Пятница, 26.04.2024, 15:03
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հարբեցողություն


    Ա. Հարբեցողությունը մարդու բանականությունն ապականող թույն է. որովհետև եթե նույնիսկ չի սպանում, գոնե մթագնում է մտքի լույսը և մարդուն վերածում անբան անասունի կամ այլանդակ գազանի:
    Բ. Էակներն ինչով որ տեսականապես հաստատվում են իրերի բնության մեջ, նույնով էլ տարբերվում են մյուսներից, և քանի որ մարդու բնությունը տեսականապես հաստատվում է բանականությամբ, ապա դրանով էլ տարբերվում է այլ բոլոր արարածներից:
    Եվ ինչպե՞ս մարդ կոչվի հարբեցողը, որ զուրկ է բանականությունից. որովհետև պատահում է՝ խելագարի պես ցնորվում է, կամ իբրև դիվահար մոլեգնում, կամ գայլի պես դժնի դառնում, կամ էլ մեռյալի պես անզգայանում:
    Էլ չեմ ասում, որ կույրի պես չի կարողանում տեսնել բարեկամին ու թշնամուն և խուլի պես չի կարողանում լսել խրատական խոսքերը: Ուստի բոլոր ազգերի մոտ պահվեց այս օրենքը՝ հարբեցողին չխրատել, քանի դեռ չի սթափվել:
    Գ. Թեպետ գինին ըստինքյան չար չէ, բայց նրա չարաչար գործածությունը պատճառում է մեծամեծ չարիքներ՝ խռովություն, ծուլություն, հիվանդություն և այլ բազում անկարգություններ: Այդ պատճառով էլ իշխանը պարտավոր է իր ժողովրդին հեռու պահել հարբեցողությունից, որպեսզի այս չարիքները չպատահեն:
    Դ. Մարդիկ, Աստծու պարգևները չարաչար գործածելով, բարկացնում են անբարկանալի Բնությանը՝ այլևս չտալու բարի պարգևներ կամ իրենց զրկելու նախկինում տրված բարիքների վայելումից:
    Գինին տրվեց որպես ընկերական սիրո միջնորդ ու տրտմության փարատիչ, իսկ հարբեցողներն այն դարձրին կռվի ու տրտմության նյութ: Բժիշկները կամեցան այն տալ ուժաթափ հիվանդներին որպես զորացուցիչ ու առողջարար դեղ, հարբեցողներն օգտագործեցին՝ նրա միջոցով իրենց առողջությունը կորցնելու և անբժշկելի ցավեր ձեռք բերելու համար: Ծերերը նրա չափավոր կիրառությամբ առույգանում են, երիտասարդները, անկարգաբար օգտագործելով այն, արագացնում են տկար ծերության գալուստը և շատ անգամ վաղ մեռնում: Ով առանց գինու չի պահպանում իր առողջությունը, գինիով կկորցնի այն:
    Ե. Բարի են Աստծու բոլոր արարածները, բայց ովքեր չարաչար են վարվում նրանց հետ, դրանք նրանց համար տանջանքների են վերածվում, ինչպես որ հարբեցողները, գինին ոչ բարվոք գործածելով, արժանի են նրանից տանջվելու:
    Զ. Հարբեցողությունը հույժ վնասակար է, որովհետև մարդուն անխելք, շռայլ ու անարգ է դարձնում: Որովհետև հարբեցողը, խելքը կորցնելով, կորցնում է ունեցվածքն ու պատիվը: Երբեմն ուրախալի խնջույքներում ծոցում ունեցած ամեն ինչ անարժաններին է շռայլաբար պարգևում, երբեմն իր սրտի գաղտնիքներն է հրապարակում՝ իրեն վնաս ու անարգանք պատճառելով: Երբեմն ննջում է, երբեմն կաքավում, երբեմն լալիս է, երբեմն ծիծաղում, երբեմն պապանձվում ու անզգայանում է, երբեմն էլ անընդհատ ավել-պակաս խոսում, հակառակվում ու կռվում, և չկա մի անարգություն, որ հարբեցողը չհամարձակվի անել, որով բոլոր մարդկանցից ավելի անարգ ու նախատելի է դառնում:
    Է. Թեպետ բոլոր մոլություններն էլ չար ու վնասակար են, բայց միայն թյուրո՛ւմ են միտքը և ոչ թե կորցնել տալիս. ինչպես որ գողը բազում միջոցներ է ի գործ դնում ունեցվածքը գողանալու և մարդկանց ձեռքը չընկնելու համար, շնացողը՝ պես-պես հնարների դիմում, որ չխայտառակվի, և ստախոսն էլ՝ ջանում հարմար պատճառ գտնել, որպեսզի իր սուտը չբացահայտվի:
    Այս կերպով նաև այլ չարագործներն են միտքն ամբողջ պահում, թեպետ ո՛չ առողջ, գործում են բանավորապես, թեպետ ո՛չ բարեպես, իսկ հարբեցողությունը կորցնել է տալիս մարդու միտքը և մարդուն հեռացնում մարդկային կարգից, որովհետև մարդը մտքո՛վ է մարդ:
    Եվ ի՞նչ է արդյոք հարբեցողը: Անզգա գոյացություն չէ, որովհետև Աստծու հավիտենական օրենքի համաձայն՝ անզգա արարածներն անդադար շարժվում են աշխարհի օգտի համար, ինչպես չորս տարրերն ու նրանցից կազմված անզգա արարածները, իսկ հարբեցողը չարաչար վնասում է իրեն ու ընկերոջը: Անասուն չէ, որովհետև անասունները հլու հպատակությամբ անխոնջ ծառայում են մարդկանց կարիքների համար, իսկ հարբեցողը ոչ մի բանով պիտանի չէ: Գազան չէ, որովհետև գազանները բնավ չեն մեղանչում նրա հանդեպ, ում հետ ընտել են, իսկ հարբեցողը չի ճանաչում բարեկամներին ու ընտանիքը, տիրոջ ու բարերարի, ամենքին հայհոյում է, ամենքին սպառնում, ամենքի հետ կռվում, որովհետև միտքը կորցրել է և դարձել մի այլանդակ հրեշ: Բայց երանի՜ թե մտքի կորչելու հետ նաև ինքը կորչեր, որովհետև ո՞ր ականջն է հանդուրժում լսել նրա անկարգ խոսքերը, ո՞ր աչքն է հանդուրժում տեսնել նրա անվայել շարժումները, ո՞ր ունչը չի զզվում նրա բերանի գարշահոտությունից:
    Ահա քսակում ունեցած դրամը սպառվեց, և ինքը որպես անպիտան աղբ գինետնից դուրս շպրտվեց՝ գլուխը բաց, գոտին արձակ, կոշիկները փողոցում ընկած, և որպես կույր՝ խարխափանքով դեգերելով, պատեպատ զարնվելով, խոզի պես տղմաշաղախ՝ ուշ գիշերին հասնում է տան դռներին:
    Այնտեղ պետք է տեսնել հին հարսանիքի նոր հրավիրվածներին. այնտեղ դևերն են կաքավում, երբ այր ու կին իրար խածատում են: Տունը խավարին է՝ ո՛չ յուղ կա, ո՛չ մոմ, մանուկներն անոթի լալիս են՝ ո՛չ հաց կա, ո՛չ պանիր, կինը խռոված կամ ծեծված՝ սրտի կսկիծից խփում է իր զավակներին, և տունը լցվում է վայերով ու ճիչով: Գինեմոլը՝ իբրև վիրավոր արջ, հայհոյանքով հարձակվում է կնոջ ու զավակների վրա և գլորվում-ընկնում:
    Դրացիները, այս թշվառ վիճակը տեսնելով, ցավակցում ու ավաղում են, ոմանք էլ, անտանելի հայհոյանքներից ու անդադար խռովությունից ձանձրացած, բողոք բարձրացնելով առավոտ շուտ դիմում են դեպի պատրիարքարան, և պատրիարքի փոխանորդը գինեմոլին իր մոտ բերել է տալիս, մեկ-երկու անգամ խրատում ու հանդիմանում և գործի ուղարկում: Բայց երբ տեսնում է, որ դրանով չի զգաստանում, ծեծելով բանտ է գցում:
    Եվ ի՞նչ այնուհետև. ո՛չ հացագործը հաց է տալիս, ո՛չ նպարավաճառը՝ բրինձ, յուղ ու մոմ, դեռ ավելին՝ գալիս ու նեղում է հարբեցողի կնոջը և պահանջում առաջին պարտքը, իսկ կինը ոչ մի դրամ չունի: Հոր տանից բերած օժիտը վաղուց սպառվել է, և պղնձե անոթները հետզհետե պակասել են տանից:
    Ուրեմն՝ հարբեցողությունը չար ախտ է, որից իբրև ակունքից հոսում են ամեն տեսակ թշվառություն ու եղկություն:

«Գինին անառակության է մղում, հարբեցությունը՝ թշնամության, և ով անձնատուր է լինում դրանց, խելացի չէ» (Առակ. Ի 1):

    «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանություններն ու տարակուսանքները... Ո՞չ արդյոք նրանց, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա» (Առակ. ԻԳ 29-30):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz