Մի րոպե կանգ առեք։
Մի րոպեով կտրվեք ամանորյա եռուզեռից, տոնական սեղաններից ու ամեն ինչից։
Նայեք ձեր շուրջը։
Այս մարդկանց տարվա ընթացքում քանի՞ անգամ եք տեսել, քանի՞ անգամ եք նրանց հիշել։
Իսկակա՞ն է ամեն ինչ, անկե՞ղծ։
Անկե՞ղծ են ձեր խոսքերը, թե պարզապես բարեմաղթանքի պիտակ կրող արտահայտություններ են։
Սա՞ է այն, ինչին դուք սպասում էիք։
Նրա՞նք են այն մարդիկ, ում կողքին կցանկանայիք տեսնել ձեզ։
Դուք երջանի՞կ եք։
Եթե այս բոլոր հարցերի պատասխանները այո են, ապա շնորհավորում եմ. կամ սա պարզապես պատահական ուրախություն է, կամ էլ արդեն հասկացել եք այն, ինչ պատրաստվում եմ ասել ու ձեր կյանքը կատարյալ եք դարձրել։
Իսկ եթե այս հարցերից որևէ մեկին պատասխանել եք ոչ կամ երկար եք մտածել դրա շուրջ, դժվարացել եք հստակ պատասխան տալ, ապա շարունակեք կարդալ։
Այս հարցերը կարդալուց հետո հավանաբար հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ ձեր կյանքում, որ փոփոխություններ են պետք։ Սովորաբար մարդիկ փոփոխությունները կապում են Նոր տարվա, ծննդյան օրվա ու երկուշաբթի օրերի հետ։ Իսկ եթե մարդու ծննդյան օրը հունվարի 1-ն է, օրն էլ երկուշաբթի, հաստատ նման մտքերից ու ծրագրերից պրծում չի ունենա ։)))
Ես այս հարցերը չեմ տալիս նրա համար, որ փչացնեմ ձեր տոնական տրամադրությունը, ոչ էլ ինչ-որ բան ապացուցելու համար եմ անում դա։ Ես պարզապես ուզում եմ հուշել, որ եռանդով դատարկ խոսքեր շռայլելու փոխարեն պարզապես անեք այն, ինչով կկարողանաք ժպտացնել մարդուն։
Եթե գլխի եք ընկել, որ նրանք այն մարդիկ չեն, ում կողքին հիմա պիտի լինեիք, պարզապես քաղաքավարի ներողություն խնդրեք ու գնացեք այն մարդու կամ մարդկանց մոտ, ում կողքին ուզում եք լինել։
Եթե ինչ-որ բան անկեղծ չէ, մաքրեք այն կեղծիքից կամ պարզապես դեն շպրտեք։
Եթե անցած տարի գործել եք սխալներ, որոնք ցավ են պատճառել ձեզ և ուրիշներին, մտապահեք դրանք, որ էլ երբեք չկրկնեք։
Եթե ունեցել եք հաջողություններ ու նվաճումներ, հիշեք դրանց հասնելու ճանապարհը ու մյուսներին էլ ցույց տվեք այդ ուղին։
Եթե այսօր բարեմաղթանքներ եք տալիս, փորձեք նույն բանն անել տարվա շարքային օրերից մեկին։
Նվերներ տվեք առանց առիթի ու առանց հետին մտքի. դրանք ամենաանկեղծն են։
Եթե ծրագրեր ունեք, որոնք իրագործել է պետք, կամ փոփոխություններ, որոնք պիտի կայացնեք, արեք անհապաղ։
Նոր տարին ոչինչ էլ չի բերում, բացի հերթական հունվարի 1-ից ու տոնածառից։ Դուք եք, որ պիտի ուրախություն ստեղծեք, կյանք ստեղծեք, ապրեք ձեզ տրված կյանքը, ուղղեք սխալները և պարգևեք անսահման սեր ու բարություն։ Ամեն օր էլ նոր տարի է, նոր կյանք սկսելու մի հնարավորություն։ Պարտադիր չէ ամեն ինչ թողնել Նոր տարվան կամ նման հատուկ օրերին։ Թվարկածս արեք ամեն օր. այդպես ինքներդ ավելի երջանիկ կդառնաք, իսկ աշխարհը` ավելի բարի։
Կյանքը շատ կարճ է կարևոր որոշումները Նոր տարվան թողնելու համար։
Ուշադիր եղեք, հատկապես այն մարդկանց նկատմամբ, ում սիրում եք։
Վայելեք ձեր կյանքը առանց դոգմաների։