Среда, 24.04.2024, 03:17
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ոսկրամոլություն

Ա. Մարդու բոլոր ցանկությունները հաճելի են բարեխառնության մեջ, և երբ բարեխառնությունը վերանում է, հաճույքն էլ է վերանում և վերափոխվում բնության պատժի: Քանզի ի՞նչ ավելի ախորժելի բան կա քաղցածի համար, քան որովայնի հագուրդը, և ի՞նչ ավելի վշտագնիչ բան, քան չափն անցնելը: Կամ ի՞նչ ավելի փափագելի բան կա ծարավ մարդու համար, քան սառը ջուր խմելը, և ի՞նչ ավելի տանջող բան, քան ջրի շատությունից որովայնի պայթելը:
    Ուրեմն՝ պետք է բարեխառն ու ժուժկալ լինել բնական հաճույքները վայելելիս, ապա թե ոչ բնության պատժի են վերափոխվում ու մահն արագացնում:
    Բ. Բազմատեսակ հիվանդությունները, որոնց պատճառով մարդիկ բազմազան դեղերի կարիքն են ունենում, այն պատճառով են հաճախ պատահում, որ մարդիկ չգիտեն կենցաղավարության ճիշտ եղանակը: Որովհետև խառնակեցիկ վարքը մահվան թույնի է փոխարկում կերակուրը, որը սահմանված է կյանքը պահպանելու համար, և բազմախորտիկ սեղանը կարճում է կյանքը, որը դեղերը չեն կարողանում երկարացնել:
    Գ. Աղքատներն ավելի հազվադեպ են հիվանդանում, քան հարուստնեը, որովհետև չեն կարողանում գտնել զանազան կերակուրներ: Իսկ հարուստները, ընկնելով տեսակ-տեսակ համադամ խորտիկների ետևից, իրենց ավելի թունավորում են, քան սնում: Նույնիսկ դեղորայքն էլ է իսկական թույն, խանգարում է բնությունը և պիտի գործածվի միայն հարկադրված պարագայում և ոչ թե անխտիր կերպով:
    Մարդկանց մեծ ու անվնաս դեղը մարմնի ուտելու և խմելու վայելքներում ժուժկալությունն ու բարեկարգությունն է, մտքի հանդարտությունը և մարմնի չափավոր աշխատանքը, որով արյունը քաղցրանալով՝ հեռացնում է վնասակար ու ավելորդ նյութերը: Ուստի մեծ ամոթ է մարդկային ցեղին այսքան հիվանդություններ ունենալը. որովհետև եթե բարեկարգ կենցաղավարեին, առողջ ու դեղերի անկարոտ կլինեին:
    Դ. Մարդկանց մեջ կան և ոմանք, որ այնպիսի մեծաջան խնամքով են մարմնի մասին հոգ տանում՝ ամբողջ օրն այն սնելով ու դարմանելով, որպեսզի վերադարձնեն երիտասարդական առույգ վիճակին կամ գոնե չթողնեն ծերանալ ու տկարանալ, որ մարմինը ծիծաղում է նրանց անմտության վրա, որովհետև անդադար դիմում է դեպի ծերություն և ամեն քայլափոխի ուժից ընկնում է և մոտենում մահվան ու ապականության:
    Իսկ ինչո՞ւ չեն զգում, թե ներհակ տարրերից բաղադրված ցանկացած մարմին ծնվում է շարունակ շարժման ու փոխադարձ առնելության մեջ և ապականվում ըստ իր բնության անփոփոխ ու հարկադիր օրենքի և ոչ թե ըստ մարդկանց քմահաճույքի:
    Պատկերացրու, թե մարդու մարմինն իր անձին պիտանի մի երիվար է, որը չափով կերակրվելու դեպքում հեծյալին իր վրա վերցնում ու թեթևությամբ տանում է նպատակադրյալ վայրը, բայց եթե մեկը չափից ավելի է դարմանում, կատաղաբար աքացի է տալիս, հեծյալին վայր գցում ու վնասում:
    Ե. Մարդու մեջ ոչինչ ավելի մեծարված չէ, քան որկորը, բայց նրանից ապերախտ ոչինչ չկա. որովհետև որքան ավելի է պատիվ ստանում, այնքան ավելի անշնորհակալ է դառնում և հանդգնում առավել մեծարանք պահանջել: Եվ այնքան անագորույն է, որ իրեն սիրողին իրեն մշտնջենավոր գերի է դարձնում:
    Զ. Հովիվը, եթե իր շանը միշտ ոչխարի մսով է կերակրում, նրան գայլ է դարձնում, և ով իր մարմինը սովորաբար պարարտ կերակրով է սնուցանում, այն գազան է դարձնում, մինչև որ ստամբակելով այլևս չի հնազանդվում հոգու կամքին, այլ կամքը բռնադատում է ծառայելու իր հաճույքներին:
    Է. Որկրամոլները տեսակ-տեսակ քաղցրաճաշակ կերակուրներով թմրեցնում են իրենց բնական ախորժակը, բայց քաղցն արթուն է մնում և կերակրի կարիք զգում: Եվ քանի որ ամեն տեսակ կերակուրներից ձանձրացել է, նոր տեսակներ է հնարում և նրանցից հագեցած՝ փնտրում ուրիշը և շարունակ տանջվում նորերը գտնելու համար: Եվ կարելի է ասել, թե որկրամոլները եղան կերակուրների բազմատեսակ լինելու պատճառը, և դրանցից են առաջ գալիս մահն արագացնող բազմօրինակ հիվանդություններ:
    Ուստի եթե մեկը կամենում է ախորժանքով ուտել, թող պարզ կերակուր ուտի, և այդ՝ չափավոր կամ սակավ և ոչ թե ագահաբար կամ անասնորեն: Եվ եթե կամենում է առողջ ապրել, ժամանակ առ ժամանակ թող ծոմ պահի կամ անոթի մնա, որպեսզի կերակուրների մնացորդները մաքրվեն ստամոքսից: Քանզի անոթությունը դեղ է և առողջության պահապան, եթե պատշաճ ժամանակ կիրառվի, ինչպես և հայտնի է փորձով:
    Ը. Կան մարդիկ, որ ուրախանում են տխուր բաների վրա և տրտմում ուրախալի բաներից, և թեպետ այս երկու կրքերը՝ ուրախությունն ու տրտմությունը, բնավորված են հոգում շարժվելու իրենց առարկայից (օրինակ՝ եթե առարկան ցավալի է, հարկավ տրտմություն է պատճառվում), բայց ոմանք, առարկաներն ուղիղ չդատելով, հեշտալին ցավալի են համարում, և ցավալին՝ հեշտալի, ուստի և ներհակ կրքերով են շարժվում: Որովհետև մարմնական զեխությունը՝ որկրամոլությունն ու արբեցությունը, հեշտալի առարկա են համարում, և դրանք գործելիս ուրախանում, երբ պետք էր տրտմել, իսկ հոգևոր ճգնությունը՝ պահքն ու ժուժկալությունը, ցավալի առարկա են համարում, և դրանք գործելիս տրտմում, երբ պատշաճ էր ուրախանալ:
    Թ. Հնարավոր չէ մարմնի հանգստով ու որկորի հղփությամբ շահել հոգին, որովհետև մարմնի փափկակեցության մեջ հոգու հանգստություն չկա: Պարարտ կերակուրներով հղփանալը ոչ այնքան մարմնին է վնասակար, որքան հոգուն, որովհետև զգայական կրքերն ապստամբեցնում է բանականության դեմ և աղախնին իբրև տիկին դարձնում: Բարվոք չի ապրում նա, ով իրեն գրգանքով է շրջապատում:
    Ժ. Վա՛յ նրան, ով ծառայում ու անվարձ է մնում. բայց էլ ավելի վա՛յ նրան, ով ծառայությունից տուժում է, ինչպիսին է մարմնի ու որկորի ծառան: Ով սանձ չի դնում երիվարի բերանին, բնավ չի հոգում, թե կգահավիժի, և ով ժուժկալությամբ չի նվաճում մարմինը, անփույթ է իր գլորման հանդեպ:

    «Եթե կան մարդիկ, ովքեր իրենց կյանքից վախենալով կամ որկրամոլությունից դրդված՝ հրաժարվել են իրենց նախնիների օրենքներից, արքունի դատարանում իրենց հոժարության համար արդարանալ երբեք չեն կարող» (Գ Մակբ. Է 7):

    «Ով փափկասուն է լինում մանկուց, պիտի ծառա դառնա և հետո մորմոքի ինքն իր մեջ» (Առակ. ԻԹ 21):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz