Пятница, 29.03.2024, 12:22
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Խրատի թանգարան

Հայ Առաքելական Եկեղեցու սուրբ հայրերի կյանքն ու գրական վաստակը շատերին այսօր ոչ այնքան են հայտնի, որքան որ դրանք ի հայտ են եկել տարբեր ժամանակներում, և որքան որ դրանք հետ այսու լինելու են հայտնություն: Բանի սպասավոր և գրչության մշակ նրանց անանձնական կյանքն ու անսեփական, այսինքն՝ իրենց ժամանակակիցներին ու մանավանդ հետնորդներիս հասցեագրված ժառանգությունը (ուսանելի կյանք և ըմբռնելի գրականություն) մեզ և մեզանից հետո եկողներին մատնացույց են անում դեպի բարին ու առաքինությունը, եղել են հոգևոր ջահ՝ իմացության աշտանակի վրա: Նրանք մեզ ոգեկոչել են հոգևոր միասնության, համերաշխ առաքինության և տիրապաշտ նվիրումի: Եվ թեպետ ժամանակի մեջ մեզ շատ են զգուշացրել, սակայն այլևայլ տարաժամության բերումով մենք քիչ ենք զգաստացել. մեզ ընդմիշտ են իմաց տվել, մենք ոչ միշտ ենք իմացել: Ժամանակն է լսելու, ժամանակն է իմանալու:
    18-19-րդ դդ. հայոց հոգևոր արժեքների, այլև գիտության ու մշակույթի հաստատման, ամրակայման ժամանակներ են եղել: Թե՛ մայր հայրենիքում և թե՛ տարաշխարհիկ կացության մեջ առաջ է գնացել հայոց հոգևոր կյանքը՝ վանքերում ու վանքապատկան կրթօջախներում, սրբասացության ձայնեղ աղոթքներով և մեկնաբանության ու խրատաբանության խոսուն մատյաններով:
    Եվ ահա նման մի մատյան է Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատի թանգարանը», որ գրվել է 19-րդ դ. առաջին քառորդին, գրվել է իրենից հետո եկողների, ուրեմն նաև մեզ համար, և մենք այսօր է, որ պիտի կարդանք ու իմանանք:
    Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու կյանքը եղել է նվիրում Հայ Եկեղեցուն և հայոց հոգևոր գրականության առաջընթացին:
    Կենսագրական տեղեկությունները թեև բավականին սուղ են, սակայն ամբողջական են, մանավանդ տարբեր տարիներին ծավալած գործունեության տեսակետից:
    Ծնվել է 1763 թվականին, Ադրիանապոլսում, ազգանվամբ՝ Գրիգորյան: Հայրը՝ Գրիգորը, եղել է դերձակ, և որդին մինչև 28 տարեկան դառնալը «հետևել է հորենական արհեստին» (Ն. արք. Պողարեան, Սաղիմական, Երուսաղէմ, 1998, էջ 167):
    1790-92 թթ. գնացել է Պոլիս, այնուհետև Եգիպտոս և Բաղդադ՝ հայերեն, արաբերեն և պարսկերեն սովորելու նպատակով: Այսպիսով մինչև 1793 թ., այսինքն՝ բավականին հասուն տարիքը, նա տիրապետելիս է եղել ոչ միայն մայրենի լեզվին (նաև գրաբար), այլև արևելյան կարևոր երկու լեզուների: Մինչ այդ գիտեր թուրքերեն (նրա հեղինակությամբ մեզ է հասել հայատառ թուրքերենով գրված մի «Քարոզ»): Այս փաստերը ցույց են տալիս, որ եղել է ուսումնատենչ անձնավորություն, մի հանգամանք, որը հետագայում արժանանում է լուրջ ուշադրության Պետրոս պատրիարք Եվդոկացու (1793-1800 թթ.) կողմից: Ուստի նրան ձեռնադրում են աբեղա (1797 թ.) և կարգում նվիրակ Զմյուռնիայի, Բուրսայի և Կուտինայի: Այնուհետև, 1809 թ. նշանակվում է Պոլսի փոխանորդ, 1814 թ. ձեռնադրվում եպիսկոպոս:
    1815 թ. դեկտեմբերի 3-ին Պողոս Ադրիանապոլսեցին ընտրվում է Թուրքիո Հայոց պատրիարք, և հոգևոր այդ սպասավորմանը մնում մինչև 1823 թ. (հոկտեմբերի 18): Եվ մինչև 1841 թ. ստանձնել է հոգևոր զանազան ծառայություններ, հատկապես 1824-1841 թթ., երբ իրականացրել է Սրբոց Հակովբյանց վանքի ծայրագույն կառավարչի գործը: Հետագայում, տարիքն առնելու, տեսողության կորստյան (1842 թ.) հետ «ընկնում է անկողին» (1846 թ.): Վախճանվում է 1853 թ. մայիսի 5-ին և թաղվում Ս.Փրկչի գավթում, հանգուցյալ պատրիարքների կողքին:
    Պողոս Ադրիանապոլսեցին ունեցել է «պերճախոս հոգևորականի» համարում: Մեզ են հասել նրա հեղինակած և թարգմանած երկերը: Գրել է զգալի թվով աշխատություններ, որոնք ավանդված են տպագիր կամ ձեռագիր վիճակով. «Պատմութիւն անցից, որ եղեւ ի Կ.Պոլիս» (Կ.Պոլիս, 1824 թ.), «Բուրաստան Ս. Երուսաղէմի» (1798 թ., Ձեռ. Սբ. Յկ. 437), «Հաւատամք ի գրոց Յովհաննու Երզնկացւոյ» (ՄՄՁ, 3300), «Քարոզ» և այլն: Ժամանակի ընթացքում տարբեր հեղինակների երկերի համառոտումով և թարգմանությամբ թողել է աստվածաբանական և մեկնողական հարուստ գրականություն. «Զանազանութիւն Հինգ դարուց» (հեղ.՝ Պ.Տ. Ֆերգ, հհ. 1-3, Երուսաղէմ, 1838-1840 թթ., այլև այդ երկի Բառարանը, 1844 թ.), «Մեկնութիւնք ԺԲ Մարգարէից եւ Յայտնութեան Յովհաննու» (հեղ.՝ Կուռնելիոս, համառոտ., 1797 թ., Ձեռ. Սբ. Յկ. 382), «Մեկնութիւն Հնգամատենի» (հեղ.՝ Կուռնելիոս, համառոտ., 1798 թ., Ձեռ. Սբ. Յկ. 1820), «Մեկնութիւն Եզեկիէլի եւ Դանիէլի» (հեղ.՝ Կուռնելիոս, համառոտ., 1798 թ., Ձեռ. Սբ. Յկ. 383), «Մեկնութիւն Եսայեայ» (հեղ.՝ Կուռնելիոս, Ձեռ. Սբ. Յկ. 267) «Մեկնութիւն Երեմիայի» (հեղ.՝ Կուռնելիոս, համառոտ., շուրջ 1800 թ., Ձեռ. Սբ. Յկ. 432, թերի), «Անտառ այլաբանութեան» (հեղ.՝ Հերոնիմոս Լաուերդոս, Ձեռ. Սբ. Յկ. 385), «Անտառ նորագոյն մտածմանց» (հեղ.՝ Գալամատոս, Ձեռ. Սբ. Յկ. 1830):
    Ավելորդ չենք համարում ավելացնելու, որ մեզ են հասել բազմաթիվ «Թղթեր», որոնց հեղինակները (Հովհ. Վանանդեցի, Մ. Կյումուշխանեցի և այլք), անդրադառնալով ժամանակի հուզող այս կամ այն հարցին, դրանք ուղղել են Պողոս Ադրիանապոլսեցուն (տե՛ս ՄՄՁ, 139, 175, 2696, 2864, 3300, 9261 և այլն):
    Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու երկերի մեջ նշանակալից երևույթ է «Խրատի թանգարանը», որը գրված է մեծ սիրով ու նվիրումով, երևույթի վերլուծության և մեկնաբանության ամենայն մանրամասնությամբ, ժամանակի գրաբար լեզվով, որն այդուհանդերձ բավականին մատչելի է և պարզ:
    Առհասարակ խրատը մեծից փոքրին մատուցվող խոսք է, իմաստուն և բանիմաց մարդու դաստիարակչություն դեռահասին և թերիմացին, հոգևոր սպասավորի մաղթանք առօրյայից դեպի երկնայինը երազողին ու նախապատրաստվողին:
    Հայտնի է, որ հայ միջնադարյան գրականության մեջ խրատը մի առանձին տեսակ (ժանր) է եղել: Լայն առումով խրատը մտնում է առակի ժանրի մեջ: Շատ հաճախ այն կոչվում է և առակ, թեև այս վերջինից տարբերվում է նրանով, որ չի ունենում այլաբանական շեշտվածություն, այլ դիպաշարը կառուցված է լինում ուղղակի իմաստով:
    Հոգևոր խրատը բոլորովին տարբերվում է թե՛ նպատակադրումով և թե՛ բովանդակությամբ: Այն սովորեցնում է լցվել առաքինություններով և հեռու մնալ մոլություններից: Հայ իրականության հոգևոր դաստիարակման անսպառ աղբյուր է եղել իր եկեղեցին: Նրանից բխող երկնամբարձ լույսը սփռվել է նաև դեպի այդ եկեղեցին եկող հավատացյալների հոգու մեջ: Մեզանում հոգևոր խրատը գալիս է քրիստոնեության ընդունումից ի վեր: Այդ ժամանակից էլ գրվում են բազմաթիվ մատյաններ, որոնցում սուրբ հայրերի ձեռքով մատնացույց է արվում բարու և առաքինության ճանապարհը, չարից հեռու մնալու և նրան ընդդիմանալու տոկունության միջոցը:
    Եվ ահա այդպիսին է նաև Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատի թանգարանը», որ մի տեսակ խտացումն է սուրբ հոգևորականի բարեպաշտ փորձի և իմաստնության, որ ավանդում է իր ժամանակակիցներին ու հետնորդներին: Նման խրատներ մեզանում միշտ եղել են, միշտ նպաստավոր են եղել, և այսօր ևս մենք մեծապես զգում ենք դրանց կարիքը: Իր խրատանու մասին Պողոս պատրիարքը հատուկ նկատառումով հետևյալն է գրում. «Ոչ ոք թող չասի, թե անթիվ են սուրբ հայրերի կամ իմաստասերների խրատական գրքերը, մանավանդ որ Աստվածաշունչ մատյանն ամենուրեք անշեղ ուղեցույց է բարու ճանապարհը ցանկացողներին: Եվ ի՞նչ, մի՞թե անհարկի բան է միևնույն օգտակար դեղը զանազան եղանակներով մատուցելը տկարներին, ոմանց՝ դառնահամ, և ոմանց՝ քաղցրահամ, որովհետև մեկն այս, իսկ մյուսն այն է ախորժում ստանալ»:
    Եվ այդպես էլ վարվում է սույն «Խրատի» հեղինակը. նախ՝ խրատներ է տալիս այս կյանքով ապրողներին՝ սկսած առաջնորդներից ու քահանաներից, հասնելով իշխաններին ու իշխանավորներին, այնուհետև ընդհանրական միավորին՝ ժողովրդին, խրատում է նրանց լինել ազգասեր, լինել ուսուցիչ, և ծնող լինելու դեպքում դաստիարակել առաջադեմ ու առողջ հասարակություն, առաքինասեր վարքով ապրող հանրություն: Այնուհետև՝ ընտանեկան հարաբերություններում լինել ծնողասեր, երիտասարդության մեջ՝ աշխատանքով ու բարյացակամ տրամադրությամբ ապրող մշակ: Հասարակության անդամների ձգտումը պիտի լինեն գիտությունը, այս կյանքի բարվոք վիճակը, երջանկությունը: Ինչպես առօրյա կյանքում ենք եռանդուն, այդպես էլ պիտի անհապաղ լինենք առաքինության և խոհեմության, գաղտնապահության և խղճմտանքի մեջ: Բարին ու բարեկամասեր լինելու պարագային մեզ զարդարելու են արդարամտությունը, ճշմարտասիրությունը և հյուրասիրությունը: Առօրյա պահանջմունքի մեջ լինել չափավոր, զբաղվել բնության անխաթար պահպանումով, մշակման ու ծաղկեցման գործով: Հնազանդություն մեծերին և Ամենամեծին՝ Տիրոջը, խոնարհություն Տիրոջ կամքին և երկյուղածություն Նրա զորության հանդեպ: Համբերություն այս տառապալից կյանքում և խոկում մահվան շուրջ: Այս ամենը, որն այլ կերպ մեկնաբանելն ու մանրամասնելը երևի թե հնարավոր չէ, կազմում է «Խրատի թանգարան» երկի այն մասը, որը գրված է բարության, առաքինության հաստատման նպատակով: Դա նկատում ենք գրքի առաջին մասում, որն ավելի ծավալուն է և մանրամասն:
    Գրքի երկրորդ մասը ներառում է մարդկային մոլություններից ձերբազատվելուն վերաբերող խրատները: Մարդկային անպահեցողական կյանքից են առաջ գալիս այդ մոլությունները, որոնք այլ բան չեն, քան մոլորություններ: Այստեղ էլ հեղինակը իմաստուն խոհականությամբ նախ պարզաբանում է, թե ինչ արատներ են չարությունն ու հպարտությունը, անտեղի (մանավանդ նյութական) շռայլությունն ու իմացության ժամանակի վատնումը, այնուհետև՝ ցույց է տալիս, որ հոգեկան վրիպումներ են նախանձը և ապերախտությունը, բարկությունը, ագահությունը և անգործությունը, անձնախեղդ որկրամոլությունը և հարբեցողությունը և այլն: Նշում է, որ մտավոր հանդարտությանը վնաս են տալիս բամբասանքն ու անտեղի դատապարտումը: Պակաս աղետ չեն մարդու աշխարհային կյանքում տեղ գտնող հայհոյությունն ու մատնությունը, սուտն ու նույնպիսի վկայությունը, նաև նույն կարգի երդումը: Պետք չէ, որ մարդու կյանքին ուղեկից լինեն կախարդությունն ու հուսահատությունը: Եվ այդպիսի մոլություններից զերծ մնալը պահանջում է անկոտրում կամք, անխափան եռանդ՝ գայթակղություններից ձերբազատվելու հարատև պայքարի մեջ: Ամեն օր և ամեն պահ լինել անկոտրում չարի անագորույն ոտնձգությունների հանդեպ: Բարության սերմերի ծլարձակումն ու վերընձյուղումը ապահովել մաքրակենցաղ աշխատասիրությամբ և ջերմեռանդ նվիրումով, մշտարթուն հոգածությամբ սիրել մերձավորին ու բարեկամին, լույսի ու մտքի սերմանողին:
    «Խրատի թանգարանի» վերջին մասում տեղ են գտել նաև էջեր, որոնցում խոսվում է քրիստոնյայի փրկության անհրաժեշտ միջոցների մասին. դրանք են՝ ապաշխարությունը, պահքը, ողորմությունը: Ամենավերջում խոսվում է Աստծու ընտրյալների հավանական նշանների վերաբերյալ: Եվ այս ամենը շարադրվում է պարզ ու դյուրըմբռնելի ձևով, իր ազգի մարդկանց հոգու մեջ եկեղեցասիրության ամրակայման նպատակով:
    Եվ ամենից առաջ եկեղեցասիրություն, այնուհետև հավատ և սեր բարեկամի, ընկերոջ նկատմամբ, այնուհետև նվիրում գործի ու կատարելիքի մեջ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և տարբեր ժամանակներում նրա հայրերի ստեղծած գրական ժառանգությունը այսօր ևս միակ ու անփոխարինելի օրինակ են հայության զավակաց համար: Հիշենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի այն միտքը, որ «Եկեղեցին միութիւնն է այն անձանց, որոնք հաւատում են Քրիստոսի վարդապետութեանը, մասնակցում են Նրա կեանքին որպէս անդամներ Նրա հաստատած Ս. Եկեղեցուն, Քրիստոս Ինք լինելով գլուխը այդ մարմնի, առանցքը այդ միութեան. «Եւ զնա (զՔրիստոս) եդ (Աստուած) գլուխ ի վերայ ամենայն իրիք եկեղեցւոյ, որ է մարմին նորա, լրումն որ զամենայն յամենայնի լնու» (Թուղթ առ Եփեսացիս ԺԲ 5), (Գարեգին Բ Կաթողիկոս, «Հայաստանեայց եկեղեցին իր «ծառայական կերպ»ին մէջ», Անթիլիաս, 1994 թ.,):
    Գիրքը գրված է ներհուն հոգևորականի, իմաստուն խրատողի գրչով: Ամեն մի երևույթ բացատրվում է լայն մեկնաբանությամբ ու վերլուծությամբ: Ամենուրեք նկատելի է խրատողի փորձն ու համոզողի հոգեբանությունը. մեջբերումներ և վկայակոչումներ Աստվածաշունչ գրքից, քրիստոնեական եկեղեցու մյուս գրքերից, եկեղեցու հայրերի աստվածաբանական ու մեկնաբանական երկերից, ինչպես նաև հին աշխարհի և հայոց հեռու ու մոտիկ անցյալի հանրածանոթ, խրատաշահ գրքերից, ասույթներից:
    «Խրատներն» ունեն հստակ և կուռ կառուցվածք. նյութի շարադրանքը տրվում է բովանդակային ամբողջություն կազմող հատվածների (նաև պարբերությունների) գլխակարգումով, որոնցով ավելի մատչելի են դառնում ողջ խրատի ընկալումն ու յուրացումը:
    Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին 19-րդ դ. այն մտավորական հոգևորականներից է, որոնք գործելով հիմնականում դարի առաջին կեսին, շարունակում էին իրենց կարևորագույն երկերը գրել ժամանակի գրաբար հայերենով:
    «Խրատի թանգարան» գիրքը ևս գրվել է գրաբարով, որի պատճառով էլ ոչ բոլորն են, որ ժամանակի ընթացքում ընթերցել են հանրագիտարանի տպավորություն թողնող այդ արժեքավոր երկը: Այդուհանդերձ այն եղել է տարբեր ժամանակների գրասեր ու աստվածապաշտ մարդկանց լայն ընթերցման գիրք: Վերջինս գրված է առհասարակ հարուստ լեզու և գրաբարի սքանչելի իմացություն ունեցող հեղինակի ձեռքով: Այդ են վկայում ոչ միայն գրաբարի դրսևորումն ըստ ամենայնի, այլև նոր ժամանակի (18-19-րդ դդ.) այդ նույն լեզվի բառային և քերականական կառուցվածքին լիովին տիրապետելը, նոր բառերի և բառային նոր իմաստների ազատ ու ճշգրիտ գործածությունը և այլն: Նկատելի են բազմաթիվ նոր բառեր. օրինակ՝ նորաքայլ (Եւ յայսոցիկ մշտամարտ թշնամեաց առաւել քան զայլս վնասին նոքա, որք նորաքայլ են եւ յողդողդուն ի բարեգործութեան ճանապարհի), ազատաքայլ (Իսկ մինչ յարատեւեն ի գործս բարի, լինին ազատաքայլ եւ անսայթաք), կենսաւոր (Իսկ եթէ ոստն իցէ դալար, յայտ է, թէ արմատ նորա է կենսաւոր), աղքատալեզու (Եւ ոչ ածեն ի միտ, թէ ողջոյն ազգն նախատելի լինի առաջի այլոց ազգաց իբրեւ աղքատալեզու) և այլն: Կան բառերի իմաստային նոր կիրառություններ. օրինակ՝ անմէջ «անմիջական, չմիջարկված» (Արդ՝ նուիրումն անձին ձրիապէս՝ է գործ ազատաբարոյի, իսկ ակնկալութիւնն վարձուց է գործ ծառայի, զի այս երկուց ծայրք են անմէջ) և այլն: Հեղինակի խոսքը հագեցած է ժամանակի լեզվամտածողությանը բնորոշ ոճերի ու արտահայտությունների տեղին, պատշաճ գործածությամբ: Միանգամայն տեղի կլինի, եթե ասենք, որ այս գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, որովհետև գրված է շատ մատչելի լեզվով, հայրական խորհուրդներով ու հանդարտ մատնանշումներով դեպի այս կամ այն երևույթը, դեպի այս կամ այն կարևորությունը կամ անկարելիությունը:
    Եվ այս ամենը հանգամանքներ են, որոնց անդրադառնալը հարկավոր է այն առումով, որ «Խրատի թանգարանը» այժմ ներկայացվում է մեր հավատացյալ ժողովրդին՝ ի նպաստ նրա առաջ գնալուն բարությունների մեջ և ի գիտություն նրա թերացումին՝ մոլորություններին տեղիք տալու առումով:
    «Խրատի թանգարան» գիրքը թարգմանվել է Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, որը ամեն մի թարգմանչի համար կարող էր լիովին պարտավորեցնող լինել, և այդպիսի մի պարտաճանաչություն այս դեպքում ըստ կարելիության իրականացված է: Ընթերցելով գրքի այս թարգմանությունը, որը կատարված է գրաբար բնագրի 3-րդ տպագրությունից (Երուսաղեմ, 1870 թ.), շատ ուսանելի ու օրինակելի բաներ կգտնի ընթերցողը, շատ խոտելի ու անհարկի բաներ էլ կարելի կլինի թոթափել, հաղթահարել:
    Միանգամայն վստահեցնող է հեղինակի հետևյալ նկատառումը. «Տիրոջ շնորհով հույս ունենք, թե շատերն այս գրքի ընթերցումով իրենց համար օգուտ կքաղեն և առաքինության նազելի գեղեցկության սիրով վառվելով՝ կզարդարվեն բարի գործերով: Որովհետև ինչպես որ մարդն անձնիշխան կամքով Աստծու պատկեր է, նաև բարոյական առաքինությամբ պիտի լինի Աստծու կամքին համաձայն, որով կբարձրանա՝ նմանվելու Աստծուն, ընդունելու առաքինության գործերի արդյունքը՝ երանական փառքը, որ խոստացավ Աստված իր սիրելիներին: Եվ ահա այս մտքով ջանացինք աշխատասիրել այս մատյանը՝ հուսալով Աստծու առատ ողորմությունը, թե մեզ ևս վարձքից անմասն չի թողնի՝ ըստ այսմ. «Ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ դարձնի, կփրկի իր հոգին մահվանից և կծածկի բազում մեղքերը» (հմմտ. Հակոբ Ե 20):
    Հայոց եկեղեցու մեծ սպասավոր Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցու «Խրատի թանգարան» գիրքը արդի հայերեն թարգմանությամբ, կարծում ենք, շատ կողմերով կօգնի մեր հավատացյալ ժողովրդին՝ հավատքի մեջ ամրանալու, առօրյայի մեջ մաքրվելու, մտքի մեջ միակամ լինելու համար:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz