Կյանքում բոլորն էլ ցանկանում են հասնել հաջողության, լինել հարուստ, ապրել լավ, հետ չմնալ կյանքի ամեն տեսակ հաճույքից, նվաճել շատ բարձունքներ ու լինել հայտնի։ Ըստ իս, սակայն, հաջողությունը միայն վերը նշածներիս մեջ չի կայանում։ Դրա մեջ է մտնում նաև երջանիկ ու սիրված լինելը, մյուսների համար լավ օրինակ դառնալը։ Այո, դա էլ է նվաճում, որի համար պետք է աշխատել։ Հենց այնպես ոչ ոք ոչինչ չի ստանում, իսկ եթե ստանում է, ապա կա՛մ հետո կվճարի դրա համար, կա՛մ էլ կկորցնի ստացածը, այդ թվում` երջանկությունը։
Այժմ եկեք միասին պարզենք, թե որոնք են հաջողության հասնելու գաղտնիքները։ Ես դրանք կթվարկեմ կետ առ կետ։ Թեկուզ և սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ինձ թվում է շատերդ կհամաձայնեք ինձ հետ։ Անձամբ ես փորձում եմ հնարավորինս չշեղվել այս կանոններից, և ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում։
Նպատակ։ Սկզբում առանց վախենալու մի մեծ նպատակ դրեք, որին պետք է հասնեք ամեն գնով։ Ուրիշների հետ գործ չունեմ, ինձ օրինակ բերելով կասեմ, որ իմ մեծագույն նպատակը սեփական ամսագիր ունենալն է` իր բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Ընտրեեցի՞ք նպատակ։ Շատ լավ է։ Սկսեք աշխատել այնպես, որ ամեն քայլն անելիս ավելի մոտենաք նպատակին։
Մի՛ ծուլացիր։ Ահա առաջին ու ամենամեծ պայմանը, որ խանգարում է մեզ հասնել հաջողության։ Ծուլությունից ազատվելու համար եկեք հասկանանք, թե ինչ մեխանիզմով է աշխատում այն, և որն է լինում դրա արդյունքը։ Երբ ալարում ենք ինչ-որ գործ անել, ասում ենք. «Լավ, թող մնա վաղը կանեմ։ Հիմա հավես չունեմ»։ Գալիս է հաջորդ օրը ու մտածում ենք. «Ինչու՞ երեկ չարեցի։ Այսօր ավելի եմ ալարում»։ Իսկ այդ ժամանակ հարց է դառնում` այդ օրը կանենք դա, թե էլի կմնա հաջորդ օրվան։ Այսպես կորցնում ենք ահռելի մեծ քանակությամբ ժամանակ, մնում ենք նույն տեղում կանգնած, ոչինչ չենք շահում, ունեցածն էլ կորցնում ենք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ալարելու պատճառով կորցրած ամեն վայրկյանը մեր կյանքից է գնում, ու այն հետ բերել կամ փոխարինել հնարավոր չէ։ Իսկ հիմա հարց. պե՞տք է մեզ ծուլությունը։
Ուշադի՛ր եղիր։ Իհարկե, աշխատասիրությունն իր շատ մեծ դեր ունի հաջողության հասնելու մեջ, սակայն ես ավելի արդյունավետ եմ համարում ժամերով տանջվելու և նույն բանը հազար անգամ անելու փոխարեն դա անել մեկ-երկու անգամ, բայց ԳԵՐՈՒՇԱԴԻՐ, ամեն ինչ մտքում մանրամասն վերլուծելով, փորձելով գտնել որոշ օրինաչափություններ, օգտագործել ունեցած բոլոր հնարավորություններն ու միջոցները։ Մտովի խորացեք այն գործի կամ առաջադրանքի մեջ, որն անում եք։ Ասածս շատ ավելի լավ է հնչում անգլերեն. WORK SMART, NOT HARD! Սա վերջերս դարձել է աշխատելու նշանաբանս։
Ընտրիր ՃԻՇՏ մասնագիտություն։ Իմ կարծիքով ճիշտ մասնագիտությունն այն է, որը կտա ամեն ինչ։ Ցավոք, շատերիս ծնողները, ասելով «ամեն ինչ», հասկանում են փող, որի միջոցով հնարավոր կլինի գնել ամեն ինչ, և իրենց երեխային էլ դաստիարակում են հենց այդ մտածելակերպով։ Թող նրանք ինձ ներեն, բայց ԴԱ ՍԽԱԼ ՄՈՏԵՑՈՒՄ Է։ Փաստը հետևյալն է. Եթե աշխատանքը (մասնագիտությունը) չսիրեք, անեք ստիպված, ՄԻԱՅՆ ծնողների խնդրանքով, ապա հավատացնում եմ, շուտով կդժբախտանաք։ Եթե չսիրեք այն, ինչ անում եք, ապա դրանում երբեք հաջողության չեք հասնի։ Դա նաև նշանակում է, որ ծնողների երազածի պես չեք դառնա հարուստ ու հաջողակ։ Կյանքը աշխատանքի հետ միասին կդառնա մղձավանջ, որից չեք կարողանա ազատվել, իսկ դա կանդրադառնա ամեն ինչի վրա` հենց ձեր` արտաքինիդ ու բնավորությանդ վրա, հարազատների ու ընկերների հետ շփման, աշխարհընկալման, մտածելակերպի ու կենսական նշանակություն ունեցող բոլոր մյուս գործոնների վրա։ Իսկ եթե ընտրեք այնպիսի մասնագիտություն, որը ձեզ համար կդառնա հաճույք ու խաղ, ապա հավատացեք` հաջողությունն ու երջանկությունը ապահովված կլինեն ձեզ համար։ Եթե սիրեք աշխատանքը, անընդհատ կմտածեք այն ավելի լավը դարձնելու, նրանից ավելի շատ օգուտ քաղելու մասին։ Առավոտյան կարթնանաք ու կժպտաք` մտածելով, որ նորից պետք է զբաղվեք սիրած գործով։ Եվ անպայման կդառնաք հարուստ, հաջողակ ու երջանիկ, ինչպես ծնողներն էին ցանկանում։
Համա՛ռ եղիր։ Հանձնվել նշանակում է ջուրը գցել այն ամբողջ աշխատանքը, որ արել էիք մինչեվ այդ։ Երբեք, ոչ մի դեպքում կանգ մի առեք ոչ մի խոչընդոտի առջև, արեք ամեն հնարավորն ու անհնարինը այն հաղթահարելու համար, և ձեզ մոտ անպայման ամեն ինչ կստացվի։ Կառչեք հաջողության հասնելու ձեր ցանկությունից ու ճանապարհից ու այլևս երբեք պոկ մի եկեք դրանից։ Ճանկերով ու ատամներով պահեք այն ձեր ձեռքում, մաքրեք ամեն տեսակ խոչընդոտներից։ Թե չէ կհանձնվեք ու հետո կտեսնեք, թե ինչքան մոտ էիք ձեր երազանքին։ Բացյ արդեն ամեն ինչ կորած կլինի։
Մի՛ հուսահատվիր։ Շատ կարևոր է նաև հաշվի առնել, որ որքան էլ աշխատանքը սիրելի լինի, միշտ դրանում լինում է այնպիսի մաս, որը կա՛մ դուր չի գալիս, կա՛մ լավ չի ստացվում։ Ի՞նչ անել այդ դեպքում։ ԵՐԲԵՔ չհուսահատվել, ոչ մի դեպքում չհանձնվել ու պատերազմ հայտարարել այդ, ասենք` առաջադրանքին։ Չեք սիրում այդ առաջադրանքը, ուրեմն պատերազմե՛ք դրա հետ և աշխատեք նույնիսկ ավելի լավ անել, քան մյուս առաջադրանքները։ Այդպես և՛ արագ կազատվեք դրանից, և՛ կվարժվեք չհուսահատվելուն ու հնարավոր է, որ շուտով սկսեք հենց այդ առաջադրանքն ավելի շատ սիրել։
Հավատա՛ ուժերիդ։ Սեփական ուժերի վրա վստահ լինելը գլխավոր գործոններից մեկն է հաջողության հասնելու։ Սակայն դրա համար, գիտեք, պետք է բավականաչափ քանակությամբ աշխատել։ Երբեք մի վախեցիր խոչընդոտներից, դրանք ընդունիր որպես խնդիր, որը լուծելով ավելի մեծ փորձ ձեռք կբերես ու մի քայլ էլ առաջ կգնաս։ Կյանքում ոչինչ հեշտ չէ, բայց անհնար ոչինչ էլ չկա։ Կշռիր խոչընդոտը, այն հաղթահարելու քո ունեցած գիտելիքներն ու միջոցները, սրտանց հավատացա, որ դու կարող ես վերացնել այդ խոչընդոտը և ահա, գործի 50% արված է։
Մրցակցի՛ր։ Թող տարօրինակ չթվա, բայց ես նաև շատ եմ կարևորում մրցակցությունը։ Ինչու լինել երկրորդը, երրորդը կամ վերջինը, եթե կարելի է լինել առաջինը։ Դրա համար ընտրեք ձեզ հետ նույն ոլորտում աշխատող ուժեղագույնին ու արեք ամեն ինչ` նրան հասնելու և նույնիսկ առաջ անցնելու համար։ Հաջողության հասնել նաև նշանակում է լինել առաջինն ու ուժեղագույնը։ Այո, դա դժվար է, և դրանում ոչ մի արտասովոր կամ անարդար բան չկա։ Բոլորը կարող են լինել առաջինը, բայց բոլորը չէ, որ կարողանում են անել ամեն ինչ` առաջինը լինելու համար։ Չե՞ք ցանկանում այդ բոլորից առանձնանալ ու առաջ անցնել ;))) Միայն թե մի նրբություն հիշեք. մրցակցին վերաբերվեք որպես հակառակորդ, բայց ոչ թշնամի։ Գործը գործ է, ընկերությունն ընկերություն։ Պահպանեք լավ հարաբերությունները նրա հետ։ Իսկ եթե նա ինքը սկսի քեզ վերաբերվել որպես թշնամի, ուրեմն փորձեք սա բացատրել նրան։
Շփվիր խելացի մարդկանց հետ։ Վերջերս նկատել եմ մի բարդույթ։ Պարզվում է կան մարդիկ, ովքեր պարզապես վախենում են շփվել իրենցից խելացի մարդկանց հետ` մտածելով, որ կարող են հիմար երևալ նրանց շրջապատում։ Բարդու՞յթ, ուրեմն նորից պատերազմ ենք հայտարարում։ Ինչքան հնարավոր է շատ հետևեք խելացի մարդկանց բանավեճերին, տվեք ձեզ հետաքրքրող հարցերը, ինֆորմացիա հավաքեք նրանցից և հետևություններ արեք նրանց հետ ունեցած խոսակցությունից։ Այդպես կկարողանաք նաև նրանց ավելի լավ ճանաչել որպես մարդ։ Եվ ընդհանրապես, փորձեք ձեզ շրջապատող բոլոր մարդկանցից մի բան սովորել, իսկ ստացած ինֆորմացիաները` համադրել ու օգտագործել։
Ոչոնչ բաց մի՛ թող։ Շատ հաճախ կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. «Ինչու՞ պետք է սովորեմ սա։ Ախր սա ինձ պետք չէ ու բոլորովին չի էլ հետաքրքրում»։ Եկեք մի բան հիշենք. մենք ապրում ենք 21-րդ դարում, ու այսօր ամենաթանկ արժեքներից մեկը ինֆորմացիան է։ Մեկ ավել ինֆորմացիա` մեկ ավել ոսկի։ Ոչինչ մի համարեք անպետք, օգտագործեք ունեցած բոլոր անհամար ինֆորմացիաները։ Այդպես կվարժվեք անընդհատ նոր բան սովորելուն ու դա կիրառելուն, ինչը կհեշտացնի ձեր աշխատանքը։ Սրանում էլ հենց կայանում է խելքով աշխատելու ձևը` working smart։
Ահա հաջողության հասնելու իմ մեթոդները։ Հուսով եմ իմ տված ինֆորմացիան պետք կգա ձեզ և անպայման կկիրառեք խորհուրդներիցս գոնե մի քանիսը։ Հիշե՛ք, դուք ունեք ամեն ինչ` առաջինը դառնալու համար։ Ձեզ մնում է միայն բաց չթողնել ոչ մի վայրկյան ու հնարավորություն։
Դե, գործի՛ անցիր։ Չէ՞ որ երեկ դու ասացիր` վաղը... ;)))