Եթե մի օր իրեն տեսնեք, փոխանցեք, խնդրում եմ, որ մեր միջև դեռ շատ չխմած սուրճի բաժակներ կան ու կցկտուր բառեր՝ օդում: Մենք կիսատ կատակներ ունենք ու չքննարկած թեմաներ: Առհասարակ, մենք դեռ չենք գտել այն լույսը, որը մեկս մյուսի վրա սփռելու դեպքում իրար ամենաճիշտ ու կարևոր կողմից կտեսնենք:
Փոխանցեք, որ ես իրեն եղանակ պիտի ցույց տայի, ավելի ճիշտ՝ իմ եղանակը պիտի ներկայացնեի: Ես նման հնարավորություն, երևի, չունենամ, բայց նկարագրեք իրեն իմ եղանակը. երեկոյան ժամերին, երբ հորդառատ անձրև է գալիս, երկնքում դեռ մռայլ ամպեր են մնում: Մայրամտանում է, ու արևն այլ գույն է ստանում. ամեն ինչ դառնում է վա՜ռ նարնջագույն, ու այդ լույսն ընկնում է պատուհանների ապակիների վրա: Երկնքի մի կողմում մռայլ ամպեր են, մյուս կողմում մայրամուտի արևն է՝ ապակիներին ընկած: Ներքևում ջրափոսեր ու անձրևի հոտ: Հուշեք, որ սա էր իմ եղանակը: Ափսոս, ցույց տալու առիթ չունեցա: Բայց նման եղանակներին թող ինձ հիշի՝ եթե ցանկություն ունենա: Ես ամեն անգամ նման եղանակների ժամանակ մտովի իրեն մի փոքրիկ գազարագույն լույս ու մռայլ ամպիկ կուղարկեմ, որոնք անձրևահոտ կունենան:
Փոխանցեք, որ կան մարդիկ, որոնք գրկելու յուրօրինակ ձեռագիր ունեն: Իր ՝գրչային ձեռագիրը չեմ տեսել, բայց գրկելու ձեռագիրը գիտեմ: Ասացեք, որ այդ ձեռագրին փոխարինող ինչ-որ բան չեմ փնտրի: Որովհետև չեմ գտնի: Իսկ ես չեմ սիրում անիմաստ ժամանակ ծախսել: Հետո էլ, այդ ձեռագիրը չափից դուրս հարազատ է՝ փոխարինող մի բան գտնելու համար:
Ասացեք, որ իր աչքերի մեջ յոթուկես տիեզերք կա: Ամենաիսկական, ամենաանսահման տիեզերքներ: Յոթ: Ու: Կես:
Ասացեք, որ ինքն ինձ համար շատ հարազատ ու սիրելի է՝ չնայած որ ինձ այդպես էլ չճանաչեց: Ավելի ճիշտ՝ չճանաչեց այնպես, ինչպես ես կուզեի, որ ճանաչեր: Չտեսավ իմ այն կողմը, որը կուզեի տեսանելի լիներ:
Փոխանցեք նաև, որ աշխարհում ամենաշատը ատում եմ անզորության զգացումը: Կարոտը անզորության դրսևորում է, ու ես ատում եմ կարոտել: Բայց կարոտում եմ, ու շատ: Մեջբերեք նաև այն խոսքս, որ ես չեմ պատրաստվում ոչինչ փոխել ու վերադարձնել: Մարդիկ ունեն գնալու իրավունք, ու ես հարգում եմ այդ իրավունքը: Իմ կարոտն ինձ է պատկանում, այլ ոչ թե իրեն: Ու ես չեմ մեղադրում:
Ներողություն խնդրեք իմ անունից՝ այդպես էլ հրաժեշտ տալու ճիշտ ձև չսովորելու համար:
Ու գոռացեք այնքան բարձր, որ իր ականջներն ընդունակ չլինեն ընկալելու ձայնային ելևէջները: Չլսելու աստիճան բարձր գոռացեք, որ սիրում եմ իրեն:
Հա, ու ձախ ձեռքը կդնեք ձախ այտին ու աչքերի մեջ կնայեք:
Հետո կժպտաք, ու իրեն էլ ժպիտով կհասկացնեք, որ ես, չնայած ամեն ինչին, միշտ ժպտում եմ:
Շնորհակալություն: