ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոտ 1100, Ծովք դղյակ, Ծոփաց
նահանգի Անձիտ գավառ —13.8.1173, Հռոմկլա), հայ բանաստեղծ, մատենագիր,
երաժիշտ-երգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել
է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու
որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն
է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս
Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ
Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել
է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն.
Շ-ու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության
պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է
համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով
քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ
միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ.
գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ,
այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները
փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով:
Իբրև քրիստոնեության ջատագով ու պաշտպան՝ Ն. Շ. ունի կրոնական աշխարհայացք:
Նա գտնում է, որ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը աստվածն է, բայց հասարակական
երևույթներին անդրադառնալիս երբեմն դրսևորում է այլ մոտեցում: Նրա
համոզմամբ՝ մարդն օժտված է ազատակամ գործունեությամբ և դրանով զգալապես
ազդում է հասարակական կյանքի վրա: Ուստի և, ելնելով ընդհանուր բարօրության
շահերից, Ն. Շ. հատուկ նշանակություն է տալիս մարդու բարոյական կատարելագործման
գաղափարին: Ըստ նրա՝ հանրություն կազմող 5 հիմնական դասերը (հոգևոր,
իշխանական, զինվորական, քաղաքային կամ առևտրական և երկրագործ) կոչված
են որոշակի դեր խաղալու հասարակական կյանքում, հետևաբար պետք է համագործակցեն
խաղաղությամբ: Ն. Շ. հակառակ է տերերի դեմ ուղղված ըմբոստությանը,
ինչպես նաև՝ ռամիկների օրինական շահերը ոտնահարող ավատատիրական սանձարձակություններին:
Նա ձգտում է կայուն օրենքների և արդարադատության սկզբունքով կարգավորել
դասակարգերի հարաբերությունները:
Ն. Շ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ,
թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ,
հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ ևն): Արձակից
մասնավորապես հայտնի է «Թուղթ ընդհանրականը» (1166, հրտ. 1788):
Բազմաբովանդակ ու հարուստ է Ն. Շ-ու չափածոն: Գրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թե' բովանդակության,
թե' ձևի առումով: Նա շարականին հաղորդեց քաղաքացիական բովանդակություն՛
արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար
թագավորին, Տրդատ Մեծին ե Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց
նահատակներին նվիրված շարականները: Առանձնապես բարձր արվեստով է ստեղծված
վարդանանց հերոսներին նվիրված «Նորահրաշ պսակաւորը»: Դարեր շարունակ
լայն ժողովրդականություն են վայելել «Առաւօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն»,
«Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու
երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու
զարթոնքը:
Ն. Շ-ուց պահպանվել են մանկավարժական-ուսուցողական բնույթի ոտանավորներ,
ուղերձներ ու բանքեր, որոնք չունեն իրենց նախօրինակը հայ բանաստեղծության
մեջ: Սրանք գրվել են ընթերցողին բարոյապես կրթելու, օգտակար գիտելիքներ
տալու նպատակով: Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր՝՝
բաղկացած 36 հանգավոր տներից, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց
այբուբենի հերթական տառի անունով: Բանաստեղծն այս ձևն է ընտրել, ինչպես
ինքն է նշել, որպեսզի մանուկները կարողանան հեշտությամբ և' նյութը
մտապահել, և' յուրացնել հայոց գրերի կարգը: Ուշագրավ խրատներ ու գիտելիքներ
են պարունակում «Առ եղբորորդին իւր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի
և զարդուց նորա» (1162) տիեզերագիտական պոեմը, որն ստեղծվել է Մխիթար
Հերացու խնդրանքով:
Հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը, մշակումը և դասական
կատարելագործումը նույնպես կապվում է Ն. Շ-ու անվան հետ: Նրանից մնացել
է ավելի քան 300 հանելուկ, որոնք, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ,
հեղինակն ստեղծել է աշխարհականների համար, որպեսզի անբովանդակ զրույցներով
զբաղվելու փոխարեն մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց: Նրա
հանելուկների նյութը հիմնականում բնությունն է, կենցաղը, հայոց պատմությունն
ու բանահյուսությունը: Այս առումով էլ Ն. Շ-ու հանելուկները հայ գրականության
աշխարհականացման առաջին դրսևորումներից են:
Մեծ է Ն. Շ-ու «Վիպասանութիւն...» (1121, հրտ. 1643), «Ողբ Եդեսիոյ»
(1145, հրտ. 1810), «Բան հաւատոյ» (1151) և «Յիսուս որդի» (1152, հրտ.
1643) մեծածավալ ստեղծագործությունների գրապատմական նշանակությունը:
Սրանք գեղ. չափածո խոսքի նոր տեսակներ են, որ դարձան հայ վիպերգական
և վիպաքնարական պոեմների նախօրինակները: Վերջին երկու գործերը գրվել
են Աստվածաշնչի թեմաների հիման վրա և հղացման ու արվեստի տեսակետից
որոշակի հետաքրքրություն են ներկայացնում:
Առանձին հարցերում հետևելով Գրիգոր Նարեկացու և Գրիգոր Մագիստրոսի
ավանդներին, Ն. Շ., ի դեմս «Յիսուս որդի» վիպական ողբերգության, հորինել
է բոլորովին ինքնատիպ մի երկ, որն առանձնանում է թե' բանաստեղծական
մտքի թռիչքներով, թե' ժամանակի մարդու հոգեբանության լայնակի ու խոր
պատկերումով:
«Վիպասանութիւն...»-ը, որի նյութը հայ ժողովրդի պատմության դրվագներն
են, գրված է հոմերոսյան դյուցագնավեպերի նմանողությամբ, ունի շեշտված
աշխարհիկ բովանդակություն: Պատկերելով ազատագրական պայքարի Փառավոր
դրվագները, նախնիների հերոսական քաջագործությունները՝ բանաստեղծի նպա-
տակն է հայրենասիրության ոգով դաստիարակել ընթերցողին: Ն. Շ-ու հայրենասիրական
գաղափարներն առավել հստակ են դրսևորվել «Ողբ Եդեսիոյ» պոեմում, որը
նրա գլուխգործոցն է և միաժամանակ հայ քաղ. պոեզիայի անդրանիկ երկը:
Այն քնարավիպերգական ստեղծագործություն է՝ օժտված ծավալուն սյուժեով
(Եգեսիա քաղաքի, պաշարումը, պաշտպանությունս, գրավումը, կոտորածն ու
կողոպուտը, որոնք 1144-ի վերջերին տեղի ունեցած իրական դեպքեր են):
Երկի մեջ հանդես է գալիս նաև քնարական հերոսը՝ որոշակի ապրումներով
ու զգացմունքներով, ապագայի նկատմամբ ունեցած հավատով ու լավատեսությամբ:
Պոեմը գրված է դիմառնության ձևով. Եդեսիան անձնավորված է իբրև որդեկորույս,
որբևայրի մի կին, որը սգում է իր դժբախտությունը: Այս միջոցով հեղինակն
ստեղծել է կնոջ կենդանի ու ամբողջական բնավորություն, հորինվածքը դարձրել
տպավորիչ ու հուզական: Հասուն արվեստագետի վարպետությամբ են նկարագրված
ռազմ. գործողությունները: Դիմելով հակադրությունների, բանաստեղծն առավելապես
պատկերում է թշնամոլ բարբարոսական արարքներն ու բնակչության անձնուրաց
սխրանքները: Եդեսիայի կործանման նկարագրությամբ բանաստեղծն անդրադարձել
է նաև հայ ժողովրդի ճակատագրի հարցերին: Պոեմի սկզբում Եդեսիա-մայրը
իրեն ողբակից է հրավիրում Վաղարշապատ և Անի մայրաքաղաքներին՝ հիշեցնելով,
որ նրանք նույնպես զրկվել են փառքից ու հզորությունից: Իդեալականացնելով
անցյալը, Ն. Շ. ձգտել է կենդանի պահել քաղ. ազատության հասնելու գաղափարը,
տեսնել հայրենի երկրի պետ. վերածնունդը: Պոեմն ավարտվում է լավատեսությամբ,
որբևայրի մայրը վերջնականապես դժբախտացած չի համարում իրեն՝ երբ լուծվի
վրեժը, ինքը նորից կերջանկանա, օտարությունից տուն կդառնան տարագիրները:
Ն. Շ. չի ղեկավարվել իրականությանը համակերպվեյու քրիստոնեական գաղափարով,
այլ գտել է, որ միայն պայքարով ու հաղթանակով է հնարավոր նվաճել ազատությունը:Ն. Շ. շատ է օգտվել ժող. բանահյուսությունից: Մեծ է նրա դերը բանաստեղծական
տեխնիկայի և տաղաչափության զարգացման գործում: Նա ստեղծագործել է հայկ.
չափերի գրեթե բոլոր տեսակներով, որոնց մի մասի ստեղծողը ինքն է: Կանոնավորել
է հայերենի տաղաչափությունը՝ բարձրացրել չափածո խոսքի ռիթմիկ-երաժշտական
կողմը: Հետևելով Գրիգոր Մագիստրոսին, նա իր մեծ ու փոքր ծավալի գործերը
գրել է հանգերով: Այդպիսիք են նաև նրա շարականներն ու հոգևոր տաղերը,
որպիսիք մինչ այդ հորինվում էին ազատ չափերով և անհանգ: Բայց Ն. Շ-ու
մեզ հասած չափածո ժառանգության մեծ մասը միահանգ է: Նա այն կարծիքին
է, թե միահանգությունը արվեստի կատարելությունն է, թեև որոշ գործեր
ստեղծել է փոփոխական հանգերով: Սա արդեն նոր երևույթ էր հայ բանաս
տեղծության մեջ, որը չէին կարող չնկատել հաջորդ դարերի տաղասացները:
Շարունակելով Գավթակ Քերթողի և Գրիգոր Նարեկացու ավանդույթները, Ն.
Շ. բազմազան ձևերով և հաճախ գործածել է ակրոստիքոսի, բաղաձայնույթի
և առձայնույթի հնարանքները:Ն. Շ. կամ Ն. Երգեցողը հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն
ներկայացուցիչն է, և առհասարակ ֆեոդ. Հայաստանի մասնագետ բանսատեղծ-երաժիշտներից
մեծագույնը, որն իր արվեստի խորքով, տարողությամբ ու արժեքով դուրս
է գալիա հայ իրականության սահմաններից ու դառնում համաքրիստոնեական
(մանավանդ՝ արլ. քրիստոնեական) քաղաքակրթության խոշոր երևույթներից
մեկը: Պահպանված գրական ու երաժշտ. շատ նյութեր, ձեռագրական փաստեր
ցույց են տալիս, որ Ն. Շ. եղել է ոչ միայն բազմարդյուն երգահան, այլև
ժամանակի լավագույն երգիչ-կատարողներից մեկը, գեղագետ, տեսաբան, ուսուցիչ,
բարենորոգիչ, իսկ որպես ստեղծագործող հորինել է հոգևոր (եկեղեցական),
արտապաշտամունքային ու, ամենայն հավանականությամբ, նաև աշխարհիկ երգեր:
Նրա «Յիսուս որդի» ծավալուն պոեմն անցյալում եղանակավոր (ասերգի ձնով)
պատմվել ու մի ամբողջ շարք հատվածներում էլ նաև երգվել է, ինչպես «Սասունցի
Դավիթ» էպոսը: Ըստ եղած տվյալների, Ն. Շ.-ու աշխարհիկ երգերը պետք
է որոնել գլխավորապես նրա հանելուկներում:Հոգևոր երաժշտության բնագավառում Ն. Շ. հանդես է եկել որպես մեծ բարենորոգիչ:
Նա կարգավորել է հայոց մինչ այդ այլայլված, աղքատացած պաշտոներգությունը
և բարեձևություն ու միակերպություն հաղորդել դրան: Շատ ավելի կարևոր
է, որ Ն. Շ. բազմաթիվ ու բազմապիսի ստեղծագործություններով ըստ ամենայնի
ճոխացրել ու, միաժամանակ, XII դ. համար արդեն ապաժամ մասերից ու ձևերից
մաքրել է նույն պաշտոներգությունը՝ սեփական հեղինակությունները զետեղելով
մի շարք հնացած երգերի և երկար ու ձիգ սաղմոսասացությունների փոխարեն:
Չկա հայկ. միջնադարյան ծիսական-երաժշտական մի գիրք, որը վերանայած
չլինի Ն. Շ., իսկ դրանցից մի քանիսը նա լրացրել է հիմնովին: Միջնադարյան
ձեռագրերում ցրված Ն. Շ-ու երգերը քննության են ենթարկվում նրանց գրական
խոսքի կառուցվածքի (տաղաչափության), ձայնեղանակների նշման ու գոռծնական
կիրառման և խազավորման (խազագրերի հյուսվածքի) տեսակետներով: Բացի
այդ, նույն երգերի մի ստվար մասն առկա է նաև Էջմիածնում՝ անցած հարյուրամյակում
հայկ. ձայնագրության նոր համակարգի նշաններով ձայնագրված ժողովածուներում:
Վերջիններս ներկայացնելով հայոց հոգևոր երգարվեստի, մասնավորապես երգեցողության,
ուշ միջնադարյան պատկերը՝ միաժամանակ անդրադարձնում են այդ արվեստի
հին ու հնագույն շատ շերտեր, որով և համեմատելի են միջնադարյան գրչագիր
համապատասխան մատյանների հետ: Հիշյալ ձայնագրյալ ժողովածուներում ներփակված
Ն. Շ-ու ավելի քան 200 ստեղծագործությունների (շարականների և պատարագի
ու ժամագրքի երգերի) ուսումնասիրումը հնարավորություն է տալիս գաղափար
կազմելու նրա երաժշտաբանաստեղծական արտահայտվելակերպի գլխ. առանձնահատկությունների
մասին, տարբերելու այդ ստեղծագործության ժանրային-ոճական հիմնական
ոլորտները և խորամուխ լինելու նրա արվեստի փիլ-յան մի քանի էական կողմերի
մեջ: Դրանք են՝ ձգտումը դեպի գեղ. կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում
բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ.
ու արմ. մասնագիտացված արվեստների, այլև սեփական ժողովրդի աշխարհիկ
երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր
առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման
տեսակետով, վերջապես մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը,
որը բարդ համաձայնույթների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի
աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում քնարական զեղումները
հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: ՝Ն. Շ. հայկ. միջնադարի
այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների,
Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում
իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու
դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում: