Вторник, 19.03.2024, 07:17
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ստեփան Զորյան

Zoryan.jpg

Զորյան (Առաքելյան) Ստեփան Եղիայի (Սեպտեմբեր 15, 1889, ք.Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) – Հոկտեմբեր 14, 1967, Երևան) հայ գրող, ակադեմիկոս։


Կենսագրություն

Ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը (19041906–ին մեկնել է Թիֆլիս, պաշտոնավարել «Սուրհանդակ» (1909-1911 թթ.), «Մշակ» (1912-1919 թթ.) թերթերում՝ որպես գրական աշխատող և թարգմանիչ, 1919–ին փոխադրվել է Երևան։

1922-1925թթ.–ին աշխատել է ՀՍՍՀ Լուսժողկոմատի պետհրատի գլխավոր խմբագիր։ 1926 թ.–ին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» երկշաբաթաթերթում։ 1930 թ.–ին աշխատել է «Հայկինոյում»՝ որպես գրական խորհրդատու։

1934 թ.–ին ընտրվել է ՍՍՀՄ գրողների միության անդամ և ՍՍՀՄ գրողների առաջին համագումարի պատգամավոր։ 1950 թ.–ին ընտրվել է Հայ գրողների միության վարչության քարտուղար։ 1954, 1959 և 1966 թթ.–ին ընտրվել է ՍՍՀՄ գրողների երկրորդ, երրորդ և չորրորդ համագումարների պատգամավոր։

1935 թ.–ին պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով։ 1965 թ.–ին Ստ. Զորյանին շնորհվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։

1967 թ.–ին հոկտեմբերի 14-ին կնքել է մահկանացուն, թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

1980 թ.–ին սահմանվել է Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակ։ Թարգմանվել է 22 լեզուներով։

Ստեղծագործական աշխատանք

1909–ին «Լումա» ամսագրում տպագրվել է Զորյանի առաջին «Քաղցածները» պատմվածքը, 1918–ին՝ պատմվածքների առաջին «Տխուր մարդիկ» ժողովածուն, որը կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ գրական նոր որակ էր արձակի մեջ և արժանացավ հայ գրական հասարակության բարձր գնահատականին։ Զորյանը հանդես է բերում սուր դիտողականություն, մարդու հոգեբանության գաղտնարանները թափանցելու կարողություն։ Նկարագրելով հերոսների կյանքը՝ նա բացահայտում է իրականության ներքին հակասությունները։ Մարդկանց հոգեբանության վրա սեփականատիրական կրքերի ավերիչ ազդեցությունն է պատկերված «Ցանկապատը» ժողովածուում։ Հանուն շահի մարդիկ պատրաստ են ոտնատակ տալու նույնիսկ արյունակցական կապերն ու բարոյական սկզբունքները։ Սոցիալական չարիքի պատկերման առումով Զորյանի ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917)։ Նախահեղափոխական տարիների ստեղծագործությամբ Զորյանը նոր խոսք ասաց պատմվածքի ժանրում և կանգնեց արձակի փոքր ձևերի վարպետների կողքին։

Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն» և այլ գործեր իրենց պարզությամբ, կենդանի հնչերանգով, բնության նուրբ զգացողությամբ ու ջերմությամբ հեղինակի ստեղծագործության մի առանձնահատուկ մասն են կազմում։ Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է, հայ կյանքի մի ամբողջ ժամանակաշրջանի պատկերը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով։

Հայրենական մեծ պատերաղմի տարիներին Զորյանը հանդես եկավ թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խմբավորեց «Պարզ հոգիներ» շարքում։ Այս պատմվածքներում բացահայտված են շարքային մարդու քաղաքացիական առաքինությունը և մարդկային վսեմ հատկությունները պատերազմի ծանր օրերին։

Զորյանի ստեղծագործության մեջ իր կարևոր տեղն ունի «Հուշերի գիրք»–ը, որտեղ տրված են իր ավագ ժանանակակիցների՝ Ղ.Աղայանի, Հ.Թումանյանի, Վ.Տերյանի,Ա.Շիրվանզադեի և այլոց դիմանկարները։ Այդ հուշերը ստույգ գրական փաստաթղթեր են։ Զորյանը հրատարակել է գրական, քննադատական բազմաթիվ հոդվածներ՝ նպաստելով հայ գրականագիտության ձևավորմանն ու զարգացմանը։

Զորյանի գրական վաստակի մասն են կազմում նրա թարգմանությունները։ Հայ թարգմանական արվեստի նշանավոր գործերից են Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Տուրգենևի, Գարշինի, Մ.Տվենի, Ս.Ցվեյգի և այլ հեղինակների երկերի թարգմանությունները։ Զորյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz