Четверг, 25.04.2024, 16:54
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Հայհոյություն


    Ա. Ի՞նչ պետք է ասել լեզվի ու բերանի հանդգնության մասին, որ հաստատվեցին մարդու այս բնության մեջ որպես մտքի թարգման ընկերոջը. մտքի թարգման, որովհետև ինչ որ միտքը խորհում է, նույնը պիտի խոսեն լեզուն ու բերանը, որոնք թեպետ տարբեր են, բայց նույն պաշտոնին են կարգված:
    Արդարև հույժ բարի ու պիտանի են սրանք, երբ պատշաճն են խոսում, այսինքն՝ ընկերոջը խրատում են, տգետին ուսուցանում, տրտմածին մխիթարում կամ Աստծուն աղոթում, նրան օրհնում ու նրանից շնորհակալ լինում: Իսկ եթե անվայելն ու անպատեհն են բարբառում, խիստ վնասակար ու չար են դառնում:
    Բ. Բոլոր արարածները զարհուրում են, երբ մտավոր ու իմացական բնությունից, ինչպիսին է մարդը, լսվում են հայհոյություն կա՛մ անիծաբանություն, կա՛մ նզովք, կա՛մ հիշոց՝ թե իր անձի և թե ուրիշների հասցեին: Սա դեմ է ոչ միայն Աստծուն, այլև բանական բնությանը. որովհետև բնությունն իսկ խորշում է բերանի անկարգաբար խոսելուց ու բնության օրենքը կորցնելուց:
    Իսկ արդ՝ ինչպիսի՜ սարսափ ու դող չի պաշարում բարկասիրտ հայհոյողին. նրա ձեռքերը դողդոջում են, ծնկները՝ իրար զարնվում, սիրտն ուժգին տրոփում է, աչքը՝ շրջվում, երեսը՝ գունաթափվում, բերանը՝ փրփրում, լեզուն՝ կապվում, և նա, մարդկային սահմանից լիովին օտարացած, գիշակեր գազանի է կերպարանափոխվում: Եվ ո՞ր կիրքն է սրանից ավելի թշվառ, որով վարակվում են բարկասիրտ հայհոյողները:
    Այդժամ կարելի է տեսնել մի այլանդակ հրեշի կամ անզգամ ու անբան մեկի, որովհետև բարկասիրտ հայհոյողն իսպառ կորցնում է բարին ու չարն ընտրելու ընդունակությունը: Ո՛չ ծնողներին է ճանաչում, ո՛չ որդուն խնայում, ո՛չ սիրելիներին ու բարեկամներին տարբերում, այլ առհասարակ ամենքին անարգում է ու հայհոյում, մինչև որ խիստ բորբոքվածությունից, բերանը երկրի վրա ունենալով, լեզվով երկնքին է հասնում, խելագարված հանդըգնություն է գործում հոգևորի, չասեմ թե Աստծու հանդեպ:
    Վա՜յ այս դժբախտություններին. նրանց լեզուները երկսայրի սրի պես մտնում են իրենց սիրտը և մահացու վերք բացում իրենց հոգիներում, բայց հիմարները կարծում են, թե ուրիշներին են վիրավորում: Ուստի խիստ զգուշալի է այս չար ախտը, որովհետև ատելի է դարձնում Աստծու և մարդկանց առաջ:
    Գ. Հայհոյությունն անարգական ու անեծքի խոսք է՝ ասված ընդդեմ Աստծու և աստվածայինների: Այս մեծ չարը երբեմն առաջ է գալիս անհավատությունից, որովհետև անհավատները, չհնազանդվելով Աստծու օրենքին ու կարգադրությանը և Սուրբ Եկեղեցու ու սուրբ հայրերի կանոններին, ընդդեմ նրանց զինվում ու մտքով մաքառում են կամ հայտնապես հանդգնում հայհոյել:
    Դ. Հայհոյությունը երբեմն առաջ է գալիս հպարտությունից. որովհետև հպարտը, ուրիշներին անհավան լինելով, խելագարված մոլեգնում է անհավան լինելու նաև աստվածայինների հանդեպ և սկսում է հետաքրքրվել աստվածային բաներով, թե Սուրբ Երրորդությունն ինչպես է մի Աստված և երեք անձ, և թե ինչպես ստեղծեց այս աշխարհն ու նրանում գտնվող բաները, կամ ինչ կար արարչագործությունից առաջ և ինչ պիտի լինի հետո և այլն:
    Ե. Հայհոյությունը երբեմն առաջ է գալիս հանդգնությունից. որովհետև մարդու սահմանափակ իմացողությունը, քննելով մտքին անհասանելին, տարուբերվելով սահում է դեպի թերահավատություն: Եվ քանի որ տատանվում է ամենքին հայտնի դարձնել այս, որպեսզի չհանդիմանվի կամ չպատժվի, և հանձն չի առնում խոնարհությամբ հնազանդվել Աստծու օրենքին, մտքերով վարանում է: Ահա երկսայրի սուր, որ շարունակ տանջում է նրան անողորմ դահիճից առավել, և դրանից հետո նա սկսում է մոլորաբար խոսել Աստծու կամ աստվածայինների մասին: Թեև սրանով դրականապես չի դառնում հայհոյիչ, այսինքն՝ որևէ նախատական բան չի ասում Աստծու և աստվածայինների վերաբերյալ, սակայն բացասաբար է դառնում հայհոյիչ, երբ անհավան լինելով այն բաներին, որ Աստված հայտնեց ու Սուրբ Եկեղեցին կանոնադրեց՝ դրանք խեղաթյուրում ու եղծում է: Այս ախտով շատերն են հիվանդացել ու հիվանդանում հպարտության ու հետաքրքրասիրության պատճառով:
    Զ. Հայհոյությունը երբեմն առաջ է գալիս տգիտությունից. որովհետև անտեղյակ լինելով աստվածային օրենքին ու սահմանումներին՝ մարդը տգիտաբար հանդգնում է իր կարծիքը պնդել, թե ճշմարիտ է, և հակառակը խոսելով կամ հավատալով՝ հայհոյիչ է դառնում:
    Է. Հայհոյությունը երբեմն առաջանում է հեշտասիրությունից. որովհետև աստվածային օրենքն արգելում է մարմնական հեշտանքների մեջ անասնաբար թավալվելը, իսկ հեշտասերը կամենում է համարձակ մոլագարել դրանց մեջ:
    Ուստի բարի օրենքը վերացնում ու իր մտքի մեջ հաստատում է օրենքին հակառակը և հանդգնում հայհոյել, թե չկա մարդկանց գործերի գիտակ ու քննիչ, դատաստան ու հատուցում, և այս անում է, որպեսզի անխիղճ մտքով հարատևի գարշ ու մոլեկան հեշտանքների մեջ:
    Ը. Հայհոյությունը երբեմն առաջ է գալիս տրտմությունից: Որովհետև մարդ, տրտմական կրքով պաշարվելով ու չկարողանալով մխիթարություն գտնել, մտքով վարանում է: Եվ քանի որ տրտմության ախտը թուլացնող ու դանդաղաշարժ է, մտքի թանձրության պատճառ է դառնում, մանավանդ եթե ախտակիրը չի ճաշակել Սուրբ Գրքի մտքերը: Որովհետև եթե իմաստուն մեկը լիներ, ինչպիսի վշտերի մեջ էլ ընկներ, անմխիթար չէր մնա: Ուստի ասես անել շավղի մեջ արգելափակվելով՝ սկսում է հուսահատվել, և սրանից ճանապարհ է ընկնում դեպի հայհոյությունը՝ ասելով, թե՝ ինչո՞ւ Աստված այս չարիքներն ինձ վրա բերեց:
    Թ. Երբեմն էլ հայհոյությունն առաջ է գալիս սաստիկ կսկիծից՝ սիրելիների մահվան պատճառով, լինի զավակի, թե ամուսնու, եղբոր, թե ծնողի: Որովհետև հայհոյում է, թե ինչո՞ւ Աստված չպահեց նրան մահվանից, արդյոք չտեսա՞վ մեռնելու արժանի մեկ ուրիշի և այլն: Այս մոլորության մեջ հաճախ անմիտ կանայք են գահավիժում, մանավանդ եթե մեռածն առույգ տարիքի միամոր որդի է:
    Պետք է զսպել այս անբան կիրքը: Որովհետև ուր ազատության ճար չկա ձեռքներիս, այնտեղ հրամայողի կամքին հնազանդվելն է փրկության ելքը: Եվ արդարև չկա սրտի ցավերը բժշկելու այլ դեղ, բացի համբերությունից ու աստվածային կամքին հնազանդվելուց:
    Քանզի հայհոյող լեզուն այդժամ ի՞նչ է շահում, եթե ոչ ցավերի վրա ցավեր ավելացնելը: Կյանքի և մահվան տերն Աստված է, երբ կամեցավ, տվեց, երբ կամեցավ, վերցրեց: Դո՛ւ, ո՛վ սգացող և ընդդեմ Աստծու կամքի բարբառող, ի՞նչ կորցրիր: Ինչ որ քեզանից վերցվեց, քոնը չէր, այլ Տիրոջը: Եթե Տերն իրենն առավ, ինչո՞ւ ես տրտնջում ու հայհոյում, չէ՞ որ երբ կամենա, կարող է և քե՛զ կյանքից զրկել:
    Արդարև, բնավ պետք չէ մեռյալների վրա անհուսաբար սգալ ու կոծել հեթանոսների պես և Աստծուն բարկացնել հայհոյության անվայել խոսքերով:
    Ժ. Երբեմն էլ հայհոյությունն առաջ է գալիս կամակորությունից: Սա ավելի չար է, որովհետև կամակորությունը ծնվում է հպարտությունից ու տգիտությունից, իսկ երկու չար ծնողներից ծնված դուստրն ավելի չար է: Որովհետև կամակորներին հատուկ է չնահանջել նրանից, ինչ մի անգամ բանավոր կամ գրավոր խոսքով ուսուցանում են, այլ սին փաստերով համառել դրա մեջ:
    Ուստի շատերն ընկան աղտեղի խոսքերի ու մոլորությունների մեջ, մանավանդ Աստծու՝ և Սուրբ Եկեղեցու կանոնների դեմ հայհոյությունների մեջ: Եթե սրանք վերացնեին կամակորության ախտը, արագ կճանաչեին ուղիղ ու ողջամիտ ճշմարտությունը:
    ԺԱ. Պատահում էլ է, որ հայհոյությունն առաջ է գալիս բարկությունից. որովհետև երբեմն բարկացածն այնքան է կատաղում խելացնոր մոլեգնությամբ, որ ընկնում է հայհոյությունների մեջ և անգամ իր մտքին անվայել ու տհաճ բաներ է բարբառում:
    Թեպետ այսպիսիք բարկության բոցի անցնելուց հետո ճանաչում են իրենց թույլ տված վրիպումը և զղջում, սակայն հայհոյիչ են անվանվում, որովհետև մեծապես մեղանչեցին մարդկանց ու Աստծու հանդեպ:
    ԺԲ. Ինչպիսի և որքան անմխիթար ողբի են արժանի նրանք, որ գարշելի են դարձնում իրենց բերանները հիշոց կոչվող հայհոյությամբ, որ արժանի չէ հիշվելու: Զարմանալի է, որ այդպիսի աղտեղություններ լսելիս մարդիկ հեռու են փախչում, բայց խոսելիս նույնն անում: Ավա՜ղ, ինչպիսի՜ ապուշություն ունեն այն մարդկանց մտքերը, որոնց բերանները լի են հիշոցներով:
    ԺԳ. Մարդիկ ինչ որ ուտում ու խմում են, լավ ընտրում են դրանք, իսկ ինչ որ խոսում են, ինչո՞ւ չեն կամենում ընտրել. որովհետև սա՛ է մարդավայել, որ մարդու խոսածը լինի բարի, ընտիր, օգտակար և մեր մարդկությանն արժանի: Իսկ կերակուրների ընտրությունը ոչ այնքան բանականության գործն է, որքան զգայականի. անգամ անասունները, թռչուններն ու գազաններն առավել ունեն կերակուրների խտրություն, քան մարդիկ: Որովհետև երբեմն մարդիկ ակամա հակվում են ամեն ինչ ուտելու, իսկ անբանները բնավ չեն ուտում այն սնունդը, դեպի որը բնությունը չառաջնորդեց նրանց:
    Ուրեմն, ով անվայել բաներ է բարբառում, ինչպիսին հիշոցն է, եղծում է մարդկության օրենքը և անբաններից էլ անարգ գտնվում, մանավանդ որ կամովին է այդ կատարում: Ուստի ամեն ինչում վատ ու անարգ են հիշոց տվողները, որոնցից պետք է հեռու մնալ, ինչպես թունավոր քարբերից:
    ԺԴ. Հայհոյողներն ու հիշոց տվողներն արդյոք ի՞նչ են շահում անվայել բաներ խոսելուց. սա պետք չէ ուրիշներից սովորել, այլ հենց նրանցից՝ հայհոյողներից: Որովհետև այլ մոլությունները թեպետ գարշ, չար ու ատելի են, բայց նրանց մեջ կա մոլություն, որ հաճույք է պատճառում, կա, որով մարդ որևէ բան է ավելացնում իր համար, կա, որով մի բան վերցնում է ուրիշից և դրանով վրեժ լուծում, իսկ հայհոյանքը սրանցից ոչ մեկը չունի: Որովհետև հայհոյելով մարդ հաճույք չի ստանում, որևէ բան ձեռք չի բերում և ոչ էլ ուրիշից մի բան վերցնում, այլ հակառակը՝ ինքն իրեն տանջում է. որքան կիրքը բորբոքվում է, այնքան հայհոյանքը սաստկանում է, և որքան հայհոյանքը սաստկանում է, այնքան կիրքը՝ բորբոքվում:
    Ուրեմն որտե՞ղ են սրանք կանգ առնում կամ ե՞րբ դադարում: Գուցե երբ օրը երեկոյանո՞ւմ է, կամ գիշերն առավոտվա՞ փոխվում, և կամ երբ իրենց սրտերը թալկանում ու նվաղո՞ւմ են:
    ԺԵ. Երբ մեկը սկսեր հայհոյել, երանի թե նրա ականջն իսկույն կտրելով բերանին կարեին, որ լսեր, թե ինչ է խոսում: Արդարև, եթե հայհոյողն ինքը լսեր իր հայհոյանքը, իսկույն ամոթից կխփեր իր բերանին: Ավելի լավ է համր ու մաքուր բերանը, քան խոսողն ու անմաքուրը:
    ԺԶ. Ով շատ է կատարում մի գործ կամ ասում մի խոսք, դա դառնում է սովորություն, և սովորությունն էլ վերածվում է երկրորդ բնության: Ուստի ով սովորում է հայհոյելուն, չի կարողանում դրանից հետ կանգնել, այլ ինչ խոսում է, դրան խառնում է աղտեղի խոսքեր կամ անպարկեշտ ու անվայել պատմություններ, որոնք ըստինքյան հայհոյանք են:
    Ուստի բանական մարդն այդպիսի չար սովորությունը տակավ առ տակավ պիտի մոռանա և բառերն ու խոսքերը զգաստ մտքով կշռի, որպեսզի նույն չարիքի մեջ վերստին չընկնի:
    ԺԷ. Հայհոյանքների կարգին է պատկանում և այն, որ քաղաքական կենցաղավարության մեջ անպարկեշտ բաներ են խոսում, և թեպետ սրանց նպատակը որևէ հայհոյանք տալը չէ, այլ իբրև թե զվարճախոսություն անելը, բայց անխոհեմությամբ դառնում են հայհոյող: Եվ սա փոքր չարիք չէ, որովհետև աղտեղի բաներ հիշելով՝ արատավորվում է նաև միտքը թե՛ խոսողի և թե՛ լսողի:
    Ուստի մարդիկ հեռու պիտի մնան այսպիսի անհամեստ խոսակցություններից, որպեսզի անզգուշաբար չսահեն հիշոցատվության մեջ:
    ԺԸ. Ծնողները, ցանկացած արհեստի վարպետները և ուսուցիչները պարտավոր են նորահաս երեխաներին խրատել ու զսպել, որպեսզի չընտելանան հայհոյանքներ տալուն կամ լսելուն: Որովհետև նրանց թարմ հասակը հեշտությամբ է սայթաքում այս ախտի մեջ, և մանկական տարիքում սրան ընտելանալով՝ կամ երբեք չեն մոռանում, կամ շատ դժվարությամբ են մոռանում:
    Ուստի ոչ միայն վարձի արժանի գործ է այսպիսիներին խրատելն ու հանդիմանելը, այլև մեծ պարտավորություն. և եթե մեկը կարող լինելով զանց է առնում այս անել, նրանց մեղսակից է դառնում:
    ԺԹ. Ինչպիսի՜ ապուշություն ունեն որոշ ծնողների մտքերը, որ խոսել նոր սկսած իրենց զավակներին, երբ դեռ հազիվ են կարողանում թոթովախոս լեզվով ինչ-ինչ բառեր ասել, սովորեցնում են հայհոյանք տալ: Անմեղ մանուկը բարին ու չարն ընտրելու կարողություն չունի, ինչ լսում է, այն էլ սովորում է, և երբ աղտեղի բառեր է արտաբերում, անմիտ ծնողը բերանը բացած ծիծաղում է և հորդորում նույնը երկրորդել: Ինչպիսի՜ թշվառություն, մանուկը դեռ կաթնակեր է, իսկ ծնողները նրան դարձնում են գիշակեր գազան: Հապա վերջում ի՞նչ պիտի դառնա այդպիսի ողորմելի մանուկը, եթե ոչ հայհոյիչ:
    Ուստի խնայեցե՛ք, ո՛վ ծնողներ, ձեզ և ձեր զավակներին և մանկությունից սովորեցրեք նրանց բարի բաներ խոսել, որպեսզի բարի մարդիկ դառնան:
    Ի. Ամեն մարդ, մանավանդ զավակների տեր հայրը, պարտավոր է լեզուն զուսպ պահել և որևէ անպատեհ պատմություն չպատմել կամ հայհոյանք չտալ նորափթիթ երեխաների ու երիտասարդների առաջ: Որովհետև նրանց տարիքի բերումները կապկանման են. մեծերից ինչ լսում ու նրանց մոտ տեսնում են, սովորում են և ջանում համապատասխանել դրան:
    Սա մարդու օրենք է, որ ետինները ցանկանում են նմանվել առաջիններին, նույնիսկ գերազանցել նրանց: Ուստի երբ փոքրերն անպարկեշտ բաներ են լսում մեծերից կամ տեսնում նրանցում, հարկավ սովորում են դրանք և իրենք էլ եղածի վրա ավելացնում:
    Եվ եթե հայրը մտքով հակվեց չարին առանց առաջնորդի, ապա որդին, դեպի նույն չարն առաջնորդվելով հորից, անկարգության ի՞նչ աստիճանի չի բարձրանա: Արդարև, դրանից հետո հույս չկա, թե կարգի կգա: Քանզի ինչպե՞ս կարող է նա բարիք գործել, որ մանուկ տարիքում չարիքներ է սովորել՝ ըստ այսմ. «Թե որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառյուծը՝ իր խայտուցները, դուք էլ կկարողանաք բարություն անել, դուք, որ սովորել եք չարիք գործել» (Երեմ. ԺԳ 23):
    Եվ այս չարիքի պատճառը մեծերի մոլեկան վարքն ու անխոհեմ վարմունքն են:
    ԻԱ. Նորահաս երեխաները հասակակիցներից էլ են չար բաներ ու հայհոյանքներ սովորում, երբ տանը կամ փողոցներում ի մի հավաքված՝ մանկական խաղերով են զբաղվում: Ուստի ով կամենում է իր զավակին բարիք անել, թող չթողնի նրան խոսել կամ խաղալ չարերի հետ և թող առանձին չուղարկի նրան ամեն տեղ, որպեսզի նրա մաքուր միտքը չարատավորվի: Որովհետև մանկական տարիքը նման է սպիտակ թղթի, որի վրա մի անգամ դրոշմվածն անջնջելի է մնում:
    Սակայն հույժ վայել է նաև, որ դեռահաս երեխաները հլու ու հպատակ լինեն իրենց ծնողներին, վարժապետներին ու ուսուցիչներին և անզգամությամբ բնավ չլրբանան ընդդեմ նրանց խրատների, ապա թե ոչ իրենց արյանն իրենք պարտական կդառնան:
    ԻԲ. Ո՞վ պիտի ողբա այնպիսի ծնողների գլուխը, որ բերանի խոսքով անեծք են թափում իրենց որդիների գլխին: Բարկությամբ բորբոքվելիս ի՞նչ չարիք չեն մաղթում, որ Աստծուց հասնի իրենց զավակներին: Կան այնպիսիք, որ սրտի հառաչմամբ խնդրում են, որ զավակները զրկվեն աչքի լույսից, կան էլ, որ մաղթում են, որ չորանան նրանց ձեռքերը, ոտքերը կամ բերանը: Գտնվում են և ոմանք, որ նաև այլ մեծամեծ չարիքներ են հայցում, մինչև իսկ փափագում իրենց որդիների մահը: Սրանից ավելի ի՞նչ չար բան կա. արդյոք սա ինքն իրեն անիծել չէ՞:
    Գազանները, անասունները, թռչունները սրանց համեմատությամբ ավելի գթած են իրենց ծնունդների հանդեպ և ձագերի հանդեպ գորովի պատճառով շատ անգամ մահվան են մատնվում: Իսկ անագորույն մարդիկ նրան, ում երկունքով ծնեցին ու աշխատանքով սնեցին, կամենում են ժամանակի մի վայրկյանում կորցնել:
    Այո՛, անհնազանդ որդիները բարկացնում են ծնողներին, սակայն անհնազանդներն անեծքով ու չարամաղթությամբ չէ, որ ուղղվում են, այլ օրհնությամբ ու բարեմաղթությամբ, խրատներով ու հորդորներով: Քանզի անհնազանդ ու կամակոր որդին չար է, իսկ դու, որ ծնող ես, մի չարիքի վրա մեկ ուրիշ չարիք ես մաղթում, ուստի կամենում ես նրան ամենաչար դարձնել: Արդ, Աստծուց շնորհ ու ողորմությո՛ւն խնդրիր որդուդ համար, որով չարը կփոխարկվի բարու:
    ԻԳ. Եթե Աստված բարկացող մայրերի բոլոր խնդրանքները կատարեր, նրանցից շատերը նույն օրն իսկ անզավակ կդառնային, որովհետև զավակների որևիցե անկարգության վրա բարկանալիս իսկույն աղաղակ են բարձրացնում և դառն անեծքով մահ խնդրում նրանց համար: Կան և այնպիսիք, որ ժանտախտից են բողոքում, թե անտեսում է զավակներին, և կան այնպիսիք, որ մահաբեր հրեշտակից են գանգատվում, թե չի առնում նրանց հոգիները:
    Թեպետ Աստված իր անբավ գթության պատճառով չի լսում նրանց ձայնը և չի կատարում այդպիսի անշնորհք ու անվայել խնդրանքները, բայց երբ շատ են նույնը կրկնում, զավակներին բազմիցս վերցնում է աշխարհից որպես պատիժ նրանց ծնողներին:
    Եվ թեպետ ծնողներն այնժամ զղջում են, լալիս, կոծում են ու սգում, բայց ի՞նչ շահ այդ ողբից, եթե նրանց որդին անդարձ գնաց իր հավիտենական տունը:
    Կան և անմիտ ծնողներ, որոնք հանդգնում են նաև տրտնջալ Աստծուց, որ իրենց որդիներին կյանքից զրկեց: Ինչպիսի՜ հայհոյական խոսքեր ու անհնարին անզգամություն. մարդիկ իրենց կամքը փոխելիս կամենում են նաև Աստծու կամքը փոխել, այսինքն՝ Աստծուն դեպի իրենց կամքը խոնարհել:
    Ծնողները կարգված են զավակներին պահպանելու համար միայն՝ նրանց բարի մարդ դարձնելու, և ոչ թե ըստ իրենց կամքի սպանելու կամ ապրեցնելու համար, որովհետև մահն ու կյանքն Աստծու ձեռքում են: Ուստի մեծապես մեղանչում են այն մարդիկ, ովքեր մահ են խնդրում նրանց համար, որոնց տերը չեն:
    Ուրեմն դու, ո՛վ ծնող, եթե զավակդ անառակ է, արտասվալից աչքերով աղոթի՛ր Աստծուն, որ նրան շնորհ ու զգաստություն տա, և ինչ վայել է, որ մարդկորեն անես, լինի սաստ, թե խրատ, անձանձիր արա՛, որ շահես նրան: Իսկ եթե չի շահվում ու չի զգաստանում, սրտառուչ պաղատանքով հանձնիր Աստծուն՝ անելու այն, ինչ կամենում է. գուցե քեզ իբրև պատիժ է տրվել, որին պարտավոր ես համբերել, որպեսզի Աստված, գթալով քո տառապանքներին, մի օր կատարի սրտիդ խնդրանքները և իր գործուն շնորհով նրան զգաստություն տա:

    «Հեռո՛ւ վանիր ստախոսությունը քո բերանից և անիրավ շրթունքները հեռացրո՛ւ քեզանից» (Առակ. Դ 24):

    «Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը հանդուգն է, պիտի խռովի իր հոգին» (Առակ. ԺԳ 3):

    «Մարդու համար փառք է հեռու մնալ հայհոյանքներից, բայց ամեն մի անզգամ խառնվում է այդպիսի բաների» (Առակ. Ի 3):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz