Четверг, 18.04.2024, 12:47
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հուսահատություն

  Ա. Ինչպես խարիսխն ալեկոծության ժամանակ նավը փրկում է խորտակումից, այդպես էլ հույսը նեղության ժամանակ մարդուն փրկում է վտանգից: Իսկ երբ հույսի պարանը կտրվում է, մարդն իսկույն ընկնում է հուսահատության հորձանքը. որովհետև ինչ որ նավի մեջ խարիսխն է, նույնը մարդու մեջ հույսն է: Ուստի պետք է ջանալ բոլոր նեղություններում, որ կարող են կյանքի ընթացքում պատահել, աներկմիտ հույս ունենալ, որովհետև միայն նրանով է հնարավոր դիմակայել վրա հասած բոլոր դժվարություններին:
    Բ. Աստված մարդու կարողությունից վեր փորձություն չի տալիս, իսկ հուսահատը մեղադրում է Աստծուն, թե թույլ տվեց, որ իր կարողությունից վեր փորձություն գա, և սրանով չարաչար մեղանչում է:
    Գ. Հուսահատությունն առաջ է գալիս Աստծու գթության մասին չիմանալուց. որովհետև հուսահատն Աստծուն ներող ու ողորմած չի ճանաչում, կամ Աստծու ողորմությունն իր հանցանքից պակաս է համարում, ինչպես Կայենը՝ ըստ այսմ. «Գործած մեղքս մեծ է թողության արժանի լինելու համար» (Ծննդ. Դ 13), ինչ պատճառով հուսահատվածն անարժան է լինում ներման:
    Դ. Տգետներն արագ են հուսահատվում, որովհետև նեղությունների մեջ չեն կարողանում ազատության ելք կամ հուսադրական որևէ մխիթարություն գտնել:
    Ե. Կարճամիտները, երբ որևիցե դժվարություն է պատահում, անմիջապես հուսահատվում են, որով առավել են ծանրացնում այն վտանգի կշիռը, որ կրում են: Եթե Աստծուն հուսալով համբերեին, կա՛մ վիշտը թեթև կթվար նրանց, կա՛մ վշտերից շուտ կազատվեին:
    Զ. Մարմնապաշտներն ու հեշտասերները, երբ դառն վշտերի են հանդիպում, իսկույն հուսահատության մեջ են ընկնում, որովհետև սովորած լինելով ամեն ինչում հանգիստ ու հաճույքներ վայելելու՝ դույզն վշտերից կոտրում են հույսի աղեղը և կամ ճանապարհին անընտել երիվարի նման մի փոքր դժվարությունից վազքն իսկույն դադարեցնում:
    Է. Հպարտները չարաչար են հուսահատվում, երբ իրենց պատվին ու կարծիքին հակառակ որևէ վտանգ է իրենց պատահում: Քանզի չեն կամենում խոնարհվել աստվածային կարգադրության առաջ, որ արդարության արժանի չափով է պատրաստում ու կատարում յուրաքանչյուրի գործերի հատուցումը:
    Ը. Բարկացողները դյուրամետ են դեպի հուսահատությունը, որովհետև կրքից հափշտակվելով՝ չեն նկատում գործի վախճանը, ուստի երբ պատահում է կրել որևէ տառապանք, իսկույն գլորվում են հուսահատության անդունդը:
    Թ. Հուսահատության դեմ պատրաստ դեղ է մտքում հաստատելը, թե աշխարհի օրենքն ա՛յս է, ոչ ոք անվիշտ չի մնում: Կամ շատերն ավելի դաժան վշտերի մեջ ընկան, բայց արիաբար համբերեցին: Կամ սա արդարացիորե՛ն պատահեց իրեն՝ ըստ իր գործերի: Կամ այս պատիժները սակավ են՝ հատուցելու կյանքում իր գործած չարիքները: Կամ մեծ վարձքի է արժանի դառնում, եթե սիրով տանում ու համբերում է նեղությանը: Կամ այս փորձությունը, կամ ցավն Աստծուց է եկել, և պետք է համբերել: Կամ իր համբերությունից շատերը բարի օրինակ են վերցնում, և իր վարձքն ավելանում է, իսկ հուսահատվելուց չարաչար գայթակղվում են, և իր պատիժներն են ավելանում: Կամ հնարավոր է, որ առավե՛լ ծանր վշտեր լինեն: Եվ մանավանդ ինչ վիշտ էլ որ պատահում է, պիտի աղոթքով դիմի Աստծուն, որ վշտից ազատվի կամ կարողանա համբերել: Ահա այսպիսի բարի մտքերով հուսադրվելով՝ վտանգվածը հուսահատության մեջ չի ընկնում:
    Ժ. Եթե հուսահատվել չես կամենում, սրտիդ ցավը մի՛ հայտնիր նրան, ով վշտեր կրելիս անհամբեր է կամ վախկոտ, կամ այս դյուրափոփոխ կյանքի հանգամանքներին անտեղյակ, կամ տառապանքի մեջ բնավ չի ընկել:
    Քանզի այսպիսիք, փորձանավորների ու ցավագնածների որպիսությունը չիմանալով ու փորձած չլինելով, մի բանի տեղ մի ուրիշ բան են խոսում և հուսահատական խոսքերով առավել բորբոքում վերքերը, քան բժշկում. որովհետև չգիտեն մարդուն համոզել համբերելու կամ հուսադրական քաջալերությամբ թեթևացնել ծանր կրքերը կամ ցավերը: Ուստի ովքեր նեղության ու վշտերի փորձը չեն առել, ինչպե՞ս կարող են փորձանավորներին օգնել:
    ԺԱ. Այլև՝ պետք չէ հուսալ մխիթարիչ խոսքեր լսել նրանից, ով կարճամիտ է կա՛մ զայրացկոտ, կա՛մ բազմազբաղ, կա՛մ անձնասեր, կա՛մ ինչ-որ ախտերի կրքերով պաշարված, կա՛մ մարդատյաց: Որովհետև կարճամիտն ինքն է հուսահատության մեջ գլորվում, զայրացկոտը չի կարող շրջահայաց լինել, մտքերով զբաղվածը չի կարող պարզ ու հստակ տեսնել խնդրի բոլոր հանգամանքները, անձնասերը միայն իր օգուտի մասին է մտածում, կրքերով պաշարվածը, մտքով մթագնած լինելով, անկարող է լինում օգտակարն ընտրելու, մարդատյացը չի մտահոգվում ուրիշների գործերով և ավելի կամենում է նրանց վնասը, քան օգուտը:
    Այսպիսիք և սրանց նմաններն ավելի կարող են մեկին հուսաբեկ անել, քան մխիթարել, ուստի պատշաճ չէ, որ նեղյալներն իրենց ցավերը հայտնեն նրանց:
    ԺԲ. Հուսահատների առաջնորդը Սադայելն է, որ ջանում է մարդկանց հուսահատության մեջ գցել, որպեսզի նրանց մատնի հավիտենական անգտանելի կորստյան:
    Քանզի եթե մեկն ուրիշ մեղքերի մեջ է ընկնում, հնարավոր է, որ զղջմամբ ետ դառնա և ներում գտնի՝ հուսալով Աստծու ողորմությանը: Իսկ ով հուսահատվում է, աստվածային ողորմության դեմ է զինվում, ինչ պատճառով միշտ անզղջության մեջ է մնում, ինչպես դևերը: Ուստի երբ դևը մեկին ինչ-ինչ նեղությունների մեջ է տեսնում, իսկույն նրա մտքի մեջ գցում է տեսակ-տեսակ հուսահատական մտածումներ, որոնք իրականում չեն եղել ու չեն էլ կարող լինել. որովհետև այն, ինչ հնարավոր ու կարելի է, ծանր ու անհնարին է կարծել տալիս՝ փորձանավորների միտքը բեռնավորելու և ընկճելու համար, որպեսզի նրանց հուսաբեկ անի:
    Ուրեմն աշխարհում կենցաղավարող բոլոր մարդիկ պիտի արթուն ու զգաստ մնան և դևի թելադրությանը չանսան, այլ ապավինեն Աստծուն և նեղություններին արիաբար տոկան:
    ԺԳ. Կան և ոմանք, որ վշտացածին մխիթարելու փոխարեն դժվարությունների մասին անհեթեթ խոսքերով գցում են տարակուսանքների մեջ, մինչև որ նրանց հուսակտուր են անում: Այսպիսի վայքաբոթ մարդիկ կամ տգետ են, կամ թշնամի, կամ չարախնդաց և կամ շարժված են դևերից:
    Որովհետև տգետը, չկարողանալով մխիթարական խոսքեր ասել, հակառակն է խոսում, թշնամին ջանում է վշտերի հանգամանքները ծանրացնել, որպեսզի առավել վտանգի, չարախնդացը կամենում է, որ ուրիշները հուսահատվելով կորստյան մատնվեն, և ինքն ուրախանա, իսկ դևերից շարժվածը բյուրատեսակ դժվարությունների մասին մտածումներով է պաշարում վտանգվածի միտքը, որպեսզի ընկճելով ամուր հույսից զրկի նրան:
    Ուստի պետք չէ ցավերն ամեն մեկին ասել, որովհետև շատերը մեղանչական բժիշկ են: Տարակուսանքները կամ վշտերը պետք է հայտնել այնպիսինին, որ խոհեմ է, բարեկամ, բարեմիտ ու Աստծու հանդեպ երկյուղած, որպեսզի կարելի լինի նրանից քաջալերություն ու սփոփանք գտնել:
    ԺԴ. Եթե պատահի, որ մեկին ինչ-որ բան հարցնես, նախ խորհիր, որ խոսքդ նրան չվերաբերի, որովհետև չես կարող նրանից ճիշտ պատասխան ստանալ քո տարակուսանքները ցրելու համար. յուրաքանչյուր ոք իր շահի մասին ավելի է մտածում, քան ուրիշների: Ուստի խոսքերդ թյուր կողմը շրջելով՝ անհնարին դժվարություններով հուսաբեկ կանի քեզ: Հարցրու նրան, ում որևէ կերպ չի վերաբերում այն, ինչի մասին հարցնում ես, որպեսզի ճիշտ պատասխան ստանաս:
    ԺԵ. Ով չի կարողանում իրեն կառավարել, ինչ վիճակում և ինչ պարագաներում էլ որ լինի, ծածուկ խելագար է: Քանզի նա է խոհեմ ու կատարյալ, ով այս կյանքի բոլոր շրջադարձներում ու փոփոխություններում հնարներ է գտնում իրեն կառավարելու և երբեք հուսահատվելով չի ընկճվում ու վհատվում:

    «Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալեցեք նրա ողորմությունը, մի՛ խոտորվեք, որպեսզի չգլորվեք» (Սիրաք Բ 7):

    «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա» (Երեմ. ԺԷ 7):

    «Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմ. Ե 5):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz