Четверг, 28.03.2024, 22:12
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հայոց եկեղեցու տոները

Հայոց Եկեղեցու տոնացույցը


Հայ Եկեղեցու տոները կարելի է բաժնել գլխավորապես երկու մասի,

1. Տերունական տոներ և
2. Սրբերի տոներ։


1. Տերունական տոներ

Հայոց Եկեղեցու տերունական տոներն այն տոներն են, որոնք կատարվում են ի պատիվ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու, Մարիամ Աստվածածնի, Սուրբ Խաչի և Սուրբ Եկեղեցու։ Այս տոները կատարման օրերին սրբերի հիշատակ չի կցվում։ Դրանք բոլորն էլ հավասարապես տերունական կոչվելու պատճառ կաթող ենք համարել փրկագործության խորհրդի հետ կապված լինելը, որովհետև դրանցում միշտ կա՛մ Փրկիչը, կա՛մ Փրկչի մայրը կա՛մ փրկության նշանակն է կատավում։

Տերունական կամ տերունի տոներն են՝

ա/ Ս. Ծնունդ և Մկրտություն կամ Հայտնություն Քրիստոսի, որն անշարժ կերպով կատարվում է  հունվարի 6-ին։
բ/ Անվանակոչություն Քրիստոսի՝ հունվարի 13-ին։
գ/ Տեառնընդառաջ՝ Քրիստոսի քառասնօրյա ընծայումը տաճարին, փետրվարի 14-ին։
դ/ Զատիկ կամ Տիրոջ Հարություն, ապրիլյան լիալուսնի մերձավոր կիրակի օրը։
ե/ Համաբարձում Քրիստոսի, Զատկից 40 օր հետո՝ հինգշաբթի օրը։
զ/ Հոգեգալուստ, Համբարձման երկրորդ կիրակի օրը։
է/ Վարդավառ կամ Պայծառակերպություն Քրիստոսի, շարժական տոն է, մոտավորապես հուլիս ամսին։
ը/ Վերափոխում Ս. Աստվածածնի, կամ Գալուստ Տեառն՝ ի փոխումն կուսին, օգոստոսի 15-ի մերձավոր կիրակի օրը։
թ/ Խաչվերաց, որը Հերակլ կայսեր ձեռքով Տիրոջ Խաչափայտի Գերությունից վերադարձն է՝ VII-րդ դարում. կատարվում է սեպտեմբեր 14-ին մերձավոր կիրակի օրը։

Այս տոներից Ս. Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը ժողովրդական լեզվով և պիտակաբար կոչվում են նաև Տաղավար՝ որպես մեծահանդես կատարվող տոներ, ինչպիսին էր աստվածաշնչային Տաղավարահարաց տոնը։

Տերունական տոների թվին պետք է դասել նաև Ավագ-Շաբթվա Հինգշաբթիի Ընթրյաց, և Ուրբաթի Չարչարանաց հիշատակները։

Ծնունդի և Զատիկի նախընթաց Շաբաթ օրերը կոչվումց են Ճրագալույց, այսինքն՝ բազում ճրագներ վառելու օր, Լուսավառություն։ Իսկ նույն օրերի, ինչպես նաև Վարդավառի, Վերափոխման և Խաչվերացի նախընթաց Շաբաթ օրերի երեկոները կոչվում են Նավակատիք՝ որպես տոնի հիշատակը նորոգող ուրախությունների սկիզբը՝ նախատոնակը։ Եկեղեցու հոգևոր ուրախությունների` նավակատիքի, հաջորդող առտնին ընթրիքն էլ կոչվում է Խթում՝ ժողովրդական լեզվով, այսինքն՝ «Նաւակատիք, յորում լինի խթիլ - ճաշակել – ի կթեղէն կերակուրս ընդ երեկս». Հայկազյան Բառարան՝ Վենետիկ։


2. Սրբերի տոներ

Սրբերի տոները կարող ենք դասակարգել հետևյալ կերպով.

ա/ Աստվածածնի, որ՝ բացի Վերափոխումից՝ ունի նաև հետևեալ վեց տոները` Հղություն, Ծնունդ, Ընծայում տաճարին, Ավետում, Տուփի գյուտ (Գիւտն տփոյ) և Գոտու գյուտ (Գիւտն գոտւոյ), այս վերջինները վերջամուտ, և Հղության տոնի հետ՝ ոչ քաջալերելի։
բ/ Նահապետների՝ սուրբգրական։
գ/ Մարգարեների՝ սուրբգրական։
դ/ Առաքյալների և աշակերտների՝ Քրիստոսի։
ե/ Հայրապետների, վարդապետների, քահանաների և սարկավագների՝ ազգային և օտար։
զ/ Թագավորների, իշխանների, զորավարների և զորքերի՝ ազգային և օտար։
է/ Մարտիրոսների՝ ազգային և օտար։
ը/ Կույսերի՝ ազգային և օտար։
թ/ Ճգնավորների՝ օտար։

Գերազանցապես ազգային-եկեղեցական տոներ են և պետք է նկատվեին՝

ա/ Թադէոս և Բարթողիմէոս սուրբ առաքեալներ, առաջին  Լուսաւորիչները Հայ Եկեղեցւոյ։
բ/ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Հայոց երկրորդ Լուսաւորիչը՝ որ ունի երեք տոներ, - Մուտքը վիրապ (Մուտն ի վիրապն)՝ Մեծ Պահոց 6-րդ կիրակին կանխող շաբաթ օրը, Ելքը վիրապից (Ելն ի վիրապէն)՝ Հոգեգալուստից հետո երկրորդ կիրակիին նախընթաց շաբաթ օրը, Նշխարների գյուտը (Գիւտ Նշխարաց)՝ «Ելն ի վիրապէն»-ից երկու շաբաթ հետո` շաբաթ օրը։
գ/ Ս. Սահակ և Ս. Մեսրոպ՝  Լուսավորչի Նշխարների գյուտին հաջորդող հինգշաբթի օրը։
դ/ «Ղևոնդեանց քահանայից» և «Վարդանանց զօրաւարաց», առաջինը Բուն Բարեկենդանի կիրակին կանխող Երեքշաբթի օրը, և երկրորդը՝ հինգշաբթի օրը։
ե/ «Թարգմանչաց վարդապետաց»՝ Մեսրոպ, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ՝ Անհաղթ փիլիսոփա, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի։

Այս տոների կարգին պետք է հաշվել նաև՝

զ/ Մեծն Ներսես Հայրապետ՝ որ Խաթ Եպիսկոպոսի հետ տոնում ենք «Տօն Կաթողիկէին» հաջորդող շաբաթ օրը, և
է/ «Վարագայ Ս. Խաչ», որը տոնվում է Խաչվերացի երրորդ կիրակի օրը։

Սրանցից բացի Հայ Եկեղեցին տոներ է սահմանել է նաև՝

1. Եկեղեցու համար. այսպես՝
ա/ «Տօն Կաթողիկէ Սրբոյն Էջմիածնի», Լուսավորչի «Ելն ի վիրապէն» տոնին հաջորդող կիրակի օրը։
բ/ «Յիշատակ տապանակի հնոյ և տոն նորոյս Ս. Եկեղեցւոյ», Վարդավառի նախընթաց շաբաթ օրը։
գ/ «Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի»՝ Լուսավորչի տեսլի համաձայն, Վերափոխման նախընթաց շաբաթ օրը։

2. Խաչի համար. այսպես՝
ա/ «Տօն Երևման Սրբոյ Խաչին»՝ Զատկի 5-րդ կիրակի օրը։
բ/ «Տօն Վարագայ Ս. Խաչի»՝ Խաչվերացի երրորդ կիրակի օրը։
գ/ «Գիւտ Խաչ»՝ Խաչվերացի 7-րդ կիրակի օրը։

Հայ Եկեղեցին տոնում է սուրբերը՝ որպես հարգանք նրանց հիշատակին։ Այսպիսով գնահատվում է նրանց ապրած ավետարանական անբասիր ու օրինակելի կյանքը։ Եվ սա բոլոր սրբերի համար անխտիր, որ ազգին կամ որ եկեղեցուն էլ, որ նրանք պատկանեն։ Իսկ իր ազգային սրբերի մեջ նա գնահատում է քրիստոնեական կրոնի կենդանի շնչով մշակված ու նվիրականացած ազգային-եկեղեցական ապրումների արտահայտությունը հավետ հիշատակելի պատմական դեպքերու մեջ, ինչպես՝ Գրի Գյուտը, Մշակույթի ստեղծագործություն՝ Թարգմանիչների ձեռքով, Հավատքի պաշտպանության հետ ազգային գոյության կռիվ՝ նահատակությամբ պսակված՝ Վարդանանց և Ղևոնդյանց կողմից։ Եվ Լուսավորիչով՝ Հայոց Լուսավորությունը պետական նվիրագործությամբ, և այլն։

Յուրաքանչյուր տարի հարյուր երեսուն երեք օրեր սրբերի հիշատակություն չի կատարվում։ Այդ օրերն են.

9 օր Աստուածյայտնություն
8 օր Աւագ Շաբաթ
38 օր Յարություն
10 օր Համբարձում
7 օր Հոգեգալուստ
3 օր Այլակերպություն
9 օր Վերափոխում
7 օր Աստուածածնայ միւս տոներ
6 օր Խաչի զանազան տոներ
30 օր Հասարակ կիրակիներ

Սրբերի այս հարգանքի հետ Հայ Եկեղեցին կատարելապես հաշտեցնում է նրանց բարեխոսության ըմբռնումը։ Սա ոչ թե նվազեցնում է Աստծո նկատմամբ մեր ունեցած բարձր հավատքն ու մեծ վստահությունը, այլ նույնիսկ ամրապնդում է դրանք՝ նրացից իսկ բխած լինելով։ Մանավանդ որ նա բարեխոսությունը երբեք չի համարում հավատի հիմքը, այլ այդ հավատքի վրա զորացած և դրանից սնված սրտի մի բնական նվիրաբերում՝ մեծարելու Աստծո հավիտենական հանգիստի մեջ ապրող Աստծո սիրելիներին և մեր եղբարներին։ Երկրավորների խնդրանքը երկնավորների այդ բարի խոսքին`ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆԸ, սխալ է հակառակ համարել ճշմարիտ աստուածպաշտությանը։

Ավելորդ է ասել, որ սրբերի պատկերներին և նշխարներին տրված պատիվն էլ արդյունք է մեր Եկեղեցու այս բարեպաշտ տեսության։ Ավելորդապաշտական երևույթները ուղիղ ըմբռնման անգիտակ շեղումներ են, որոնք ենթակա են ժամանակի ընթացքի սրբագրությանը։

Նշենք, որ այս ամենի մեջ նշմարված հեթանոսական երանգը պատճառ չի կարող լինել նմանեցնելու իմաստն ու արժեքը, որոնցով քրիստոնեական ոգին պայծառակերպել է դրանք։

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz