և մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին
շրջանավարտներից մեկը։ Երեք տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն
Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին,
վերադառնում է հայրենիք։ Այդ իսկ թվին նա անցնում է Էջմիածին։Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և
եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան
ուսումնասիրություններ անելու։1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (գտնվում
է Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ
գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով
կաթողիկոսը թույլ է տալիս Աբովյանին մասնակցելու այդ գիտական արշավախմբին՝
որպես տեղական հանգամանքներին ծանոթ մի անձնավորություն։