Հետաքրքիր բլոգ - Մեծերը Հրանդ Մաթևոսյանի մասին
Суббота, 10.12.2016, 23:25
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մեծերը Հրանդ Մաթևոսյանի մասին

Վերջին շաբաթներն էին, ու մենք համարյա գիտեինք, որ նա իր երկրավոր կյանքի վերջին ծեսն է ծրագրել՝ հրաժեշտ տալու ծառին ու խոտին, քարին ու ջրին, որոնց ծննդաբանությունը կարող էր անել եւ ձեւակերպել նրանց միստիկական ապրելակերպը: Բնության մեջ նա դառնում էր Ինքը. այլեւս գոլ քաղաքի լռակյաց, ինքնամփոփ նյարդակծիկը չէր, այլ տիեզերական մարդ՝ իր՝ Նահապետի վերջին աշնան վերջին գույների ու ձայների հետ սքանչելիորեն ներդաշնակ: Հերթական մի դաս՝ խոսքի ու ներկայության, մինչ գունաթափվող խոտը դաժանորեն արագ էր սառչում, ու խարույկը՝ դժկամորեն վառվում: Տխուր հպարտություն կար՝ այդ պահին մոտ լինել նրան, ավելի մոտ՝ անշփոթ կեցվածքին, որը հետո էլի չէր բացակայելու, այլ վերադառնալու էր ուրիշ կերպերով (բառ, միտք, ոգի)՝ ամեն անգամ վերահաստատելու իր հարատեւությունն ու փորձելու մեր ուշիմ լինելու կարողությունը, որովհետեւ կյանքը վերաիմաստավորելու առաքելությունը միայն ընտրյալին է տրված:
(Կարելի էր ասելիքն իջեցնել հուշագրության մակարդակի՝ «Մի անգամ Վարպետի հետ...», կարելի էր էժան պրծնել, կցկտուր պատմություններ ճոռոմելով, ու չփորձել մոտենալ իրական մեծությանը՝ փոքրությանը հատուկ գլուխ պահելու,- ցավեցնելու,- համազգային ավանդական հունարով: Բայց սա եւս առաջադրանք է, որն Ինքն է լռելյայն պատգամել՝ չի՛ կարելի): 
Ուրեմն՝ Ինքը: Վարպետը: Հրանտ Մաթեւոսյանը:
Ապշեցուցիչ է իրադրությունները, ավելի ստույգ՝ հոգեւոր մթնոլորտը կանխատեսելու նրա ձեռնհասությունը. Ինքն էր, դեռ տարիներ առաջ, վախով տեսել մեր հոգին՝ ուրիշը վերծանելիս: Ապա հայրենիքն այնքան «զորացավ», որ բիցեպսը հաղթեց ուղեղին, սապոգները մտան դպրոց, անճանաչելիորեն աղավաղվեց մայրենին, մեր վարքն ու բարքը, եւ, իր իսկ համոզմամբ, ազգովի գրեցինք «հոկտեմբերի 27-ի» խայտառակ սցենարը: Վերջապես ունենալ Հրանտ Մաթեւոսյանի ոսկի հայերենն ու պաշտոնապես խոսել ինչ-որ կավատային լեզվով. նրա աչքերով համաստվածային խորքը տեսնելու հնարավորություն ունենալ ու մնալ այսքան կաղ ու կռնատ. կամովին, վերջին հարբեցողի պես, երգիծանքի վերածել կյանքը: Ինքը գիտեր այս ամենը, Ինքը սարսափով էր տեսնում ու կախականջներին կանխատեսում վատթարը: Որովհետեւ երկիրը կենդանի օրգանիզմ է, այլ ոչ մի բուռ ավազ, որը թափվում է մատների արանքից. Երկիրը մենք ենք, ու երեւի նրան հերթական անգամ փրկելու համար մեզնից պահանջվում էր ավելի շատ կամք ու տղամարդկություն, ավելի շատ սրտացավություն, քան երբեւէ, ու ավելի շատ խելք, քան երբեւէ: Կամ՝ «Թե՞ մենք ունակ չենք նվիրումի»,- Ի՛նքն է ասել:- «Թե՞ մեր տված արյունը բազում աշխարհամարտերի՝ մեր տված արյունը չէր - տուրք էր կեսարներին: Թե՞ մեր ցմրուրս զոհողությունները հպատակի մեր տուրքերն էին օտար տիրակալներին: Թե՞ մարդկային մեր շքեղ շնորհների բացարձակամները այլ ժամանակների ու երկրների ապարանքներում- շնորհի բացահայումն էին ի տես մեզ իշխողների»: Ինքն է գրել: Այսպես, հարցը դրված կտրուկ ու տղամարդավարի՝ իշխա՞ն ես, թե՞ հպատակ. կամ թեկուզ քրիստոնեավարի՝ տե՞ր ես: Զարմանալի՞ է, որ մեր (այսինքն՝ արյունակից) Վարպետին գնահատողն էլ էր այլազգին, հասկացողն էլ: Չարենցը դաս չեղավ, ու փրփրաբերան ընկեցիկն իր դարավոր, անմեկնելի չարությամբ էլի թունավորեց (փորձեց թունավորել) Հրանտ Մաթեւոսյանին: Բայց Ինքը բնազդաբար ճիշտ արահետն էր ընտրել, թե՞ ճիշտ արահետն էր նրան գտել: Վայրահաչոցը կար ու կա. տեսեք, թե ինչ կատարելության է հասնում համահայկական միակ բրենդը՝ հոշոտել լավին: Սովալլուկ փաղանգի վերջին հուսահատ փորձը նրան ուրացող դարձնելու զուր տվայտանքն էր, բայց Ինքը պինդ էր, որովհետեւ գիտեր, որ եղբորը չեն ուրանում, եւ որ գրասեղանին դրված թուղթը մաքուր պիտի լինի, իսկ գրիչն՝ աներեր:
Եվ փառք Աստծո, որ Ինքն իր թնդության մեջ բարի սամարացի էր ու առերեւույթ փխրունության մեջ՝ ի բնե անկոտրում: Եթե գրող էր պահանջվում՝ Ինքը եղավ. եթե ճշմարտախոս էր պահանջվում՝ Ինքը եղավ. ու եթե զոհ էր պահանջվում՝ էլի Ինքը եղավ: Մեր կիսատպռատության ու ծանծաղամտության զոհը: Հիմա Ինքը ֆիզիկապես չկա, այսինքն՝ սթափեցնող ներկայությունը, ու այդ անսահմանորեն իմաստալից տեղը, մատուռը նյարդաթուլագար թափթփուկներն անապատի վերածեցին՝ փոխարենն այնտեղ լցնելով ինքնագոհության, կասկածելի գրաճանաչության աղբը: Որովհետեւ չկա իսկական Տերը՝ Խազեինը, ու հիմա իրենք անտեր են, կինանտրոպիայի նորագույն տեսակ՝ դավաճանի կարմիր թեւկապով: 
Միամտություն կլինի կարծել, թե Սարոյանն իր ժառանգական հայկականությունն էր ցույց տալիս՝ ասելով. «Իմ գրվածքները կընթերցվեն կրկին ու կրկին»: Մեծ մարդիկ, փառահեղ մարդիկ լավ գիտեն իրենց հարկը: Ինքը եւս գիտեր («...բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի պես, որին գայլը կուտի»), ու Ինքը եւս գիտեր իր ստեղծածի գինը: Որովհետեւ էլ որտե՞ղ է վերջանում հազարամյա կոծն ու պարտասությունը եւ սկսվում մեծ աշխարհին հպարտ հայացքով նայելու քաջությունը. գիրը՝ խորակրկիտ, միտքը՝ խրոխտ, ներուժը՝ անչափելի:
Բայց որպեսզի անդառնալիորեն չտարրալուծվենք այսօրվա քաոսի մեջ, համոզված պիտի լինենք, որ ողջամտությունը, ի վերջո, մոտ է լույսին ու լուսապսակին (հրոսակի, տիրացվի, վարժապետի ու հարճի տարածք չէ սա), ինչպես Հրանտ Մաթեւոսյանն էր այդքան մոտ՝ գրչով, խոսքով, ինքնությամբ:
Եվ Ինքը հաղթեց: «Նա հաղթեց,- ինչպես մի անգամ գրեց Սարոյանի մասին,- հաղթեց ու կանգնեց նույնպես հաղթած իր եղբայրների կողքին՝ Սարոյանի, Չարենցի, Խաչատրյանի, Թամանյանի...»: Որովհետեւ որտեղ Ինքն էր բնակվում, եւ բնակվում է՛, մահը չունի տարածք եւ իշխանություն. իր նոր՝ դեռեւս հնարավոր տիրույթում, դեռեւս հնարավոր հայրենիքում, օրհասական արթնացումով մկրտվելու է Հրանտ Մաթեւոսյանի քաջ ժողովուրդը. իր որդիների ժողովուրդը՝ անխառն ու բացառիկ:

Վիլյամ Սարոյան

Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:

Յուրիյ Կարաբչիևսկի

... Однажды мне позвонила приятельница из Киева и, минуя вопрос о здоровье детей, сходу сказала так:
— Я должна тебе сообщить, что в нашей стране, в наше время живет великий писатель, и ты наверняка о нем даже не знаешь.
— Знаю, — ответил я, почти не задумавшись, и назвал ей имя. 
Она разочарованно подтвердила. И хотя я тоже узнал недавно, а прочел и вовсе месяца два назад, но добавил с важностью:
— Как же, как же не знать! — И повторил окончательно и с удовольствием. — Знаю — ГРАНТ МАТЕВОСЯН!...

Անդրեյ Բիտով

....Ես չգիտեմ մի ուրիշ մարդու, որ այդքան պատկաներ իր տեղին՝ իր ծծնդավայրին։ Ըստ իս՝ նա միշտ ամաչում էր, որ լքել է ծննդավայրը. սկզբում ամաչում էր, որ տեղափոխվել էր Երևան, ամաչում էր, որ հայտնվել էր Մոսկվայում... Ու միայն աշխատասենյակի ճգնակեցությունն էր, ուր նրա առջև ճերմակ թուղթն էր։ Այդ ճերմակ թուղթն այն տեղն էր, որը նա երբեք չլքեց...»

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz