Հետաքրքիր բլոգ - Միայն թե տառերը գրկել իմանային
Вторник, 06.12.2016, 11:10
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Միայն թե տառերը գրկել իմանային

Օրվա մեռնող ժամերի սաստկացող լռության մեջ սենյակումս մենակ էի մնացել: Ու նորից քեզ հիշեցի: Չէի էլ մոռացել: Բայց այս անգամ ավելի իրական էիր: Պատկերդ այնքան պարզ տեսա մտքիս մեջ, այքան մոտ, որ ակամայից ժպտացի մի երեխայական այնքան հիմար ու միամիտ ժպիտով, որ մի պահ մտածեցի, թե եթե կողքիս լինեիր, սև աչքերիդ մեջ մի բարի հանդիմանում պետք է կարդայի: Ա՜խ, ինչպիսի հիմարություն: Ների՝ր: Երկար ժամանակ է գրիչը ձեռքս չէի առել (վերջին անգամ մի անփույթ կտրված էջի վրա ինչ-որ համր հաշվարկ էի արել): Հետ եմ վարժվել թղթին հանձնել խելառ մտքերս: Բայց այժմ ինչ-որ խենթ ցանկություն է ստիպել գրել քեզ այսքան անհեթեթ մի նամակ: Ձեռքովս եկած ցանկացած հնար ու ճար կանեի, միայն թե այժմ իմ դեմ կանգնած տեսնեի քեզ: Այս րոպեին սենյակիս օդը լցված է քո բույրով, փորձում եմ արագացնել շնչառությունս, որ մի րոպե չկորցնեմ այդ բույրը: Վախենում եմ մոռանալ այն. ինչպիսի անմիտ արդարացում: Սարսափելի է, երբ փորձում եմ մատներիդ նրբությունը մաշկիս զգալ՝ զգուշորեն սեղմելով ափիս մեջ թողածդ որևէ իր. Ա՜խ, այդ փայտե կախազարդը, գործված ձեռնոցը կամ սառած ապարանջանը չեն կարող նույն հոգեհարազատ ջերմությամբ լցնել քո թողած դատարկությունը, սեղմել ձեռքերս, շոյել մատներս մի քնեցնող նրբությամբ… Ցնդել եմ հաստատ: Կներես: Չեմ ուզում մոտդ խենթացած պոետի տպավորություն թողնել: Իրականում բռի հոգուս լավ ես ծանոթ ու գիտես նրա բոլոր անկումներն ու վերելքները: Գիտես, զգացել ես, կիսել ես հետս բազմաթիվ խռովահույզ ակնթարթներ, երբ կատաղության անհաղթահարելի զգացում է պատել կամ էլ քեզ նրբորեն սիրելու էգոիստական ցանկություն: Քո համառությունն եմ կարոտել, ամեն չնչին մանրուքից բորբոքվելու անհանգիստ էությունդ, զրնգուն քրքիջդ, որի ցնցումներից վզիդ երակների մեջ արյունդ սկսում էր խաղալ: Ականջներումս է ձայնդ: Վախենում եմ հարյուրավոր կիլոմետրերը խլեն ձայնդ անգամ, վախենում եմ կորցնել նրանց ելևէջը հեռախոսալարերի մեջ: Չեմ զանգի, չէ՜… Կսպասեմ: Կդիմանամ մինչև այքան մոտ լինես, որ ամեն խենթ ժպիտիցդ հետո կարողանամ գրկել քեզ: Ու այդժամ կհանդարտվեմ: Հիշեցի վարսերդ, ուսերիդ թափվող այդ գանգուրների մեջ այնքան ջերմությամբ խորտակվող վայրենի մատներս… Զգում եմ ջերմությունդ մինչև հիմա: Երբ բռնում էիր ձեռքս ու կոշտացած մատներս սեղմում էիր հուզմունքից դողացող շուրթերիդ՝ անտեսելով, որ մինչև քո գալը տասնյակ ծխախոտ էի վառել՝ նյարդերս հանգստացնելու համար: Ինչ էիր գտել ծխահարված այդ մատների մեջ: Զարմանում եմ: Ու գիտես, երևի քո այդ տարօրինակության համար եմ քեզ սիրում, ձգտում, խանդում… Ա՜խ, այնքան գիժ ես, ցնդածս, խելառս… Եթե իմանայիր որերորդ սիգարետս եմ հանգցնում ապակյա այս անդուր մոխրամանի մեջ: Կգժվեիր… Կամ էլ… Չգիտեմ: Միշտ էլ անկանխատեսելի ես եղել: Բայց կարոտել եմ քո այդ հանդուգն խառնվածքը: Կարոտել եմ վայրենի անմեղությամբ հագեցած էությունդ: Քեզ եմ կարոտել…Անսպառ է քեզ հետ խոսելու, կիսվելու, ցասման պահին քո ջերմ ու հանգստացնող խոսքերը լսելու իմ անդիմադրելի ցանկությունը: Ա՜խ, եթե միայն տառերը գրկել իմանային…
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz