Суббота, 27.04.2024, 03:03
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ծնող

    Ա. Այն հայրը, որ իր կենդանության օրոք լավ է դաստիարակում իր զավակներին, մահվանից հետո իր հիշատակը հավերժացնում է: Կենդանի զավակի լավ կենցաղավարությունը փառավորում է մեռած հոր անունը:
    Բ. Եթե ծնողները մեռնելով իրենց զավակներին թողնում են աղքատ, բայց իմաստուն, ավելի մեծ ունեցվածքի ժառանգորդ են դարձնում նրանց, քան եթե թողնում են հարուստ, բայց տգետ:
    Գ. Եթե չես կամենում զավակներիդ պատճառով տրտմել, մանուկ ժամանակ հանդիմանությամբ ու սաստով տրտմեցրո՛ւ նրանց: Ոչ այնքան վիշտ է զավակին վաղամեռիկ, որքան չարաբարո տեսնելը:
    Դ. Հորն անօգուտ է զավակին լավ վարքով կրթելը, եթե մայրը զավակին թույլ է տալիս չարիք սովորել:
    Ե. Ով իր որդուն փափկակեցությամբ է մեծացնում, կաթի փոխարեն թույն է խմեցնում, որովհետև մանկական փափկակեցությունը տարիքի աճելու հետ թույնից էլ ավելի է վնասում: Անգութ է մայրը, եթե իր զավակին չի սնուցում, բայց առավել անգութ է, եթե փափկակեցություն է սնուցում:
    Զ. Փափկակեցությունը մանուկների մեջ նման է կակուղ փշի, որը մանկան մեծանալու հետ ինքն ևս կարծրանում է, մինչև որ խայթում է նրանց, ում մոտենում է:
    Է. Եթե ծնողներն իրենց զավակների հանդեպ խիստ գթառատ լինեն, նրանց զավակները նրանց հանդեպ բոլորովին անգութ կլինեն: Հայրական սերը թշնամություն է դառնում, եթե զավակի հանցանքները ներելով՝ նորից մեղանչելու պատճառ է տալիս:
    Ը. Իրավամբ խորթ մայր է կոչվում այն ծնողը, որը գիտի զավակներ ծնել, բայց չգիտի լավ դաստիարակությամբ մեծացնել: Նա է հարազատ մայր, ով գիտի և՛ ծնել, և՛ համեստ վարքով մեծացնել:
    Թ. Մանուկներն առավել սովորում են մայրերից, քան հայրերից, որովհետև մայրական դաստիարակությամբ են մինչև չափահասություն մեծանում: Ուրեմն մայրերը պիտի լավ կրթեն իրենց մանուկներին, որպեսզի հետո լաց չլինեն կենդանի զավակի վրա առավել, քան մեռածի:
    Ժ. Ծնողները պարտավոր են իրենց մանուկներին բարի վարքի մեջ կրթել հոգեշահ խրատներով և իրենց առաքինագործ կենցաղավարության օրինակներով, քանզի թեև մատաղ հասակի մանուկը բնական խառնվածքով բարի է, սակայն չարաբարոների մեջ մեծանալով և իր ծնողների վատ կենցաղավարությունը տեսնելով՝ դառնում է վատ ու մոլի:
    ԺԱ. Չարաբարո հոր նախատինքը որդու չարաչար վարքով ծանրանում է, որովհետև որդին հորի՛ց սովորեց չար լինել:
    ԺԲ. Ծնողները նախատինքի ու պատիժների են արժանի, եթե իրենց որդիներին թողնում են անգործ թափառել:
    ԺԳ. Եթե ծնողներն անփույթ են լինում և իրենց որդիներին չեն տալիս գիտության ուսման, որպեսզի լավ մարդ դառնան, և ոչ՝ կարևոր արհեստների, որպեսզի նրանք իրենց կարիքները հոգան, արժանի են դատաստանի, որովհետև իրենք են նրանց անկարգ ու անգործ լինելու պատճառը:
    ԺԴ. Ձվերը փչանում են, երբ թխսամայրը դրանք անխնամ է թողնում ու շրջում, ինչպես կամենում է: Մանուկներն անպիտան են դառնում, եթե ծնողները նրանց չեն պահում իրենց թևի տակ և հոգ չտանելով նրանց մասին՝ կամենում իրենց անձանց հանգըստավետությունը:
    ԺԵ. Եթե մեկը կամենում է, որ իր զավակը լավ մարդ դառնա, թող նրան հանձնի այնպիսի դաստիարակի, որ ոչ միայն գիտուն է, այլև առաքինի: Որովհետև մանուկը սովորում է այն, ինչ մի անգամ տեսնում է իր ուսուցչի մոտ. աչքով տեսնելն առավել է արթնացնում դեպի լավը բաղձանքը, քան ականջով լսելը:
    ԺԶ. Հայրերի համար փառք չէ իրենց զավակներին միայն գիտուն տեսնելը, նաև բարիք գործող պիտի լինեն, որովհետև գիտելիքներն անհրաժեշտ է ձեռք բերել բարիք գործելու համար:
    ԺԷ. Եթե հարուստների զավակներն անդաստիարակ են, վերջում աղքատ են դառնում: Եթե աղքատների զավակները դաստիարակված են, վերջում հարուստ են դառնում:
    ԺԸ. Մարդ երիտասարդ ժամանակ լինում է այնպիսին, ինչպես որ դաստիարակվել է մանուկ ժամանակ: Ուստի եթե որևէ հարուստ կամենում է, որ իր զավակը լավ երիտասարդ դառնա, թող մանուկ հասակում նրան լավ կրթի:
    ԺԹ. Եթե հարուստ մարդու զավակը նախնիներից ժառանգած փառքն ու համբավը բավական է համարում և չի ջանում գիտելիքներով ու առաքինությամբ օրըստօրե ավելացնել, արկածների ժամանակ դրանք կորցնելով՝ անարգության մեջ է միշտ մնում, որովհետև մանուկ ժամանակ չսովորեց փառք ձեռք բերել:
    Ի. Երբ հայրերը տեսնում են իրենց զավակներին վատ բաներ անելիս, պարտավոր են քաղցրությամբ խրատել նրանց. եթե զավակներն անհնազանդ գտնվեն, թող չափավոր սաստումով նրանց ուղղության բերեն: Երիտասարդներին համարձակություն տալը նույնն է, ինչ ամեհի ձիերի սանձը թողնելը, կամ բորբոքված կրակի մեջ ձեթ լցնելը, և կամ վշի պարկի մեջ կայծ գցելը: Գովելի ժլատություն է երիտասարդներին ու դեռահասներին համարձակություն չտալը:
    ԻԱ. Չափահաս մարդիկ անպատշաճ բաներ տեսնելիս կամ լսելիս երբեմն հետևում են դրանց, երբեմն էլ խորշում. իսկ մանուկները բնավ չգիտեն խորշել, այլ ինչ լսում ու տեսնում են, անմիջապես կամենում են անել:
    ԻԲ. Եթե ծնողներն իրենց զավակներին մեծացնելիս բարվոք վարվեցողություն չունեն, նրանց զավակները լավ ժառանգ չեն կարող դառնալ:
    Ծնողական սերը, որ բնությունը տվեց զավակների հանդեպ ունենալու համար, պետք ու պատշաճ է միառժամանակ սրտում ծածուկ պահել և զավակին հայտնել, երբ չափահաս դառնա և կարողանա ճանաչել ծնողական սիրո հարգն ու իր պարտավորությունը:
    Ուստի քանի դեռ զավակը մանուկ է և խոսել չգիտի, թող նրան քաղցր կաթով սնի, որևէ կերակրով հագեցնի և անպաճույճ հագուստով ծածկի: Եվ երբ երեխան յոթնամյա դառնա, թող նրան դպրոց տանի, ուր ուսուցիչը նրան կարդալ կսովորեցնի, ապա գրել ու թվերով գործողություններ կատարել, մինչև տասնամյա դառնա: Դրանից հետո նրան անգիր կսովորեցնի ու հասկանալ կտա քրիստոնեական հավատի ու բարոյական առաքինությունների սկզբունքները: Եվ եթե մանուկն ուշիմ, ժրաջան ու եռանդուն է, ուսուցիչը նրան քերականության դասեր կտա, որպեսզի օրըստօրե հասկանա բառերի նշանակությունը, խելամուտ լինի ընթերցանության նյութերի իմաստներին և կարողանա ըստ մեր հայոց լեզվի կանոնների ու սովորության խոսք շարադրել: Եվ թող կրթությունը շարունակի, մինչև հասնի տասներեք կամ տասնչորս տարեկան հասակը:
    Այս ամբողջ ժամանակ երեխային հարկավոր են ծնողների ու դաստիարակների սաստն ու խրատը, որպեսզի դեռ թարմ ու մատաղ հասակից սովորի չարից հեռու մնալ և բարուն հետևել:
    Այս ամենից հետո երեխան պարտուպատշաճ խնամքի կարիք ունի: Եթե իրենք իսկ ծնողները փափագում են իրենց որդուն արժանի դարձնել սրբազան կարգի ու աստիճանի, և երեխան հոժար է, թող թողնեն նրան ուսումը շարունակել՝ արտաքին ու հոգևոր գիտություններ սովորելու և առաքինության մարզերում կրթվելու այնքան ժամանակ, որքան նրան պետք է: Իսկ եթե ծնողները կամենում են իրենց որդուն աշխարհի կարգի մեջ մտցնել, թող նրան անհրաժեշտ արհեստների ուսման տան, որով կարողանա ապրուստի միջոցները հոգալ:
    Բայց զավակների այս բարեկարգ դաստիարակությունն այժմ ծնողների մեջ չի տեսնվում, ուստի հազվադեպ է երևում նաև զավակների որդիապարտ հնազանդությունն իրենց ծնողների հանդեպ: Քանզի ծնողները մանկան կաթնաբույծ հասակից սկսած մինչև պատանեկան տարիքը նրան գգվում ու փայփայում են, լավ զգեստներով պճնում, նրա երեսին ծիծաղում, խաղահրապարակներում ու զբոսավայրերում շրջեցնում, անհապաղ կատարում նրանց ամեն կամք ու քմահաճույք, և թեպետ երեխա ժամանակ դպրոց ուղարկում են, բայց հասարակ ընթերցանություն ու գրել սովորելուց հետո նրան վաճառանոց են մտցնում:
    Իսկ եթե նույնիսկ մանուկն ուշիմ ու եռանդուն է և կամենում է քերականություն ու կարևոր գիտություններ սովորել, իսկույն սաստում են նրան՝ ասելով. «Մենք քեզ քահանա կամ վարդապետ չենք դարձնելու», և չգիտեն, որ պարտավոր են նրան բանական մարդ դարձնել և ոչ թե մարդու կերպարանքով մեկը թողնել:
    Ուրեմն թող ծնողները լսեն, թե կարևոր է, որ բոլոր երեխաները, ըստ յուրաքանչյուրի կարողության, քերականություն սովորեն, որպեսզի գոնե աստվածաշունչ Հին և Նոր Կտակարանների խոսքերի բացահայտ իմաստները հասկանան, խելամուտ լինեն Աստծու օրենքին, որ պատվիրում է ամբողջ սրտով սիրել Աստծուն և հանուն Աստծու՝ ընկերոջը, ծնողներին հնազանդվել և իրենց ձեռքի աշխատանքով նրանց պատվել:
    Վերջապես պիտի ասեմ, որ եթե ծնողներն իրենց զավակներին լավ մեծացնեն ու կրթեն, որդիներն էլ լավ ժառանգ ու իրենց ծնողների փառքը կլինեն: Բայց քանի որ ուսումնատյաց բարքը ծնողների մեջ արմատացել է, այդ պատճառով էլ մեր օրերում շատացել է նաև զավակների՝ իրենց ծնողների հանդեպ անհնազանդությունը:
    ԻԳ. Քաղաքը կործանված է կամ մոտ է կործանման, եթե ծնողներն անփույթ են իրենց զավակներին գիտության, առաքինության ու աշխատանքի մեջ կրթելու գործում, որովհետև տգիտությունը, մոլությունն ու անգործությունը վնասի ու թշվառության աղբյուր են:
    ԻԴ. Մեծ ամոթ է ծնողներին իրենց զավակներին անխրատ թողնելը, մինչև որ վերջիններս ուրիշների խրատի կարիքն են ունենում ուղղության գալու համար: Ծնողների փոքր-ինչ անհոգությունը թողնում է, որ նրանց զավակների մեջ աճեն մեծամեծ մոլություններ, որոնք հետո շատ աշխատանքով հազիվ են ուղղվում կամ իսպառ անուղղելի մնում: Քանզի նավապետի անհոգությունից էլ ջրերը, անցքերի միջով տակավ-տակավ մտնելով նավի մեջ, նավագոգում լճանում են և դուրս թափվելու համար մեծ ջանքեր պահանջում, երբեմն էլ նավը խորտակում:
    Ուստի ծնողները պիտի զգույշ լինեն և թույլ չտան, որ իրենց զավակների վարքի մեջ մոլություններ մուտք գործեն, որովհետև այնուհետև դրանցից ազատվելը դժվարին է:
    ԻԵ. Անխրատ զավակը սովոր է ստախոս լինել, որովհետև երբ գաղտնի կատարած սխալ արարքների մասին հարցվում է ծնողներից, սուտ պատասխան է տալիս, որպեսզի չհանդիմանվի: Այսպիսի մանկանը ծնողները կրկնակի պատիժներով պիտի խրատեն, մեկը՝ արարքների, և մյուսը՝ ստախոսության համար, որպեսզի սովորի այնուհետև սխալ արարքներից ու սուտ խոսելուց հեռու մնալ:
    ԻԶ. Բարի հայրը, եթե ունի բարի զավակ, երկուսն էլ երանելի են: Որովհետև հոր բարի համբավը մեծացնում է զավակի փառքը, և զավակի բարի համբավը՝ աճեցնում հոր հանդեպ մեծարանքը: Ուրեմն թող ծնողները ջանան իրենց զավակներին բարու մեջ կրթել, որովհետև եթե անհոգությամբ նրանց թողնեն չարիք սովորել, նրանց վատանունությամբ կաղավաղվի իրենց բարության համբավը, նաև արժանի կդառնան դատաստանի:
    ԻԷ. Ողորմելի է այն մանուկը, ում ծնողները չարաբարո են, որոնցից և ինքն է սովորում չար լինել: Եվ երանելի է նա, ում ծնողները բարեբարո են, որոնցից և ինքն է դաստիարակվում լավը լինելու: Իսկ եթե հայրը բարի է, և մայրը՝ չար, շատ անգամ մանուկն էլ է չար լինում, որովհետև մանուկներն իրենց մատաղ տարիքում առավել սովորում են մայրերից, քան հայրերից: Ուստի եթե ծնողները կամենում են, որ իրենց զավակները բարի լինեն, նախ թող իրենք բարի լինեն:
    ԻԸ. Բարի հոր բարի զավակն ավելացնում է հոր պատիվը, որովհետև հորից սովորեց բարի լինել: Չարաբարո հոր բարի զավակ լինելը զավակի պատիվն է ավելացնում, որովհետև ինքնուրույն սովորեց բարի լինել:
    ԻԹ. Ծնողներն իրավունք չունեն բնությունից գանգատվելու, որ իրենց չարաբարո զավակ ունենալ տվեց. քանզի զավակներին ոչ թե բնությամբ չար ծնեցին, այլ իրենց անհոգությամբ նրանց չար դարձրին: Քանզի հողն էլ, եթե անդարման է մնում, մոլախոտ ու փշեր է բուսցնում:
    Լ. Ծնողները պարտավոր են իրենց զավակներին լավ կրթությամբ զարգացնել, որպեսզի մանուկներն օգտակար արհեստներով ու գիտություններով զբաղվեն, օրենքի պահպանությանն ուշադիր և Աստծու ու մարդկանց հանդեպ հավատարիմ լինեն:
    ԼԱ. Ոչ այնքան ցավալի է ունեցվածքի ու հարստության կորուստը, որքան ամոթխածության ու բարի անվան, որովհետև ունեցվածքն ու հարստությունը վերստին ձեռք բերել հնարավոր է, բայց ամոթխածությունն ու բարի անունը՝ ո՛չ բնավ, որովհետև բրուտի մի անգամ փշրված անոթի նման երբեք չեն վերականգնվում:
    Ուրեմն՝ ծնողները թող զգույշ լինեն իրենց զավակներին պարկեշտության մեջ պահելու համար: Թող զավակներն էլ զգույշ լինեն անկորուստ պահելու համեստությունն ու բարի անունը: Որովհետև երիտասարդական բորբոքն անցավոր է, հաճույքը՝ վայրկենական, բայց այս կյանքում ամոթահարությունն ու ցավն են մշտնջենավոր, իսկ հանդերձյալում հավիտենական է պատիժը:
    ԼԲ. Ի՞նչն է սրանից ավելի աղետալի. մինչ հայրը մեծ տառապանքով փող ու հարստություն է հավաքում, որպեսզի զավակը երջանիկ ապրի, զավակը վատնում է դրանք, որպեսզի թշվառ ապրի: Եվ ի՞նչն է այս թշվառությունների պատճառը, եթե ոչ ծնողական անկարգ խնամքը. որովհետև հայրը ջանում է իր զավակին հարստացնել բազում գանձերով, բայց ոչ՝ մի փոքր գիտությամբ. կամենում է ժառանգորդ դարձնել ստացվածքների, բայց ոչ՝ առաքինությունների:
    ԼԳ. Եթե իշխանները կամենում են, որ իրենց զավակներն իշխան դառնան, թող նրանց մեծացնեն ոչ թե իբրև որդիների, այլ իբրև ծառաների: Որովհետև ով իր հոր ծառան չի եղել, չի կարող ուրիշների իշխան լինել:
    Նա՛ գիտի հրամանատար լինել, ով հրամանակատար է եղել:
    ԼԴ. Աշխարհից ուրախությամբ է հեռանում նա, ով աշխարհում բարի զավակ է թողնում, և աշխարհին տրտմությամբ է հրաժեշտ տալիս նա, ով իրենից հետո չար զավակ է թողնում:
    Ուստի ծնողը ճիշտ է վարվում, եթե մեռնելիս փոքր զավակին հանձնում է բարեկամին՝ խնամելու ու խրատելու համար: Քանզի եթե մանուկը խնամածու չունի, չարերին ընկերակցելով՝ ինքն էլ է չար ու անզգամ դառնում և այնուհետև բարիների խրատներից ոչ մի օգուտ չի ունենում: Որովհետև ըստ ժողովրդական առածի՝ «Խափշիկն օճառ չի ուզում, անմիտն օգտակար խրատ չի առնում»:
    ԼԵ. Ով իր զավակին սիրում է, զգույշ է լինում նրա պահպանության համար, այլապես զավակին չի սիրում: Քանզի զգուշավոր պահպանությունն առաջ է գալիս կորցնելու երկյուղից, իսկ կորցնելու երկյուղը ծնվում է սիրուց, ուստի ուր չկա սիրո գործ, այնտեղ չկա սեր:
    ԼԶ. Մայրերը թող զգույշ լինեն իրենց դուստրերի հանդեպ, որպեսզի նրանց համեստությունը որևէ բանով չարատավորվի: Որովհետև համեստությունը նման է դյուրաբեկ ապակու, որը թեթև բախումից փշրվում է, կորցնում իր հարգը, և այն վերականգնել հնարավոր չէ:
    ԼԷ. Այն մայրը, որ դստերը պահում է տանն ինչպես բանտում և թույլ չի տալիս զրուցել ուրիշների հետ, դրանով ոչ թե ցույց է տալիս, թե իր դուստրը չար ու անպատկառ է, այլ զգուշանում է, որ այդպիսին չդառնա: Որովհետև ամոթխած ու բարի օրիորդը որքան խնամքով ու զգուշությամբ պահվի, այնքան ավելի պարկեշտ ու լավը կլինի:
    ԼԸ. Եթե մանկամարդը համեստ ու անխոս նստի տանը, բոլոր ուրիշները նրա բարեբարոյության մունետիկն ու քարոզողը կդառնան:
    ԼԹ. Իր զավակին թշնամու պես է սիրում այն մայրը, որ դստերն ազգականների կամ դրացիների հետ ուղարկում է ինչ-որ բան տեսնելու կամ զբոսնելու և թողնում է, որ նա մի քանի օր նրանց տանը մնա՝ ասելով. «Երկար ժամանակ է, ինչ զավակս տանն արգելված է, և սիրտը ծանրացել է. թող փոքր-ինչ դուրս գա, սիրտը բացվի, հովանա: Տեղն օտար չէ, մեզ ազգական ու մերձավոր են»:
    Բայց ավա՜ղ նրա մտքի կուրությանն ու անզգայությանը: Հույս ունի և սպասում է, որ բացվի դստեր սիրտը, բայց շուտով նրա աչքերն են բացվում, և իրեն համեստությունից մերկացած է տեսնում:
    Տանից դուրս գալով՝ ամոթխածությունը կորցնում է և տուն մտնելով՝ այլևս չի կարողանում գտնել: Զբոսանքի մի քանի օրվա զվարճությունն անփարատելի տրտմության է փոխվում, և ցնծալից բերկրանքը՝ սուգ ու կոծի:
    Ուրեմն՝ որդեսեր մայրերը միշտ պիտի հսկեն դուստրերին՝ պահպանելու համար, և չթողնեն հեռանալ իրենց քղանցքից: Որովհետև նրանք նման են հավի ձվերի, որոնց թխսամայրերը պարտավոր են թևերի տակ պահել մինչև նրանց՝ ձվերից դուրս գալը և այնուհետև իրենց հետ շրջեցնել մինչև նրանց մեծանալը:
    Իսկ եթե ձվերը թևերի տակ չպահեն, ներսից կփտեն, և եթե ձագերին թույլ տան իրենցից հեռանալ, անգղներից կհափշտակվեն: Այս օրինակով էլ մայրերը պարտավոր են միշտ հոգ տանել դուստրերի մասին, իսկ եթե նրանց հանդեպ անփույթ լինեն, նրանց չարության պատճառն իրենք կլինեն և պատժապարտության արժանի կդառնան:
    Խ. Եթե մայրը բացահայտ ցույց է տալիս բնական սերը, որով սիրում է իր դստերը, վերջինիս գաղտնի թշնամի է դառնում: Որովհետև դուստրը, անչափահաս ժամանակ մորից համարձակություն ստանալով, որքան տարիքով մեծանում է, այնքան ավելի է համարձակություն ձեռք բերում՝ մինչև ծնողի խոսքերին չհնազանդվելն ու նրա խրատին չանսալը: Եվ որովհետև մատաղ տարիքից սովորել է, որ իր բոլոր քմահաճությունները պիտի կատարվեն, մեծանալով մորից նույնն է պահանջում, և երբ վերջինս զլանում է կատարել, խոժոռվում ու տրտմում է, երբեմն էլ վիճում ու հակառակում:
    Եվ այս ամենի գլխավոր պատճառը ծնողի թուլությունն է, որ սկզբում դստերը համարձակություն տվեց քմահաճությունները կատարելու: Եվ երբ ծնողը դժվարանում է դստերը զսպել, մաշվում և իրեն ու դստերն ավաղում է: Արդարև, մեծ ջանք է հարկավոր այդպիսինին զսպելու և նրա բարի անունը չարատավորելու համար: Ուստի ծնողը պետք է սկզբում իր սերը ծածուկ պահի և հայտնի դարձնի դստեր մեծանալու ժամանակ, ինչի շնորհիվ երկուսն էլ բարեվիճակ կլինեն:
    ԽԱ. Այն օրիորդների բարի համբավը, որոնց ձայնն ուրիշները չեն լսում, ամենքին հայտնի է դառնում: Այն կույսը, որ մեկի հետ բարձրաձայն է խոսում, ինքն իր ձեռքով իր բարի անունն արատավորում է: Որովհետև եթե օրիորդը վաղ տարիքից սովորում է բարձրաձայն խոսել ծնողների, եղբայրների ու ազգականների հետ, ինչպե՞ս է հնարավոր, որ մեծանալիս իր ձայնը զսպի և զգույշ լինի, որ օտարներից ոչ ոք չլսի: Այն մանկամարդը, որ սովոր է բարձրաբարբառ խոսել, ամենայն հավանականությամբ հանդուգն ու անպատկառ է:
    ԽԲ. Լավ կլիներ, եթե այն տունը, ուր աղջիկներ են բնակվում, պատուհան կամ դուռ չունենար՝ փողոցները նայելու: Որովհետև երբ աղջիկները կանգնում և ուղիղ նայում են անցորդների կերպարանքին, նրանց մաքուր միտքն ամբոխվում է, նման կրակի կայծի՝ բամբակի խրձի մեջ ընկնելուն, և ժամ առ ժամ բորբոքվելով՝ կիզում ու այրում է նրանց ողջամտությունն ու համեստությունը: Ուստի այն երիտասարդուհին կամ կույսը, որի աչքը պատուհանին է, կամ անամոթ է, կամ սկսել է անամոթանալ: Որովհետև ամեն հրդեհ էլ մի դույզն կայծից է բորբոքվում, և ամեն մեծ վնաս փոքր վնասից է առաջ գալիս:
    ԽԳ. Մայրերը թող հանգիստ թույլ չտան իրենց դուստրերին կենցաղավարել երիտասարդի հետ, եթե նույնիսկ վերջինս մերձավոր կամ ազգական է: Որովհետև մոլեկան ցանկությունը խռովում է միտքը, մինչև մարդ իրեն մոռանում է և անբան կենդանու պես վարվում:
    ԽԴ. Թող դուստրերը չտրտմեն, երբ իրենց մայրերի կողմից զգուշությամբ պահպանվում են. որովհետև նրանց անկատար հասակը, չհասկանալով պահպանության տված օգուտը, գուցե տրտմեցնում է նրանց, բայց հետո, երբ դուստրերի մայր դառնան, կհասկանան:
    ԽԵ. Եթե հողն ուխտի արգելել ջրերի գոլորշիները, և օդը՝ սաստիկ քամին, ծովը միշտ խաղաղ ու անխռով կմնա: Եթե օրիորդն իր աչքերը պահպանի արատավոր բաների նայելուց և ականջները՝ անպատեհ բաներ լսելուց, հանդարտ ու համեստ կմնա: Իսկ քանի դեռ աչքերը պատուհանին են, և ականջը՝ ուրիշների բերանին, անհնար է, որ տանը համեստ ու ամոթխած մնա:
    Ով կույս ժամանակ մնում է տանը որպես բանտում, ամուսնանալիս բարի բախտ կգտնի: Շատաշրջիկ կույսը դևերի խաղալիք է:
    ԽԶ. Կանայք ճիշտ են վարվում, որ իրենց ականակուռ ու ոսկեղեն զարդերի տուփը մեծ աչալրջությամբ են պահում, և եթե պատահում է, որ գնան իրենց ազգականների տուն, իրենց հետ վերցնելով տանում են ու փականքով ամրացնում, որպեսզի գողերի կողմից չկողոպտվի: Բայց ճիշտ չեն վարվում, որ այնքան ուշադիր չեն լինում իրենց դուստրերի հանդեպ, որքան իրենց զարդերի, և այն բանից հետո, երբ դուստրերը համեստությունը կորցնում են, մայրերը զուր ու ապարդյուն հառաչում են ու կոծում:
    Եվ որովհետև բնության օրենքով առավել պիտի սիրեն իրենց զավակներին, քան բոլոր մեծագին զարդերը, ուրեմն թող առավել աչալրջությամբ պահեն նրանց, որպեսզի կորստյան վտանգը նրանց համեստությանը չհասնի, և դրա հետ մեկտեղ գա ունեցվածքի, զավակի և բարի անվան կորուստը:
    ԽԷ. Քանի դեռ դուստրը փոքր է, մայրն աշխատում է նրան կերակրել ու խնամել, իսկ երբ չափահաս է դառնում, մայրը հանգըստանում է, և դուստրը՝ աշխատում: Բայց մարմնի այս հանգիստն ավելացնում է ծնողի մտքի աշխատանքը. պարտավոր է շըրջահայաց ու զգույշ լինել դստեր պահպանությանը, որովհետև ինչպես ժողովրդական առածն է ասում, որքան զավակը մեծանում է, այնքան մեծանում են և ծնողի ցավերը:
    ԽԸ. Ով իր աղջկան որպես փեսացու է ընտրում ազնվական, բայց մոլեկան տղամարդու, իր պատիվն ու հանգիստը կորցնում է:
    ԽԹ. Պետք է նայել ոչ թե փեսացուի հարստությանը, այլ նրա խոհեմությանը: Որովհետև ով հարուստ, բայց մոլի փեսա է ընտրում, իր դստերը մշտնջենավոր գերի է դարձնում:
    Ծ. Ծնողներն իրենց պարտավորությունը չեն կատարում, եթե մեծ անվան ու համբավի պատճառով չեն հոժարում իրենց դուստրերին տալ համեստ արհեստավորների, եթե վերջիններս մեծ հարըստություն չունեն: Եվ երբ նրանց դուստրերն անտեսվում են հարուստներից՝ վերջիններիս հարս դառնալու, տարիքն առնելով՝ իրենց կյանքի բոլոր օրերում, իբրև այրի, տանն են մնում:
    Իսկ այս չարիքի պատճառն այն ծնողների սնափառությունն է, որոնք հարստություն են փնտրում և ոչ թե համեստություն:
    ԾԱ. Ծնողների համար հույժ դժվար է և մեծ զգուշության կարիք ունի փեսայի ընտրությունը, որովհետև իրենց դստեր երջանկությունը կամ թշվառությունն ամբողջապես սրանից է կախված:
    Ուստի թող որևէ երիտասարդի փեսա ընտրեն ոչ թե նրա համար, որ ազնիվ տոհմից է, այլ որ կարող է ազնիվ տոհմի սկիզբ դառնալ: Որովհետև կան շատեր, որ իրենց տոհմի ազնվությունն իրենցով սպառում են, կան էլ այնպիսիք, որ իրենցից են սկզբնավորում:
    ԾԲ. Ոչ թե բարիքներով լեցուն խնջույքն է հարսանիքը վայելուչ դարձնում, այլ փեսայի ու հարսի համապատասխանությունը: Տրտմության տուն է այն հարսնարանը, որի փեսան ու հարսը միմյանց չեն համապատասխանում:

    «Պատվիրեցե՛ք ձեր որդիներին, որպեսզի պահեն ու կատարեն օրենքի բոլոր խոսքերը» (Բ Օրենք ԺԲ 46):

    «Ով չի գործադրում խրատի գավազանը, նա ատում է որդուն, իսկ ով սիրում է իր որդուն, նրան խրատում է հոգածությամբ» (Առակ. ԺԳ 24):

    «Եթե դուստրեր ունենաս, զգույշ եղիր, քո դեմքի լրջությունն անպակաս արա նրանցից.
ամուսնացրու նրանց իմաստուն մարդկանց հետ և մեծ գործ արած կլինես» (Սիրաք Է 26-27):

    «Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և ծանոթների մեջ նրանով կպարծենա» (Սիրաք Լ 2):

    «Ով ուսուցանում է իր որդուն, թշնամու նախանձը կշահի և բարեկամների առջև նրանով կպարծենա: Երբ նրա հայրը վախճանվի, կարծես թե չի մեռել, որովհետև իրենից հետո թողնում է իր նմանին» (Սիրաք Լ 5):

    «Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ մեծացրե՛ք նրանց Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. Զ 4):

    «Որդինե՛ր, ամեն ինչում հնազանդ եղե՛ք ձեր ծնողներին, որովհետև հաճելին այդ է Տիրոջ առաջ» (Կող. Գ 20):

    «Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, որդիներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին առիթ չտան նախատինքի» (Ա Տիմ. Ե 14):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz