Հետաքրքիր բլոգ - ԴԱՍԹԱՆ
Понедельник, 05.12.2016, 15:30
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

ԴԱՍԹԱՆ

Ով մարդ, թե որ կուզես առաջ ընթանալ,
Ճշմարտության մեջը միշտ կեցիր հաստատ,
Իսկ թե կուզես բարի անուն ստանալ,
Գիտուններու մտքին լեր դու համեմատ։

Քո ազգիդ մեջ բարի անուն հաստատե,
Քո տկար եղբարցդ վիշտը փարատե.
Հայրենյացդ օգտի համար աշխատե,
Միշտ նրանց օգնության կեցիր հարազատ։

Մտքիդ աչքերը բաց, արթուն ունեցիր,
Աշխատիր սեփական քեզ տուն ունեցիր,
Ուղիղ կրոն, ազգի արյուն ունեցիր,
Քո սուրբ եկեղեցվույն ընծայե հավատ։

Մարդկության պատիվը, հաշիվը ծանիր,
Աշխատիր կոտրված սրտերը շինիր,
Սրտով գոռոզ, բարձրագլուխ մի լինիր,
Կարդա սուրբ գրքերից, առ բարի խրատ։

Մի լսեր խրատը վատ սնափառին,
Մի կատարեր կամքը մտքով համառին,
Անտերև, անպտուղ, նման չոր ծառին
Մի լինիր կրակը ձգելու արմատ։

Խոնարհիր առաջնորդ մարդո պատգամին
Սիրե օտարը և քո բարեկամին,
Երբեք մի ուրանար Հայկին, Արամին,
Պահե նրանց վեհ անուններն անարատ։

Աշխատասեր մարդու եղիր միշտ հլու,
Մի լինիր չորացած անպտուղ ածու,
Սիրե աշխատություն, ծույլ մի մնա դու,
Հոգվով և մարմնով չես մնար աղքատ։

Կարդա պատմություններ, հնության և նոր,
Քաղե հոդվածները քեզի հարկավոր,
Հագուստդ նոր արա, ծախսդ չափավոր,
Ոչ շատ շռայլ եղիր, ոչ անգութ ժլատ։

Աննպատակ մի դու կրեր տառապանք,
Ուղեղիդ, մարմնույդ, մի տար չարչարանք,
Պետք է խելք ու խոհեմություն, աշխատանք,
Երազով չի շինվիլ գեղեցիկ պալատ։

Անձրևի կաթիլը ցույց քեզի ահա,
Որ մեկ տեղ բազմացավ՝ իսկ լիճ կդառնա,
Մեկեն հարստացող երբեք մարդ չկա,
Քիչը ժողովելով՝ հետո կըլնի շատ։

Դադար սիրտ ունեցիր, որ չունենաս վիշտ
Դու քո համոզմունքիդ մեջը կեցիր ճիշտ,
Առևտուրդ մաքուր, ընտիր արա միշտ,
Արծաթը ոսկվո տեղ՝ մի ծախեր պողպատ։

Մի ունենար հեշտասեր, վատ սիրեկան,
Ամուսնացիր, քեզի չկա բռնաբան,
Ամեն բանից ավել փափագիր ուսման,
Բնությունով եղիր ազնիվ, պայազատ։

Միշտ երկյուղալից կաց, ձմեռ թե գարուն,
Ըստ որում կա աստված արարիչ անհուն,
Խղճիդ դիպչող խոսքերը մի լսեր դուն,
Օտարք թող քեզ կոչեն խոզ կամ ականջատ։

Արթուն կեցիր, որ չկրես պատուհաս.
Խոհեմ եղիր, ապրիս երկար, անվնաս,
Մարդաշեն քաղաքի նման վաղահաս
Շուտով մի քանդվիր, դառնար անապատ։

Լաց ու ողբա, իբրև աշխույժ պատանի,
Կարդա ծնողաց տեր մանկանդ երանի,
Գուցե այնտեղ մեզի մեկ լույս ծնանի,
Ուղղե աչքերդ դեպի միշտ Արարատ։

Ջիվանս կցանկամ լսել քո լավդ,
Հուսամ աստված՝ կբարձրանա համբավդ,
Նորան դիմե, նորան ասա քո ցավդ,
Ինքն է իրավասեր և արդարադատ։

Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz