Четверг, 28.03.2024, 22:59
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Սուտ

 
 Ա. Սուտը բոլոր չարիքների աղբյուր կոչելն անպատեհ չէ, որովհետև վերացնում է ճշմարտությունը, որ բոլոր բարիքների աղբյուրն է: Եվ թեպետ սուտն էություն չունի, որովհետև ճշմարտության բացակայություն է, բայց մարդուն, որ բնականապես էություն ունի, բարոյապես անէության է փոխարկում, քանզի ամեն ոք ստախոսին ոչինչ է համարում:
    Ով մտքում ունեցածից տարբեր բան է խոսում, խաբեբա, դավաճան ու կեղծավոր է, որովհետև սուտն իբրև ճշմարիտ է կեղծում, որպեսզի խաբի ու դավաճանի: Ուստի կորցնում է իր հարգն ու պատիվը և անարգ ու արհամարհելի դառնում բոլորի աչքին:
    Բ. Մարդկությանը դեմ է սուտ խոսելը, որովհետև սուտը հակառակվում է խոսողի մտքի ճանաչողությանը: Ով ճիշտը գիտի և ստով աղավաղում է, կեղծում է իր ըմբռնումը և իրեն խաբում, ուստի ինքն իր հետ մաքառում է և կռվում ընդդեմ ճշմարիտ մտքի: Եվ իրոք, չկա ավելի չար բան, քան սա, բայց և չկա մարդկանց մեջ ավելի տարածված բան, քան սա:
    Գ. Թեպետ ստախոսներն ամեն ինչում արժանի են անարգանքի, բայց երբ դատավորները, գիտունները, հարուստներն ու իշխաններն են ստում, նրանց անարգանքն այնքան է մեծանում, որ դառնում են մի այլանդակ ու զարհուրելի հրեշ և աշխարհի մեջ՝ վտանգի տագնապ, նման արեգակի խավարով պատվելուն:
    Քանզի երբ հասարակությունը տառապում է ստախոս խարդավանողներից, դիմում է դատավորներին, գիտուններին, իշխաններին ու հարուստներին՝ ճշմարիտ արդարությունը նրանց մեջ գտնելու. իսկ եթե նրանք ստի սպասավոր լինեն, զրկյալներն արդյոք ո՞ւմ պիտի բողոքեն՝ իրավունք ու դատաստան պահանջելու:
    Ուստի բարեմիտ իմաստունները խիստ իրավացիորեն ատելի համարեցին ստախոս մեծատունին: Որովհետև աղքատը գուցե ակամա, և տգետն անգիտությունից է մտածում ստել, իսկ հարուստն ու գիտունն ինչի՞ց են ստիպվում ձեռնարկելու մարդկային ցեղին անախորժ բաներին:
    Ուստի ամենքը պարտավոր են հեռու մնալ ստից, մանավանդ իշխանները, դատավորներն ու գիտունները, որպեսզի նրանց հարգն ու պատիվը նախատինքի ու խայտառակության չենթարկվի:
    Դ. Ով չի կամենում ստի մեջ ընկնել, թող սակավախոս լինի, որովհետև ճշմարտությունը մեկն է, իսկ սուտը՝ բազում: Ուստի շատախոս մարդը չի կարող ստից զերծ մնալ:
    Ե. Կա մարդ, որ իմաստություն ու պարծանք է համարում բազմության առաջ ստերով ճոռոմաբանելը, բայց չգիտի, որ դրանով առավել պարսավվում է, քան գովվում խոհեմագոյն ու իմաստուն անձանցից: Ուստի ավելի լավ է ճշմարտությունը ներկայացնել սակավ ու պարզ խոսքերով, քան ունայնաբանությամբ շատախոսել և ստախոս երևալով՝ պարսավվել:
    Զ. Պարզամիտներին առևտրի մեջ կեղծուպատիր ստով խաբելն առավել չար է, քան հայտնի ավազակությունը: Որովհետև ամեն ոք զգուշանում է ավազակներից, իսկ ստախոսը, չարությունը թաքցնելով ճշմարտության կերպարանքի տակ, անկասկածելի է երևում և ավազակից էլ ավելի է կողոպտում ու մերկացնում ձեռքն ընկած մարդուն:
    Մանավանդ քանի որ գողերի ու ավազակների պատիժն ամենքին հայտնի է, շատերը հետ կանգնեցին այսպիսի չարիք գործելուց, բայց քանի որ ստախոսը, պատիր խոսքերով իրեն արդարացնելով, շատ անգամ ժամանակին անպատիժ է մնում, ուստի և բազմաթիվ մարդիկ նույնը շատ են գործում և համարձակ հանդգնում ստել:
    Բայց ամեն ստախոս, ըստ աստվածային արդար իրավունքի, վերջում կրում է իր պատճառած վնասի պատիժը, թեպետ դա ամենքին բացահայտ չի երևում, ինչի պատճառով շատերը չեն զգում, թե պատժի պատճառը սուտն է:
    Ուրեմն՝ այդպիսիները թող լավ իմանան, որ չկա չարիք, որ իր հետ չունենա վրեժխնդրության ու պատժի կշիռը թե՛ մարդկանցից և թե՛ Աստծուց: Որովհետև պատիժը հանցանքի ծանրությունն է, և ինչպես որ չկա մարմին առանց ծանրության, այդպես էլ չկա որևէ չարիք, որ անպատիժ մնա:
    Է. Ծնողներն իրենց զավակներին, և ուսուցիչներն իրենց աշակերտներին պարտավոր են մանկությունից հաստատել ճշմարտության մեջ և նրանց ատելի ցույց տալ սուտը: Որովհետև ով մանկական մատաղ հասակում սովորում է ստել, անկասկած մեծ տարիքում ծայրագույն ստախոս ու ծայրագույն չար է դառնում: Որովհետև արմատացած սովորությունը դառնում է երկրորդ բնություն, և հասակի աճելու հետ աճում են նաև ունակությունները՝ թե՛ բարի և թե՛ չար: Ուրեմն՝ ինչով որ զարգանում է մատաղ մանուկը, նրանով էլ զբաղվում է մեծանալիս:
    Ը. Մարդ կա, որ ստում է ոչ թե որ ունեցվածք ձեռք բերի, այլ ունկնդիրներից պատիվ ու համբավ որսա: Սա լուսատու որդ է, որ գիշերն ուր որ սողում է, իր թողած հետքերն արծաթի հեղանյութի պես փայլեցնում է:
    Արդ, մարդկանցից ո՞վ է այնքան կարճամիտ, որ այդ փայլուն գիծը հեղուկ արծաթ կարծի: Ուրեմն դու, ո՛վ ստախոս ու սնապարծ, մի՛ կարծիր, թե մարդիկ քո սուտը չեն հասկանում, շատ լավ գիտեն տարբերել ուղղախոսին ստախոսից:
    Այս պատճառով էլ պատվի ու համբավի փոխարեն, որ կամենում էիր, ստանում ես անարգանք ու անպատվություն, որ չես կամենում, գուցե եթե ինչ-որ պատիվ ունես, դա ևս կորցնում ես:
    Ուրեմն՝ ով ճշմարիտ պատիվ ու բարի համբավ է ցանկանում, թող ամեն ինչում ուղղախոս լինի: Քանզի ճշմարտախոսների համար արդեն իսկ ճշմարտությունը փառք, պատիվ ու անկողոպտելի զարդ է:
    Թ. Սնապարծը միշտ և ամեն ինչում խաբվում է, բայց առավել այնժամ, երբ լսողները նրան հաճոյանալու համար լռում են ու չեն հակառակում նրա զրախոսություններին, երբ բազմության առաջ մեծ-մեծ բարբառում է իր մասին: Սակայն նրանց լռությունը ստախոսին է՛լ ավելի է առիթ տալիս անվեհեր արշավելու սուտ ու անսահման պարծենկոտության ասպարեզը, մինչև որ գլորվում է խայտառակության վիհը, որովհետև նրա շատախոսության մեջ հայտնի են դառնում նրա ստերը: Քանզի ով սկզբում խիստ խրոխտ է ճամարտակում, մեջտեղում թուլանում է և վերջում իսպառ նվաղում:
    Ուստի պետք է միշտ ճշմարտախոս լինել, առավել ևս բազմության առաջ, և խոսքն էլ պիտի լինի կարճ ու հակիրճ, որպեսզի լսողները չձանձրանան:
    Ժ. Սուտն առավել թագավորում է տգետների ու մոլիների մեջ: Տգետը ստում է, որպեսզի իր տգիտության տգեղությունը ծածկի և որպեսզի դրանով իմաստունի համբավ ձեռք բերի, իսկ սա նշանակում է հողը տիղմով գեղերեսել, և մոլին ստում ու ճոխաբանում է, որպեսզի բարի մեկը թվա: Բայց նրանք պետք է հասկանային իմաստուն այն առածը, թե՝ «Պերճախոսներն առաքինությունից զուրկ են»:
    Ահա սրանք և սրանց նմանները, կամենալով իրենց տգեղությունները ծածկել ստով, իրենց է՛լ ավելի գարշելի են դարձնում: Ուստի ամեն ինչում ամեն կերպ պետք է խուսափել ստից:
    ԺԱ. Ով խոսելիս մի անգամ ստում է, ստիպված է լինում միշտ ստելու, որով իսպառ օտարանում է ճշմարտությունից և դառնում ստի շտեմարան: Քանզի նախորդ սուտը ծածկելու համար ջանում է այլ սուտ հորինել, որպեսզի չխայտառակվի, երկրորդը քողարկելիս սուտը երրորդում է, դարձյալ աշխատում այլ ստերով քողարկել նաև դա և շարունակ մի ստից մյուսին է դիմում, մինչև կատարյալ ստախոս է դառնում: Ուրեմն՝ պետք է ջանալ հենց սկզբից երբեք չստել:
    ԺԲ. Ստախոսը հետին անարգության մեջ է ընկնում, երբ ստում է այն մասին, ինչի իսկությունն ունկնդիրն ուրիշ տեղից լսել է, սակայն բնավ չզգացնելով՝ սպասում է ուրիշ բաներ էլ լսելու նրանից, որպեսզի լավ հասու լինի նրա ստին: Ուստի պարզամիտ ձևանալով՝ սկսում է խոսակցության մի այլ առարկա առաջարկել, որպեսզի որսա նրա սրտի ամբողջ տարազը:
    Իսկ հիմարացած ստախոսը մտքում խնդում է, թե խաբեց, ուստի ջանում է ստի վրա սուտ ավելացնել՝ իր խոսքը հավաստի դարձնելու համար:
    Զարմանալի՜ են թշվառ ստախոսի խայտառակությունն ու նրբամիտ ունկնդրի քողարկված հնարները: Մեկն անգիտությամբ գողանալ տվեց գողունին և կարծում է, թե դեռ իր մոտ է, իսկ մյուսը նրա գաղտնիքը գողացավ, բայց հայտնի չէ, որ գող է:
    Այստեղ պիտի տեսնել այս երկուսի՝ միմյանց վրա նետվող զարմանալի հայացքներն ու կեղծուպատիր խնդամտությունները: Մեկը հաղթվելով ջախջախվեց, բայց չզգաց իր անկումն ու պարտությունը, իսկ մյուսը հաղթեց ու հաղթանակն առավ, բայց տակավին ցույց է տալիս, թե հաղթված ու ճնշված է:
    Սրանից ավելի ի՞նչ թշնամություն կա սեփական անձի հանդեպ, որ նյութեց ստախոսը, որովհետև ահա նրա հանդեպ վստահությունը վերացավ, այլևս ո՞վ կհավատա նրա խոսքերին: Ուստի լավ ասաց նա, ով ասաց. «Ստախոսը միայն այն է շահում, որ երբ ճշմարիտն է ասում, ոչ ոք նրան չի հավատում»:
    ԺԳ. Մարդու համար լավ է, որ հենց սկզբում խոստովանությամբ ներկայացնի իր կարիքը նրան, ումից կամենում է ինչ-որ բան վերցնել, քան իր կարիքը քողարկի ու ստի, իսկ հետո ամաչեցվի ու նախատվի: Արդարև, չար է այս սովորությունը, և անհնար է, որ չարից որևէ բարի բան առաջ գա:
    Արդ, համարենք, թե ստով մեկից օգնություն գտար կամ շահեցիր ինչ-որ բան. բայց դա շահ չէ, այլ մեծ վնաս: Որովհետև մի օր սուտը հարկավորաբար կբացահայտվի, և դու ատելի կդառնաս և այնուհետև չես կարողանա օգնություն գտնել մարդկանցից:
    Ուրեմն՝ լավ է ճիշտը խոսել և մարդկանց քո հանդեպ կարեկցության շարժել, քան ստելով ատելի դառնալ ամենքին: Որովհետև մարդկանց սա է հատուկ՝ ուղղախոսին օգնել, իսկ ստախոսին ձեռնունայն արձակել:
    ԺԴ. Վայել չէ առևտրին սուտ խառնել: Որովհետև ստելու պատճառով արդար շահը փոխվում է անիրավ խաբեության, և ով անիրավությամբ է ունեցվածք հավաքում, դրանից ոչ այլ ինչ է շահում, եթե ոչ անիրավ լինելը, իսկ անիրավությամբ ժողովված ունեցվածքը փորձության քամիով ոչնչանում է, ինչպես կարելի է տեսնել շատերի մոտ:
    Ուրեմն՝ եթե մեկն ասի, թե անհնար է առանց ստելու առևտուր անել, հույժ սխալվում է. որովհետև դրանով կամենում է բոլորին ստի ծառա համարել և ճշմարտությունն աշխարհից տարագրել: Սակայն առևտուրն ուղղախոսությամբ առավել արդյունավոր ու հաջող է, քան ստով ու խաբեությամբ: Որովհետև ով մի անգամ ճշմարտախոսի համբավ է ձեռք բերում, ամենքը ցանկանում են նրա հետ առևտուր անել, որով առավել է շահում ու հարստանում, և նրա ունեցվածքը մնում է նրա հետնորդներին որպես անկորուստ ժառանգություն: Սրա փորձը լավ գիտեն արդարախոս վաճառականներն ու արհեստավորները:
    Մանավանդ որ իրենք իսկ ստախոսները, վտանգի մեջ ընկնելիս, խղճմտանքից տանջվելով, անշուշտ վկայում են. «Այն պատճառով հասանք այս հետին չքավորությանը» և կամ՝ «Դառը տագնապը մեզ պաշարեց, որովհետև ունեցվածքը ստով ժողովեցինք, և ահա ունեցվածքը կորավ, իսկ մենք մնացինք Աստծու ու մարդկանց առաջ հատուցման պարտապան»:
    Արդարև, եթե մեկը կամենում է հարատևել բարօրության մեջ և տեսնել աշխատանքի հաջողություն, գնելիս ու վաճառելիս թող երբեք սուտ չխոսի, այլ նրա խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ՝ ըստ Տիրոջ պատվիրանի (հմմտ. Մատթ. Ե 37): Արդարև, սա դյուրավ կկատարվեր, եթե ամենքն այս մտքով հաստատված լինեին:
    ԺԵ. Երբ ստախոսը մարդկանցից անպատիժ է մնում, այնժամ առավել թող վախենա, որովհետև պիտի պատժվի Աստծուց. սուտը ճշմարտության դեմ է, իսկ ով դեմ է ճշմարտությանը, դեմ է Աստծուն, որովհետև Աստված ճշմարտություն է:
    Ուրեմն՝ ստախոսները թող իմանան, թե սուտը որքա՛ն չար է, և զգաստանան:

    «Ստախոս շուրթերը պիղծ են Տիրոջ առջև, ճշմարտության հավատարիմ բերանը հաճելի է նրան» (Առակ. ԺԲ 22):

    «Մարդու մեջ չար բիծ է սուտը: Այլ բան է գողությունը, և այլ բան՝ ստությունը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում» (Սիրաք Ի 26-27):

    «Նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար: Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր» (Հովհ. Ը 44):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz