Четверг, 18.04.2024, 18:31
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մատնություն

 Ա. Մատնությունն ամենազարհուրելի չարիք անվանելն անպատեհ չէ, որովհետև բոլոր սարսռազդու չարիքների ամբողջացումն է: Քանզի նրա մեջ գտնվում են ստախոսություն, սուտ վկայություն, նախանձ, բարկություն, ոխակալություն, թշնամություն, ատելություն, քինախնդրություն, նաև ագահություն:
    Եվ ահա չարիքների այսքան դուստրերը ծնվում են հպարտություն թունալից մորից: Որովհետև եթե մարդը հպարտ չլիներ, թեկուզ որևէ կերպ վշտանար իր եղբորից, միևնույն է՝ խոնարհ հոգով կներեր նրան և այսպիսի չարիքներ չէր ձեռնարկի: Արդ, մատնիչն ի՞նչ է շահում, եթե ոչ հոգով ու մարմնով իր տուժելը. իսկ թե ինչպե՞ս, լսի՛ր ներքոգրյալը:
    Բ. Սևամաղձությամբ վարակվածը, ախտի բորբոքման ժամանակ կարծելով, թե ուրիշներին է սպանում, իրեն է մեռցնում: Այս կերպ նաև դառն նախանձով ախտահարվածն է կարծում, թե ուրիշներին տուգանքի, տանջանքի կամ մահվան է մատնում, բայց մատնվածը, տառապանքներին համբերելով, իր հոգին ապրեցնում է, իսկ մատնիչն իսկույն կորստյան է մատնվում: Մանավանդ որ ով մեկին ինչ-որ չարիքի է մատնում, նույն չարիքի մեջ և ինքն է ընկնում՝ ըստ այսմ. «Փոս փորողն իր փորած փոսի մեջ կընկնի» (տե՛ս Սաղմ. Է 16):
    Գ. Ով ոխակալությունից է մատնում, որպեսզի վրեժ առնի նրանից, ումից ինչ-ինչ վշտեր կամ վնաս է կրել, Աստծու դատաստանը դեպի իրեն է ուղղում և կամ նրա տեսչությունը վերացնում աշխարհից: Քանզի գրված է. «Իմն է վրեժխնդրությունը» (Հռոմ. ԺԲ 19), և թե՝ «Ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. Ե 22):
    Ուրեմն, ո՛վ մարդ, եթե քո դատաստանը բռնակալների ձեռքով ես տեսնում, Աստծուն ոչինչ չի մնում, որ դատի քո հանդեպ մեղանչածին, նա քե՛զ է դատում, որ անհամբեր եղար և խնդրի լուծումը չհանձնեցիր Աստծու դատաստանին կամ չվստահեցիր Աստծու տեսչությանը: Որովհետև եթե հավատայիր, թե Աստված գիտի ու դատում է մարդկանց գործերը և յուրաքանչյուրին հատուցում ըստ մտածումների, խոսքերի ու գործերի՝ այստեղ և հանդերձյալում, վրեժ չէիր փնտրի, ընկերոջդ չէիր մատնի անհագ բռնակալների ձեռքը և տուգանքի չէիր ենթարկի, այլ կհանձնեիր Աստծուն, որ դատեր, ինչպես և կամենում է:
    Դ. Ով իրավացիորեն մեկին տանում է դատարան՝ արդար վճիռ պահանջելու երկրավոր դատավորից կամ իշխանից, որոնց է հանձնված արդարության կշեռքը երկրի վրա՝ ըստ Աստծու կարգադրության, և եթե այնտեղ զրպարտում է դատվողին՝ չեղածն իբրև եղած բարուրելով, այնժամ մատնություն է գործում: Որովհետև արդարությունը պահանջում է միայն տեղի ունեցածի համաձայն ճշմարտությամբ խոսել և դատարանի վճռին հնազանդվել:
    Իսկ եթե մեկն իր իրավացի փաստերին սուտ է խառնում, որպեսզի իսպառ հաղթի հակառակորդին, շատ անգամ կորցնում է իր իրավունքը և հանցապարտ դառնում:
    Ե. Ով դատարկաշրջիկ ու ծույլ է, տարօրինակ չէ, որ նաև մատնիչ լինի. քանի որ վաստակելու համար որևէ աշխատանք չի կատարում, անմեղներին մատնում է, որ դրամ ստանա:
    Սա բանական մարդ չէ, այլ արյունարբու գազան, որ լեզվով սպանում է իր եղբորը, որպեսզի նրա արյունը խմի: Մատնվածը մեծ գումար է կորցնում, իսկ մատնիչը շահում է հազիվ տասանորդը, շատ անգամ էլ անարգվելով ձեռնունայն արձակվում, բայց դառնում է մատնվածի ողջ տուգանքի պարտապանը: Իսկ առածը չի կարողանում իր կարիքների համար գործածել, այլ անառակություններով վատնում է, որով նրա չարության հանցապարտությունը կրկնապատկվում է. առաջին՝ որ դրամի համար իր եղբորը մատնեց, երկրորդ՝ որ ստացած դրամով չարիքներ գործեց:
    Զ. Մատնիչներն ավելի հաճախ մատնում են դրացիներին ու ծանոթներին, քան օտարներին, քանի որ առաջինների խոսքերն ու գործերը ծանոթ են իրենց: Ինչպիսի՜ դժբախտություն. վայրի գազաններն իսկ չգիտեն վնասել նրանց, ում ընտելանում են՝ ըստ այս առածի, թե՝ «Գայլն իր հարևանին չի ուտում»:
    Հապա ո՞ւմ շարքն է դասվում նա, ով իր հավատակից ու ազգակից եղբորը կամ սուրբ Եկեղեցին մատնում է բռնակալներին: Պարզ է, որ Հուդայի բաժինն ունի: Որովհետև ինչպես որ նա Եկեղեցու գլխին՝ Տիրոջը, մատնեց, այդպես էլ սա մատնում է Եկեղեցին ու քրիստոնյաներին, որով նաև Քրիստոսին:
    Իսկ ի՞նչ շահեց Հուդան, եթե ոչ հավիտենական կորուստը. արծաթից օգուտ չունեցավ, կյանքից էլ զրկվեց: Այսպես է լինում և կաշառակեր մատնիչը, որովհետև կորստական դրամի հետ կորցնում է նաև իր հոգին:
    Է. Դատարկաբան շաղակրատն անգիտությամբ դառնում է նաև մատնիչ, որովհետև խոսելիս աջ ու ձախ չնայելով հայտնում է մեկի գաղտնիքը, որն ընկնում է բռնակալների ականջը, և նրան բանտ են գցում ու պատժի ենթարկում: Ահա հիմար շատախոսն իր անզգուշությամբ պարտապան դարձավ մատնվածի կրած վնասին: Ուստի բանական մարդը պետք է խոսելիս զգույշ լինի, որպեսզի որևէ մեկին որևէ չարիք չհասնի:
    Ը. Մատնություն է նաև, երբ մեկը հանիրավի վատահամբավում է նրա անունը, ում ատում է, որպեսզի վերջինս նախատվի, իշխանությունից զրկվի կամ որևէ վնաս կրի: Այս գործը մի բարոյական սպանություն է, քանզի այն անողը նախ իր սրտում սպանում է ատելի մարդու անձը և ապա վատահամբավում նրա անունը: Այս սպանությունն ավելի փոքր չարիք չէ Աստծու և մարդկանց առաջ, քան իրական սպանությունը:
    Թ. Կան և այնպիսիք, որ իշխանության համար են մատնում անմեղին, որպեսզի նրա իշխանությունն իրենց ձեռքն առնեն, սակայն մեծ սխալ են գործում, որովհետև կամ չեն հասնում այն իշխանությանը, որ ցանկանում էին, կամ իրենց հափշտակած իշխանությունը խաղաղության մեջ չեն վայելում:
    Ժ. Էլ ավելի չար մատնություն է, երբ մարդ մեկի գաղտնի մտքերը, որ իրեն վստահվել են իբրև հավատարիմ գաղտնապահի, հայտնում է ուրիշներին, որով ոչ սակավ վնաս ու շատերի կործանում են միշտ առաջ եկել ու առաջ գալիս:
    ԺԱ. Մատնիչները ոչ միայն մատնվածների աչքին են վատ ու անարգ, այլև նրանց, ում առաջ մատնում են:
    Եվ թեպետ բռնակալներն առերես շողոքորթում ու գովում են մատնիչներին, բայց մտքում անարգ ու վատն են համարում, ինչպես և կան իսկ: Որովհետև ով ուրիշներին չարիք է կամենում, բարի մարդ չէ: Ուստի նաև բռնակալներն իրենք են զգուշանում մատնիչ մարդուց, որպեսզի իրենց ևս չմատնի ուրիշներին:
    ԺԲ. Մատնիչ է համարվում նաև նա, ով երբ տեսնում է իր եղբորն ինչ-որ հանցանքի մեջ, անխոհեմաբար հրապարակում է այն և գցում ժողովրդի բերանը: Իսկ եթե կամենում է նրան ազատել մեղքի որոգայթից, բայց անկարող է այդ անել, ծածուկ թող հայտնի դարձնի հոգևոր առաջնորդին կամ խոստովանահորը և կամ խոհեմ ու գաղտնապահ բարեկամներից մեկին, որպեսզի հանցավորը նրանցից խրատվելով կամ հանդիմանվելով զգաստանա, իսկ ինքը վարձատրության արժանի դառնա: Որովհետև ով մեկին հետ է բերում չար ճանապարհից, իր հոգին փրկում է մահվանից (տե՛ս Հակոբ Ե 20):

    «Ստախոս վկան առանց պատժի չի մնա, և չի փրկվի նա, ով զուր տեղն է մեղադրում» (Առակ. ԺԹ 5):

    «Կրակարանը շիկանում է ածուխից, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ հրահրում է կռիվ» (Առակ. ԻԶ 21):

    «Դե՛ն գցեք ստախոսությունը. յուրաքանչյուրը թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը» (Եփես. Դ 25):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz