Пятница, 19.04.2024, 04:46
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Իշխան


    Ա. Աշխարհի փառքն՝ իբրև հոյակապ նավ, անդադար ծփում է ծովի հորձանքներում, և ով նավի մեջ է, մահվան տագնապ է կրում և ցանկանում է ափ դուրս գալ, իսկ ով ցամաքում է, հեռվից տեսնելով նավի գեղեցկությունը՝ ցանկանում է նրա մեջ մտնել և չի զգում, թե որքա՛ն վտանգ կա առջևում՝ մինչև այնտեղ մտնելը, և որքա՛ն դառը վիշտ պիտի կրի այնտեղ գտնվելիս:
    Զարմանալի է, որ մեկը շտապում է նավից դուրս գալ, իսկ մյուսը՝ ներս մտնել. նման նրան, որ երբ ցանցերում բռնված ձկները խուճապի մեջ զեռում են, դրսում գտնվող ձկները կարծում են, թե ուրախալի տոն է այնտեղ, և ցնծությունից խայտալով՝ շտապում են իրենք ևս ներս մտնել:
    Մեկը, փառքի տառապանքների փորձն առած, ջանք է գործադրում հեռանալու, իսկ մյուսը, տակավին անփորձ, ջանում է այդ փառքին հասնել: Երանի՜ նրան, ով մտավ այս նավը և անվընաս ելավ. և առավել երանի նրան, ով երբեք այստեղ չմտավ: Բայց ո՞վ կարող է այս ճշմարտությունը հավաստել նրանց, ովքեր դեռ ցամաքում են, այսինքն՝ դեռ փառքի փորձը չեն առել:
    Բ. Երբ մասերը խանգարվում են, խանգարվում է և ամբողջը, ինչպես երբ խախտվում է հիմքը, խախտվում ու փլչում է նրա վրա հաստատված շինվածքը: Եվ արդ, մարդու մարմինը բաղկացած է տարրերից՝ իբրև մասերից, և որքան ժամանակ տարրերը բարեկարգ են, մարմինն այնքան ժամանակ առողջ է, բայց երբ նրանց բարեկարգությունը խախտվում է, մարմինը տկարանում է, հիվանդանում և մեռնում:
    Տերության կամ ազգի մարմինը բաղկացած է օրինապահ իշխանից, աշխատասեր հպատակներից, իրավունքի արդարությունից ու սահմանակից ազգերի հետ խաղաղությունից: Իսկ երբ սրանց բարեխառնությունը խախտվում է, իշխանությունը կամ հասարակությունը թուլանում ու նվաճվում է կամ լինում է կործանման վտանգի մեջ, կամ էլ իսպառ կործանվում: Ուստի իշխանը պիտի օրինապահ լինի, որպեսզի նաև մյուս բոլոր մասերը, որոնցից բաղկանում կամ հաստատվում է հասարակությունը, մնան բարեկարգության մեջ, և տերության կամ ազգի ողջ մարմինը մնա զորավոր ու հաստատ: Կառավարիչների սխալներն աղավաղում են իշխանների ու առաջնորդների բարի համբավը:
    Գ. Բարերար իշխանն իբրև լուսափայլ արեգակ է, և ինչպես անուսներն ու մտքով կույրերն ըստ արժանվույն չգիտեն այն առողջարար զորությունն ու հարկավոր օգտակարությունը, որ արեգակը ջերմության ու լույսի միջոցով գործում է այս ընդհանուր աշխարհի ամբողջ բնության մեջ, այդպես էլ ռամիկը, ինչպես պետքն է, չգիտի բովանդակ հասարակության մեջ իշխանի գործած ազգօգուտ գործերն ու բարերարությունները:
    Բայց բարեսիրտ մարդը պիտի ների նրանց տկարամտությունը և չդժգոհի. որովհետև եթե նրանց՝ իր երախտիքները չճանաչելու պատճառով դադարի բարին գործելուց, կդառնա իբրև հասարակ մարդկանցից մեկը, և նույնն է, թե արեգակը խավարի:
    Այլ ինչպես հայտնի է, որ երբ արեգակը խավարում է, ողջ բազմությունը դրա վրա պշնում է, և շատերը դրանից բազում բաներ են գուշակում, այդպես էլ երբ իշխանը դադարում է բարիք գործելուց, ամենքը վրդովվում են, տարբեր բաներ մտածում և ոչ տեղին կասկածներով շատ բան խեղաթյուրելով՝ խոսում: Եվ ինչպես արեգակը հարկ եղած օրենքով անդադար շարժվում է իր պարտավորությունը կատարելու համար, որն աշխարհի օգուտն է, եթե նույնիսկ աշխարհը չի ճանաչում նրա երախտիքները, այդպես և իշխանը, քանի որ Վերին Նախախնամությամբ բարձրացել է ազգին գլխավորելու պատվին, պարտավորություն ունի բարին անելու և երբեք չդադարելու, եթե նույնիսկ հասարակությունն ընդունակ չլինի երախտագետ լինելու:
    Դ. Որևէ վերատեսուչ կամ իշխան ոչ միայն իր առաքինությունների վարձը պիտի ժառանգի, այլև նրանցը, որոնց բարեգործության պատճառն է եղել խոսքով կամ գործով: Իսկ ով անկարգ ձևով է վարվում, ոչ միայն ի՛ր ապիրատ գործերի պատիժը կընդունի, այլև նրանցը, որոնց չար օրինակ եղավ իր զեղծ վարքով կամ իր անհոգությամբ նրանց թույլ տվեց չարիք գործել:
    Ե. Ժողովրդի գլխավորների վայրկենական սխալմունքը մեծ վնաս է բերում շատերին և ձգվում բազում դարեր: Ուրեմն իմանալով, որ նրանք մարմնավոր մարդիկ են՝ վիճակված բազմավրեպ ու դյուրասահ բնության, մարդիկ շուտափույթ որոշում պիտի չկայացնեն, այլ արթուն մտքով կշռեն ու քննեն և միայն դրանից հետո վճիռ կայացնեն: Որովհետև եթե դատաստանի մեջ մի անգամ սխալվեն, թեկուզև բազմիցս զղջալու լինեն, նրանց սխալները հետ չեն դառնա:
    Զ. Թեպետև հարուստի և հասարակ մարդու բարի ու չար գործերն ըստ էության նույնն են, սակայն ըստ արժեքի նույնը չեն, ուստի հատուցումները ևս համաչափ չեն:
    Արդարև, նույն բարիքը, որ գործում են հարուստն ու հասարակ մարդը, օրինակ՝ եթե երկուսն էլ ողորմություն են տալիս հարյուր դահեկան, դրանում հասարակ մարդն արդյունքով գերազանցում է հարուստին, ուստի և նրա վարձն ավելին է: Եվ չարիքը, որ գործում են երկուսն էլ, օրինակ՝ եթե զրկում են որբին և խլում հարյուր դահեկան, դրանում հարուստը հանցավորությամբ գերազանցում է հասարակ մարդուն, ուստի և նրա պատիժն ավելին է: Որովհետև բարի կամ չար գործերի արդյունքը կամ հանցավորությունը չափվում է ոչ միայն գործի էությամբ, այլև գործողի աստիճանով:
    Ուրեմն՝ հարուստները միշտ թող զգույշ լինեն ապիրատ գործ չանելու. որովհետև այն անող հասարակ մարդը դառնում է չար, իսկ հարուստը՝ առավել չար, ուստի և առավել ծանր պատժի արժանի:
    Է. Ժողովրդի գլխավորներն են ազգի բարեկարգության կամ անկարգության պատճառը. որովհետև նրանց կենցաղավարությունը, շարժմունքը, զգեստներն ու զարդերն օրինակ են ծառայում հասարակությանը. համեստ կամ անհամեստ ինչ որ տեսնում են նրանց մեջ, սովորում են նույնն անել: Ուստի և իշխանավորներն, ինչպես որ իրենց ազգի առաքինությանը կամ մոլությանն են հաղորդակից, այդպես և հատուցվելիք վարձին կամ պատիժներին:
    Ը. Ինչպես որ հնարավոր չէ կշռել սեփական ազգի օգտի համար տքնող հայրենասեր իշխանների համաչափ աշխատանքի պատիվը, այդպես էլ հնարավոր չէ կշռել նրանց զանցառության զուգաչափ վնասի պատճառած անարգանքը, երբ կարող են օգուտ բերել, բայց որևէ պատճառով հետ քաշվելով՝ չեն ջանում այդ անել: Քաղաքի կամ ազգի կործանման նշան է, երբ գլխավորները չեն մտածում նրա բարեկարգության մասին, այլ մտածում են միայն իրենց հանգստի մասին:
    Թ. Ով կարող էր իր ազգի վնասն ու անարգանքն արգելել և իր զանցառությամբ թողնել, որ այն վնասվի կամ անարգվի, հարկավ իր ազգի հետ ինքն էլ է վնասվում կամ անարգվում. որովհետև երբ ապականվում է ամբողջը, ապականվում է և նրա մի մասը:
    Ժ. Եթե ազգի կամ ժողովրդի որևէ ղեկավար ցոփակյաց ու հեշտասեր է, իհարկե նաև զրկող է: Քանի որ քաջ գիտի, թե մեղկ ու հեշտասեր բարքով ատելի է հասարակությանը, զրկելով ջանում է գանձեր մթերել, որպեսզի գոնե նրանցով կարողանա իր իշխանության մեջ մնալ: Բայց սրանով է՛լ առավել է սխալվում, որովհետև տրտունջն ու քրթմնջյունը, որպես փշերի խռիվ ընկած կայծ, գաղտնի վառվում են ժողովրդի մեջ և օրավուր ճարակելով ու տարածվելով՝ ապստամբության հրդեհ բարձրացնում:
    Իսկ ով զրկելով հարստություն ժողովեց, բռերով ցրում է ժողովրդին նվաճելու համար, բայց ոչինչ չի շահում. գանձերը սպառվում են, իսկ ապստամբները՝ շատանում, և մի օր գրոհելով՝ իրենց զրկողին իշխանությունից զրկում:
    Ուրեմն ղեկավարները թող բարեկարգ լինեն, որպեսզի վայելեն իրենց իշխանությունը. իսկ եթե զրկող լինեն, նրանց դռներին կմերձենան կորուստն ու ապականությունը:
    ԺԱ. Իշխանների համար ավելի կարևոր է իրենց որդիներին հարստացնել իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, քանզի նրանք պատրաստվում են ժողովրդի իշխան ու հրամանատար լինել. իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:
    ԺԲ. Իշխանների որդիներից շատերը մոլի են ու իշխանության անարժան, որովհետև իրենց հոր կենդանության օրոք մեծացել են փափկության ու ամբարտավանության մեջ, ուստի երբ սկսում են իշխել, համարում են, թե մարդիկ ծնվել են իրենց ծառայելու համար, և իրենք էլ հասարակ մարդկանց կարգից չեն: Ուստի ուրիշ բանով չեն զբաղվում, եթե ոչ գտնելով նորանոր փափկություններ: Վատնում են հորենական գանձերը և տանջում իրենց հպատակներին՝ նրանց ունեցվածքը թալանելիս: Արհամարհում են ծերերի ու իմաստունների խրատները և անսում իրենց հասակակից շոգմոգ երիտասարդներին: Սրան հետևում են ժողովրդի անհնազանդությունն ու իշխանության կործանումը:
    Պետք է իսպառ խցանել կամ հրացած շամփուրով բանալ ականջները նրանց, ովքեր չեն լսում իմաստուն խրատատուների հոգեշահ խոսքերը, այլ լսում միայն շահախնդիր շողոքորթների հոգեկորուստ համոզումները:
    ԺԳ. Մարմնական հաճույքի հետևից ընկած որևէ հարուստ որքան էլ ջանա հեռու լինել տրտմությունից, այնքան առավել սերտ կմոտենա տրտմաբեր կրքերին. որովհետև աշխարհում չկա մարմնական որևէ ուրախություն, որ կարողանա անմասն լինել տրտմությունից:
    Իսկ առաքինի մարդը, թեկուզ չունենա էլ մարմնին անհրաժեշտը, տակավին հոգում ունի երկնային մի ուրախություն ու քաղցրություն, որով միշտ մխիթարվում ու բերկրում է:
    ԺԴ. Եթե որևէ հարուստ տգետ է, պատիժ է հասարակությանը. որովհետև տգետը նման է կույրի, և հարստությունը՝ նրա ձեռքին գտնվող սրի, և ինչպես որ կույրը, սուրը վերցնելով, անխտիր հարվածում է բարեկամներին ու թշնամիներին, այդպես էլ տգետ հարուստը խանգարում է ժողովրդի ամեն բարեկարգություն:
    Ուստի եթե Աստված բարկանում է որևէ քաղաքի կամ ազգի վրա, թողնում է, որ իմաստուններն աղքատ լինեն, իսկ տգետները՝ հարուստ: Քանզի եթե տգետը հարուստ է, ձգտում է լինել կամ իշխան, կամ իշխանի խորհրդակից, և ժողովուրդն ի՞նչ օգուտ պիտի ստանա նրանից, ով օգուտն ու վնասը չի ճանաչում:
    Ուրեմն պետք է Տիրոջից խնդրել, որ կամ հարուստներն իմաստնանան, կամ իմաստունները հարստանան, որպեսզի այդ ազգի հասարակությունն ունենա երջանիկ կյանք ու բարօրություն:
    ԺԵ. Հարուստներն ու աղքատները հավասարապես պիտի պահեն օրենքներն ու սահմանադրությունները, որոնք միապես ուղղված են երկուսին էլ: Իսկ երբ օրենքի պահպանության մեջ տարբերություն է լինում, խաղաղությունն իսկույն խանգարվում է: Որովհետև հարուստը, աղքատի պես չպահելով օրենքը, իրեն մարդուց ավելի բարձր մեկն է համարում և հպարտանալով արհամարհում ուրիշներին, իսկ աղքատը, տեսնելով, որ հարուստն ընդհանուրի օրենքը չի պահում, տրտնջում է ու հոգով վհատվում:
    Ուստի եթե հարուստներն ու աղքատներն օրենքը միապես պահում են, երկուսն էլ վարձ են ստանում, իսկ եթե հարուստներն օրենքի ոստայնը քանդում են, մեծ սխալ են գործում և դատաստանին պարտական դառնում, որովհետև լինում են Եկեղեցու ամբոխիչ ու այլ չարիքների օրինակ:
    ԺԶ. Երբ մեկը ցածր աստիճանից իշխանության ու պատվի է բարձրանում, ազնվականներն արհամարհում են նրան, հավասարները նրա անկումը կամենում և նրանից ցածրերը նախանձաբեկ լինում: Ուստի ով կամենում է իր իշխանության մեջ անկասկած ու ապահով մնալ, թող ազնվականներին հարգի, հավասարներին սիրի և իրենից ցածրերին խնամակալ լինի:
    ԺԷ. Եթե որևէ իշխան կողոպտում ու նեղում է իր հպատակներին և նրանց չի թողնում վայելել իրենց գործերի պտուղները, այդպիսինին արտաքին թշնամի պետք չէ, որովհետև ինքն իսկ ձեռք զարկելով ջանում է կործանել իր իշխանությունը, որպես լերդացավությամբ հիվանդ՝ օրըստօրե հյուծվելով մաշվում է և ամենավերջում մեջտեղից վերանում: Արագ է կործանվում նրա իշխանությունը, ով միայն ջանում է միայն գանձեր ձեռք բերել և ոչ թե բարի ու իմաստուն խորհրդակիցներ:
    ԺԸ. Մեծ հաղթանակ է տանում նա, ով թշնամուն հաղթում է գթությամբ ու բարերարությամբ և ոչ թե ուժով ու զենքով: Որովհետև ով նվաճվում է ուժով, իր սիրտն աննվաճ է պահում ու սպասում հարմար պահի՝ վրա հասնելու ու նվաճողի զորությունը խորտակելու: Իսկ ով նվաճվում է մարդասիրությամբ, չի մտածում թշնամություն անել, և պատահում է, որ մտերիմ բարեկամ է դառնում, որովհետև բարերարությունը շատ անգամ թշնամությունը վերածում է հավատարիմ բարեկամության:
    ԺԹ. Իմաստուն իշխանը, սահմանակից տերությունների հետ խաղաղությամբ վարվելով, ավելի լավ է պաշտպանում իր տերությունը, քան բազում զորքերով ու ամուր պարիսպներով. քանզի ինչ-որ պատահարներով զորքերը ցրվում են, և ամրոցները՝ կործանվում, բայց հավատարմությամբ պահպանված խաղաղությունը հաստատուն է մնում:
    Ի. Վարձատրության հույսն ու պատիժների երկյուղը իշխանի ձեռքին արդարության կշեռք են, որով իր ժողովրդին պահում է խաղաղության ու բարօրության մեջ: Քանզի վարձատրության հույսը բարիներին քաջալերում է անդադար կատարելու ազգօգուտ գործեր ու աշխատանքներ, և պատիժների երկյուղը չարերին սանձահարում՝ վնասակար գործեր կատարելուց դադարելու:
    Իսկ եթե իշխանն այս կշեռքը խախտի, այսինքն՝ վարձահատույց չլինի բարիներին և չպատժի չարերին, ժողովրդի միջից բարեկարգությունն ու խաղաղությունը կվերանան, և անիրավություն ու աղմուկ կտիրեն. քանզի բարի մարդիկ հուսակտուր եղած կվհատվեն ու կհեռանան, իսկ անպատիժ մնացած չարերը կշատացնեն չարագործությունները:
    Իշխանների պարգևներն ու վարձատրության խոստումները նորանոր ձեռնարկումներ են առաջ բերում ժողովրդի օգտի համար:
    ԻԱ. Որևէ բարեմիտ իշխան ժողովրդի օգտի համար այս դաշինքո՛վ կարող է հանձն առնել այն իշխանությունը, որին ժողովուրդն արժանի համարվեց: Այսինքն՝ եթե ինքն արհամարհի օրենքը և անկարգությամբ շարժվի, իրեն պիտի հանեն իշխանությունից, իսկ եթե օրենքը պահպանի, ինչը պահանջում է իր պաշտոնի պարտավորությունը, ժողովուրդը հլու-հնազանդ պիտի լինի նրա ամեն հրահանգին:
    Եվ այս պայմանով իշխանը վստահ ու ապահով է դարձնում իր ժողովրդի սիրտը, թե ինքն արդարև կամենում է օրենքը պահպանել ու երբեք չզարտուղել, և պահում է նրանց իր հանդեպ միամիտ հնազանդության մեջ: Այս պատճառով էլ իշխանն ու նրան հնազանդվողները միմյանց հետ սիրով ու օգուտով են մնում:
    ԻԲ. Ով կարող է կարոտյալին օգնել գործով, բայց միայն սնոտի խոստմամբ, օդի մեջ ասված խոսքերով է լցնում օգնություն խնդրողի ականջը, կարոտության ժամանակ ոչ ոքի չի գտնի ձեռք մեկնող ու օգնող, այլ կգտնի միայն լեզվի ունայն կարկաչում. որովհետև ինչ սերմանում է մեկը, նույնն էլ հնձում է:
    ԻԳ. Որևէ իշխան, եթե իր ժողովրդին նեղության ժամանակ չի օգնում, իշխանության ձգտել է տալիս մարդկանց: Եվ որովհետև գիտեն, որ իրենց կարգավիճակի բերումով չեն կարող դրան հասնել, հանդգնում են ձեռնամուխ լինել անարժան ու վնասակար միջոցների, որպեսզի գոնե նրանցով հասնել կարողանան: Սրանից առաջ են գալիս իշխանի անկումն ու ժողովրդի ապստամբությունը, որոնք երկուսն էլ չար են:
    Ուստի իշխանը պարտավոր է օգնել ժողովրդին, գութ ու խնամք ունենալ, և ժողովուրդը՝ իր վիճակից գոհ լինել և հնազանդության ու ակնածության մեջ մնալ:
    ԻԴ. Այն իշխանները, որոնք ռամիկներին պատժում են փոքր հանցանքի համար, որը կարող էին ներել առանց արդարության հանդեպ անիրավելու, արդյոք ի՞նչ պատասխան պիտի տան Աստծուն, ով ներում է նրանց մեծամեծ հանցանքները, երբ կարող էր արդար իրավունքով նրանց պատժել:
    ԻԵ. Որևէ իշխան, եթե կամենում է, որ չարերը պակասեն, ու բարիները շատանան, բարեբարոներին պիտի մեծարի և չարերին արհամարհի: Որովհետև մարդիկ, բնությամբ պատվասեր լինելով, միշտ հնարներ են բանեցնում պատիվ ստանալու համար և երբ տեսնում են, որ չարաչար ընթացքով չեն կարողանում ստանալ, ջանում են իրենց ուղղել, որպեսզի այդպիսո՛վ կարողանան պատվի հասնել: Ուստի և պատիվն առաքինության խթան է լինում՝ մոլեկան թմրությունից զարթնելու և բարիք գործելու համար: Քանզի չարերը չեն պակասում, քանի դեռ հարգի են իշխանի աչքին, և բարիները չեն շատանում, քանի դեռ անպատվության մեջ են:
    ԻԶ. Իշխանի հոգին իր հետ կապված ունի ժողովրդի անդամների հոգիները, ուստի եթե կամենում է, որ իր ժողովուրդն առաքինի լինի, թող ինքն էլ առաքինի լինի և ահա կգտնի ամբողջ հասարակությանը դեպի լավը փոխված:
    ԻԷ. Իշխանն այնքան սիրտ պիտի ունենա, որքան հպատակ ունի: Քանզի յուրաքանչյուր ոք կամենում է, որ իշխանն իր սիրտը նրան տա և միայն նրա մասին հոգա, յուրաքանչյուր ոք իր անձի համար է ճանաչում նրան, թե միայն իր համար է իշխան և միայն իրեն է նայում. որովհետև ամենքն իրենց օգուտն ակնկալում են նրա ձեռքում գտնել և եթե վշտանում են մեկից, նրանից են օգնություն խնդրում: Իսկ իշխանն ամենքին իր մեջ պահում է և ամենքի մասին հոգում:
    Տե՛ս, թե որքան դժվարին է հասարակության իշխան լինել, էլ չեմ ասում՝ ծառա. ամբողջ ժողովուրդը ծառայում է մի իշխանի, և միայն մի իշխանը պարտավոր է ծառայել ամենքին:
    ԻԸ. Իշխանը շատ անգամ խաբվում է շահասեր մարդկանցից, որոնք իրենց հավատարիմ են ցույց տալիս նրան: Երբեմն իշխանին հասկացնում են որևէ բան, որն իմանալը նրան կարևոր է թվում, նախքան իշխանի հարցնելը նրանցից և սրանով նրա կամքը դեպի իրենց տրամադրելով՝ կարծել են տալիս, թե բարեկամ են: Իսկ ուրիշ անգամ խոսք մեջ գցելով՝ նույն բանից խոսում են կանխապես ասվածից տարբեր կերպով: Եվ եթե առաջին ազդարարության ժամանակ այդ բանի հետ ծանոթությունը լսողին օգտակար էր երևում, երկրորդի ժամանակ խոսքը փոխվում է հօգուտ ասողի և ի վնաս ուրիշների: Ուրեմն իշխանները թող զգույշ լինեն շահախնդիրներից չխաբվելու, թեպետև այդ հույժ դժվարին է, քանի դեռ ապրում են նրանց հետ, որովհետև խիստ սակավ է հանդիպում հավատարիմ մարդ, որ խոսի ուրիշների օգտի և իշխանին ծառայելու համար:
    ԻԹ. Ինչո՞ւ է մարդը պարծենում, թե կարող է տիրել երկրին, հրամայել ծովին, բազում ժողովուրդներ նվաճել, հասարակության համար օրենսդիր լինել, ամենքին պարտավորեցնել օրենքի պահպանության, մինչ թույլ է գտնվում իր վրա իշխելու, իր կրքերը նվաճելու և պահելու այն օրենքը, որ Աստծու կողմից տպված է նրա սրտում: Նա՛ է ճշմարիտ տիրող, ով տիրում է իր կամքին ու կրքերին: Հաղթող է ոչ թե նա, ով հաղթում է ուրիշներին, այլ նա, ով հաղթում է ինքն իրեն:
    Լ. Իրավամբ են մեղադրվում նրանք, ովքեր քանի դեռ գտնվում են ցածր կամ միջակ վիճակում, բարեկարգ են ու առաքինի, բայց երբ հարստություն ու փառք են ձեռք բերում, սկսում են անկարգ ու մոլի դառնալ, երբ պետք էր, որ նրանք է՛լ առավել բարեկենցաղ լինեին, այնքան, որ ամենքն ակնածեին նրանցից:
    ԼԱ. Առավել մեծ գործ է ժողովրդի բարքն ուղղելը, քան ավերված քաղաքներ նորոգելը: Ապարդյուն աշխատանք է ավերակներ նորոգելը, եթե բնակիչներն անուղիղ ընթացք ունեն, որովհետև բնակիչների անիրավությունները կարող են արագորեն տապալել քաղաքը, եթե նորակերտ ու ամրակուռ իսկ լինի:
    Քաղաքի համար պարծանք է ոչ թե մեծավայելուչ շենքերի շատությունը, այլ աշխատասեր բնակիչների կենսօգուտ առաքինությունները:
    ԼԲ. Ի՞նչ օգուտ է մեկին լինել ազնվատոհմ, եթե կյանքում ազնվաբարո և մահվան մեջ բարեհամբավ չէ: Ուրեմն մոլիները թող չպարծենան, թե բարետոհմիկ են, այլ ջանան միշտ բարեկենցաղ լինել, որովհետև տոհմով պատվական ու բարքով անպիտան լինելն ավելի մեծ անարգանք է:
    Նախնիների մեծամեծ առաքինություններից ծանրանում են որդիների ապիրատությունները, որովհետև սրանք զուրկ գտնվեցին իրենց նախնիների բարեմասնությունից:
    ԼԳ. Իշխանն իշխում է իր հպատակների վրա, բայց օրենքն էլ իշխում է իշխանի վրա: Նա է ճշմարիտ իշխան, ով հնազանդվում է օրենքին, ապա թե ոչ բռնակալ է և ոչ թե իշխան:
    Նա է օրինավոր իշխան, ով օրենքն է հպատակների վրա իշխել տալիս. որովհետև իշխանը պիտի միաբանվի օրենքի հետ ու իշխի նրա հետ միասին և ոչ թե միայն ինքը:
    Գովելի է ոչ թե նա, ով օրենքը քաջ գիտի, այլ նա, ով այն գործադրում է:
    Իշխանի վարած իշխանությունն իրենը չէ, որովհետև իր փառքի ու հաճույքի համար ոչինչ չի կարող անել: Իշխանությունն օրենքինն է, որի էլ պաշտպանն է ինքը: Ուստի պիտի հնազանդվի օրենքին՝ օրինակ լինելու հպատակներին:
    ԼԴ. Իշխանը բարիք գործելու ազատ հնարավորություն ունի, բայց չարիք գործելու ազատություն չունի. քանզի օրենքը ժողովըրդին՝ որպես թանկագին ավանդ, նրան է հանձնել, որպեսզի լինի հասարակության խնամածու հայր, իմաստությամբ ու բարեկարգությամբ ծառայի ամենքի երջանկությանն ու խաղաղությանը, և ոչ թե ամենքը՝ իբրև տառապյալ գերիներ, ծառայեն նրան՝ իրականացնելու նրա սնափառ ու փափկալի բաղձանքները:
    ԼԵ. Երկյուղը բավական չէ, որ ժողովուրդն ամուր պահվի իշխանի բոլոր հրահանգներին հնազանդվելու մեջ, սե՛ր է պետք: Որովհետև նրանք գերի չեն, այլ քաղաքացի, և ինչպես որ լավ չէ, որ լիովին ազատ լինեն, այդպես էլ լավ չէ, որ ամբողջովին ծառա լինեն:
    ԼԶ. Իշխանները պիտի գութ ունենան իրենց հպատակների հանդեպ, որովհետև երբ հարկը նրանց կարողությունից առավել են ծանրացնում, ապստամբության խորհուրդը, նրանց մեջ զորանալով, ծնում է ժողովրդին դեպի կործանում տանող ատելություն: Եվ այնժամ կամ իշխանը հպատակներին չարաչար ծառայության տակ է գցում, կամ հպատակներն իսպառ մերժում են նրա իշխանությունը, և մեկ մարմնի մեջ չար մասնատում է լինում:
    ԼԷ. Անմիտ է այն իշխանը, որ կարծում է, թե կարող է մեծարվել անիրավ բռնությամբ կամ գոռոզությամբ, կամ խստությամբ, որովհետև մեծարելի է նա, ով արդար է, հեզ ու քաղցրաբարո:
    Իշխաններն առավել բարեհամբավ ու մեծանուն են լինում իմաստուն ղեկավարմամբ, քան թշնամիների հանդեպ տարած հաղթանակներով:
    ԼԸ. Երանելի՜ է այն ժողովուրդը, որի իշխանը նրան կրթում է բարու մեջ, բայց դրանով նաև իշխանն է երանելի լինում, որ գտնում է իր ժողովրդին դեպի լավը փոխված, որովհետև առաքինությամբ զարգանալով՝ ժողովուրդը նրան ավելի կապվում է ուժգին սիրով, քան երկյուղով: Այնժամ ոչ իշխանը ժողովրդին հնազանդեցնելու համար ջանք թափելու կարիք ունի, որովհետև հոժարությամբ հնազանդվում է նրան, ոչ էլ ժողովուրդն է ցանկանում ըմբոստանալ ու ազատվել նրա իշխանությունից, որովհետև վախենում է նրան կորցնելուց, ուստի իր կյանքը նվիրաբերում է նրան:
    Նա է իշխանության արժանի, ում կա՛մ Աստված է հայտնում, կա՛մ ժողովուրդը կամենում. որովհետև բռնությամբ՝ ժողովրդի կամքին ու հաճությանը հակառակ, իշխան դառնալը սեփական անձը թշվառ ու հասարակությունը գերի դարձնել է:
    Բռնակալ ու անիրավ իշխանը մարդկային ցեղին հասած աստվածային ցասում է՝ շատերին կործանելու համար:
    ԼԹ. Դժբախտ են այն ժողովուրդները, որ ղեկավարվում են մի իշխանի կողմից, քանի որ նա ևս սխալական բնության վիճակված մարդ է իրենց պես. մարդկանց ղեկավարելն ու ուղղելը Աստծո՛ւն էր պատշաճ, որովհետև միայն նա՛ է անսխալ:
    Դժբախտ է և իշխանը, որովհետև ուրիշների նման բազմավրեպ մարդ է և ստիպված է ղեկավարել անթիվ նենգամիտ մարդկանց ու անբամբաս մնալ:
    Որևէ լավ իշխան տակավին մարդ է, ունի իր վրա իշխող կրքեր, բարք ու սովորություններ և պաշարված է իրեն խաբող շահասեր մարդկանցով, ուստի միշտ սխալների մեջ է ընկնում՝ երբեմն ի՛ր ախտերի պատճառով, երբեմն էլ ուրիշների, և երբ իր մեջ մի թերություն ուղղում է, մյուսի մեջ է գահավիժում:
    Խ. Աշխարհի իշխանները բոլոր մարդկանցից ավելի արագ են ծերության հասնում. որովհետև երբ կամենում են իրենց պարտավորությունները կատարել, պատերազմի դժվարություններն ու հասարակության հոգսերը հյուծելով մաշում են նրանց կյանքը, իսկ երբ հոգ չեն տանում իրենց պարտավորության մասին և թողնելով ժողովրդի բարօրության հոգսը՝ իրենց տալիս են մարմնական հեշտությունների, առողջությունը կորցնում են ու մահն արագացնում:
    Ով իշխանության է ձգտում, իմաստուն չէ. որովհետև երբ իշխանն արդար իրավունքով է ջանում դատել, այդ անհնարին աշխատանք է նրա համար, իսկ եթե անիրավությամբ՝ մարդկանց ատելի է դառնում, նաև արժանի հավիտենական դատապարտության:
    Իշխանությունը մի ծպտված ծառայություն է. որովհետև իշխանի փառքն ու հարստությունը կախված են շատերից, որոնց իշխում է, իսկ շատերից կախման մեջ լինելը շատերին ծառայել է:
    Հարկավոր է, որ իշխանը բոլոր մարդկանցից առավել ժուժկալ ու փափկակեցության թշնամի լինի. որովհետև Աստված նրան իշխան ու մեծ նրա՛ համար չդարձրեց, այլ ժողովրդի օգուտի: Ուստի պետք է իր կյանքի ամբողջ ընթացքում ջանքն ու սերը ժողովրդին նվիրաբերի՝ մինչև ինքնամոռացություն ու հասարակության բարիքի համար ինքնազոհողություն:
    ԽԱ. Իշխաններն առավել պիտի հոգան երկու բանի մասին. առաջին՝ իրենց խորհրդակից ունենալու իմաստուն ու առաքինի մարդկանց, ովքեր կծաղկեցնեն օգտակար արհեստները և իրենց՝ իշխաններին, կառաջարկեն բարին գործել, և երկրորդ՝ երկրագործներին շատացնելու մասին, որպեսզի երկիրը լավ մշակվելով պտղագործի՝ ժողովրդի ապրուստի ու սննդի համար:
    Իշխանը չի կարող լավ ճանաչել իր շուրջ գտնվող մարդկանց բնավորությունները. քանզի նրանք, միշտ կերպարանափոխ եղած, իրենց բնավորությունը ծածկում են և պես-պես հնարներով ջանում հաճելի երևալ նրա աչքին ու խաբել նրան: Որքան իշխանը մեծ է և իր իշխանության ներքո բազում ժողովուրդներ ունի, այնքան բազում կառավարիչների կարիք ունի, և որքան բազում են կառավարիչները, այնքան բազում են խաբողները: Ուստի հույժ արթնության կարիք ունի, որպեսզի չխաբվի:
    ԽԲ. Իշխանն իր կառավարիչներին օգտակար մասնագիտությունների մեջ պիտի կրթի, մանավանդ երկրագործականների մեջ, և արգելի անպիտան արհեստները, որոնց նպատակը փափկություններն ու զարդարանքն են, երբեք չների տղամարդկանց ու կանանց պճնասիրությունը և կերակուրների ու ըմպելիքների շռայլությունը, որովհետև չափազանց ճոխություններն ու զեխություններն ապականում են բարքը: Ուստի որպես լավ պարտիզպան՝ անպիտան ճյուղերը պիտի հատի, որպեսզի պտղաբեր ծառերը չչորանան:
    ԽԳ. Իշխանն իրեն վարանման մեջ է գցում, երբ վստահում է կեղծավորությամբ հավատարիմ ձևացող իր կառավարչին: Քանզի նրա հավատարմությանը կասկածելու դեպքում վախենում է նրան վռնդել իր բոլոր գաղտնիքներին տեղյակ լինելու պատճառով, ջանում է անտեսել նրա խարդախությունները և կամովին ցույց է տալիս, թե խաբված է: Եվ երբ կեղծավորը զգում է, որ իշխանն իրեն կասկածում է, նենգ հնարներ է խորհում՝ իրեն հավատարիմ ցույց տալու: Ձեռնարկում է իշխանի փառքն ու համբավն ավելացնող նորանոր գործեր, որոնք ի կատար ածելն իր գործին է հարկավոր:
    Լեզուն շարժում է իշխանի կամքի համաձայն, որպեսզի նրա մտքից վերացնի գայթակղությունը: Ազնիվ մարդկանց հեռացնում է նրանից, որպեսզի իր խարդախությունները հայտնի չդառնան: Իշխանին հորդորում է հանգստանալ ու փափկություններ վայելել, իսկ ինքը հանձն է առնում նրա կյանքի ու փառքի համար անել ամեն աշխատանք: Այս պատճառով էլ իշխանը միշտ մնում է վարանման մեջ՝ չկարողանալով որոշել, թե նա արդյոք հավատարիմ է, թե նենգավոր ու դավաճան:
    ԽԴ. Իշխանները սովորաբար կասկածամիտ ու անզգույշ են: Կասկածամիտ են, որովհետև մարդկանց նենգավոր դավաճանությունը բազմիցս փորձով տեսել են, և անզգույշ են, որովհետև իրենց տալով վայելքներին՝ ղեկավարության ղեկը հանձնել են կառավարիչներին, որոնցից շատերը նրան ազնվությամբ չեն ծառայում: Ուստի և դառնում են կեղծավորների խաղալիք և բոլոր մարդկանցից առավել թշվառ:
    ԽԵ. Իշխանները, մանուկ հասակից հարգական գովեստներով մեծացած ու մանավանդ շողոքորթական խոսքերով ապականված լինելով, հույժ խոժոռվում են, երբ մեկն անհավան է գտնվում նրանց մտքերին ու գործերին և ճիշտն առաջարկում: Սիրում են իրենց կամքին հաճելի խոսքեր և իրենց մտքերի ու գործերի գովաբանություններ: Ուստի մարդահաճոները սիրելի են իշխաններին՝ իբրև իրավախոհներ ու քաղաքավարներ, իսկ ճշմարտախոսներն՝ ատելի, իբրև հանցավորներ ու վայրենաբարոներ:
    Բայց հարկավոր է, որ իշխանն իրեն բարեկամ ու խորհրդակից փնտրի ու գտնի այնպիսի մարդու, որ կարողանա ճշմարիտն ասել ու երբեք չշողոքորթել, և այդպիսինին գտնելիս չկորցնի ու հոժարակամ անսա նրա խոսքերին:
    ԽԶ. Իշխանների կենցաղավարությունը ժողովրդի ջինջ հայելին է, որովհետև ամենքը ցանկանում են ըստ իրենց կարողության նմանվել նրանց: Եթե հարուստն առաքինի կյանք վարի, առաքինիները կշատանան հասարակության մեջ, իսկ եթե մոլեկան վարք ունենա, կշատանան մոլիները:
    Ուրեմն վա՜յ մոլի հարուստներին, ովքեր իրենց օրինակով ժողովրդի չարիքների պատճառ են դառնում:
    ԽԷ. Իշխանը կամենում է, որ ամենքն իր կամքին հետևեն, և ամենքը կամենում են, որ իշխանը հետևի իրենցից յուրաքանչյուրի կամքին. ահա անվերջ վեճ: Ուրեմն թող իշխանը ժողովրդի բարին կամենա, և այնժամ ամենքը կհետևեն իշխանի կամքին. ահա անվրդով խաղաղություն:
    ԽԸ. Իշխանավորները պիտի զգուշավոր լինեն իրենց խոսքերում ու գործերում, որովհետև ինչ որ խոսում են, ամենքը լսում են, և ինչ որ գործում են, ամենքն՝ իմանում: Քանզի նման են բարձր դիտանոցում կախված ահագին զանգի, որ երբ խփվում է, ամենքը լսում են: Իսկ ռամիկները նման են ծոցակրելի զանգակի, որի ձայնը միայն իրենց է լսելի:
    ԽԹ. Իշխանի անիրավությունը խանգարում է երկրի կարգը. հպատակները, նրա անիրավությունից նեղվելով, ջանք են թափում ազատ լինելու, իսկ ազատությունը ստիպում է, որ հրամայող լինեն: Եվ արդ, եթե ամենքը հրամայող լինեն, ո՞վ կլինի հպատակ, կամ ո՞ւմ կհրամայեն. ահա անհաշտ խռովություն ու անվախճան աղմուկ: Ուրեմն թող իշխաններն իրավասեր լինեն, որպեսզի հպատակները հլու-հնազանդ լինեն:
    Ծ. Երբ որևէ անկարգություն իշխանի թույլտվությամբ մի անգամ տիրում է հպատակների մեջ, օրենքի ուժն ու պատիժների միջոցով վրեժխնդրությունները խիստ դժվարությամբ են կարողանում բարեկարգել կամ բնավ չեն կարողանում: Ուստի անգամ դույզն-ինչ համարձակություն պետք չէ տալ նրանց, ովքեր կամենում են օրինազանց լինել: Որովհետև ով մեկի փոքր հանցանքն անտեսում է, թույլ է տալիս նրան գործել մեծամեծերը:
    ԾԱ. Եթե իշխանն ագահ է, սովոր է իր հպատակների հարըստությունները կողոպտել, և որովհետև հասկացել է, որ հպատակները չեն կարողանում տանել իր անիրավ զրկանքները, ցերեկը հանգիստ չունի, իսկ գիշերը՝ քաղցր քուն, հարաժամ վախենում է իր ստվերից, և ամեն ինչ նրան վտանգավոր է թվում:
    Աստված էլ նրա տանջանքներն ավելացնելու համար նրան բեռնավորում է բազում գանձերով, որոնք չի համարձակվում վայելել: Գանձը, որ մթերում է երջանիկ լինելու համար, նրա երջանկությանն արգելք է, որովհետև գանձը կորցնելու երկյուղը նրան երբեք հանգիստ չի տալիս: Ուրախություն չկա նրա սրտում, այլ անհնարին սարսափ. ամեն շշունջից այլայլվում է, և դժնդակ տխրություն է նրա դեմքին նկարվում: Հաճախ լռում է և հառաչում հանկարծ. չի կարողանում թաքցնել սրտի խայթը, որ տոչորում է նրա աղիքները, համեղ կերակուրներն անհամ ու դառն են թվում նրան, և փափուկ գահավորակները՝ գետնախշտի անկողին: Իր որդիներից վախենում է և նրանց թշնամի համարում: Նրա ողջ ունեցվածքն օգուտ չի բերում նրան ու ավազի պես անպիտան է, որովհետև չի կարողանում դրանք վայելել:
    Ուրեմն պարզ է, որ ոչ մի բռնակալ չի կարող ապահով լինել, որովհետև որքան անիրավ բաղձանք ունի, այդքան էլ իր համար դահիճ է ձեռք բերել:
    ԾԲ. Երբ հարուստը հոժարամիտ է ցածր վիճակ հանձն առնելու, հաջողության երես թեքելուց հետո անվրդով մտքով վայելում է իր հարստությունը. իսկ հակառակ դեպքում միշտ կասկածների մեջ է մնում ու հանգիստ չի ունենում՝ տեսնելով, որ իր վայելած հարստությունն անհաստատ է ու շուտափախուստ:
    ԾԳ. Իշխանության հաստատունությունը հիմնվում է հավատարմության, արդարության ու բարերարության վրա՝ թե՛ հպատակների և թե՛ սահմանակից ժողովուրդների հանդեպ: Ուստի երբ սրանք պակասում են, և սրանց փոխարինում են խարդախությունը, անիրավությունն ու անգթությունը, օր օրի տկարանալով՝ իշխանությունը կործանվում է:
    ԾԴ. Եթե ժողովրդի կամ ազգի իշխանն ագահ ու հպարտ է, պատերազմի է ելնում իր հանդեպ ակնածություն ու խաղաղություն ունեցող սահմանակից իշխանների դեմ, որպեսզի նրանց տիրի և իր գանձն ու համբավն ավելացնի: Բայց այս անիրավ բաղձանքը պատճառ է դառնում նրա չարաչար կործանման. սահմանակից իշխանները, միմյանց հետ դաշինք կնքելով, կռվի են ելնում նրա դեմ, կոտրում նրա ամբարտավանության եղջյուրը և հասարակության ապականչին մեջտեղից վերացնում:
    ԾԵ. Եթե իշխանը սնափառության պատճառով անիրավ պատերազմ է բարձրացնում և ասես խաղալով մարդկային բնության հետ՝ իր ախտերին ու կամքին անհամար մարդկանց զոհում, այդպիսին գազաններից էլ չար է. որովհետև գազաններն իրենց ցեղակիցներին չեն հոշոտում, իսկ այս անագորույն սիրտ ունեցողը, մարդասիրությունն ու մարդկությունը գլխովին մոռացած, սնոտի փառքի ու կորստական հարստության համար ձեռքը թաթավում է իր նմանակից եղբոր արյան մեջ:
    Աստված երբեմն այսպիսիների վրեժխնդրությունն ուշացնում է, սակայն իսպառ անպատիժ չի թողնում, վերջում արդար իրավունքով փոխարենը հատուցում է:
    ԾԶ. Պատերազմն օրինավոր է, եթե հարկավոր է ժողովրդի բարօրության համար, որովհետև վայել չէ հեղել ժողովրդի արյունը, եթե ոչ՝ նրան ավելի մեծ վտանգից փրկելու համար: Իսկ սնոտի փառքի ու ագահության համար պատերազմելը իշխանի համար անզգալի թշվառություն է. որովհետև անհարկի իրեն վտանգի մեջ է գցում և անթիվ չարիքներ պատճառում իր ժողովրդին առավել, քան թշնամիներին:
    ԾԷ. Թշնամու հանդեպ ավելի մեծ հաղթանակ է նրան բարերարելը, քան վնասելը. որովհետև վնասելը տկարի ու չարաբարոյի գործ է, իսկ բարերարելը՝ վեհանձնի ու բարիի, ով այսպիսով թշնամուն ևս իրեն բարեկամ ու մտերիմ է դարձնում՝ ասես թունավոր օձերից հակաթույն պատրաստելով:
    ԾԸ. Թշվառ է այն իշխանը, որ կարծում է, թե իր ժողովրդին զրկելով՝ ինքը երջանիկ է. որովհետև իր չարաչար կրքերից հափշտակված՝ չի կարողանում ճանաչել իր պարտավորությունը, որը միայն բարիք գործելն է, և չգիտի վայելել առաքինության քաղցրությունը:
    Իշխանների ծառաներն արժանի են ցավակցության, որովհետև եթե չար են ու մարդկանց խոշտանգում են, իրենց համար շահում են գեհենի պատիժը: Իսկ եթե բարի են և ջանում են հասարակությանը բարիք գործել, անդադար նեղություններ են կրում չարագործների նենգությունից, որովհետև չարերը բարիներին միշտ հակառակ են:
    ԾԹ. Այն իշխանները, որոնք չեն մտածում բարերարությամբ ու սիրով դեպի իրենց տրամադրել հպատակների սիրտը, այլ չափից ավելի նեղելով՝ ջանում են նրանց ահարկու երևալ, խանգարիչ ու պատիժ են մարդկային ցեղի համար: Ամենքի վրա ահ են գցում, բայց ամենքից ատվում են: Ուստի իրենք առավե՛լ պիտի երկնչեն հպատակներից, քան վերջիններս՝ իշխաններից:
    Ով իր ծառաներին թույլ է տալիս անիրավել ու վնասել ուրիշներին, թող հույս չունենա, թե ազատ կմնա նրանց վնասից. որովհետև ովքեր սովորեցին անիրավել ուրիշների հանդեպ, կանիրավեն նաև իրենց տերերի հանդեպ:
    Կ. Անիրավ իշխանը ոչ մի բարեկամ չունի. քանզի բարի մարդիկ, նրա անիրավությունից վշտացած, օտարանում են նրանից՝ որևէ չար բան չկամենալով նրան, իսկ չարերը, նրա խստությունից վախեցած, չարիք են նյութում, որ նրան կյանքից զրկեն, ուստի և միշտ վտանգի մեջ է:
    ԿԱ. Ով խղճի խայթ չի զգում, նա առաքինությունը չի ճանաչում. և կարծում է, թե մեծությունն ու իշխանությունը ամենքին տիրելն ու շատերին ահարկու երևալն է: Ուստի մտքին դնում է ուրիշներին զրկել և իրեն ծառայեցնել, բայց հույժ խաբվում է, որովհետև մեծությունն ու իշխանությունը բարերար և հասարակությանը սիրելի և ոչ թե երկյուղալի լինելն է:
    Բարի իշխանն առավել ախորժում է աղքատների ու կարոտյալների աղաղակները լսել՝ նրանց բարիք գործելու համար, քան երգերի ու նվագարանների քաղցրաձայնությունը: Իսկ ով միայն փափկանալ է ուզում զանազան հեշտություններով և բնավ հոգ չի տանում ազգօգուտ գործերի մասին, այդպիսին ազգի խանգարիչ է. որովհետև ոչ միայն ինքը չի օգնում ազգին, այլև իր չար օրինակով արգելք է դառնում շատերին՝ օգտակար գործերից հեռու մնալու և միայն իրենց հաճույքներով զբաղվելու:

    «Ձեր միջից առանձնացրե՛ք իմաստուն,
    խոհեմ ու շրջահայաց մարդկանց, որպեսզի նրանց
    ձեզ վրա իշխաններ կարգեմ» (Բ Օրենք Ա 13):

    «Ձեզ են ուղղված իմ խոսքերը, ո՛վ բռնակալներ,
    որպեսզի իմաստություն սովորեք և չսխալվեք» (Իմաստ. Զ 10):

    «Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ,
    եթե իշխանության գահեր և մականներ եք տենչում,
    ապա պատվեցեք իմաստությունը» (Իմաստ. Զ 22):

    «Արդարության սկիզբը խոսքին իշխանություն է տալիս, իսկ հակառակությունը և կռիվը տանում են դեպի չքավորություն» (Առակ. ԺԷ 14):

    «Իմաստուն դատավորը խրատում է իր ժողովրդին...
    քաղաքը կառուցվում է հզորների իմաստությամբ» (Սիրաք Ժ 1-3):

    «Բավական է ձեզ, ո՛վ իշխաններդ Իսրայելի:
    Արդ, հեռո՛ւ վանեցեք անիրավությունն ու զրկանքը,
    օրենքով ու արդարությա՛մբ վարվեցեք, հեռո՛ւ տարեք բռնությունն իմ ժողովրդից,- ասում է Տեր Աստված» (Եզեկ. ԽԵ 9):

    «Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը» (Ա Տիմ. Զ 17):

    «Զգո՛ւյշ եղեք, գուցե ձեր այդ իշխանությունը
    գայթակղություն լինի տկարների համար» (Ա Կորնթ. Ը 9):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz