Հետաքրքիր բլոգ - Ճշմարտություն
Понедельник, 05.12.2016, 15:29
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Ճշմարտություն


    Ա. Ոչինչ ավելի արժանի չէ պատվի, քան ճշմարտությունը, բայց ոչինչ ավելի անարգված չէ, քան նա: Մարդիկ միմյանց հետ խոսելիս նրա փառքը մեծացնում են և իբրև ճշմարտության ջատագով ցույց տալիս իրենց, բայց իրենց գործերում շարունակ արհամարհում են նրան և պատվում ստությունը:
    Սակայն ճշմարտությունը, իր մարդասիրությունը գործադրելով, երկայնմտությամբ դիմանում է իր անարգանքներին և լիովին չի հեռանում աշխարհից՝ սպասելով նրա դարձին: Կամենում է, որ ինչպես որ խոսելիս են ամենքը ճշմարտությանը մոտ, նրան միանան նաև գործելիս: Ուստի ամեն ոք, որ բարիք է գործում, ճշմարտությանն է միանում, որովհետև ամեն բարի բան ճշմարիտ է, և ամեն ճշմարիտ բան՝ բարի: Իսկ ով չարիք է գործում, ճշմարտությունից հեռանում է, որովհետև այն բանն է չար, որ ճշմարտություն չունի:
    Տեսա՞ր ճշմարտության ներողամտությունը. իրեն անարգողներից իսկույն վրեժխնդիր չի լինում ու իրավունք պահանջում, այլ ամենքին ընդհուպ մոտենում ու հաճախ օգնում է, որ շահի նրանց, թեպետ ամենքը չէ, որ նրան մոտ են գտնվում ու ընդունում նրա օգնությունը:
    Բ. Թող ոչ ոք չհուսա ստախոսից բարի բան ընդունել, քանզի ստախոսը որևէ բարի բան չունի. ով ճշմարտությունը կորցնում է, կորցնում է բոլոր բարիքները, որովհետև ճշմարտությունն է ամեն բարիք:
    Ստախոսը միայն ա՛յս է շահում. թեև ճիշտ էլ ասի, ոչ ոք նրան չի հավատա:
    Վայել չէ դասվել այն մարդկանց թվում, որոնք սովոր են սուտ խոսել:
    Գ. Չկա ավելի գովելի բան, քան ճշմարտությունը, բայց, ավա՜ղ, այժմ նրանից ատելի ոչինչ չկա: Կան շատեր, որ խոսքով պարծենում են, թե ճշմարտասեր են, բայց սրտով ատում են ճշմարտությունը: Եվ ճշմարտությունը, ճանաչելով մարդու գաղտնիքները, աշխարհում ծպտված է շրջում, որպեսզի իսպառ չհալածվի: Բայց նրանք, որ սրտով արդար են, նրան ճանաչում ու պատվասիրում են:
    Դ. Ճշմարտությունը, հալածվելով մարդկանցից, որոնց սիրտն ու բերանը տարբերվում են, բնակվում է անմեղ անասունների մեջ, որոնց սիրտն ու բերանը նույնն են:
    Ե. Ուր լույս կա ծագած, այնտեղ խավար չի բնակվում. ուր ճշմարտությունն է թագավորում, այնտեղ դևեր չեն գտնվում:
    Նա, ում խոսքերում ճշմարտություն կա, և գործերում՝ արդարություն, դեպի երկինք սլանալու համար կրկնակի թևեր ունի:
    Զ. Ուր ճշմարտություն չկա, այնտեղ չկա և բարություն. որովհետև սրանք երկուսն անբաժան ընկերներ են՝ էությամբ միմյանց հետ նույնն են և միայն կերպարանքով են տարբերվում: Ուրեմն պարզ է, որ չարերի մեջ չկա ճշմարտություն, որովհետև բարի չեն. իսկ ովքեր ճշմարտություն չունեն, նրանց միտքը խավարած է, որովհետև ճշմարտությունն է մտքի լույսը: Ուստի և չարերը մոլորության բոլոր խորքերն ընկել ու այդ չեն հասկանում:
    Ուրեմն՝ եթե մեկը կամենում է չար մարդուն բարի դարձնել, նախ պիտի ճշմարտությամբ լուսավորի նրա միտքը, որպեսզի միտքն ի՛նքը հափշտակվի դեպի բարու հանդեպ սերը, ապա թե ոչ՝ խրատիչն իզուր է տքնում, ասես խուլ ականջների է ջանում հայտնի դարձնել երգերի ներդաշնակությունը:
    Է. Եթե մարդու լեզուն իր պարտավորությունն ու չափը ճանաչեր, գուցե չարգելափակվեր բերանի ներսում՝ ատամների պարիսպների ու շուրթերի դռների ետևում՝ իբրև բանտախցում: Նրա պարտավորությունը ճշմարիտը խոսելն է, որովհետև լեզուն խորհուրդների ու մտքերի թարգմանն է, և նրա չափը՝ պատշաճը խոսելը: Բայց իր պարտավորությունը չի ճանաչում, եթե խոսքերում հավատարմություն չի պահում, ասում է իր ըմբռնմանն ու դատողությանը դեմ որևէ բան, և իր չափը չի ճանաչում, եթե պատշաճից ավելի է խոսում: Ուստի իր պարտավորությունն ու չափը չճանաչող լեզուն իրավամբ է պատժվում:
    Եվ բնավ զարմանալի չէ, եթե զառամյալ ծերերի ու պառավների լեզուները պատշաճից ավելին են խոսում: Որովհետև նրանց ատամների պարիսպը խրամատված է, և շուրթերի դռները՝ թուլացած:
    Ը. Ով շահախնդիր չէ, սովոր է ճշմարտախոս լինել, քանզի շահասերներն են, որ ճշմարիտը չեն ասում և կամ ստում են: Ցորենի հետ որոմ է խառնում, ով ճշմարիտին որևէ սուտ է խառնում:
    Թ. Վտանգից ազատվելու համար երբեք վայել չէ ստել. եթե մարդկային հնարը չի կարողանում փրկել, պետք է աղոթքով Աստծուն ապավինել, ելքը նրանից խնդրել և երբեք չվհատվել ու չստել. որովհետև Աստված ամբողջապես ճշմարտություն է և միշտ ճշմարտություն է կամենում: Ուստի ով որևէ ստով աղավաղում է ճշմարտությունը, մեղանչում է ընդդեմ Աստծու և ընդդեմ իր խղճի: Աստված լավ գիտի փրկել, եթե օգուտ է, հակառակ դեպքում՝ ավելի լավ է ճշմարտությունը պահելով մեռնել, քան ստության հանցանքով ապրել: Սակայն երբեմն Աստված թույլ է տալիս չարերին սուտ խոսել՝ փրկելու համար բարիներին, որոնք նախընտրում են կյանքից զրկվել, քան ստել:
    Ժ. Կա երեք ճշմարտություն՝ սրտի, բերանի և գործի: Բայց շատ անգամ մարդկանց աչքին ոչ մի զորություն չունի սրտի ու բերանի ճշմարտությունը, եթե չհետևի գործի ճշմարտությունը, որովհետև առաջին երկուսը կարող են ստել կամ չգործադրվել: Արդ, միայն Աստծուն է հատուկ ճանաչել սրտի ճշմարտությունը. միմյանց հավատարիմ մարդիկ ճանաչում են բերանի ճշմարտությունը, իսկ հասարակությունը ճանաչում է գործի ճշմարտությունը:
    Ուստի խոհեմ չէ նա, ով մարդկանցից պահանջում է այն, ինչ հատուկ է Աստծուն, այսինքն՝ երբ մարդկանցից պահանջում է ճանաչել իր սրտի հոժարությունն ու բաղձանքը, թե ստուգապե՛ս է կամենում այսինչ բանը. այսպիսին պիտի իր հոժարությունը նաև խոսքով հայտնի: Խոհեմ չէ նա, ով ամենքից պահանջում է այն, ինչ հատուկ է հավատարիմ անձանց, այսինքն՝ հասարակությունից պահանջում է հավատալ իր բերանի խոսքերին. հարկ է, որ այսպիսին իր խոսքերը նաև գործերով ցույց տա:
    Սուտն էլ է երեք՝ սրտի, բերանի և գործի: Մարդ կա, որ մի բան մտածում է և այլ բան խոսում, մարդ էլ կա, որ մի բան խոսում է և այլ բան կատարում, և ուր այս երեքից մեկը համաձայն չէ մյուսներին, այնտեղ սուտ կա: Բայց խոհեմ կառավարողին երբեմն պատշաճում է ճշմարտությունը քողարկել, այսինքն՝ սրտում խորհել մի բան և խոսել կամ գործել մի ուրիշը, բայց սա ճշմարտությունն աղավաղել չէ, այլ միայն նրանից խույս տալ ու այն ծածկել: Այսպես է պահանջում հասարակության օգուտը. քանզի երբեմն բարին հաղթում է ճշմարիտին:
    ԺԱ. Ով շահասիրության պատճառով մի անգամ իր երդումը կամ դաշինքը դրժում է, իրեն վնասում է, որովհետև ուրիշ անգամ նրան ոչ ոք չի հավատա, թեև երդվի պահել իր խոստումը: Վնասում է նաև հասարակությանը, որովհետև աշխարհից վերցնում է երդմամբ հաստատված հավատարմության հարգը:
    ԺԲ. Ավելի լավ է պատերազմում քաջությամբ մեռնել՝ հավատարմության դաշինքը հաստատուն պահելու համար, քան թշնամուն հաղթել ուխտադրուժ երդմնազանցությամբ:
    ԺԳ. Վայել չէ վնաս հասցնել նրան, ում թշնամի ես համարում երկբայական կասկածով, որովհետև ավելի լավ է, որ նա չարագործ լինի, քան թե դու:
    Նախկին դարերում շատ բաներ գործվեցին, բայց մարդիկ այժմ կա՛մ չեն հավատում դրանց, կա՛մ դժվարությամբ են հավատում: Եվ ներկա ժամանակներում էլ ստույգ գործվում են շատ բաներ, որոնց հետագայում ծնվողները կա՛մ չեն հավատա, կա՛մ դժվարությամբ կհավատան: Ուստի մենք պիտի զգուշանանք տեղի ունեցող դեպքերի մասին ստելուց, որպեսզի հետագայում ծնվողներն անստույգ չհամարեն մեր ժամանակներում ճշմարտապես գործված իրողությունները: Ով երբեք չի հավատում որևէ մեկի, ոչ ոք չի կարող հավատալ նրան:
    ԺԴ. Ո՛չ ամեն հակառակություն է իրավացի. որովհետև կան ոմանք, որ մեկին ինչ-որ հարց տալով՝ ճշմարիտ պատասխան են լսում, բայց ուղիղ միտք չունենալով՝ խոսքը թյուրում են և հանիրավի հակառակում:
    Շատերն էլ, որևէ ճշմարիտ բան լսելով, չեն կամենում հավատալ, մինչև չփորձեն, և երբ փորձում են, վկայում են, թե իրենց լսածը ճշմարիտ էր, բայց վնասներ կրելով են դրան հասնում:
    ԺԵ. Ինչ որ ասում է մեկը, պիտի ճշմարիտ լինի. բայց ամեն ճշմարիտ բան չէ, որ պետք է ասել:
    ԺԶ. Բնական է մարդուն ճշմարիտը փնտրելը և բարին ցանկանալը. որովհետև ճշմարիտը մտքի՛ կարողության առարկան է, և բարին՝ կամքի, և ամեն կարողության հատուկ է բնականաբար դիմել դեպի իր առարկան: Բայց շատերը, ճշմարիտի ու բարու կատարյալ ճանաչումը չունենալով, վարանած դեգերում են դրանք փնտրելու և երբ չեն կարողանում ձեռք բերել, անհասանելի են համարում: Բայց եթե ուշիուշով նայեն, կարող են դրանք ճանաչել ու ձեռք բերել, որովհետև անհասանելի չեն մարդկանց:
    Արդարև, ճշմարտությունն առարկայի համակերպությունն է իմացության հետ, իսկ բարին այն բանն է, որ համաձայն է ուղիղ բանականությանը: Ուստի եթե մեկը մտքով հետազոտում է՝ առարկան ըմբռնելու այնպես, ինչպես այն կա, ճշմարտությանը հասու եղավ. և ով բանականության լույսով առաջնորդվում է դեպի գործերի ընտրությունը, բարին գտնում է, իսկ եթե այլ կերպ է վարվում, ճշմարտությունից ու բարուց վրիպում է և մոլորության ու չարիքների մեջ է ընկնում: Ուրեմն՝ պետք է խիստ ուշադիր լինել առարկայի բնությունը հետազոտելիս՝ ճշմարիտը ճանաչելու համար, և խոհեմ մտքով վարվել մի գործողություն մյուսից տարբերակելիս՝ բարին գտնելու համար. ա՛յս է մարդու կատարելությունը:
    Ուստի իմաստունները, որ ճշմարիտը ճանաչում են, և առաքինիները, որ բարին են գործում, զվարթամիտ և ուրախասիրտ են: Իսկ տգետները, որ սուտն են իբրև ճշմարիտ ընդունում, և մոլիները, որ իսկական բարու փոխարեն առերևույթ բարին են սիրում, մտքով ու կամքով միշտ տանջվում են և հանգիստ չունեն. որովհետև միայն ճշմարիտն է մտքի հանգստացուցիչը, ինչպես որ բարին՝ կամքի:
    ԺԷ. Բնական բաների ճշմարիտ լինելը փորձերով է հաստատված. որովհետև բնական կամ զգալի գոյացության շուրջ բոլոր տարակուսանքները կամ դժվարին խնդիրները ոչ թե խոսքով են լուծվում, այլ միայն փորձով: Որովհետև խոսքը որքան էլ զորավոր լինի, միայն հավանել է տալիս մտքին, բայց չի կարող նրան հանգստացնել կամ իբրև ապացուցված ճշմարտություն՝ բռնադատել հավատալու, որովհետև քաղցածը խոսքով չի հագենում, այլ ուտելու հաց է փնտրում:
    ԺԸ. Շարունակ նորանոր բաներ լսել ցանկացող մարդիկ հաճախակի խաբվում են, որովհետև հետամուտ չեն լինում առարկայի ճշմարտությունը քննելուն ու ճանաչելուն:
    ԺԹ. Ճշմարտությունն արտասվում է, երբ նենգավորներն ու ստախոսները նրան ատում են. և եթե որևէ տեղ հավատարիմներ ու ուղղախոսներ չգտնվեին՝ նրան մխիթարելու, այս աշխարհից իսպառ կչվեր ու կգնար, կբնակվեր երկնքում, ուր չկա նենգություն ու ստություն:

    «Ամբողջ երկիրը ապավինում է ճշմարտությանը, երկինքը օրհնում է ճշմարտությունը, ամեն ինչ սասանվում և դողում է նրա առաջ» (Ա Եզր. Դ 36):

    «Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև, ճշմարտության հավատարիմ բերանը հաճելի է Նրան» (Առակ. ԺԲ 22):
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz