Четверг, 21.11.2024, 17:52
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0

Հասարակ թուղթ թե՞ ............

  Ո՞վ եմ ես... Չէ՛, «ով» միայն մարդկանց են ասում։ Ի՞նչ եմ ես… Ես մի հասարակ թուղթ եմ, որ կարող է ճմռթվել ցանկացած մարդու` մեծագույնի ձեռքի տակ։ Մարդ` էակ, որ իրեն աստված է համարում։ Մի՞թե այդպես չէ… չէ՜, մարդի՛կ, չփորձե՛ք ժխտել, դուք ձեզ ամենազոր եք համարում, ուժեղ, անկախ ու բանական։ Բնության մնացած ստեղծագործություններին վեևից եք նայում ու քմծիծաղով։
  Այո՛, դուք հզոր եք, բայց ոչ այնքան, ինչքան ձեզ թվում է։ Ասում եք, թե դուք անկախ եք, պայքարում եք հանուն ազատության։
 
  Երբևէ չե՞ք մտածել, որ դուք կախված եք այն ամենից, ինչ ինքներդ ստեղծում եք։ Այո՛, հենց կախված, այլ ոչ թե` կապված։ Ինքներդ ստեղծել եք կացարանը, հեռուստացույցը, համակարգիչը… Խոստովանե՛ք, մի՞թե կախված չեք դրանցից։ Դե՛, դե՛, չեմ լսում ձայները։
  Ահա՜, լու՜ռ եք։ Մի պահ պատկերացրիք ձեզ առանց այդ ամենի, ու տագնապը պատեց ձեզ, չէ՞։ Դուք, կտրված բնությունից, աստվածացնում եք այն ամենը, ինչ ինքներդ եք ստեղծել` հաշվի չառնելով, որ դրանք անշունչ առարկաներ են։
  Ինձ էլ եք դուք ստեղծել։ Առաջին հայացքից ես մի սովորական ճերմակ ոչնչություն եմ, բայց դուք ինձնով եք դառնում գլուխգործոցների հեղինակ, ում առջև խոնարհվում է ողջ աշխարհը, ինձնով դուք աստվածանում եք մի ողջ հասարակության մեջ։ Կամ թեկուզ երբ գրքում նստած եմ լինում իմ ընկեր-թղթերի հետ` ինձ վրա կրելով հիմանակում սևով գրված թանաքե բառեր, դուք հենց մեզ` թղթերիս մոտ եք գալիս` անելանելի իրավիճակից ելք փնտրելու, երջանկությունն ու դժբախտությունը ձեր մաշկի վրա զգալու համար։
  Ուզու՞մ եք մի գաղտնիք բացեմ։ Գուցե դեռ գլխի չեք ընկել, բայց ձեր գերագույն աստվածը ես եմ։ Զարմացա՞ք, կարծում եք, թե հանդուգն եմ, որ նման բան եմ ասում։ Այո՛, այդպես է, դուք եք ինձ առիթ տալիս այդպես մտածելու։ Դուք եք բերանը ջուր առած կանգնում ու ինձ նայում որպես սրբության, երբ ես ինձ վրա եմ կրում մի քանի «0» ու Շիրազի կամ ԱՄՆ նախագահ Ֆրանկլինի նկարները։ Հիմա հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը։
  Ի՞նչ, ինչ-որ մեկն ասաց, թե ես սխալ եմ, ու ինքն այդպիսին չէ՞։ Այդ դեպքում ինչու եք ամեն առավոտ արթնանում ու գնում համալսարան։ Որ դիպլոմ ստանաք, չէ՞։ Դիպլոմն էլ ստանում եք, որ բարձր վարձատրվող աշխատանք ունենաք, չէ՞։ Աշխատելիս էլ ամեն առավոտ զզվանքով անջատում եք նյարդայնացնող զարթուցիչը և, գուցե տառապած դեմքով, բայց գնում եք աշխատանքի։ Ու դա անում եք միայն մի քանի իմ պես թուղթ ստանալու համար, որոնք իրենց վրա են կրում տարբեր հայտնի մարդկանց դեմքերը ու մի քանի կլորիկ թվեր։ Հիմա էլ կասեք, թե ընտանիքի համար եք դա անում, ոչ թե ինձ ձեր ձեռքերով շոշափելու համար։ Հետևություն` դուք ինձնով եք պահում ձեր ընտանիքը, ես եմ պահում ձեր ընտանիքներին։ Չկամ ես` չկաք դուք։
  Ինչևէ, քանի դեռ ես մի հասարակ ճերմակ թուղթ եմ, կտրորվեմ ձեր ոտքերի տակ։ Բայց մեկ է, մի օր ձեզնից կա՛մ ամենախելոքը, կա՛մ ամենահիմարը ինձ վրա կդաջի Բենջամին Ֆրանկլինի նկարը։
  Այդ ժամանակ արդյո՞ք կտրորեք ինձ…

  Հիմա ասեք` ով «ով» է, և ով` «ինչ»…

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz