Среда, 24.04.2024, 23:49
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ժողովուրդ

    Ա. Ինչպես որ առաջնորդներն ու իշխաններն են սիրում հասարակությունը և պես-պես աշխատանքներ ու նեղություններ միշտ կրում նրա օգտի ու խաղաղության համար, այդպես էլ հասարակությունն ու բոլոր ստորադրյալները պիտի սիրով հնազանդվեն առաջնորդի ու իշխանի հրամաններին և ճանաչեն իրենցից յուրաքանչյուրի օգտի համար նրանց արած բարերարությունները:
    Իսկ եթե չեն ճանաչում իրենց բարերարների երախտիքներն ու հարգը և համառելով արհամարհում են նրանց հրամանները, այնժամ Աստված, ժողովրդի ապերախտության վրա բարկանալով, խնամակալ ու բարեջան առաջնորդներին ու իշխաններին վերցնում է և նրանց փոխարեն տալիս զրկողների ու չարահույզների: Ուստի աստվածային բարկության ու պատիժների նշան է բարեբարո իշխանների պակասումն ու չարաբարոների հաջորդումը:
    Բ. Պետք ու պատշաճ է, որ ժողովրդի բոլոր ներկայացուցիչները նախ՝ բարի համարում ունենան օգտաշահ ամեն խոսք ուսուցանող առաջնորդի մասին և ասողի միտքը չհասկանալու պատճառով թյուր կերպով դատելով՝ սրտում չարհամարհեն նրան ու չօտարանան նրանից: Երկրորդ՝ նրան ճանաչեն իբրև հասարակության օգտախնդիր ու հայրենատուր օրենքի վրեժխնդիր և կարգուկանոնի համար նրա՝ ոմանց պատժելու պատճառով միմյանց հետ չշշնջան ու չբամբասեն, թե ատելությունից է այդ անում և այլն: Երբ ժողովուրդն այս երկուսը չի ունենում, առաջնորդի բոլոր խոսքերն ու գործերը հակասական ու կասկածելի են նրան թվում. ուստի վերանում են առաջնորդի հանդեպ ժողովրդի հնազանդությունն ու ժողովրդի հանդեպ առաջնորդի սերը:
    Գ. Ազգը բարեբախտ է, եթե ունի խոհեմ ու իմաստուն առաջնորդ, բայց ավելի բախտավոր է, եթե ունի Եկեղեցու առաջնորդներին հնազանդ ժողովուրդ: Քանզի ժողովրդի՝ հոգևոր իշխանավորների խրատական խոսքերին ու պատվերներին հպատակությունն Աստծուն է վերաբերում՝ ըստ այսմ. «Ով որ ձեզ է լսում, Ինձ է լսում» (Ղուկ. Ժ 16):
    Բայց կան ոմանք, ովքեր ինչ թերություն որ տեսնում են որևէ եկեղեցականի մեջ, բոլոր եկեղեցականների վրա են տարածում և բոլորին քննադատում ու բամբասում: Նրանք գոնե աստվածային Գըրքին թող լսեն. «Քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր» (Ելք ԻԲ 28):
    Դ. Քաղաքի կամ ազգի իշխանը նման է մարմնի վրա գտնվող գլխի, իսկ ժողովուրդը՝ անդամների՝ ըստ յուրաքանչյուր կարգի ու աստիճանի: Եվ ինչպես որ մարմնի բոլոր անդամները ծառայում են գլխին, որպեսզի որևէ վնաս չհասնի նրան, ինչպես երբ թշնամին սուրը պարզում է մեկի գլուխը հատելու, վերջինիս ձեռքն արագորեն առաջ է գալիս հարվածն իր վրա վերցնելու, կամ երբ մարդ քար է շպրտում մեկի աչքին, բազուկը դեմքը ծածկում է, և թեպետ գլուխը, աչքերն ու ձեռքերը մի մարմնի անդամներ են, սակայն ձեռքն ինքն է որևիցե արկածի դեպքում առաջ գալիս պաշտպանելու գլուխն ու աչքերը, քանզի բնությունն իսկ ուսուցանում է, թե նվաստը պիտի ծառայի պատվականին, այդպես և Եկեղեցու առաջնորդները, ազգասեր իշխաններն ու գլխավորներն իբրև գլուխ ու աչքեր են, իսկ հասարակությունը՝ իբրև ձեռքեր: Ուրեմն հարկ է, որ ժողովուրդն ազգի գլխավորներին պատվական համարի, հոգաչափ ճգնի, որպեսզի որևէ վնաս չհասնի նրանց, ճանաչի, թե նրանք հայրենասեր ու խորագետ են, և նրանց բարեկարգ հրահանգներին ամենայն հոժարությամբ հլու ու հպատակ լինի: Քանզի գլխավորների տկարանալու կամ պակասելու դեպքում հասարակությունն անմիջապես հուսալքվելով թուլանում է, նրա վայելչությունը, հարգն ու համբավը վերանում են, և օտար ազգերին ոտնակոխ է լինում:
    Ե. Խոհականության մեջ մեղուները բոլոր կենդանիներից ավելի գերազանց գտնվեցին՝ իրենց հասարակության վրա մի նախագահ ու իշխան կարգելով, ամենայն ակնածությամբ նրան հնազանդվելու համար: Եթե գլխավոր չունենային նրան հնազանդվելու համար, իրենց միաբանությունը քանդվելով կպառակտվեր, և չէին կարողանա իրենց փեթակները մեղրով լցնել:
    Այս օրինակով էլ պատշաճ է իմանալ և բազմաքանակ ժողովըրդին, որը եթե առաջնորդ ու իշխան ունի և նրանց հնազանդվում է, լցվում ու հարստանում է հոգու ու մարմնի ամեն բարիքով, իսկ եթե յուրաքանչյուր անհատ ինքն իրեն է գլուխ ճանաչում, ժողովրդի մեջ անկարգություն ու շփոթություն են տիրում, և մարդիկ ամեն բարիքից զրկվում են՝ նմանվելով իշամեղուների, որոնք ո՛չ գլուխ ունեն, ո՛չ կարգ ու ո՛չ միաբանություն, ուստի և չեն կարողանում մեղր պատրաստել, անարգ են և ամենքի կողմից հալածված:
    Ուրեմն՝ ժողովուրդը գլխավորներ պիտի ունենա և հոժարակամ սիրով հնազանդվի նրանց, որպեսզի բարեվայելուչ կարգուկանոնով ու շինությամբ ազգն օրեցօր պայծառանա, հոգևոր ու մարմնավոր բարեմասնությամբ բարգավաճի:
    Զ. Խելք ունեցող մարդկանցից ոչ ոք չի կարող երկմտել կամ հակառակել այս հայտնի ճշմարտությանը, թե առանց գլխավորի հնարավոր է հաստատուն լինել որևէ բարեկարգության մեջ: Բայց գլխավորին հատուկ է հպատակներ ունենալը, իսկ հպատակներին էլ՝ միամիտ հնազանդություն իրենց գլխավորի հանդեպ: Ուր այս երկուսից մեկը պակասում է, այնտեղ բարեկարգություն չի գտնվում, և հետևաբար որևէ ազգօգուտ շահեկանություն բնավ չի երևում, որովհետև երբ վերանում է պատճառը, վերանում է և գործը: Իսկ պատճառը բոլոր գործերի, որոնցով ազգը պանծալի է լինում, բարեկարգ սահմանադրությունների հաստատումն է:
    Է. Ի՞նչ օգուտ, որ ազգի մեջ կամ քաղաքում խոհեմ ու ազգասեր իշխան կա, եթե հասարակությունը նրան չի հնազանդվում և նրա օգտակար խոսքերին չի անսում: Եվ ի՞նչ օգուտ է ժողովրդի հնազանդ ու բարեմիտ լինելը, եթե նրա մեջ արժանավոր իշխան չկա, որ նրան առաջնորդի դեպի բարին ու օգտակարը, հասարակությանը պաշտպանելու համար դիմագրավի վտանգավոր դիպվածներին ու իրեն վտանգի ենթարկի:
    Այսուհանդերձ, խոհեմ իշխանն առանց ժողովրդի կարող է, իբրև հասարակ մարդկանցից մեկը, անվրդով ապրել, միայն իր ու իրենների հոգսերը քաշել և իր առանձնության մեջ երջանիկ լինել, բայց բազմաքանակ ժողովուրդը չի կարող առանց իշխանի ու բարեկարգ սահմանադրության, յուրաքանչյուրն իր անձի օրենսդիրը լինելով, անխռով մնալ ու երջանիկ լինել:
    Քանզի ժողովրդի ներկայացուցիչներից շատերն աջն ու ձախը չեն ճանաչում, օգտակարն ու վնասակարը տարբերել չեն կարողանում, ուստի շատ անգամ իրենց բարերարին բամբասում ու անիրավ դատումով վշտացնում են, որով մեղանչում են ոչ միայն մեծամեծ բարիքներ գործած իշխանի հանդեպ, այլև նրանց այդպիսի իշխան տված Աստծու. այս պատճառով էլ Աստծուց բազմիցս պատժվում են իրենց ապերախտության համար:
    Ը. Ազգի ողջ հասարակությունը խիստ վայելուչ կերպով նման է ծառի. գլխավորները գրավում են արմատի ու բնի տեղը, իսկ ժողովուրդը՝ ոստերի: Եվ ինչպես որ ծառերի ոստերն են ամեն քամուց շարժվում, և նրանց միջի անզորները, հաճախ չկարողանալով տոկալ քամու զորությանը, կոտրվում են ու բնից հեռու ընկնելով՝ չորանում, այդպես էլ ժողովրդի միջի տկարամիտներն են ամեն շշունջից աղմկելով վրդովվում և իրենց գլխավորների խորհուրդներն ու կամքն արհամարհելով՝ իրենց նրանցից հեռացնում, որով ոչ այլ ինչ են շահում, եթե ոչ իրենց վնասն ու ազգի կործանումը:
    Թ. Ազգի փառքը նրա գլխավորներն են. որովհետև որքան գործերով ու խոսքերով մեծաշուք ու զորավոր են գլխավորները, այնքան գովելի է ազգի անունը, և երանելի է համարվում նրա յուրաքանչյուր անհատ, ինչպես որ հարավի դշխոն երանում էր Սողոմոնի ծառաներին, որ այնպիսի իմաստուն տիրոջ էին ծառայում (տե՛ս Գ Թագ. Ժ 8):
    Ուրեմն՝ այն ժողովուրդը, որ սիրում ու պատվում է իր գլխավորին, իր փառքը մեծացնում է:
    Իսկ գլխավորների փառքն ազգի առանձին-առանձին անհատներն են: Բայց նրանց այս փառքը ոչ թե անհատների շատության մեջ է, այլ օրենքի բարեկարգության և միմյանց հետ միաբանության. որովհետև անխրատ ու խաժամուժ մեծաքանակ ամբոխներն առավել վնաս են գործում, քան օգուտ: Սակայն վայել չէ, որ բարի իշխանը, բիրտ ու աներես անձանց անշնորհք խոսքերից ու գործերից վշտանալով, ազգօգուտ գործերից հրաժարվի: Քանզի ազգի հասարակության մեջ գտնվում են ո՛չ սակավ ազնվաբարո, խոհեմ ու բարեսեր անձինք, որոնք քաջ ճանաչում են երախտավորներին ու իշխանների պատիվը: Միայն թե նրանք համազգիներին պիտի հորդորեն հնազանդ լինել երախտագետ ու պատվադիր ազգասեր բարերարներին և նրանց համար աղոթել, որ օրըստօրե շքեղափայլ պայծառանան բարօրության ու հաջողության, հասարակության հանդեպ սիրո ու խնամքի մեջ, ինչով առավել ազգը կփառավորվի նրանց մեջ, իսկ նրանք՝ ազգի մեջ: Քանզի Աստված, երբ տեսնում է գլխավորների ու ժողովրդի ջանքն ու սերը, ինքն է շտապում ամենքին լցնել հոգևոր ու մարմնավոր բարիքներով՝ ըստ այսմ. «Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ, թե՝ ի՞նչ եք ուզում» (Եսայի ԿԵ 24):

    «Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ,
    որ ճանաչեք և գնահատեք ձեր վաստակավորներին,
    Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաև ձեզ խրատողներին.
    և առավելագույն սիրո արժանի համարեցե՛ք նրանց՝
    իրենց աշխատանքի համար» (Ա Թես. Ե 12-13):

    «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն» (Եբր. ԺԳ 17):

    «Ամեն մարդ, որ իշխանության տակ է,
    թող հպատակի նրան. քանզի չկա իշխանություն,
    որ Աստծուց չլինի» (Հռոմ. ԺԳ 1):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz