Четверг, 21.11.2024, 18:15
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0

Մեսրոպ Մաշտոց




Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և 
թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու 
հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը: 

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:
Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:
Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ՝ 405 թ-ին Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»:
Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ...), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000...), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: 
Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից: 
406 թ-ին նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում:
Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ: 
Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար:
Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը՝ դնելով հոգևոր երգեցողության հիմնաքարը, նաև ճառեր, քնարական բանաստեղծություններ, քարոզներ և ուղերձներ: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը:
Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը:
Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ: 
Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը, պողոտա և համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, հիմնարկներ ու կազմակերպություններ՝ ՀՀ-ում և Սփյուռքում: 
Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանները:
  

   «Մտքով՝ ստեղծող, խոսքով՝ պայծառ, գործով՝ համբերող, սիրով՝ անկեղծ, սովորեցնելու մեջ՝ չձանձրացող, և որ նրա (Մեսրոպ Մաշտոցի) վարքի մեջ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք չկարողացան տեղ գտնել»:
Մովսես Խորենացի,պատմահայր


   «Մեսրոպ Մաշտոցի գյուտը, անտարակույս, այն հզոր զենքն էր, որի շնորհիվ հայ ժողովուրդը պահպանեց իր գոյությունը V դարի մեծ պայքարում և մտնելով քաղաքակրթված հնագույն ժողովուրդների ընտանիքի մեջ՝ զարգացրեց իր ինքնուրույն մշակույթն ու շատ հարուստ գրականությունը»:
Հակոբ Մանանդյան, 
պատմաբան


Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz