Среда, 24.04.2024, 12:40
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Շռայլություն


    Ա. Ճշմարիտ հարստությունը հարկավոր բաներով բավարարվելն է՝ մարմինը սնելու և ծածկելու համար: Շատերը կան, որ անհրաժեշտ բաներով չբավարարվելով՝ իրենց ունեցվածքը վատնում են մեծամեծ ապարանքներ կառուցելու և ընտանիքի ու կահ-կարասու ավելորդ զարդերի վրա, իրենց գանձերը սպառելով անպիտան վայելքների վրա՝ կորցնում են նաև պիտանի բաները, որ ունեին կյանքն ապահովելու համար, և ընկնում են հետին չքավորության ու անարգության մեջ:
    Բ. Մարդիկ այնժամ են ճանաչում ավելորդ բաները, երբ բավարարվում են անհրաժեշտով, որովհետև ավելորդ բաները ոչ ոքի հարուստ չեն դարձնում, այլ սնափառ ու շռայլ: Իսկ իմաստուն մարդը սովոր է բնությանը հարկավոր բաներով բավարարվել, փախչում է ավելորդից, որը մարդկանց սնափառությունը ստեղծեց, միշտ խաղաղ ու անվրդով է և թշնամիներից վախ չունի:
    Գ. Զգեստների ու կահ-կարասու թանկարժեք ու ավելորդ զարդերը և կերակուրների ու ըմպելիքների բազմատեսակ պատրաստությունները կործանում են հարուստների տունը և հասարակությանն անթիվ չարիքներ պատճառում: Որովհետև միջակները ցանկանում ու ջանք են գործադրում շքեղությամբ նմանվել հարուստներին, իսկ նվաստները՝ միջակներին: Հարուստները, դա տեսնելով, սկսում են էլ ավելի շատացնել իրենց վայելքները և ընկնում են չափազանց ծախսերի մեջ, որպեսզի նրանցից էլ ավելի բարձր երևան: Միջակներն էլ ջանում են նմանվել նրանց, մի մասը սնափառության ախտից դրդված, մի մասն էլ՝ անարգ ամոթից, և նվաստներն էլ խելագարված ջանում են նրանց ընթացքին հետևել:
    Եվ հարուստները, շքեղություններն այսպես ավելացնելով, պակասեցնում են իրենց հարստությունը, միջակները հետզհետե տնանկ դառնում, իսկ նվաստներն իսպառ չքավորում են ու ընկնում հուսահատության մեջ: Եվ առհասարակ ամենքը սկսում են անվայել միջոցներով հագեցնել իրենց կարիքները՝ անիրավում են, զրկում, ստում, խաբում և գործում այլ բազում չարիքներ՝ ի վնաս իրենց և ընկերոջ: Եվ այս բոլոր չարիքների ու վնասի աղբյուրը սին փառասիրության բաղձանքն է:
    Արդարև, իմաստուններից ու առաքինիներից ոմանք ամեն օր հալումաշ են լինում այդ ամենը տեսնելով և կամենում վերացնել նրանց վնասակար սովորությունները՝ սահմանելով լավ օրենքներ, հասարակության յուրաքանչյուր անդամին իր չափի մեջ պահելու համար: Բայց չեն հաջողում, որովհետև չափի մեջ մնալը դեմ է մոլեկան սովորությանը, որ վաղուց արմատացել է նրանցում. որովհետև ամենքը բնական մի բերումով ցանկանում են դրամ ձեռք բերել՝ սնափառության անտեղի ծախսերը հոգալու համար, և ուրիշ բան չեն խորհում, եթե ոչ հարստանալ և ուրիշներից ավելի փառավոր երևալ:
    Այս ախտն այնքան է բնավորվել նրանց մեջ, որ նույնիսկ նրանք, որ անհրաժեշտ բաներից զուրկ են, ջանք են գործադրում փառաշուք երևալ և դրամ փոխ առնելով՝ ծախսում են ավելորդ զարդերի ու կերակուրների վրա: Իսկ ով ջանում է բարեկարգ կենցաղավարությամբ ուղղել ու չափավորել իր ավելորդ զարդերի կիրառումն ու ծախսերը, ամենքից արհամարհվում է իբրև չքավոր կամ կծծի: Ուստի հասարակության վարքի այս մահաբեր ժանտախտը բուժելու համար պետք է փնտրել ու գտնել մի իմաստուն ու հայրենասեր ղեկավարի, որ խոհեմ խրատներով, բարեկարգ կանոնադրությամբ և իր կենցաղավարության օրինակներով կարողանա ուղղել ու բարեկարգել:
    Դ. Դժվարին է հաղթել չար սովորությանը, որ բնության տկարության պատճառով արմատացել է, բայց այն իսպառ անհաղթելի չէ, մարդ կարող է հաղթել ու վտարել, եթե անսա իմաստունների խրատներին ու արի ոգով շարունակ ջանք գործադրի:
    Ե. Որևէ հարուստ, եթե ունենում է կյանքի ապահովմանն ու դյուրությանն անհրաժեշտ ամեն ինչ, բայց չի իմանում դրանք բարեկարգությամբ վայելել, այդ բոլոր բարիքները շռայլությամբ պակասում են, և ինքը նախատելի ու թշվառ է դառնում: Որովհետև նրան ի՞նչ օգուտ է ճոխությունը, եթե ըստ պատշաճի գործածել չգիտի:
    Զ. Իշխանի փառքն ու հարստությունը հասարակությանը տված օգուտն է: Բայց կան ոմանք, որ կարծում են, թե այն հաստատված է համադամ կերակուրների և տեսակ-տեսակ ըմպելիքների մեծաշուք պատրաստության մեջ, և այլևս չեն զգում, որ դրանով ոչ միայն դյուրապատրաստ են ընկնելու մեղքերի մեջ, այլև կորցնում են մարմնի ուժն ու առողջությունը և արագացնում մահը: Բազմախորտիկ սեղանը հիվանդությունների շտեմարան է ու կյանքի թունավորիչ: Պարզ ու չափավոր սեղանը կերակուրը համեղ է դարձնում, մարմինը զորացնում է և միտքը լուսավորում:
    Է. Ով կարող է չափավոր աշխատանքով ձեռք բերել հարկավոր բաներն իր գավառում, անմիտ տանջանք է նրան դեպի հեռավոր երկրներ ճանապարհ կտրելը՝ ավելորդ բաներ ձեռք բերելու, և օտարության մեջ վշտեր կրելը:
    Ը. Մարդն ավելի տանջվում է իր կրքերից ու ցանկություններից, քան որևէ բան ձեռք բերելուց: Քանզի մի բան ցանկանալով՝ անհանգիստ տառապում է, մինչև ձեռք է բերում: Դրանից հետո նրա ցանկությունը փոխվում է ուրիշ բան ձեռք բերելու, և երբ մարդ դրան հասնում է, սկսում է մեկ այլ բան ցանկանալ, և մարդու ցանկությունն անդադար փոփոխվում է, մարդ նորանոր բաներ է ցանկանում և այսպես իր կրքերից տանջվում:
    Թ. Ճշմարիտ փառքն ու հարստությունն առաքինության ու բարերարության մեջ են: Ուստի մեծամեծները պիտի փախչեն սնապաճույճ շքեղությունից և միայն առաքինություն ու բարերարություն ունենան, որովհետև առաքինի գործերն ու ազգօգուտ բարերարություններն են իշխանավորի, նրա տան ու տոհմի ճշմարիտ զարդերն ու փառքը: Այս տեսնելով՝ հասարակությունը մղվում է իշխանավորին նմանվելու:
    Ժ. Ով կամենում է բարձրահարկ տուն կառուցել, թող իր սիրտը լայն պահի. որովհետև ում սիրտը լայն է, նեղ բնակարանն ընդարձակ է դառնում նրա համար, իսկ նեղսիրտ մարդուն այս բովանդակ աշխարհն էլ փոքր է թվում:
    ԺԱ. Մարդիկ, որոնք փառասիրությունից ու սին հարստությունից հափշտակված, չեն ախորժում խրատ ու հանդիմանություն լսել, մեծ սխալ են գործում, որովհետև կամենալով իրենց ունեցած մի թերությունը ծածկել՝ սահում են շատի մեջ և անուղղելի արարքներ գործում ի վնաս իրենց և ցեղակիցների:
    ԺԲ. Շռայլությունը նրանց՝ շռայլներին, բավական պատիժ կլիներ, եթե նույնիսկ դրա համար Աստծուց կամ մարդկանցից պատիժ չտրվեր նրանց, որովհետև մի օրում ինքնըստինքյան կպակասեր նրանց գանձը, կցամաքեր շռայլության աղբյուրը, կդառնային հեգ ու թշվառ և մի պատառ հացի կարոտ:
    ԺԳ. Շռայլը որքան առավել է դրամ վատնում, այնքան առավել պատիվ է ստանում դրամը ստացողներից: Բայց երբ դրամը սպառվում է, իսկույն պատիվը չքանում է, և շռայլն ընկնում է անարգ վիճակի մեջ:
    ԺԴ. Շռայլությունն աղքատության մայր ու դայակ է և բազմադիմի մոլությունների ու վնասների պատճառ: Շռայլ մեկը, որ իրեն նախատինք է համարում հարկավոր բաներով բավարարվելը, արդարև ջանում է հնարներ գտնել դրամ ձեռք բերելու, որպեսզի կարողանա ավելորդ ծախսերով վատնել՝ իր մոլեկան բաղձանքները կատարելու համար, ուստի սկսում է խաբել, կողոպտել, զրկել ու անիրավել:
    Ուրեմն՝ շռայլը ոչ միայն իրեն է թշնամի, որ անմտաբար վատնում է իր ժառանգությունն ու ստացվածքը և աղքատության մեջ ընկնում, այլև ուրիշներին. որովհետև խարդախությամբ հափշտակում է նրանց ունեցվածքն ու դրամը, անտեղի ծախսելով՝ չի կարողանում վերադարձնել և այս կերպ մեծ վնաս է հասցնում շատերին: Ուստի մեծ բարիք է գործում հասարակությանը, ով չափավորում և ուղղում է շռայլին կամ վտարում մարդկանց միջավայրից:

    «Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը և թշնամիներից ոտնակոխ չես լինի: Մի՛ ուրախացիր փափուկ կյանքով և մի՛ կապվիր դրա հետ: Գրավ դրած և պարտք վերցրած փողերով մի՛ աղքատացիր» (Սիրաք ԺԸ 30-33):

    «Գիտեմ, թե ինչ պետք է անեմ. կքանդեմ իմ շտեմարանները և ավելի մեծերը կշինեմ ու այնտեղ կհավաքեմ ցորենը և իմ ամբողջ բարիքները ու ինքս ինձ կասեմ. «Ո՛վ մարդ, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր» (Ղուկ. ԺԲ 18):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz