Вторник, 19.03.2024, 10:03
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Փոխանցեք իրեն

535698_472587072812634_462314614_nԵթե մի օր իրեն տեսնեք, փոխանցեք, խնդրում եմ, որ  մեր միջև դեռ շատ չխմած սուրճի բաժակներ կան ու կցկտուր բառեր՝ օդում: Մենք կիսատ կատակներ ունենք ու  չքննարկած թեմաներ: Առհասարակ, մենք դեռ չենք գտել այն լույսը, որը  մեկս մյուսի վրա սփռելու դեպքում իրար ամենաճիշտ ու  կարևոր կողմից կտեսնենք:

Փոխանցեք, որ  ես իրեն եղանակ պիտի ցույց տայի, ավելի ճիշտ՝ իմ եղանակը պիտի ներկայացնեի: Ես նման հնարավորություն, երևի, չունենամ, բայց նկարագրեք իրեն իմ եղանակը.  երեկոյան ժամերին, երբ հորդառատ անձրև է գալիս,  երկնքում դեռ մռայլ ամպեր են մնում: Մայրամտանում է, ու  արևն այլ գույն է ստանում. ամեն ինչ դառնում է վա՜ռ նարնջագույն, ու այդ լույսն ընկնում է  պատուհանների ապակիների վրա: Երկնքի մի կողմում մռայլ ամպեր են, մյուս կողմում մայրամուտի արևն է՝ ապակիներին ընկած: Ներքևում ջրափոսեր ու անձրևի հոտ:  Հուշեք, որ սա էր իմ եղանակը: Ափսոս,  ցույց տալու առիթ չունեցա: Բայց նման եղանակներին թող ինձ հիշի՝ եթե ցանկություն ունենա: Ես ամեն անգամ նման եղանակների ժամանակ մտովի իրեն մի փոքրիկ գազարագույն լույս ու մռայլ ամպիկ կուղարկեմ, որոնք անձրևահոտ կունենան:

Փոխանցեք, որ կան մարդիկ, որոնք գրկելու յուրօրինակ ձեռագիր ունեն: Իր ՝գրչային ձեռագիրը չեմ տեսել, բայց գրկելու ձեռագիրը գիտեմ: Ասացեք, որ այդ ձեռագրին փոխարինող ինչ-որ բան չեմ փնտրի: Որովհետև չեմ գտնի: Իսկ ես չեմ սիրում անիմաստ ժամանակ ծախսել: Հետո էլ, այդ ձեռագիրը չափից դուրս հարազատ է՝ փոխարինող մի բան գտնելու համար:

Ասացեք, որ իր աչքերի մեջ  յոթուկես տիեզերք կա: Ամենաիսկական, ամենաանսահման տիեզերքներ: Յոթ: Ու: Կես:

Ասացեք, որ ինքն  ինձ համար շատ հարազատ ու սիրելի է՝ չնայած որ ինձ այդպես էլ չճանաչեց: Ավելի ճիշտ՝ չճանաչեց այնպես, ինչպես ես կուզեի, որ ճանաչեր: Չտեսավ իմ այն կողմը, որը կուզեի տեսանելի լիներ:

Փոխանցեք նաև, որ աշխարհում ամենաշատը ատում եմ անզորության զգացումը: Կարոտը անզորության դրսևորում է, ու ես ատում եմ կարոտել: Բայց կարոտում եմ, ու շատ: Մեջբերեք նաև այն խոսքս, որ ես չեմ պատրաստվում ոչինչ փոխել ու վերադարձնել: Մարդիկ ունեն գնալու իրավունք, ու ես հարգում եմ այդ իրավունքը: Իմ կարոտն ինձ  է պատկանում, այլ ոչ թե իրեն: Ու ես չեմ մեղադրում:

Ներողություն խնդրեք իմ անունից՝ այդպես էլ  հրաժեշտ տալու ճիշտ ձև չսովորելու համար:

Ու գոռացեք այնքան բարձր, որ իր ականջներն ընդունակ չլինեն ընկալելու  ձայնային ելևէջները: Չլսելու աստիճան բարձր  գոռացեք, որ սիրում եմ իրեն:

Հա, ու ձախ ձեռքը կդնեք ձախ այտին ու աչքերի մեջ կնայեք:

Հետո կժպտաք, ու իրեն էլ ժպիտով կհասկացնեք, որ ես, չնայած ամեն ինչին, միշտ ժպտում եմ:

Շնորհակալություն:

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz