Четверг, 21.11.2024, 17:57
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0

Ներսես Շնորհալի


ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոտ 1100, Ծովք դղյակ, Ծոփաց նահանգի Անձիտ գավառ —13.8.1173, Հռոմկլա), հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շ-ու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով:

Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն. Շ. ունի կրոնական աշխարհայացք: Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր բարօրության շահերից, Ն. Շ. հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն խաղաղությամբ: Ն. Շ. հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը, ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին: Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել դասակարգերի հարաբերությունները:

Ն. Շ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ ևն): Արձակից մասնավորապես հայտնի է «Թուղթ ընդհանրականը» (1166, հրտ. 1788):

Բազմաբովանդակ ու հարուստ է Ն. Շ-ու չափածոն: Գրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թե' բովանդակության, թե' ձևի առումով: Նա շարականին հաղորդեց քաղաքացիական բովանդակություն՛ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար թագավորին, Տրդատ Մեծին ե Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված վարդանանց հերոսներին նվիրված «Նորահրաշ պսակաւորը»: Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը:

Ն. Շ-ուց պահպանվել են մանկավարժական-ուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության մեջ: Սրանք գրվել են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ տալու նպատակով: Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝՝ բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Բանաստեղծն այս ձևն է ընտրել, ինչպես ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ և' նյութը մտապահել, և' յուրացնել հայոց գրերի կարգը: Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ են պարունակում «Առ եղբորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի և զարդուց նորա» (1162) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով:

Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական կատարելագործումը նույնպես կապվում է Ն. Շ-ու անվան հետ: Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն ու բանահյուսությունը: Այս առումով էլ Ն. Շ-ու հանելուկները հայ գրականության աշխարհականացման առաջին դրսևորումներից են:

Մեծ է Ն. Շ-ու «Վիպասանութիւն...» (1121, հրտ. 1643), «Ողբ Եդեսիոյ» (1145, հրտ. 1810), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսուս որդի» (1152, հրտ. 1643) մեծածավալ ստեղծագործությունների գրապատմական նշանակությունը: Սրանք գեղ. չափածո խոսքի նոր տեսակներ են, որ դարձան հայ վիպերգական և վիպաքնարական պոեմների նախօրինակները: Վերջին երկու գործերը գրվել են Աստվածաշնչի թեմաների հիման վրա և հղացման ու արվեստի տեսակետից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում:

Առանձին հարցերում հետևելով Գրիգոր Նարեկացու և Գրիգոր Մագիստրոսի ավանդներին, Ն. Շ., ի դեմս «Յիսուս որդի» վիպական ողբերգության, հորինել է բոլորովին ինքնատիպ մի երկ, որն առանձնանում է թե' բանաստեղծական մտքի թռիչքներով, թե' ժամանակի մարդու հոգեբանության լայնակի ու խոր պատկերումով:

«Վիպասանութիւն...»-ը, որի նյութը հայ ժողովրդի պատմության դրվագներն են, գրված է հոմերոսյան դյուցագնավեպերի նմանողությամբ, ունի շեշտված աշխարհիկ բովանդակություն: Պատկերելով ազատագրական պայքարի Փառավոր դրվագները, նախնիների հերոսական քաջագործությունները՝ բանաստեղծի նպա-

տակն է հայրենասիրության ոգով դաստիարակել ընթերցողին: Ն. Շ-ու հայրենասիրական գաղափարներն առավել հստակ են դրսևորվել «Ողբ Եդեսիոյ» պոեմում, որը նրա գլուխգործոցն է և միաժամանակ հայ քաղ. պոեզիայի անդրանիկ երկը: Այն քնարավիպերգական ստեղծագործություն է՝ օժտված ծավալուն սյուժեով (Եգեսիա քաղաքի, պաշարումը, պաշտպանությունս, գրավումը, կոտորածն ու կողոպուտը, որոնք 1144-ի վերջերին տեղի ունեցած իրական դեպքեր են): Երկի մեջ հանդես է գալիս նաև քնարական հերոսը՝ որոշակի ապրումներով ու զգացմունքներով, ապագայի նկատմամբ ունեցած հավատով ու լավատեսությամբ: Պոեմը գրված է դիմառնության ձևով. Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս, որբևայրի մի կին, որը սգում է իր դժբախտությունը: Այս միջոցով հեղինակն ստեղծել է կնոջ կենդանի ու ամբողջական բնավորություն, հորինվածքը դարձրել տպավորիչ ու հուզական: Հասուն արվեստագետի վարպետությամբ են նկարագրված ռազմ. գործողությունները: Դիմելով հակադրությունների, բանաստեղծն առավելապես պատկերում է թշնամոլ բարբարոսական արարքներն ու բնակչության անձնուրաց սխրանքները: Եդեսիայի կործանման նկարագրությամբ բանաստեղծն անդրադարձել է նաև հայ ժողովրդի ճակատագրի հարցերին: Պոեմի սկզբում Եդեսիա-մայրը իրեն ողբակից է հրավիրում Վաղարշապատ և Անի մայրաքաղաքներին՝ հիշեցնելով, որ նրանք նույնպես զրկվել են փառքից ու հզորությունից: Իդեալականացնելով անցյալը, Ն. Շ. ձգտել է կենդանի պահել քաղ. ազատության հասնելու գաղափարը, տեսնել հայրենի երկրի պետ. վերածնունդը: Պոեմն ավարտվում է լավատեսությամբ, որբևայրի մայրը վերջնականապես դժբախտացած չի համարում իրեն՝ երբ լուծվի վրեժը, ինքը նորից կերջանկանա, օտարությունից տուն կդառնան տարագիրները: Ն. Շ. չի ղեկավարվել իրականությանը համակերպվեյու քրիստոնեական գաղափարով, այլ գտել է, որ միայն պայքարով ու հաղթանակով է հնարավոր նվաճել ազատությունը:Ն. Շ. շատ է օգտվել ժող. բանահյուսությունից: Մեծ է նրա դերը բանաստեղծական տեխնիկայի և տաղաչափության զարգացման գործում: Նա ստեղծագործել է հայկ. չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել է հայերենի տաղաչափությունը՝ բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկ-երաժշտական կողմը: Հետևելով Գրիգոր Մագիստրոսին, նա իր մեծ ու փոքր ծավալի գործերը գրել է հանգերով: Այդպիսիք են նաև նրա շարականներն ու հոգևոր տաղերը, որպիսիք մինչ այդ հորինվում էին ազատ չափերով և անհանգ: Բայց Ն. Շ-ու մեզ հասած չափածո ժառանգության մեծ մասը միահանգ է: Նա այն կարծիքին է, թե միահանգությունը արվեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր ստեղծել է փոփոխական հանգերով: Սա արդեն նոր երևույթ էր հայ բանաս տեղծության մեջ, որը չէին կարող չնկատել հաջորդ դարերի տաղասացները: Շարունակելով Գավթակ Քերթողի և Գրիգոր Նարեկացու ավանդույթները, Ն. Շ. բազմազան ձևերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի և առձայնույթի հնարանքները:Ն. Շ. կամ Ն. Երգեցողը հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչն է, և առհասարակ ֆեոդ. Հայաստանի մասնագետ բանսատեղծ-երաժիշտներից մեծագույնը, որն իր արվեստի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս է գալիա հայ իրականության սահմաններից ու դառնում համաքրիստոնեական (մանավանդ՝ արլ. քրիստոնեական) քաղաքակրթության խոշոր երևույթներից մեկը: Պահպանված գրական ու երաժշտ. շատ նյութեր, ձեռագրական փաստեր ցույց են տալիս, որ Ն. Շ. եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև ժամանակի լավագույն երգիչ-կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ, բարենորոգիչ, իսկ որպես ստեղծագործող հորինել է հոգևոր (եկեղեցական), արտապաշտամունքային ու, ամենայն հավանականությամբ, նաև աշխարհիկ երգեր: Նրա «Յիսուս որդի» ծավալուն պոեմն անցյալում եղանակավոր (ասերգի ձնով) պատմվել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի Դավիթ» էպոսը: Ըստ եղած տվյալների, Ն. Շ.-ու աշխարհիկ երգերը պետք է որոնել գլխավորապես նրա հանելուկներում:Հոգևոր երաժշտության բնագավառում Ն. Շ. հանդես է եկել որպես մեծ բարենորոգիչ: Նա կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը և բարեձևություն ու միակերպություն հաղորդել դրան: Շատ ավելի կարևոր է, որ Ն. Շ. բազմաթիվ ու բազմապիսի ստեղծագործություններով ըստ ամենայնի ճոխացրել ու, միաժամանակ, XII դ. համար արդեն ապաժամ մասերից ու ձևերից մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սեփական հեղինակությունները զետեղելով մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների փոխարեն: Չկա հայկ. միջնադարյան ծիսական-երաժշտական մի գիրք, որը վերանայած չլինի Ն. Շ., իսկ դրանցից մի քանիսը նա լրացրել է հիմնովին: Միջնադարյան ձեռագրերում ցրված Ն. Շ-ու երգերը քննության են ենթարկվում նրանց գրական խոսքի կառուցվածքի (տաղաչափության), ձայնեղանակների նշման ու գոռծնական կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի) տեսակետներով: Բացի այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ անցած հարյուրամյակում հայկ. ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում: Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության, ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր համապատասխան մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված Ն. Շ-ու ավելի քան 200 ստեղծագործությունների (շարականների և պատարագի ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գաղափար կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի գլխ. առանձնահատկությունների մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրային-ոճական հիմնական ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլ-յան մի քանի էական կողմերի մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղ. կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ. ու արմ. մասնագիտացված արվեստների, այլև սեփական ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով, վերջապես մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը, որը բարդ համաձայնույթների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: ՝Ն. Շ. հայկ. միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz