Вторник, 16.04.2024, 13:08
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Քահանա


    Ա. Քանի որ քահանաներն ամենակալ Տիրոջ պատգամաբեր են կոչվում (տե՛ս Մաղաք. Բ 7), ուստի ըստ մարդկանց կարողության՝ պատգամաբերի վարք պիտի ունենան: Որովհետև եթե Աստծու ծառա ու սպասավոր անվանվելը մեծ պատիվ է, ո՞րչափ առավել բարձր պատիվ է ամենակալ Տիրոջ պատգամաբեր կոչվելը, որ ոչ միայն սպասավորությունն է պարփակում իր մեջ, այլև միջնորդության պաշտոնը. որովհետև քահանան Աստծու և մարդկանց միջև միջնորդ է:
    Դարձյալ՝ քահանան աստվածատեսակ այր է. որովհետև եթե միայն Աստծուն է հատուկ մեղքեր քավելը, նույնն անում է և քահանան սուրբ կարգի զորությամբ՝ ըստ Տիրոջ խոսքի (տե՛ս Հովհ. Ի 23):
    Դարձյալ՝ Ս. Պատարագի խորհրդի ժամանակ քահանան ձեռքով շոշափում է Այն, Ինչին հրեշտակներն ահով են սպասավորում: Ուրեմն թող մտածեն, թե ինչպիսի գերագույն պատվի են բարձրացել, և ըստ այդմ ապրեն. որովհետև «ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, և ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն» (Ղուկ. ԺԲ 48):
    Բ. Դարձյալ՝ միջնորդին հատուկ է սիրելի ու հաճելի լինել նրան, ում առաջ բարեխոսում է, իսկ սիրելիությունը հիմնվում է համակերպության վրա. և քանի որ քահանան մարդկանց կողմից միջնորդ է Աստծու առաջ, ապա անհրաժեշտաբար պահանջվում է, որ լինի աստվածատեսակ մարդ, որպեսզի կարողանա լինել Աստծուն սիրելի և մարդկանց համար բարեխոս:
    Գ. Ոչ ոք չի կասկածում, որ քահանան պիտի ոչ միայն տեղյակ լինի Հին և Նոր Կտակարաններին, այլև հմուտ՝ իմաստասիրական գիտություններում. քանզի նրա խնդիրն է խրատել, ուսուցանել, բարու մեջ համոզել ու չարից հեռու պահել աշխարհիկ մարդկանց, որոնցից շատերն առատամիտ են և ուշիմ, ձեռնարկումների մեջ հանճարեղ և խոսքի կառուցման մեջ զորավոր: Եթե քահանան տկարանա այդպիսիներին զորավոր փաստերով հաղթել, նրա խրատական խոսքերն այլևս չեն ազդի նրանց համառ մտքերի վրա, և գուցե հպարտանալով իսպառ արհամարհեն հոգևոր խրատները, և քահանաների տգիտությունը կարող է նրանց կործանման առիթ լինել: Ուստի քահանան պիտի ամեն ինչով գերազանցի ամենքին, ինչպես վարքի սրբությամբ, այնպես էլ գիտելիքներով:
    Դ. Այն քահանան, որ անարի է իր հոգևոր ծառայության մեջ և անփույթ կարևոր գիտելիքները ձեռք բերելու գործում, ոչ միայն երկրի վրա է անպատիվ, այլև հանդերձյալում արժանի է պատժի: Ծուլությունն Աստծու պաշտոնյաների մեջ և տգիտությունն աշխարհականների մեջ չար են ու նախատինքի արժանի, իսկ քահանաների մեջ լինում են ամենաչար ու անհնարին անարգանք:
    Ե. Քահանաներն, ինչպես արեգակը, պիտի լույս տան խավարած մտքերին, ջերմացնեն Աստծու սիրուց սառածներին, ուստի Քրիստոսն ասաց առաքյալներին. «Դուք եք աշխարհի լույսը» (Մատթ. Ե 14): Իսկ եթե որևէ թերություն է գտնվում քահանայի խոսքերում ու գործերում, նույնն է, թե արեգակը սառչի ու մթագնի:
    Արդարև, երբ երկիրը միգապատ կամ տղմաշաղախ է լինում, ոչ ոք որևէ ուշադրություն չի դարձնում դրա վրա, որովհետև երկիրը մարդկանց ոտքի տակ է: Մինչդեռ երբ արեգակը կամ լուսինը բնական պատճառով խավարում են, ամեն ոք ակնապիշ է լինում, որովհետև բարձրադիր գոյացություններ են՝ զորավոր ու ազդու: Այսպես էլ՝ ժողովրդից մեկի չարաչար անկմանը ոչ ոք չի նայում ու ոչ ոք չի զարմանում, բայց երբ քահանան է փոքր-ինչ սայթաքում, ամենքի աչքերը նրան են նայում ու զարմանում, և շատերն էլ գայթակղվում են:
    Զ. Զարմանալի է, թե ինչպես են ոմանք միջնորդ մեջտեղ գցում, աղաչանքներ մատուցում, կաշառք խոստանում և տեսակ-տեսակ հնարներ բանեցնում, որ քահանայական ձեռնադրություն ստանան: Գուցե սրանք չգիտեն, թե ինչ է քահանա լինելը, կամ չգիտեն իրենց չափը, կամ էլ միայն մարմնավոր պետքերն են հոգում:
    Եթե չգիտեն, թե ինչ է քահանա լինելը, թող իմանան, որ երկնավոր հրեշտակ, թափանցիկ լույս, ընտիր ոսկի լինել է: Եթե իրենց չափը չգիտեն, թող փորձեն իրենց, թե ունե՞ն հրեշտակների վարքը, գիտության լույսը և իբրև ոսկի փորձվա՞ծ են համբերության բովում, այլապես մեր Աստվածը ոչնչացնող կրակ է (տե՛ս Եբր. ԺԲ 29), այրում է խոտ, փայտ, խռիվ և ամեն այրվող նյութ (հմմտ. Ա Կոր. Գ 12): Իսկ եթե միայն այստեղի կյանքի մասին են խորհում՝ չհոգալով հանդերձյալի մասին, թող մտածեն, որ այս կյանքն անցավոր է ու սնոտի և ասես առերևույթ ստվեր՝ հավիտենական կյանքի նկատմամբ:
    Արդ, ի՞նչ պատասխան են տալու ահավոր ատյանում, երբ լսեն Տիրոջից. «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունեիր, ինչպե՞ս այստեղ մտար» (Մատթ. ԻԲ 22): Եվ քանի որ Եկեղեցին երկնավոր հարսնարանի տիպն ու օրինակն է, ուրեմն այնտեղ մտնող քահանաները՝ իբրև կանչվածներ, պիտի ունենան աստվածահաճո առաքինության մաքուր հանդերձը:


    «Այս է իմ պատվիրանը ձեզ, քահանանե՛ր:
    Եթե չլսեք և չմտածեք ձեր սրտերում փառք տալ
    իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,-
    ձեզ վրա անեծք կուղարկեմ» (Մաղաք. Բ 1-2):

    «Ուրեմն՝ աղաչում եմ երեցներին ... արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ՝ հոժարակամ, ըստ Աստծու» (Ա Պետ. Ե 1-2):

    «Այն երեցները, որոնք լավ վերակացու են, կրկնակի պատվի արժանի թող լինեն» (Ա Տիմ. Ե 17):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz