Среда, 24.04.2024, 19:37
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ուսուցիչ

Ա. Ուսուցիչները պարտավոր են առաքինի լինել, որովհետև աշակերտներն առավել սովորում են այն, ինչ տեսնում են իրենց ուսուցչի մեջ, քան այն, ինչ տեսնում են մյուս բոլոր մարդկանց մեջ: Միայն թե տարբերությունն այն է, որ եթե ուսուցիչը կատարյալ առաքինի է, աշակերտը թեպետև նրան նմանվում է, սակայն շատ անգամ չի հասնում նրա կատարելության չափին: Իսկ եթե ուսուցիչը մոլի է, աշակերտը նրա հոռության չափին ոչ միայն հասնում է, այլև շատ բանով գերազանցում ու լինում ավելի հոռի:
    Ուսուցչի վարքի միայն լավ օրինակն առավել օգուտ է աշակերտին, քան բազում դասերն առանց լավ օրինակի:
    Նախատինքի է արժանի նա, ով ուրիշներին կրթել է ջանում, երբ իր հանդեպ անփույթ է. այսպիսինի համար իրավացի է ասել. «Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը»: Որովհետև նա, ով գիտի ուսուցանել միայն բնական գիտություններ, բայց ոչ բանականությանն արժանի գործեր, տերևախիտ, բայց անպտուղ ծառ է:
    Բ. Անկիրթ ու տգետ մանուկը նման է անբան արարածի, որովհետև չգիտի խոսքով ղեկավարվել, որը հատուկ է բանականներին, այլ ղեկավարվում է կրքերով, որը բնորոշ է անբաններին: Իսկ երբ իմաստություն է սովորում, սկսում է կրքերը նվաճել, խոսքով ղեկավարվել՝ վերածվելով բանական մարդու:
    Ծնողները զավակներին որպես անբան են ծնում, իսկ ուսուցիչները՝ նրանց բանական դարձնում: Ծնողները զավակներին միայն ապրել են տալիս, իսկ ուսուցիչները՝ լա՛վ ապրել:
    Գ. Եթե մանուկները լավ իմանային, թե ինչ է մարմնի սնունդը և ինչ՝ հոգունը, ուսուցիչներին կկոչեին լավ հայր, իսկ ծնողներին՝ միայն հայր. որովհետև ծնողները կերակրով սնուցում են մարմինները, մինչդեռ ուսուցիչներն իմաստությամբ ու առաքինությամբ՝ հոգիները:
    Դ. Մեծ զգուշություն է պետք իշխանների որդիներին դաստիարակելիս՝ ի նկատի ունենալով, որ նրանք պատրաստվում են հասարակության ղեկավար դառնալ:
    Ե. Եթե արտերը չմշակվեն, լավ բերք չեն տա. մանուկները եթե չդաստիարակվեն, առաքինություն չեն պտղաբերի: Մարդկանց կյանքում չկա մի բան, որ այնպես առաջնորդի դեպի առաքինություն, ինչպես խրատական խոսքերն ու բարի գործերի օրինակները:
    Զ. Խրատի ոգին բարին կատարելն ու ուսուցանելն է: Ով խրատ է տալիս, ինքը նույնպես պիտի գործով կատարի այն, այլապես խրատական խոսքերը ոչ մի զորություն չեն ունենա:
    Է. Ով պատրաստվում է ուրիշներին խրատող լինել, նախ ինքը թող խրատ առնի ուրիշներից:
    Ը. Թեև իմաստունների խրատները խիստ են թվում, բայց հույժ օգտակար են, ինչպես որ բժիշկների դեղերը թեպետ դառն են, բայց առողջարար են հիվանդների համար:
    Խրատական գավազան է պետք նրանց, ովքեր չեն զգաստանում խրատական խոսքով. որովհետև ըստ առածի՝ ով խոսքն ականջով չի լսում, լսում է թիկունքով, երբ ծեծ է ուտում:
    Թ. Ով կարգված է ուրիշներին ուսուցանելու այն, ինչ չգիտեն, թող ջանա ինքն էլ ուրիշներից սովորել այն, ինչ չգիտի: Իսկ եթե ինքը սովորելու եռանդ չունի, պարզ է, որ ուրիշներին էլ չի ջանում ուսուցանել: Որովհետև ով իր օգուտը չի կամենում, ուրիշների օգուտը բնավ չի կամենա: Մանավանդ որ նրան բավական չէ գիտելիք ունենալը, պետք է և ուսուցանելու կերպն իմանալ, ապա թե ոչ շատ կաշխատի և սակավ կշահի:
    Ժ. Եթե դասատուներն իրենց գիտեցածը ժլատությամբ են ուսուցանում աշակերտներին, ժլատներից էլ ավելի են դատվելու: Որովհետև ժլատները վախենում են դրամն ի պետս ծախսել կամ կարոտյալներին մի բան տալ՝ իմանալով, որ ինչքան ուրիշներին տալիս են, այդքան պակասում է իրենց ունեցվածքից, բայց դասատուներն այդպիսի երկյուղ չունեն, որովհետև նման են լուսավոր ճրագի, որից ինչքան էլ ճրագներ վառվեն, իր լույսը չի պակասի: Մանավանդ որ փորձով գիտեն, որ դասատվությամբ իրենց գիտելիքներն աճում են և ոչ թե նվազում՝ ըստ առածի. «Ով ուսուցանում է, ինքն էլ է սովորում»: Սակայն դասատուները թող զգուշանան մտքով ուշիմ, բայց բարքով հանդուգն աշակերտներին ուսուցանելուց, ինչպես որ լավ չեն անում նրանք, ովքեր սուրը տալիս են չարաբարոների ձեռքը: Որովհետև բնատուր ուշիմությունը, ձեռքբերովի գիտությամբ զորանալով, նրանց մեջ դառնում է իրենց և ընկերների վնասի պատճառ:
    ԺԱ. Բնության պատվական ձիրքերը, ինչպես սրամտությունը, լավ հիշողությունը, լեզվի ճարտարությունը և այլն, որոնք բարեկարգ իմաստունների գովեստի պատճառ են, անզգույշ իմաստունների համար նախատինք են դառնում: Մոլի իմաստունն այլանդակ հրեշ է, որովհետև ունի մարդու գիտելիքներն ու անբանների գործերը: Մարդիկ սոսկում են, երբ արեգակը խավարային մեգ է սփռում, և երբ իմաստունը մոլեկան գործ է անում:
    ԺԲ. Բարեսիրտ մարդու համար անհնարին ցավ է տգետներին պատվի բարձրացած և իմաստուններին նվաստացած ու կոխան եղած տեսնելը: Ինչպես որ թանկարժեք ակն է գեղեցկորեն փայլում անարժեք քարերի շարքում, այդպես էլ իմաստուն մարդն է փայլում տգետների մեջ: Չի մեռնում այն իմաստունը, որ գրային աշխատանքով երկրում հիշատակ է թողնում:

    «Բարվոք խոհեմությունը շնորհ է պարգևում, և օրենքի իմացությունը մտքի բարիք է» (Առակ. ԺԳ 15):

    «Եվ ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմված լինի, որպեսզի դուք իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխան տաք յուրաքանչյուրին» (Կող. Դ 6):

    «Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձված, որպես մի մշակ, որ ամոթով չի մնում, ճշմարտության խոսքը ուղիղ ներկայացնող» (Բ Տիմ. Բ 15):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz