Четверг, 21.11.2024, 18:39
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Դմիտրի Մենդելեև

Mendeleev

Մենդելեև Դմիտրի Իվանովիչ (1834-1907) — ռուս քիմիկոս, բազմակողմ գիտնական, ուսուցիչ: 1869 թ. բացահայտել է քիմիական տարրերի պարբերականության օրենքը` բնագիտության հիմնական օրենքներից մեկը: Թողել է մոտ 500 տպագրական աշխատություններ, որոնց մեջ է դասական «Քիմիայի հիմունքները»` առաջին կառուցվածքային շարադրանքը անօրգանական քիմիայից: Դ. Ի. Մենդելեևը հանդիսանում է հեղինակ գիտության շատ բնագավառների հիմնային հետազոտությունների հեղինակ, ինչպիսիք են քիմիան, քիմիական տեխնոլոգիաները, ֆիզիկան, չափագիտությունը, օդագնացությունը, օդերևութաբանությունը, գյուղատնտեսությունը, տնտեսագիտությունը և այլ գիտություններ, որոնք սերտորեն կապ ունեին Ռուսաստանի արտադրողական ուժերի զարգացման կաիքների հետ: Նա հիմք է դրել լուծույթների տեսությունը, առաջարկել է նավթի բաժանման ֆրակցիոն մեթոդը, հայտնագործել է անծուխ վառոդի տեակներից մեկը, պրոպագանդել է հանքանյութերի օգտագործումը, երաշտային հողերի ոռոգումը: 1865-1890թթ. եղել է Պետերբուրգյան համալսարանի պրոֆեսոր:

Կենսագրություն


1834, 8 փետրվարի - ծնվեց Սիբիրի Տոբոլսկ քաղաքում։ Նա ընտանիքի վերջին` 17-րդ երեխան էր։ Հայրն ամենաերևելիներից մեկն էր քաղաքում, որովհետև վարում էր Տոբոլսկի նահանգի` գիմնազիայի և ուսումնարանների տնօրենի պաշտոնը: Բայց Միտյայի ծնվելուց հետո նա ծանր հիվանդացավ, և կարիքի մեջ ընկած ընտանիքի հոգսն անցավ մոր ուսերին: Ձեռներեց կինը հոգսերի մեջ չմոռացավ երեխաների ուսման մասին և ամեն գնով կրթության տվեց նրանց:

1841, 1 օգոստոսի - ընդունվում է Տոբոլսկի գիմնազիայի առաջին դասարանը: Միտյան իր զարգացմամբ ետ չէր մնում ավագ եղբորից, և, երբ նրան գիմնազիա տարան,որոշեցին նրա հետ ուղարկել նաև Միտյային: Հենց սկզբից Միտյան սկսեց հեշտ յուրացնել բնագիտական առարկաները, իսկ լատիներենի, ռուս գրականության դասերին մասնակցում էր մեծ տառապանքների գնով: Եվ, եթե հաջողությամբ փոխադրվում էր դասարանից-դասարան, միայն ի հաշիվ մաթեմատիկայի, ֆիզիկայի փայլուն իմացության:

9 օգոստոսի - ընդունվում է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Եթե գիմնազիստ Մենդելեևի համար կային սիրած ու չսիրած առարկաներ, ապա ուսանող Մենդելեևը անհագ ծարավով էր լցված ընդհանրապես գիտելիքների նկատմամբ: Լինելով ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող, ժամանակ էր գտնում լինելու պատմաբանասիրական, կենսաբանական ֆակուլտետների դասախոսություններին: Այնուամենայնիվ, ինստիտուտում սովորելու տարիներն ուղեկցվեցին առողջական գնալով վատացող վիճակով: Բժիշկների կարծիքով նա տառապում էր թոքախտով և գտնվում էր անհույս վիճակում, որը հերքվեց հետագայում:
1855, 20 հունիսի - ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը: Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող: Ուսանողական տարիները ցույց տվեցին,որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»: Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ, ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը.

    « …երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը: Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»:

1855, 14 նոյեմբերի - նշանակվում է ավագ ուսուցիչ Օդեսայում: Այստեղ ամեն ինչ կար գիտական առաջին քայլերն անող պատանու համար. լաբորատորիա, գրադարան, ժամանակ: Եվ ընդամենը վեց ամիս հետո պաշտպանեց տեսակարար ծավալներին նվիրված դիսերտացիան, ստանալով ֆիզիկայի և քիմիայի մագիստրոսի առաջին աստիճանը: Նրա ուսումնասիրությունները գիտական հիմքերի վրա դրեցին ապակու ստացման ողջ պրոցեսը:

1859, 14 ապրիլի - երկու տարով մեկնում է արտասահմանյան գործուղման: Սկզբում Մենդելեևը եղավ եվրոպական տասը համալսարանական քաղաքներում,մինչև որ կանգ առավ գերմանական Հայդելբերգի վրա: Այստեղ ստեղծեց սարքավորումներով հարուստ լաբորատորիա և պրպտուն աշխանտանքով ժխտեց «հաստատուն գազերի» գոյությունը և ցույց տվեց, որ նրանք, ինչպես և բոլոր հեղուկներն ունեն այսօր գիտական աշխարհում ընդունված Մենդելեևյան «եռման բացարձակ ջերմաստիճանը»: Արտասահմանում Մենդելեևի հետ աշխատակցում էին գիտնականներ Բորոդինն ու Սեչենովը: Նրանց հետ Մենդելեևը քննարկման առարկա էր դարձրել նյութի մի միասնական չափ գտնելու անհրաժեշտությունը: Դրա համար Մենդելեևն սկսեց զբաղվել իրենց հատկություններով մոտ նյութերի փոխազդեցություններն ուսումնասիրելով, որը հետագայում հիմք հանդիսացավ քիմիական գիտության բնագավառում արված հեղաշրջման համար:

1861, 14 փետրվարի - արտասահմանյան գործուղումից վերադառնում է Պետերբուրգ: Այստեղ ստանալով համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, գիտական լայն գործունեություն է ծավալում: Զբաղվում է հողերի պարարտացման, նավթարդյունաբերության հետ կապված մի շարք հարցերի ուսումնասիրություններով: Երեսունմեկ տարեկան հասակում պաշտպանում է ջրի հետ սպիրտի միացման մասին դոկտորական դիսերտացիան:

1869, 17 փետրվարի - տպագրության է ստորագրում պարբերական համակարգի առաջին ուրվագիրը: Մենդելեևի պարբերական աղյուսակը քիմիական նոր տարրերի հայտնաբերման միակ ու անփոխարինելի բանալին է: Գիտնականը նրա վրա աշխատել է շուրջ 40 տարի, մինչև որ վերջապես գտավ բոլոր միացությունների հիմնական նմանությունը` ատոմականությունը: Շուտով նա հրատարակեց այն նյութերի մանրամասն բնութագրերը, որոնք աշխարհում դեռ ոչ-ոք չէր տեսել: Սակայն աշխարհի տարբեր ծայրամասերում սկսեցին հայտնաբերվել նկարագրված հատկություններ ունեցող նյութերը`գալլիումը,սկանդիումը, ռադիումը և այլն, որոնք հաստատեցին աղյուսակի ճշմարտացիությունը:

1886 - երրորդ և չորրորդ ուղևորությունը Կովկաս, նավթարդյունաբերության ուսումնասիրությունների նպատակով: Այս ուղևորությունների և քրտնաջան հետազոտությունների արդյունքն են Մենդելեևի ներդրումները նավթամուղների, նավթատար նավերի, նավթի թորման կաթսաների ստեղծման գործում: Նույն ձևով արդյունավետ էին գիտնականի ուղևորությունները Դոնեցկի ավազան` քարածխի արդյունաբերության ուսումնասիրման նպատակով,Ուրալ և Սիբիր` մետաղագործական արդյունաբերությունն ուսումնասիրելու համար և այլն:

1893, 1 հուլիսի - նշանակվում է չափ ու կշիռների գլխավոր պալատի կառավարիչ: Խոշոր գործնական նշանակություն ունեն չափաբանության բնագավառում Մենդելեևի կատարած աշխատանքները: Նրա ջանքերով 1899 թ. Ռուսաստանում ներդրվեց չափման մետրական համակարգը: Ձեռնամուխ լինելով օդերևութաբանական հետազոտությունների, Մենդելեևն աշխատում է այնպիսի չափիչ սարքերի պատրաստման ուղղությամբ, որոնցով հնարավոր է դառնում ճշգրիտ չափումները` մթնոլորտի տարբեր կետերում, առանց օդաչուի բարձրացող օդապարիկներում:

1894, հունիս - Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների դոկտորի հանդիսավոր շնորհումը:

1905, 17 նոյեմբերի - ուղևորություն Լոնդոն`թագավորական ընկերության ամենաբարձր պարգևը` Կոպլեյի մեդալն ստանալու:

1907, 20 հունվարի - սրտի կաթվածից վախճանվեց Դ.Ի. Մենդելեևը։

Մենդելեևը որպես անձ


Հանրագիտակ այս մարդու ողջ գործունեության ետևում թաքնված է նրա անձնական կյանքը`իր բազում ալեկոծություններով:

Ահա թե ինչպես է նրան նկարագրում անգլիացի քիմիկոս Պրոֆեսոր Տորպեն.

«… Նրա բարձր ու պատկառազդու հասակը, գեղեցիկ գլուխը, թավ ու երկար մազերը, արտահայտիչ դիմագծերը, կոկորդային ձայնը, իմաստուն և ինքնատիպ խոսքը, խորաթափանցությունն ու հումորի զգացումը` այս ամենը բնորոշում էր նրան իբրև ուժեղ և արտասավոր անհատ, և նրա ներկայությունն անմիջապես զգացվում էր ցանկացած միջավայրում: Չնայած բնածին համեստությանը, նա մեծ ազդեցություն էր վայելում…»

Մենդելեևի որդին, Իվան Դմիտրևիչ Մենդելեևը, այսպես է բնութագրել իր հորը.

«Ես չեմ հիշում, որ նա, դյուրաբորբոք ու անզուսպ լինելով մեծահասակների նկատմամբ և լինելով ուժեղ մարդ, երբևէ ձայնը բարձրացներ մեզ վրա, կոպիտ խոսք ասեր: Նա միշտ հույսը դնում էր բացառապես մեր բանականության ու բարձր գիտակցության վրա, երբեք ոչինչ չէր պահանջում, չէր հրամայում, բայց մենք զգում էինք, թե ինչպես կվշտանար մեր թուլությունների համար և սա հորդորներից ու հրամաններից ավելի խիստ էր ազդում»:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz