Пятница, 26.04.2024, 19:45
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Երիտասարդ

 Ա. Երիտասարդները թող այնքան կրթվեն իմաստունների ու առաքինիների մոտ, որ երբ բաժանվեն ու հեռանան նրանցից, կարողանան անկորուստ հիշել նրանց խոսքերը՝ իբրև բարեխրատ ուսուցիչ:
    Ով իմաստություն ու սիրալիր քաղաքավարություն ունի, ուր էլ գնա, ինչպիսի ձախորդությունների մեջ էլ ընկնի, փառք ու բարի համբավ կգտնի: Իմաստուն երիտասարդը նման է խորարմատ ծառի, որին փորձությունների հողմերը թեպետև շարժում են, բայց կործանել չեն կարող:
    Բ. Մեծ տոհմի պատկանող երիտասարդը, մանկությունից զեխության ու զեղծ վարքի սովոր լինելով, վերջում թշվառության մեջ է ընկնում և նախատինքի թիրախ դառնում աշխարհում: Որովհետև տոհմի պայծառության պատճառով առաջ եկած մեծամտությունը նրան չի թողնում խոնարհվել դեպի չափավորությունը, և սովորություն դարձած մոլությունն արգելում է լավ վարք ձեռք բերել:
    Գ. Ազնվական երիտասարդներից շատերն իրենց հարստության պատճառով բազում մոլություններ են սովորում, բայց հարստությունը կորցնելով՝ մոլությունները չեն կորցնում:
    Դ. Զարմանալի է, որ աղքատների զավակները ջանում են դրամ ձեռք բերել, որպեսզի հարուստ դառնան, իսկ հարուստների զավակները դրամը վատնելու հետևից են ընկած, որպեսզի աղքատ դառնան: Եվ շատ են այսպիսիները, որ կորցնելով հայրական հարըստությունը՝ շրջում են աղքատ ու կարոտյալ:
    Ե. Երիտասարդական հասակը դյուրասահ է դեպի ամեն վայելք: Ուստի եթե նույնիսկ որևէ ախորժելի բան երիտասարդին անմեղ թվա, տակավին պետք է կասկածի, իմաստուններից ու փորձառուներից խորհուրդ հարցնի և նրանց խրատի համաձայն վարվի:
    Զ. Մարդ պետք է չհավատա սեփական անձին, որպեսզի չլինի թե ինքն իրեն խաբի, և պետք է չմոռանա սեփական կրքերը, որոնցից ինչ-որ ժամանակ խաբվեց, որպեսզի այլևս չխաբվի նրանցից:
    Ճանապարհին անծանոթ որևէ ուղևոր հետևում է առաջնորդին. բայց զարմանալի է, որ դեպի ծերություն ճանապարհորդող երիտասարդը չի հետևում ծերերի առաջնորդությանը:
    Է. Կա մարդ, որ սխալվում է, բայց դրանով ճանաչում է իր թերությունը, զգաստանում և դրանից օգուտ քաղում: Մարդ էլ կա, որ սխալվում է, բայց դրանով առավել է համառում իր կարծիքին և վնասվում: Որովհետև անգիտության սխալները դառնում են հանդուգն խելագարություն և չարաչար վնասում: Ուստի ոչ այնքան մեղադրելի է նա, ով սխալվում է, որքան նա, ով չի կամենում իր սխալները ճանաչել և ուղղվել. իսկ ով կամովին չի ուղղվում, ակամա վնասվում է:
    Ը. Ուր չկա ապագայի կանխատեսություն, անցյալի փորձառություն ու ներկայի բարեկարգություն, միտքը գահավիժում է դեպի զանցանքներ գործելը: Բայց ով իր սխալը ճանաչում ու խոստովանում է, հանդիմանության արժանի չէ, քանզի սխալը ճանաչելն ու խոստովանելը նշան է նրա հոգու ազնվության: Եվ եթե այդ սխալով սովորեց գալիք արկածներից զգուշանալ և իր ընթացքը բարեկարգել, որովհետև չկա մի ծայրագույն հանցանք, որ խոնարհ խոստովանությամբ ներելի չլինի, ապա ոչ ոք պիտի չվհատվի, թեկուզև վտանգների մեջ ընկած լինի, այլ անվեհեր սրտով ջանք թափի ազատվելու հնարներ գտնելու համար:
    Թ. Այն երիտասարդները, որոնք պատվում են արգո ծերունիներին, որոնց իմաստուն է դարձրել բազում բաների փորձառությունը, իրենց ծերության շրջանում պատիվ ու հարգանք կգտնեն իբրև փորձառու և խոհեմ անձինք. որովհետև ինչ սերմանում է մեկը, նույնն էլ հնձում է:
    Ժ. Մարդիկ երջանիկ կլինեին, եթե երիտասարդական հասակում ունենային փորձառու ծերերի խոհեմությունը և ծեր տարիքում՝ առույգ երիտասարդի ուժը:
    Երանի՜ թե երիտասարդները ծերերից խոհեմություն փոխ առնեին, և ծերերը երիտասարդներից՝ ուժ. որովհետև ծերը զգում է շատ բան, որ չէր զգում երիտասարդ ժամանակ, և երիտասարդը կարող է շատ բան, որ չի կարողանալու անել ծեր ժամանակ:
    ԺԱ. Բարեվիճակ է այն մանուկը, որ հասակի զարգանալու և աճելու հետ զարգանում ու հարստանում է գիտելիքներով ու առաքինությամբ: Ծերության հետևանքով մարմնի ուժի պակասելու դեպքում էլ այդպիսինի խոհեմությունն ու առաքինությունը չեն պակասում:
    ԺԲ. Երիտասարդները գոռոզ ու ինքնահավան են, որ վստահեցնում են իրենց, թե կարող են ամեն ինչ անել, և համարձակ խուժում են ամեն վտանգի մեջ և որոգայթն ընկնում: Աստված երբեմն երիտասարդներին թույլ է տալիս սխալվել, որպեսզի ճանաչեն մարդկային տկարությունն ու զգաստանան և այլևս սեփական ուժերին չվստահեն:
    ԺԳ. Ծերերի սխալները դժվարությամբ են ուղղվում, որովհետև նրանց ծանր է թվում խրատներին անսալը, որով նմանվում են հինավուրց ծառի, որի ծռությունը ոչ մի հնարով չի ուղղվում: Ծերերն իրենց թերությունը ճանաչելու դեպքում էլ չեն կարողանում զգաստանալ, որովհետև վատ սովորությունը նրանց համար երկրորդ բնություն է դարձել: Նորահասակ երիտասարդները նման են մատաղատունկ ծառի և հեշտ են ուղղվում, եթե անսում են բարի խրատների:
    ԺԴ. Եռանդուն երիտասարդներն ավելի խրատների կարիք ունեն, քան դրամի: Որովհետև եթե խրատված ու բարեկարգ են, եթե դրամ չունենան իսկ, նրանց համար բնավ դժվար չէ այն ձեռք բերել և օգտակար գործերի համար բանեցնել: Իսկ եթե դրամ ունեն, բայց անխրատ են, հնարավոր է, որ այն վատնեն մոլեկան գործերի վրա և ի վնաս իրենց՝ միշտ աղքատության մեջ մնան:
    Իսկ աղքատության մեջ տառապող ծերերն առավել դրամի կարիք ունեն, քան խրատների, քանզի բազմամյա փորձառությամբ վաղուց արդեն խրատված են: Նաև այն, որ պատեհ չէ կարծել, թե դրամն անվայել գործերում կծառայի նրանց. այլ ավելի պետք է հուսալ, թե օգտակար գործերում կօգնի: Եվ որովհետև այլևս աշխատել ու դրամ վաստակել չեն կարող, որ ապահովեն իրենց կյանքը, ուստի վշտանում են, երբ խրատներ են լսում, և մխիթարվում են, երբ դրամ են ստանում:
    ԺԵ. Երիտասարդներն առավել հակամետ են շռայլության, քան ժլատության, որովհետև հույս ունեն, թե երբ կամենան, կարող են ունեցվածք ձեռք բերել: Իսկ ծերերը միշտ ավելի ժլատ են լինում, քան շռայլ, որովհետև հույս չունեն, թե կարող են ունեցվածք ձեռք բերել, երբ կամենան: Ուստի առած կա, թե ծերի մեջ բոլոր մոլությունները ծերանում են, բայց ագահությունը մանկանում է:
    ԺԶ. Ծերերի մոլությունները նման են հնացած ախտերի, որոնք խիստ դժվարությամբ են ապաքինվում և կամ բնավ չեն ապաքինվում: Իսկ երիտասարդների մոլությունները նման են նոր սկիզբ առած հիվանդությունների, որոնք չնչին դարմանումներով կարող են բժշկվել:
    ԺԷ. Երբ զգայական բաղձանքը գլուխ բարձրացնելով տիրում է կամքին, բանականության լույսը մթագնում է, և դարուփոսերը նրան հարթ ճանապարհներ են թվում: Եվ զարմանալի չէ, եթե երիտասարդները, զգայական ցանկությամբ հափշտակված, գահավիժում են տեսակ-տեսակ անկարգությունների մեջ. որովհետև նրանց մտքի լույսը մթագնել է՝ մարդկային մեր բնության ուղիղն ու վայելուչը տեսնելու, նրանցով ընթանալու և դեպի կորուստ կարապետող շավիղներից խոտորվելու համար: Առանց հոգին վշտացնելու հնարավոր չէ, որ մարդը մարմնական հաճույքներ վայելի: Ուրեմն՝ ով մարմնի հաճույք է փնտրում, հոգու համար վիշտ ու տանջանք է փնտրում:
    ԺԸ. Եթե երիտասարդական առույգ հասակն իրեն կից համեստություն չունի, տեղին է այն իր բուն իմաստով խելագարություն կոչել: Որովհետև իրոք, իբրև խելագար երիտասարդը չի կարողանում բարու ու չարի միջև ընտրություն կատարել և վտանգների մեջ է ընկնում:
    ԺԹ. Ով մոլիների հետ է կենցաղավարում, սակավ առ սակավ նրա առաքինական ամրությունը թուլանում է, և որովհետև դժվար է, որ խիստ առաքինի մեկը հաստատուն մնա ու չգայթակղվի, ապա է՛լ առավել դժվար է, որ երիտասարդ տարիքն անկործան մնա:
    Պետք է փախչել այն երկրից, ուր առաքինություն չի բնակվում:
    Ի. Որևէ ազնիվ կերակուր, լցվելով աղտեղի ամանի մեջ, անմաքուր ու նողկալի է դառնում: Առաքինի երիտասարդը, վատահամբավ մարդկանց հետ ընկերանալով, ինքը ևս վատահամբավ ու արհամարհելի է դառնում:


    «Երիտասարդն ի՞նչ միջոցով ուղղի ճանապարհն իր, եթե ոչ Քո խոսքերը պահելով» (Սաղմ. ՃԺԸ 9):

    «Ուղիղ են այն երիտասարդի ճանապարհները, որ մաքրությամբ է ընթանում» (Առակ. Ի 11):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz