Пятница, 29.03.2024, 01:28
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Գաղտնապահություն

Ա. Ոչ այնքան վտանգավոր է չվարժեցված երիվար հեծնելը, որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ հայտնելը: Ուստի մարդ որևիցե բարեկամի, առանց խտրության, պիտի չհայտնի իր սրտի գաղտնիքները, այլ միայն նրան, ում փորձով ճանաչում է, թե գաղտնապահ է:
    Ջուրը ծակ սափորի մեջ է լցնում, ով հոգու ծածուկ բաները հայտնում է նրան, ով գաղտնիք պահել չգիտի:
    Բ. Եթե մեկը կամենում է որևէ գաղտնիք հրապարակել, թող գաղտնապահության դաշինքով այն հայտնի ռամիկին, որովհետև ռամիկն առավել գաղտնիքների մունետիկ է, քան գաղտնապահ: Ուստի հուսալի է հավատարիմ գաղտնապահություն գտնել ոչ թե ռամիկների մեջ, այլ իմաստունների, այն էլ՝ ո՛չ ամեն իմաստունի, այլ սակավների, հո՛ւյժ սակավների, որոնց ընտրության համար մեծ զգուշություն է հարկավոր:
    Գ. Մե՛ծ բան է խնդրում նա, ով խնդրում է իր հայտնած գաղտնիքը պահել:
    Դ. Ով գաղտնապահ է, բերանը սրտում է պահում, և ով գաղտնապահ չէ, սիրտն է բերանում պահում: Բայց կան մարդիկ, որ գաղտնիքը համարում են ծանր բեռ, որն իրենք չկարողանալով տանել՝ կրելու համար տալիս են ուրիշներին՝ որպես բեռնակիրների:
    Ե. Հպարտը, սնափառության ախտով հափշտակված, սիրում է իր գաղտնիքները պատմել, ինչն իրեն գովեստներ է բերում, և ինչով իր սրտի գաղտնիքներն ուրիշներին հայտնի է դարձնում:
    Զ. Բարկացողը չի կարող իր գաղտնիքը պահել. սաստիկ բարկանալու ժամանակ նրա արյունը եռում է, իրեն չի զսպում, որ չխոսի, և իսկույն իր գաղտնիքները սրտից դուրս է թափում, ուստի դյուրին է գաղտնի մտքերը նրանից գողանալ: Բարկացողը նման է թանկարժեք հեղուկով լցված տիկի, որի վրա երբ բռնություն են գործադրում, իսկույն պայթում է և պարունակությունը դուրս թափում:
    Է. Գաղտնապահը որևէ գաղտնիք պահելու համար թող սուտ չխոսի և գաղտնիքների հայտնի դառնալու երկյուղից դեմքն այլայլված ցույց չտա: Որովհետև դեմքն ու աչքերը սրտի առաջնորդն ու դեսպանն են, և մարդիկ այսպիսի նշաններից արագորեն կռահում ու իմանում են գաղտնիքները: Ուստի խոսելիս մարդ միայն վնասակար մտքերը պիտի ծածկի՝ ստախոս չլինելու համար, և խոսքերի կարգն անշփոթ պահի՝ ցույց չտալու համար դեմքին նշույլն այն գաղտնիքների, որոնց մասին կամենում էր լռել:


    «Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի» (Առակ. ԻԵ 28):

    «Ովքեր քեզ հետ խաղաղության մեջ են, թող մեծաթիվ լինեն, բայց քո խորհրդակիցը
հազարից մեկը թող լինի» (Սիրաք Զ 6):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz