Вторник, 19.03.2024, 13:40
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մեծերը Թումանյանի մասին

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
...Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած...
ԼԵՈ

***

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի:
Վ. ՏԵՐՅԱՆ

***

Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը... Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»...
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

***

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

***

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
...Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

***

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

***

...Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

***

Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

***

Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:...Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

***

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

***

...Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

***

Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

***

...Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:
ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

***

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz