Յուրաքանչյուր ստեղծագործողի, արվեստագետի ու ընդհանրապես անվանի մտավորականի կյանքում զավեշտալի, հետաքրքիր ու հիշարժան դեպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցվելով` հետագա սերունդներին հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու մեր մեծերի առօրյայի ու կենցաղի, նրանց հետ կապված հետաքրքիր դիպվածների մասին: Ահա այդ դրվագներից որոշները, որոնք առանձնացրել ենք քեզ համար:
Հովհաննես Շիրազ
Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը:
Շիրազը զարմանում է.- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է…
Մի անգամ Շիրազին հարցնում են.
- Վերջերս ինչու չեք մասնակցում Գրողների միության ժողովներին:
- Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը:
Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են.
- Ինչու ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ…
- Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը:
Մի անգամ Հովհաննես Շիրազը` կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է.
- Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից:
- Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը:
Համո Սահյան
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
- Սերոն տանն է:
- Չէ,- կտրուկ պատասխանում է որդին:
Հետևում է Համոյի ստուգող հարցը.
- Ով ասաց…
- Ինքը,- լինում է պատասխանը:
Վիլյամ Սարոյան
Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ:
- Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը:
- Այդ հսկայական քարն ինչպես եք տանելու…
- Ինքնաթիռով պիտի տանիմ…
- Ինչու համար…
- Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը:
Եղիշե Չարենց
Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով` ասում է.
- Մի վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
- Բա ինչու ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
- Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
- Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:
Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
Հովհաննես Թումանյան
Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում:
- Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին):
Մհեր Մկրտչյան
Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզին հարցնում են.
- Ֆրունզ ջան, ոնց է եղանակը Հայաստանում:
- Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել:
Մհեր Մկրտչյանին հարցնում են` երբևէ հարբած կա±ս:
Մի անգամ. <Հին օրերի երգը> ֆիլմում սև թուղթն ուտելուց…
Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում.
- Յուր ջան, ուր կերթաս:
- Կանադա` մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային.
- Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:
Սիլվա Կապուտիկյան
Մի անգամ Սիլվա Կապուտիկյանի հետ հարցազրույցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է.
- Տիկին Սիլվա, ինչքան կցանկանայիք վաստակել, որ բավարարված լինեիք:
- Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով:
Ավետիք Իսահակյան
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում` պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.
- Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ` անկողնում, պատշաճ չէ:
- Ինչ կա որ, սիրելիս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես,որ ամոթ է,նրա համար էլ անկողին գցիր:
Պարույր Սևակ
Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում <Պոետները մոր մասին> ողովածու կազմելու համար: Սևակն ուղարկում է <Մոր ձեռքերը> բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. <Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս>:
Րաֆֆի
Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր աշակերտների մազերը: Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
Րաֆֆին ներս է մտնում և, նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս, ապա` մեկին կանչում դաս պատասխանելու: Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում:
Վիպասանը քաշում է ականջից և ասում.
- Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք:
Ակսել Բակունց
Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ:
Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը:
- Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա:
Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:
- Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը:
Արամ Խաչատրյան
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
- Իսկ որտեղից եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:
Սերգեյ Փարաջանով
Մի անգամ Փարաջանովը սմոքինգ է փնտրում` Ֆելինիի հրավիրած միջոցառմանը մասնակցելու համար: Երբ վերադարձավ, հարցրեցին, թե ինչպես գնաց այդ միջոցառմանը: Ասաց, որ ինքնաթիռում տեսել է ցուցանակ` ծխախոտի վրա խաչ քաշած, վրան գրված. <No Smoking>: Դրանից է մեկ հատ խնդրել, ինքնաթիռից իջնելուն պես կախել վզից: