Սայաթ-Նովա (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս –
22.9. 1795, Թիֆլիս), ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Նախնյաց
հայրենիքը, ամենայն հավանականությամբ, եղել է Կիլիկյան Հայաստանը,
հոր (մահտեսի Կարապետ) ծննդավայրը՝ Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովաների
ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից (քաղաքային արհեստավորներից) էր։Ս-Ն-ի մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում։ Սովորել
է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբ. այբուբենը։12 տարեկանից նրան տվել են արհեստի («ինձ հանձնեցին ուստաքարի»),
սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ
կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու
մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Ս-Ն. կատարելագործվել է
աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել
խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժող. հավաքույթների
ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել
Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում,
ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն,
մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ-Նովա՝
երգի որսորդ (պարսկերեն սայադ — որսորդ, նովա — երգ, մեղեդի)։Ս-Ն-ի ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի
հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի
ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորույթով՝
ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրք, (ադրբ.) խաղերով,
հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ-բանաստեղծի
բուն դերն ու կոչումը, հասկանալով, որ «Աստված դիփունանցըն մին հոքի
էրիտ...», «խալխի նոքար Սայաթ-Նովան» գեղեցկի, կատարելության իդեալներն
ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի
համար, առանց ազգ. ու դասային խտրության։Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ [66–ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն, 125-ը՝
ադրբեջաներեն (7-ը՝ կիսատ) և 5-ը՝ խառը], որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով
գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց
Հովանեի վավերացրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում
կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել
ու հրատարակվել։ Հայերեն և վրացերեն խաղերը հրատարակված են ամբողջությամբ,
իսկ ադրբեջաներեն հորինվածները՝ կիսով չափ։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն
բոլոր երգերը, իսկ ադրբեջաներեն գրվածներից՝ 65-ը։