Четверг, 28.03.2024, 22:01
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Նախանձ


    Ա. Ինչպես որ ստվերն է առաջ գալիս մարմնի վրա արև ընկնելուց, այդպես և նախանձը ծնվում է առաքինի մարդու բարի գործերի հաջողումից: Ուստի ով կամենում է փշրել նախանձոտ մարդու ատամները և նրան սրտաթափ անել ու մեջքը կոտրել, թող ջանա այլ ավելի մեծ առաքինությունների մեջ թևակոխել և ամենքի մեջ բարի համբավ ձեռք բերել, որովհետև առաքինագործ մարդու բարի համբավը նախանձոտ մարդու կյանքի դահիճն է:
    Բ. Նախանձոտ մարդիկ ավելի չար կերպով խածատում են ազգակիցներին ու երախտավորներին, քան օտարներին. որովհետև այլ ազգերի կողմից գովությամբ հռչակվող բարի մարդիկ իրենց ազգի նախանձոտ մարդկանցից, որոնց մեծամեծ բարիքներ են գործել, առանց պատճառի զուր բամբասվում ու թշնամանվում են:
    Գ. Չկա հօգուտ հասարակության արված մի մեծագործություն, որ կարողանա զերծ մնալ նախանձոտ մարդկանց թունավոր նետերից: Եթե իշխանի գործը մեծարժեք ու օգտակար է, նախանձը գործողին վատաբանում է՝ ասելով. «Ափսո՛ս, որ սա գործն արեց ոչ թե Աստծու փառքի համար, այլ որպեսզի մարդկանցից փառք որսա»: Իսկ եթե գործը չափավոր է, գործն է արհամարհում՝ ասելով. «Վա՛յ սրան, որի անունն ավելի մեծ է, քան իր գործը. որովհետև եթե սրա տեղն ուրիշը լիներ, ամենայն հավանականությամբ այս գործից ավելի մեծ ու օգտակար գործեր կաներ»:
    Իսկ եթե ժամանակի տարադեպ արկածներից կամ թշնամիների թելադրությամբ որևէ վտանգ հետևի, ո՞ր սանձը կարող է նախանձոտ մարդու ապերասան լեզուն զսպել. պատճառ չեղող բանը պատճառի տեղ դնելով՝ ամբողջ վնասը թափում է բարեգործի գլխին ու ասում. «Այս բոլոր չարիքների սկիզբն ու պատճառը սա՛ եղավ»:
    Դ. Ով բնության բարիքներ ունի՝ գեղեցկություն, խելամտություն, ճարտարախոսություն, կամ բախտի բարիքներ՝ իշխանություն, հարստություն ու համբավ, երբեք չի կարող իրեն զերծ պահել նախանձոտ մարդու հարվածներից և անսպի մնալ նրա թունավոր ժանիքներից: Բայց հնարավոր է նրա ձեռքերը կապել նրան բարիք գործելով և նրա ատամները փշրել՝ բնության ու բախտի բարիքներին ավելացնելով նաև բարոյական առաքինությունների մեծամեծ բարիքները:
    Թեպետ այս ամենով նրա ձեռքերը կաշկանդվում են, ու ատամները՝ փշրվում, բայց դեռ արձակ է մնում լեզուն, որով չի դադարում չարախոսելուց, գուցե ավելի, քան առաջ, և քանի որ խածատելու համար ատամներ չունի, սրտի զայրույթից չարություններ է խոսում ու վատ համբավ տարածում:
    Բայց այդ ամենը վերջում իր պատիժն է դառնում. նախանձի հուրը կիզում է նրա երիկամներն ու սիրտը, կյանքը կարճանում է, և հավիտենական հուրն էլ անվախճան կյանքով պիտի այրի նրա հոգին ու մարմինը: Ահա սա է նախանձոտ մարդու ջանքերի ու գործերի արժանի հատուցումը. որովհետև ինչով որ մեղանչում է մեկը, նույնով և պատժվում է:
    Ե. Նախանձոտ մարդը շատ անգամ այն աստիճան հոռության է հասնում, որ բարեգործի հանդեպ ունեցած ատելությունից խափանում է հասարակության բարին: Եվ թեպետ իր դիտավորությունը հասարակության բարին խափանելը չէ, այլ միայն բարերարի համբավը, բայց քանի որ վերացնելով պատճառը՝ վերացնում է և գործը, ապա և նախանձոտ մարդը, կամենալով խափանել բարերարի փառքն ու համբավը, խափանում է և բարի գործը: Սրան պատշաճում է Տիրոջ այն խոսքը, թե՝ «Դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք» (Ղուկ. ԺԱ 52):
    Զ. Ի՞նչն է արեգակից ավելի լուսավոր. բայց չեն պակասում ամպերը՝ մթագնելու նրա լույսը: Ի՞նչն է առաքինիից ավելի մեծահարգ. բայց չեն պակասում նախանձները՝ նվազեցնելու նրա հարգը: Ինչպես գնդակը, անկյուն չունենալով, անդադար գլորվում է, այսպես և նախանձոտ մարդը, խիղճ չունենալով, միշտ քննադատում է ուրիշների բարի գործերը:
    Է. Ով անհավան է ուրիշների հաջողություններին, երևում է, որ չարաբարո ու կարոտ մեկն է: Եվ քանի որ նախանձոտ մարդը չի կամենում, որ որևէ մեկը որևէ բարի բան ունենա, իրավացի է, որ ինքն էլ կարիքավոր ու ամեն բարիքից զուրկ լինի:
    Ը. Նախանձոտ մարդն առանց տանջողի տանջվում է, երբ լսում է ուրիշի հաջողությունների մասին: Թեև կրակը երբեմն մոխրով է ծածկվում, սակայն չի դադարում կրակ լինելուց, այլ խառնվելիս արձակում է իր կայծերը: Նախանձոտ մարդը, թեև երբեմն բարեսրտության քողի տակ ծածկում է իր ժանտահոտությունը, սակայն ներսում՝ հոգու մեջ, պահում է նախանձի բոցը, քանզի երբ լսում կամ տեսնում է մեկի հաջողությունները, իսկույն մախանքից գրգռվելով շանթահարվում է և անշիջանելի հրով վառվելով՝ տոչորվում:
    Թ. Նախանձոտ մարդը գուցե չգիտի, թե որքան չար է ուրիշների բարեբախտությունից իր տրտմելն ու նրանց դժբախտությունների վրա ուրախանալը: Բայց երբ մեկ այլ նախանձոտ մարդ անում է նրան նույնը, ինչ նա արեց ուրիշներին, այնժամ ճանաչում է դառնությունն այն չարիքների, որ սովոր էր անել: Որովհետև ինչ անում է մեկը, նույնն էլ կկրի:
    Ժ. Երբ նախանձոտ մարդն ուրախանում է քո ձախորդությունների վրա, դու մի՛ տրտմիր. կգա ժամանակ, երբ դու կուրախանաս, և նա կտրտմի, որովհետև ինչ չափով չափում է մեկը, նույնով կչափվի նրան:
    ԺԱ. Ով բարիքներից անմասն է, նախանձոտներից ազատ է: Իսկ ով բարիքներ է գործում, պիտի համբերի նրանց չարակնությանը. որովհետև եթե մեկը չի կամենում նախանձողներ ունենալ, պիտի բարի գործեր չկատարի: Բայց նախընտրելի է լինել բարի և ունենալ նախանձողներ, քան բարիքներից զուրկ և նախանձողներից ազատ լինել:

    «Խանդը դաժան է դժոխքի նման, նրա թռիչքը նման է հրի բոցի թռիչքին» (Երգ Ը 6):

    «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. Բ 24):

    «Ավելի չար մարդ չկա, քան նա, ով չարակամ է ինքն իր նկատմամբ, և նրա չարության հատուցումն է» (Սիրաք ԺԴ 6):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz