Суббота, 20.04.2024, 13:01
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հպարտություն


    Ա. Ճշմարիտ փառքն ու պատիվը բովանդակվում են մարդկության վիճակի մեջ և նրանից դուրս չեն գտնվում: Իսկ ով բարձրամտելով իրեն բոլոր մարդկանցից վեր է դասում և իր համար բոլորից ավելի մասնավոր փառք ու պատիվ փնտրում, դուրս է գալիս մարդկության կարգից, ուստի այդպիսին բանական մարդ չէ՝ մարդկության պատիվը չճանաչելու պատճառով, այլ գազան, հրեշ և այլանդակություն:
    Բ. Ճշմարիտ փառքի ու պատվի է արժանի նա, ով մարդասեր ու բարերար է և ճանաչում է մարդկության հարգը: Եվ փառքի անարժան է, ով իրեն բոլոր մարդկանցից նախամեծար է համարում և ցանկանում ամենքից փառավորվել: Ուստի հույժ իրավացիորեն է ամենքից արհամարհվում նա, ով բոլորին արհամարհեց:
    Գ. Որևէ հպարտ ու փառամոլ, մարդահաճոներից գովեստներ լսելով, փքվելով գոռոզանում է և հիմարաբար ցանկանում, որ բոլոր մյուսներն էլ գովեն իրեն, և չի հասկանում, թե սուտ գոռոզություն են այն գովեստները, որ մարդահաճոներն իրեն տալիս են իրենց շահասիրության պատճառով: Առերես ասված գովեստը, թեկուզև ճշմարիտ լինի, սին է և սնապարծության գրգռիչ:
    Դ. Գոռոզները սովոր են ապերախտ լինել, որովհետև երբ իրենց մի բարեկամից ձանձրանում են, չեն հիշում նրա հավատարմությունն ու երախտիքները, այլ իսկույն մերժում են նրան: Որովհետև մտերիմ խորհրդակիցներ ու երախտավորներ կորցնելը բնավ ցավ չէ նրանց, և ով մի անգամ անհաճո է նրանց թվում, այլևս երբեք չեն կամենում նրա հետ տեսակցել:
    Ե. Հպարտը նման է ցլաջլից պատրաստված մտրակի, որը երբ ուժի գործադրության տակ թեքվում է, երկու ծայրերն էլ խոնարհվում ու դեպի միմյանց են գալիս, իսկ երբ ձեռքից բաց է թողնվում այդ ծայրերը, իսկույն գլուխները բարձրացնելով, առաջին ձևն են ստանում: Այսպես և հպարտները, երբ նեղությունների մեջ են ընկնում, ակամա կորանում ու խոնարհվում են, բայց երբ ազատվում են, այլևս մեծամտում են, ուստի և ատելի են Աստծուն և մարդկանց:
    Զ. Շատերը բարեբախտության են հասնում, բայց չիմանալով նրա հետ բարվոք վարվել՝ արագորեն կորցնում են: Ինչպես հպարտ իշխանը, թեպետև գիտի իր տկարությունն ու թշնամու զորությունը, բայց իր ամբարտավանության պատճառով չի կամենում խոնարհվել հաշտության պայմանագիր կնքելու, որպեսզի նվաստացած չերևա, որով իսպառ կորցնում է իր պատիվն ու իշխանությունը:
    Է. Անմտություն է անկայուն հաջողությամբ բարձրամտելով փառք ու համբավ կորցնելը: Հաջողությունները խաբուսիկ են, որովհետև մշտնջենավոր ու անկորուստ են երևում, բայց փոփոխական ու հոսանուտ են:
    Ը. Հպարտ մոլիները հաջողությունների մեջ հանդուգն են լինում, իսկ ձախորդությունների մեջ՝ երկչոտ: Որովհետև ովքեր փոքր-ինչ առաջ ամբարտավանությամբ ուռել էին, իրենց բարեբախտությունը կորցնելով՝ շուտով կորանում ու ընկճվում են և մի վայրկյանում անցնում հակառակ ծայրը:
    Թ. Երբեմն սնափառության հանդեպ սերը, գրգռվելով ամբարհավաճությունից, այնքան է կատաղում, որ հարուստին գետնով է տալիս: Ուստի պարզ է, որ ոչ ամենքն են պահում ունեցած դիրքի հարգը, այլ մանավանդ շատերն իրենց անարգությանն են այն փոխարկում, որովհետև չգիտեն, թե ինչպես է պետք դիրքը բանեցնել:
    Ժ. Ավելորդի ցանկությունը սին փառամոլության պատճառով մարդկանց առավել է տանջում, քան ապրելուն հարկավոր բաների բաղձանքը: Որովհետև եթե մեկը կամենում է առաջին անհրաժեշտության բաներով բավարարվել, դյուրավ կարող է դրանք ձեռք բերել ու երջանիկ ապրել:
    ԺԱ. Ազնվականները հաճախ են փառամոլ լինում, որովհետև «ազնվական» անունից խաբվելով՝ ամեն տեղ ձգտում են փառք ու պատիվ ստանալ: Այո՛, անմեղադրելի բան է ըստ արժանիքի փառք փնտրելը, բայց չափավորությունը կորցնելով՝ չար ու մոլեկան է դառնում, մինչև որ կորստյան է մատնում կա՛մ սեփական անձը, կա՛մ պատիվը:
    ԺԲ. Ազնվականության հոգին մեծագործությունը, իմաստությունն ու առաքինությունն է, այլապես ազնվականությունը մեռած է համարվում: Ուրեմն ազնվականները թող չպարծենան իրենց տոհմի պայծառությամբ, եթե չունեն ազնվատոհմությանն արժանի գործ: Որովհետև ինչպես որ յուղի պակասելու դեպքում ճրագը մարում է, այդպես և մեծագործության, իմաստության ու առաքինության պակասելու պարագայում վերանում է ազնվականների տոհմականության հարգը:
    ԺԳ. Փառասիրության բաղձանքը մարդուն շատ անգամ չափից ավել է խոսել տալիս իր արած գործերի կամ իրեն պատահած դեպքերի մասին՝ մտքում կարծիք դնելով, թե դրանով է՛լ ավելի մեծ պատվի արժանի կլինի, բայց խաբվում է, որովհետև ունեցած պատիվն էլ է կորցնում: Ուստի պետք է ճշմարտապես եղած բաների մասին չափավորությամբ և ոչ թե չափն անցնելով խոսել, որպեսզի նրանց մեջ սին պարծանքի նշան չերևա, և լսողներն իրենք մղվեն գովելու և պատվելու:
    ԺԴ. Ով իր կարողությունից ավելի է ձգտում բարձրագույնին, վերջում ամոթապարտ լինելով՝ խոնարհվում է, և ով ջանում է միշտ իր կամքը կատարել, իրեն անհանգիստ է դարձնում:
    ԺԵ. Ի՞նչն է պատճառը, որ խելացի մարդիկ երբեմն չեն տեսնում հայտնի վտանգներն ու նրանց մեջ են ընկնում, իսկ պարզամիտները տեսնում են և զգուշանում. և ինչպե՞ս են տգետները հարստություն ձեռք բերում, իսկ գիտունները նրանց դռներին դեգերում: Պատճառն այն է, որ խելացիներն ու գիտունները շատ անգամ ապավինում են իրենց և ոչ թե Աստծուն, ուստի և Աստված նրանց թույլ է տալիս միառժամանակ հեծել ու հոգոց հանել, որպեսզի ճանաչեն իրենց բնության տկարությունը, որովհետև նրանք կարծում են, թե մարդու ձեռքում է երջանկաբար ապրելը: Իսկ պարզամիտներն ու տգետները, Աստծուն ապավինելով, վտանգից զերծ են մնում և բարի գործերում հաջողություն գտնում:
    ԺԶ. Մարդկանցից ոմանք, երբ տեսնում են, որ մեկը մի անգամ հոգու կրքերից հաղթահարվել է, իսպառ արհամարհում են նրան և իրենցով հպարտանալով՝ պարծենկոտությամբ ասում. «Արդյոք ի՞նչ են կրքերը, եթե ոչ կամքի սպասավորներ, որոնք եթե երբեմն ըմբոստանում են, դյուրին է դրանց նորից հնազանդեցնել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է մարդ համարել նրան, ով վատթար մեղկությամբ հաղթվում է կրքերից»: Բայց երբ այսպիսի մեծաբանները մյուսներից ոչ պակաս հաղթահարվում են ատելության կամ սիրո կրքից, խոնարհվում ու խոստովանում են մարդկային բնության տկարությունը և սովորում կարեկից ու ներող լինել:
    ԺԷ. Հպարտ ու ամբարհավաճ մարդն ամենքին ատելի է, որովհետև ինչպես որ նա է արհամարհում ամեն մարդու, արժե, որ բոլոր մյուսներն էլ արհամարհեն նրան: Հպարտության այս ախտն առավել տիրում է հարուստների զավակների վրա, որովհետև հարուստներն իրենց զավակներին, գրեթե օրորոցից սկսած, սնուցում են ավելի ամբարտավանությամբ, քան կաթով՝ անթերի կատարելով նրանց քմահաճությունները: Եվ մինչև մարմնի կազմավորումը նրանց մեջ ամբարտավանության ախտն է հաստատվում, ուստի իրենց դյուցազուններ են համարում և արհամարհում ամենքին, ու նաև իրենց ծնողներին:
    Որովհետև ինչպես որ մինչ մանուկ էին, ծնողները կատարում էին նրանց քմահաճությունները, այդպես էլ մեծանալով կամենում են, որ իրենց կամքը կատարեն, ուստի և կամապաշտ են դառնում. ոչ միայն նրանով, որ իրենք իրենց կամքին են ծառայում, այլև որ կամենում են, որ բոլոր մյուսներն էլ ծառայեն, և եթե մեկը մի բանով հակառակվում է կամ չի կատարում, իսկույն անշիջանելի բարկությամբ զայրանում են: Ուստի մեղավոր են համարվում ծնողները, եթե իրենց զավակներին կամապաշտության պատճառ են տալիս:
    ԺԸ. Հպարտը չի կամենում հնազանդվել մարդկանցից որևէ մեկին, այլ միայն դևերին, որովհետև չի կամենում որևէ մեկին իրենից գերազանց համարել, բացի դևերից, որոնց միշտ հնազանդ է, և եթե իրեն չհանձներ դևերի ծառայության, թերևս մարդկանց հնազանդվեր: Արդարև, ծառա է նա՛, ով միայն իր տիրոջն է հնազանդվում և ոչ ուրիշի. և հպարտը, քանի որ դևերի ծառա է, նրանց է միայն հնազանդվում և ոչ բնավ ուրիշի:
    ԺԹ. Սնափառները, թեև երբեմն բարիք գործում են, բայց դա չեն անում այն մտքով, թե Աստծուն ու մարդկանց բարի ու հաճելի է, այլ որովհետև ծառայում է իրենց ամբարտավանությանը, քանի որ նրանց համար բարին ու չարը նույնն են: Ուստի բարիքը գործում են, որպեսզի մարդկանց աչքին բարեգործ երևան:
    Ի. Մարդկանցից շատերն իրենց գործած բարին Աստծուն չեն վերագրում, այլ իրենց զորությանը, և քանի որ նրանք մոռանում են Աստծու պարգևները, որոնցով կարողացան բարիք գործել, ուստի Աստված չի տալիս նրանց վարձը: Ճշմարիտ բարեգործությունն այն է, որ կատարվում է Աստծու սիրո ու պատվի համար և վերագրվում Աստծուն՝ իբրև ամեն բարիքի աղբյուրի և տվիչի, որովհետև նա է, որ տալիս է, ընդունում և վարձատրում:
    ԻԱ. Ով սովոր է խոսքով պարծենալ, գործով անպիտան է. որովհետև գործունյա մարդն ավելի շատ գործով է խոսում, քան խոսքով: Պետք է ձեռքերը հետ պահել, երբ ամբարտավան լեզուն խոստանում է տալ:
    ԻԲ. Չկա աշխարհում մի ամրակուռ շինվածք, որը ժամանակի հնությունից չխարխլվի, ոչ էլ հզոր իշխանություն, որը թշնամուց չկործանվի, և ոչ հմուտ արվեստագետ, որին ուրիշները չգերազանցեն: Ուստի թող ոչ ոք չհպարտանա իր կորովամտությամբ, թե ոչ ոք չի կարող իր չափին հասնել, որովհետև գուցե ուրիշներն ավելի լավ կարողանան իմանալ ու գործել:
    ԻԳ. Խիստ զարմանալի է, որ մարդկանց մեջ հպարտները շատ են, բայց իրենց հպարտ չեն ճանաչում. քանի որ հպարտությունը մասնավոր գերազանցության հանդեպ սեր է, չի թողնում սեփական տկարությունը ճանաչել: Այս ախտով հիվանդանում են նաև բարեգործները, որովհետև կամ կարծում են, թե իրենց ունեցած բարին իրենց զորությամբ են ձեռք բերել, և կամ իրենց արժանավորության համար Աստծուց է իրենց տրվել:
    ԻԴ. Ամեն հպարտ կա՛մ տգետ է, կա՛մ հանդուգն: Տգետ է, որովհետև չունեցած բարին կարծում է, թե ունի, քանզի հպարտներին հատուկ է մտքով կուրանալ, և հանդուգն է, որովհետև ունեցած սակավ բարիքներով կամենում է ընկերների մեջ առավել բարձր երևալ, որով և արհամարհում է ուրիշներին՝ իբրև բարիքներից զուրկ եղողների: Եվ որովհետև այս ախտն առավել չար ու դաժան է, ուստի մարդն առավել զգուշության կարիք ունի նրանով չհիվանդանալու համար:
    ԻԵ. Աշխարհի բարիքներն ու պատիվն այնպես պիտի ունենաս, ասես դրանք երազում ունես. որովհետև երբ կարծում ես, թե իսկապես ունես, իսկույն անհետանում են: Դու հավատում ես, թե քո ձեռքում են, բայց չկան, որովհետև չես կարող արգելել նրանց փախուստը քեզանից: Ուստի անմիտ է, ով այս առօրյա կյանքի ունեցվածքով ու պատվով մեծամտում ու հպարտանում է:
    ԻԶ. Մարդկանցից շատերը դյուրավ ամբարտավան են դառնում ու բանականության կարգից ելնում, եթե իրենց ընկերակից ու օգնական ունեն հարստությունը: Ուստի աստվածային տեսչությունը հաճախ նրանց թույլ է տալիս ընկնել աղքատության կարիքի մեջ, որպեսզի իսպառ չխելագարվեն:
    Քանզի մարդկանց կիրքը նման է գազանի, որը եթե մեծ խնամք է գտնում, այսինքն՝ ունեցվածքի ճոխություն, հույժ ամեհի է դառնում, այնքան, որ դժվար է լինում նրան շղթայակապել և հպատակեցնել կամքի բանական հրամանին: Իսկ եթե կեր սակավ է գտնում, տկարանում ու նվաճվում է. որովհետև աղքատությունը կրքի ամբարհավաճ ցանկության շղթա է, որ խոնարհեցնում է նրան՝ հնազանդվելու ուղիղ բանականության կողմից առաջնորդվող կամքի հրահանգին:
    ԻԷ. Հպարտը նման է կրակի. ինչպես որ կրակը, ուր էլ լինի, զգացվում է բնական հատկությունից, որովհետև սաստիկ տաք ու այրող է, այդպես էլ հպարտը, ինչ վայրում էլ գտնվի, ճանաչվում է իր հատկությունից՝ ուրիշներին արհամարհող ու նախատող է, որովհետև միայն իրեն է գովում և կամենում է ամենքից գովեստ ընդունել:
    Այդ պատճառով էլ շատ անգամ նախատելի թերությունների մեջ է ընկնում, որպեսզի թերևս խոնարհվի, կամ ձախորդությունների մեջ, որպեսզի ճանաչի, թե ինքն էլ է սխալական մարդ, ապա թե ոչ իրեն մի աստված կհամարեր: Այս պատճառով բոլոր ժամանակներում հպարտները նախատակոծ ու խայտառակ են եղել, միշտ լինում են և կլինեն ապագայում՝ ըստ Աստծու արդար դատաստանի, ում փորձը չի պակասում, թե նրանք կարող են հասկանալ, թե ինչ էին, և ինչ դարձան ամբարտավանների մեծությունն ու փառքը:
    ԻԸ. Ամբարտավան մարդը, եթե ինչ-որ պատահականությամբ որևէ բարու պատճառ է դառնում, այնքան է մեծամտում ու պարծենում, որ կորցնում է արած բարու հարգն ու ժառանգելիք վարձը և իբրև կչկչան հավ՝ մի ձվի համար ականջ է խլացնում:
    Որովհետև չգիտի գործը կշռել ըստ ճշմարտության չափի, այլ կշռում է ըստ իր կրքերի: Ուստի ավելի ու ավելի է բարձրամտանում ու հպարտանում և ստացած պատիվներն անբավական համարում՝ շարունակ նորն ըղձալով, մինչև իսկ աստվածային պատիվ ունենալ և նմանվել փառավոր Բարձրյալին: Եվ որովհետև այս ամբողջովին չար ախտը հպարտներն ընդունեցին Բելիարից, ապա նրա հետ ընդունում են և նրա պատիժը, եթե անզղջում են լինում:
    ԻԹ. Հպարտը ոչ ոքի առաջ չի ուզում խոնարհվել: Բայց քանի որ պատվասեր է, շատ անգամ խոնարհվում է մարդահաճելու՝ հարգանք ստանալու համար: Որովհետև ով մեկից մեծարվել է ցանկանում, հարկադրաբար նրան հաճոյանալ է ջանում, ինչի պատճառով մտքով տանջվում է, թե ինչպես կարող է հաճելի լինել: Ուստի մեծարում է նրանց, որոնք մեծարանքի արժանի չեն, որպեսզի նրանցից փոխադարձ պատիվ ստանա: Քանզի այսպիսիք սովոր են կեղծիքով ու մարդահաճությամբ միմյանցից առաջ անցնել պատվելու մեջ՝ հպարտությունը սնուցանելու համար և ոչ թե ի փառս Աստծու և ի սեր եղբայրության, ինչպես հրամայում է օրենքը:
    Իսկ երբ մի փոքր վշտանում է իր եղբորից, և պատվի հույսն անհետանում է, տե՛ս այնժամ, թե ինչպիսի նախատական նետեր է արձակում նրա վրա: Ում առաջ գովելով հռչակում էր, հետո անարգելով վատահամբավում է, և ում նախ հարգական անվամբ էր հիշում, այնուհետև նախատական անվամբ ծանակում է, և ում տեսնելիս ծիծաղադեմ փարվում էր, այժմ խոժոռադեմ, նողկանքով նրանից երես է դարձնում: Ուստի ամբարտավանների խոնարհությունն առերևույթ է և ոչ ճշմարիտ:
    Լ. Զարմանալի է, որ ամեն ոք, ուր էլ գտնվի, պարսավում է հպարտությունը՝ որպես չար ու վնասակար բան, և գովում խոնարհությունը՝ որպես բարի և օգտակար: Հապա ի՞նչն է պատճառը, որ միշտ և ամեն տեղ հպարտները բազում են, իսկ խոնարհները՝ սակավ: Սրանք թերևս չունեն բարու և չարի ճանաչումը: Քանզի մեծ նախատինք է մտավոր բնությանը, բարին ու չարը ճանաչելով, բարին թողնել ու չարիք գործել: Բայց թվում է, թե անպատեհ է կարծել, թե տակավին մարդիկ չեն կարողանում բարին ու չարը ճանաչել՝ անթիվ օրինակներից և Աստվածային Գրքի ու իմաստունների խրատների քննումից հետո, որոնք միաբան ուսուցանում են, թե հպարտությունը չար է, և խոնարհությունը՝ բարի:
    Ուրեմն՝ քաջահայտ է, որ մարդիկ կա՛մ բնության տկարությունից, կա՛մ հոգու զորեղ կրքերից և կա՛մ բանսարկուի գրգռումով են սահում դեպի հպարտությունը, կա՛մ էլ գուցե խորշում են խոնարհության անշուք ու ցածուն կերպարանքից, որպեսզի նվաստ չերևան:
    Իսկ արդ, բնության տկարությունից մեկն առավել պիտի խոնարհվի, քան հպարտանա: Տկար եմ ասում նրան, ով չի կարողանում կշռել իր կարողությունը և բարեկարգությամբ վարել մտքի ու կամքի գործառնությունները, մարմնի ուժն ու զորությունը, իշխանությունն ու հարստությունը: Քանզի հնարավոր է, որ ուրիշներն իրենից ավելի շատ ունենան բնության ու բախտի այս բոլոր բարիքները: Իսկ նա, ով գիտի, որ ուրիշները շատ բանով գերազանցում են իրեն, իսկույն սկսում է խոնարհվել իր հպարտությունից, որովհետև խելագարություն է ընդդեմ սեփական ճանաչման հանդգնելը:
    Դարձյալ՝ վայել չէ, որ մեկը չիմանա կրքերի զորության մասին: Որովհետև զգայական բաղձանքի կրքերը շատ անգամ մթագնում են բանականության լույսը, թյուրում ուղիղ կամքը և մոռանալ տալիս անձի տկարությունը: Մանավանդ որ բնական կամ ստացական բարիքները երբեմն հպարտության պատճառ են դառնում: Ուստի եթե մեկը սրատես աչքով դիտի նախապես իր շուրջ տեղի ունեցած դեպքերն ու այն վիճակը, որում այժմ գտնվում է, և նրանցով գուշակի ապագան, իսկույն կխոնարհվի:
    Դարձյալ՝ պետք է մտքում անմոռաց պահել բանսարկուի չարիմաց հնարները, որ առավել ջանադիր է մարդկանց հորդորելու դեպի հպարտություն, քան դեպի այլ մոլություններ, և զգուշանալ հպարտությունից: Որովհետև այս ախտը հեշտությամբ է դեպի ներս, հոգու մեջ սպրդում, դժվարությամբ ճանաչվում, շատերի մեջ անբուժելի մնում, և եթե ուրիշ մոլություններ մարդուն մեղավոր են դարձնում, սա ամբողջովին դև է դարձնում: Ուստի մարդ ունի մեծ արթնության կարիք՝ չհետևելու դևի թելադրությանը, որովհետև դևը, բազմահնար խորամանկությամբ մարդու ունեցած բարեմասնություններն ուրիշների ունեցածից ավելի մեծ, չքնաղ ու շատ ցույց տալով, հպարտանալ է տալիս, այսինքն՝ արհամարհել ուրիշների բարեմասնություններն ու միայն սեփականը սիրել, միայն այն հավանել:
    Դարձյալ՝ մարդը պարտավոր է ճանաչել ու իմանալ պանծալի խոնարհության պատվի ու փառքի բարձրությունը և խոնարհների նվաստ կերպարանքի պատճառով, իբրև արհամարհելի բան, չարհամարհել ու չատել նրա չնաշխարհիկ պատվականությունը: Որովհետև թեպետ խոնարհը մոլիների առաջ անշուք ու անմիտ է թվում, բայց առաքինիների առաջ փառաշուք ու մեծիմաստ է:
    Որովհետև մարդու ճշմարիտ փառքն ու իմաստությունը վայելուչն ու օգտակարը ճանաչելն ու դրանք ձեռք բերելն է: Իսկ ի՞նչն է ավելի վայելուչ ու օգտակար մարդուն, քան ամենքին սիրելի լինելն ու ուրախամիտ ապրելը: Եվ ահա խոնարհը բոլոր բարիներին սիրելի է և խաղաղ ու ուրախ կյանք է վարում: Ուստի ով իրեն սիրում է և կամենում է հարգի ու պատվական լինել Աստծու և մարդկանց առաջ, թող խոնարհամիտ լինի:
    ԼԱ. Ավելի մեծ մեղք չկա, քան հպարտությունը, որովհետև իր հետ շղթայված ունի բոլոր մեծամեծ մոլությունները: Քանի որ հպարտը չի կամենում, որ այլ մեկն իրենից բարձր լինի, այդ պատճառով էլ նախանձոտ է լինում, և չտանելով ուրիշների հաջողությունները՝ բարկությամբ է վառվում, չկարողանալով նրանց հաջողություններին արգելք լինել՝ հուսալքվում ու ծուլության մեջ է ընկնում: Իսկ քանի որ ծույլն այլևս շահելու հույս չունի, դառնում է ագահ: Ագահությամբ ձեռք բերված դրամը գրգռում է նրան ուտել-խմելու, և նա որկրամոլ է դառնում: Եվ բազում կերակուրներից ու ըմպելիքներից բորբոքվում է ցանկության ախտը, և նա դառնում է բղջախոհ:
    Ուրեմն՝ հպարտությունն է բոլոր գլխավոր մոլությունների մայրն ու դայակը, նրանից են առաջ գալիս մեղքերի անթվելի ծնունդները, որոնցից մեկն իսկ բավական է մարդուն կորստյան հասցնելու: Ուստի պետք է հպարտությունից ավելի փախչել, քան մահաբեր թույնից:
    ԼԲ. Հպարտը ցանկանում է ամենքից պատիվ ստանալ, բայց ամենքից անարգվում է. որովհետև ով ատելի է Աստծուն, ատելի է ամենքին: Հպարտը կամենում է, որ ամեն ոք իրեն ծառայի, իսկ ոչ ոք չի կարող այս տանել, ուստի ամենքն ատում են հպարտին:
    ԼԳ. Հպարտն իրավամբ է կոչվում տգետ ու խելագար, որովհետև տգետ ու խելագար անձանց պես իր չափը չի ճանաչում: Բայց սրանց միջև տարբերությունն այն է, որ խելագարը ոչ միայն անմեղադրելի է, այլև ցավակցության արժանի, տգետը թեպետև մեղադրելի է, որ չջանաց իրեն ճանաչել, բայց ներման տեղ ունի, որովհետև ստույգ չարությամբ չի գործում, այլ անգիտությամբ, իսկ հպարտը, որ կամովին է տգիտանում ու խելագարվում և ամբարտավան մտքով չի կամենում իր չափը ճանաչել, առավել մեղադրելի է և դատապարտության արժանի:
    ԼԴ. Հպարտը, ինչպես նաև ամբարտավանը՝ կազմված «ամբ», «արտ», «վան» բառերից, հարմարապես ստուգաբանվում են «դեպի ամպի կողմը՝ երկրից դուրս (արտաքս) վանված»: Որովհետև ամբարտավանը հավատում է, թե բարձրացել է մինչև ամպերը՝ իր սկզբնահայր Սադայելի օրինակով, որ ասում էր. «Իմ աթոռն ամպերի մեջ կդնեմ և Բարձրյալին կնմանվեմ» (տե՛ս Եսայի ԺԴ 13-14): Այդ պատճառով էլ հպարտների անկումը սոսկալի է: Որովհետև ով սաստիկ բարձրությունից է ընկնում, խիստ մանր է փշրվում:
    Քանի որ այս դաժան ախտը հատուկ է մտքին, և քանի որ միտքը, աննյութ ու հոգեղեն լինելով, նյութական բաներից միշտ օտարանալ է ձգտում, և թեպետ բանական հոգին նյութական մարմնի մեջ է բնակվում, որովհետև մարմինն իր գոյացական տեսակն է, բայց միշտ փափագում է գերազանցել նրան, երբեմն հպարտներն այնքան են հանդգնում, որ իրենց մարդուց վեր են համարում: Սրանով վաղուց ախտացավ և Սադայելը, մինչև որ իրեն իբրև անմարմին ու իմացական գոյացություն տեսավ:
    Սակայն հպարտները կարող են ամենքից գերազանց լինել և բարձրագույն պատվի բարձրանալ՝ պահելով ճշմարտությունը, այսինքն՝ խոնարհությունը: Որովհետև ճշմարտությունն այս է, որ մեկն իրեն ճանաչում է այնպիսին, ինչպիսին կա, այսինքն՝ արարած է, մահկանացու, տկար, ինքնուրույն կերպով գոյություն ունենալու անընդունակ և իր ապրելուն անհրաժեշտ բաներն ուրիշից ունի:
    Արդարև, այս ամենը մտածելով՝ հպարտը ճանաչում է իրեն, ճանաչում նաև Աստծուն: Ով ճանաչում է Աստծուն, ձգտում է սիրել նրան, որովհետև սերը ճանաչված առարկայի հետ ծանոթությունից է ծնվում: Ով Աստծուն սիրում է, միանում է նրա հետ, որովհետև սերը սիրողին սիրելիի հետ միավորողն է: Եվ ով միանում է Աստծու հետ, գերագույն պատվի է բարձրանում: Եվ ահա ով փափագում էր մարդուց ու նյութական գոյացություններից վեր լինել, հոգու խոնարհությամբ հասնում է իր փափագին և Աստծու հրեշտակի պես լինում: Ուրեմն թող հպարտները փոխեն իրենց կարծիքն ու խոնարհ լինեն, սիրեն Աստծուն և փառավորվեն Նրա կողմից, այլապես դժոխքում պիտի կրեն իրենց սկզբնահոր՝ Սադայելի պատիժը:
    ԼԵ. Հպարտը, ցանկանալով ամենքից փառք ու պատիվ ստանալ, երբ ինչ-որ բարիք է գործում հասարակության օգտին, ջանում է ամենքի առաջ հրապարակել: Եվ երբ ամենքն ակնապիշ նայում են նրան ու գովում, է՛լ ավելի քաջապինդ արիությամբ է մղվում օգտակար գործերի, որպեսզի համբավն առավել տարածվի, և ինքը փքվելով մեծամտանա: Իսկ երբ մարդկանց լեզուները դադարում են նրան գովելուց, իսկույն վհատվելով թուլանում է գործի մեջ, որովհետև նրա քաջության խթանը մարդկանց գովեստներն են: Ուստի երբ գովեստները դադարում են, դադարում է նաև ինքը և այս պատճառով Աստծու առաջ անվարձ է մնում:
    ԼԶ. Հպարտությունը, դիվական ախտ լինելով, Աստծուն ատելի է և մարդկանց այնքան գարշելի, որ իրենք իսկ հպարտները հանձն չեն առնում խոստովանել, թե հպարտ են: Իսկ ինչո՞ւ են հպարտանում. պարզ է, որ չեն զգում իրենց հպարտանալը, որովհետև մտքով կույր են: Եթե մտքով կույր չլինեին, չէին կարողանա կամքով հպարտանալ, որովհետև հպարտանալը կամքի գործ է, նրանո՛վ, որ մարդ ցանկանում է ավելի բարձր երևալ, քան իր բոլոր վիճակակիցները: Սակայն կամքը պիտի հետևի բանականության լույսին, այսինքն՝ մտքին: Եթե միտքը կույր է և կամքին չի առաջնորդում անխոտոր ընթանալու, կամքն ըստ իր կամենալու սահում է ամեն տեսակ վտանգի մեջ, որովհետև չի կարողանում վայելն ընտրել: Ուստի հոգևոր բժիշկները պարտավոր են նախ լուսավորել հպարտների միտքը, որպեսզի կարողանան ճանաչել իրենց մոլությունները և խորշեն հպարտությունից, այլապես ախտն օրըստօրե կզորանա, մինչև որ հպարտներն իսպառ կորչեն: Որովհետև հպարտներին հատուկ է ոչինչ կամ նվազ համարել իրենց ունեցած պատիվը և ցանկանալ ստանալ այն, ինչ չունեն՝ ըստ այսմ. «Քեզ ատողների ամբարտավանությունն անընդհատ պիտի աճի» (Սաղմ. ՀԳ 23):
    ԼԷ. Հպարտությունը մի մահաբեր ախտ է, որի հանդեպ գրեթե բնածին հակում ունեն ազնվականներն ու հարուստները: Բայց զարմանալի է, թե ինչու են նրանով անմտաբար հիվանդանում նաև աղքատներն ու նվաստները: Անմիտ սիրամարգը, նայելով իր տգեղ ոտքերին, փքվելուց դադարում է, իսկ սա, մտավոր լինելով, պարզվում է՝ անբան կենդանուց ավելի անմիտ է, որովհետև ամեն օր իր աղքատությունը տեսնելով՝ տակավին հպարտանում ու բարձրամտանում է, որով իբրև մի ծիծաղելի հրեշ՝ ամենքի կողմից ծանակվում է:
    ԼԸ. Եթե հպարտը մտքով երևակայեր, թե աշխարհում միայն Աստվածն ու ինքն են և ուրիշ ոչ ոք, և աշխարհն ու նրանում եղող ամեն ինչ Աստված միայն իր՝ մարդու համար է ստեղծել, միայն իր մասին է հոգում և իր բոլոր մտքերն ու գործերը քննում, բնավ չէր մեծամտանա: Որովհետև այդժամ ո՞ւմ պիտի կարողանար գերազանցել, եթե ոչ Աստծուն, քանի որ այլ մեկը չէր լինի երկրի վրա, որին կարծեր, թե գերազանցում է: Բայց անհնար է, որ միտք ունեցող արարածն այնքան խելագարվի, որ իրեն Աստծուց բարձր համարի: Եվ այսպես ոչ միայն հպարտությունից, այլև բոլոր մոլություններից ու մեղքերից մարդը հեռու կգտնվեր, ոչ ոքի չէր վնասի և ոչ ոքից չէր տրտնջա, որովհետև Աստծուց բացի ոչ ոքի չէր ճանաչի, թե կա աշխարհում:

    «Մարդու ամբարտավանության սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դեմ, նրա սրտի ստահակությունը՝ իր Արարչի դեմ» (Սիրաք Ժ 14):

    «Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ ամբարտավանությամբ պարծենալը» (Իմաստ. Ե 8):

    «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի» (Ղուկ. ԺԸ 14):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz