Четверг, 25.04.2024, 07:11
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Չարություն

 Ա. Յուրաքանչյուր ոք կարող է իր անձի դատավորը լինել, որովհետև բարոյականության մեջ որպես օրենսգիրք ունի բնության օրենքը և ընկերության մեջ՝ քաղաքական օրենքը: Եթե այս օրենքներին չի հնազանդվում, անիրավ դատավոր է դառնում, և նրանից պետք է երկնչել: Որովհետև ով օրենքն արհամարհում է, ոչ ոքից չի երկնչում, և չի թողնում մի չարիք, որ չհամարձակվի գործել: Սրա մասին առած կա. «Ով Աստծուց չի երկնչում, նրանից երկնչի՛ր»: Ուստի բարիները պարտավոր են չարերից զգուշանալ, որովհետև չարերը նպատակ ունեն միշտ վնասել բարիներին:
    Բ. Ով կամենում է վնասել ուրիշներին, նախ իրեն է վնասում. որովհետև անհնար է առանց սեփական վնասի ուրիշներին վնաս հասցնել, քանզի չարը նախ այն խորհողի համար է չար:
    Գ. Չարագործներն ատում են հանդիմանողներին և սիրում իրենց նմաններին ու նրան, ով անտեսում է իրենց հանցանքներն ու չի նախատում: Ուստի ով չարերին սիրելի է, կամ չար է, կամ չարերին ներող:
    Դ. Չարերը չեն համարձակվում բարիների առաջ երևալ, ինչպես բժակալած աչք ունեցողները՝ արևի լույսի: Բայց երբ բարիները պակասում են, չարերը հետզհետե գլուխները բարձրացնում են՝ նմանվելով խավարասեր չղջիկներին, որոնք իրենց բներից ելնում են արեգակի մայր մտնելուց հետո:
    Ե. Երկրի համար ավելի թեթև բեռ է իր ծանրությունը, որ կրում է, քան չարագործ մարդը:
    Զ. Չարերը երբեք չեն կարող միաբանել բարիների հետ: Որովհետև ինչ սիրում են չարերը, բարիներն այն ատում են, և ինչ սիրում են բարիները, այն ատում են չարերը, և այս երկուսն էլ միշտ ջանում են միմյանց ընդոտնել. և եթե միմյանցից չխուսափեին, թերևս սպառված կլինեին կա՛մ չարերը, կա՛մ բարիները: Բայց այժմ չարերը շատ են, իսկ բարիները՝ սակավ, և եթե Աստված բարիներին չպահեր, չարերը նրանց կվերացնեին աշխարհից, քանզի միշտ հանդիմանվում են նրանցից: Թեպետ բարիները վշտեր են կրում չարերից, բայց առանց վարձատրության չեն մնում, ինչպես որ չարերը՝ առանց պատիժների: Բայց պետք չէ զարմանալ, թե ինչու են առաքինիներն ավելի սակավաթիվ, քան մոլիները: Որովհետև ահա հողը շատ է, բայց շահաբեր հանքերը կամ նրանց մեջ եղող մետաղները՝ սակավ:
    Է. Մարդիկ ինչո՞ւ են զայրանում, որ չարերն օրըստօրե բազմանում են: Քանզի մանուկների օրենքն է սովորել այն, ինչ լսում են, և անել այն, ինչ տեսնում են: Արդ, եթե մարդիկ, որ ավելի շուտ ծնվեցին, բարի լինեին, նրանցից հետո ծնվածներն էլ բարի կլինեին: Ուստի եթե մարդիկ կամենում են, որ չարերը սակավ լինեն, առաջինները պիտի բարի լինեն, որպեսզի հետիններն էլ նրանցից բարի լինել սովորեն, այլապես հետո ամենքին չար ու առավել չար կտեսնեն: Քանի որ մարդիկ սովոր են ամեն ինչում միմյանց գերազանցել, ուստի չարիքներում ևս հետիններն առաջիններին կհաղթեն, և այնժամ բարի մարդու անունը կարելի կլինի գտնել միայն գրքերում, և ոչ մի բարի մարդ չի մնա աշխարհում:
    Ը. Ով վախենում է իր պատիվը կորցնելուց, թող զսպի իրեն անկարգ չլինելու: Իսկ ով մի անգամ պատիվը կորցնում է, համարձակություն է ստանում առանց ամոթի գործելու բոլոր չարիքները:
    Թ. Չարերը միշտ հակառակ են միմյանց, և մեկը մյուսի իշխանությունը չի կամենում, որովհետև միմյանց չարությունը քաջ գիտենալով՝ հնարներ են մտածում իրար կործանելու: Բայց երբ բարիներն են իշխանության հասնում, չարերը դյուրավ համաձայնում են, որովհետև ակնկալում են բարիներից ներում ստանալ նախկինում իրենց գործած անիրավությունների համար: Ուստի չարագործների մեջ ճշմարիտ սեր ու միաբանություն չկա, որովհետև երբ նրանցից մեկը բռնվում է, իսկույն մատնում է իր խորհըրդակցին, սա էլ՝ իր ընկերոջը, և նրանց միաբանությունը դառնում է իրենց ամենքի կորստյան պատճառը:
    Ժ. Երբ չարագործները վտանգի մեջ են ընկնում, խելահաս չեն լինում իրենց հանցանքներին, այլ մեղադրում են Աստծուն, թե՝ «Հանիրավի՛ այս չարիքը բերեց մեզ վրա», ինչի համար կրկնակի պատժի են արժանի. մեկը՝ գործած ապիրատությունների համար, իսկ մյուսը՝ Աստծուց անիրավ կերպով գանգատվելու: Այնինչ նրանք պիտի իմանային, որ ոչ ոք Աստծուց չի պատժվում, եթե նախ չի մեղանչել Աստծու դեմ. որովհետև Աստված իր անբավ գթության պատճառով սովոր է մեկին արժանիից էլ նվազ պատժել, ուր մնաց թե՝ իզուր տանջել:
    ԺԱ. Թեկուզ ժահահոտ առարկաները հողով ծածկվեն, միևնույն է՝ փչում են իրենց գարշահոտությունը: Որքան էլ չարերը ջանան իրենց բաղձանքը թաքցնել, իսկույն հայտնի է դառնում բարիներին, որովհետև չարերի սրտերն ապականված են: Չարերն այնքան են հանդգնում, որ քարեր են նետում բոլոր բարեգործների վրա, բայց բարիների համբերելու դեպքում չարերի քարերն ընկնում են իրենց իսկ գլխին:
    ԺԲ. Ապրողների չարաչար ընթացքն անմահացնում է մեռած բարի մարդկանց հիշատակը և ավելացնում նրանց կսկիծը մարդկանց սրտերում, որովհետև բարիներին կորցրին, իսկ չարերին ունեն: Ուստի երբ բարիները մեռնում են, առաքինիները սգում են, ոչ թե որ նրանք մեռան, այլ որովհետև աշխարհում չարերը մնացին, իսկ բարիները պակասեցին: Չարերն ապրում են, որպեսզի միշտ մեռնեն. բարիները մեռնում են, որպեսզի միշտ ապրեն:
    ԺԳ. Եթե տերևները չպահպանեին ծառերի պտուղները, գուցե ծառերը նրանց չկրեին իրենց ոստերի վրա. եթե չարերն առաքինիների կրթիչ չլինեին, թերևս երկիրը չտաներ այդ անպետք բեռները: Եվ արեգակը գուցե զլանար իր լույսը ծագեցնել չարագործների վրա, եթե Աստված չհրամայեր նրան ծագելու բարիների ու չարերի վրա: Չարագործի վերանալու դեպքում ոչ միայն մարդիկ են ազատվում նրա վնասից, այլև ինքը չարագործն ազատվում է պատժի ծանրությունից, որն օր առ օր ավելանում է նրա վրա, քանի կենդանի է մնում: Ուստի եթե չարերն ապրում են, ապա դա կա՛մ մարդկանց պատժելու համար է, կա՛մ իրեն՝ չարագործին:
    ԺԴ. Չարերը որքան ավելի են բարձրանում փառքով, այնքան ավելի է մոտենում նրանց անկումը: Որովհետև երևում է, թե Աստծու արդարությունը համբերում է, մինչև նրանց մեղքերի չափը լրանա, որ իսպառ կործանի: Բայց շատ անգամ Աստված չարերին խնայում է տալ ընտրողական աչք՝ ճանաչելու առաքինի բարեկամներին, որովհետև խրատի արժանի չեն նրանք, ովքեր կամենում են խրատը մերժել:
    ԺԵ. Բնավ մի՛ գայթակղվիր, երբ տեսնում ես, որ մեկը մեծ ոճիր գործելու դեպքում անպատիժ է մնում, իսկ մի փոքր հանցանքով մեղանչելու դեպքում չարաչար պատժվում: Քանզի սովոր է Աստված համբերել չարագործներին, որ զղջան, բայց երբ նրանք համառում են մեղքերի մեջ, նրանց մի փոքր հանցանքի պատճառով ծանր պատիժ է հասցնում, որով հատուցում է նրանց նախապես գործած մեծամեծ չարիքների պատիժը:
    ԺԶ. Անօրենը, երբ անզերծ վտանգների մեջ է ընկնում, այդժամ է ճանաչում, թե Տերն արդար է, և չարերից վրեժ է լուծում: Որովհետև նա, ով իր հաջողության մեջ աչքերը փակում է, որ չտեսնի ճշմարտությունը, ձախորդության ու մահվան վտանգի է սպասում՝ աչքերը բարձրացնելու, որ ճանաչի Աստծու ճշմարտությունն ու իրավունքը, բայց ապարդյուն, որովհետև չի կարող այդժամ փրկություն գտնել:
    ԺԷ. Մոլիներն առաքինություն չգործելու պատճառ են բռնում իրենց բնության տկարությունը, բայց իրենք իրենց խաբում են: Որովհետև ոչ թե մոլությունը բնական բան է, և առաքինությունը՝ բնությանն օտար, այլ բնությունն առավել հարմար է առաքինություններ գործելուն, քան մոլություններ. ապա թե ոչ Աստված անողորմ կլիներ մարդկանց հանդեպ, որը մտածելն իսկ ամբարշտություն է: Ուստի թող ոչ ոք չասի. «Բարիք գործել կամենում եմ, բայց չեմ կարողանում». այլ մանավանդ թող ասի. «Կարող եմ, բայց չեմ կամենում»:
    ԺԸ. Ինչպես որ մարմնական հիվանդություններն են կարճ ժամանակում մարդուն ախտահարում, բայց երկար տաժանմամբ հազիվ վերանում, այդպես էլ հոգու մոլեկան ախտերն են սակավօրյա գործառնությամբ սովորական դառնում, բայց բազմաժամանակյա ժուժկալությամբ հեռանում:
    ԺԹ. Եթե մեկը ժրաջան աշխատի, կարող է ուղղել արհեստի մեջ ունեցած թերությունները: Այդպես, մեկը կարող է ազատվել բարքի մոլեկան սովորությունից, որ բնության տկարությունից է արմատացել մարդու մեջ, եթե արի ոգով մշտապես ջանք գործադրի:
    Ի. Եթե մարմնի հիվանդությունները դեղերով կամ պահեցողությամբ չբժշկվեն, վերջում մահվամբ կավարտվեն: Իսկ հոգու հիվանդությունները, եթե ուսմամբ ու առաքինական կրթությամբ չբուժվեն, մահվամբ կհավերժանան:
    Չար է մարմնի ախտը, որովհետև մարմինը սպանում է, բայց ավելի չար է հոգու ախտը, որովհետև միևնույն ժամանակ մեռցնում է և՛ մարմինը, և՛ հոգին: Ուստի տկարամիտ ենք ու բյուր հանդիմանության արժանի, որովհետև մարմնի հիվանդությունից զարհուրում ու դեղ ենք փնտրում, իսկ հոգու հիվանդությունից բնավ չենք երկնչում ու չենք շտապում բժշկվել:
    ԻԱ. Կան մարդիկ, որ այնքան չար ու մոլի են, որ գեհենի երկյուղից ազատ մնալու և ամեն տեսակ չարիքների մեջ առանց խղճի խայթի արշավելու համար չեն կամենում հավատալ, թե կա մարդկանց գործերի հատուցում: Սակայն նրանց անհավատությունը չի կարող խափանել ճշմարտությունը, որի մասին նաև մարդու խոսքն է վկայում, և խելագարություն է ընդդեմ սեփական ճանաչման մարտնչելը՝ ըստ այսմ. «Մի՞թե նրանց անհավատությունն Աստծու հավատարմությունը խափանեց. քա՛վ լիցի» (Հռոմ. Գ 3-4):
    ԻԲ. Ով մտածի, որ ինչ որ ծածուկ գործում է, մարդկանց հայտնի է դառնալու, կա՛մ իսպառ կխուսափի չար գործերից, կա՛մ գործի կեսից կանգ կառնի:
    ԻԳ. Մարդիկ կարճ ժամանակում բազում չարիք են սովորում և երկար ժամանակում՝ հազիվ մի բարի բան: Քանզի բարին ասես թանկարժեք ակն է, իսկ չարը՝ անարգ խիճ, ուստի առաջինը դժվարագյուտ է, իսկ վերջինը՝ ամեն տեղ դյուրապատրաստ: Այլև՝ բարին գոյանում է բոլոր մասերի ամբողջությունից, իսկ չարը՝ որևէ պակասությունից:
    ԻԴ. Բարիներն ու չարերն աշխատանքով միաբանվում են, բայց կամքով տարբերվում: Որովհետև բարիները չեն հավանում իրենց գործած բարիքը, ուստի ջանում են է՛լ ավելի բարի գործեր անել, և օրըստօրե առաջ գնալով՝ հասնում բարեգործության գերակատար աստիճանին, իսկ չարերը հավանում են իրենց գործած չարիքը, ուստի նրան հետևում են և օր առ օր ավելի չար դառնում: Քանզի բարին վերջանում է, երբ գործողն այն հավանում ու կանգ է առնում, իսկ չարը վերջանում է, երբ գործողն այն չի հավանում ու գործելուց դադարում է:
    ԻԵ. Եթե Աստված միայն լսեր մարդկանց բերանի խոսքերը, ոչ ոքի չէր դատապարտի, որովհետև ամենքը խոսելիս ցույց են տալիս, թե մոլություններն ատում են, բայց գործով շարունակ ավելացնում են դրանք: Սակայն Աստված ոչ թե խոսքերին է նայում, այլ գործերին և ըստ ա՛յդմ դատաստան անում:
    ԻԶ. Ապրելու արժանի չէ նա, ով ապրում է անմեղների կյանքին վնաս հասցնելով: Մեկն ուրիշների կյանքի տերն է դառնում, երբ իր կյանքը նրանց համար զոհում է:
    ԻԷ. Մարդիկ, եթե քաջ ճանաչեին մարմնի ողորմելի վիճակը, մեռյալներին կերանեին, որովհետև մեռյալները, մարմնից անջատված լինելով, ազատ են այդ թշվառությունից, իսկ ապրողները, տակավին մարմնի մեջ լինելով, տառապում են նրա մեջ: Բայց ապրողներն այժմ լավ չեն ճանաչում մեղքերի տգեղությունն ու մեղավորների պատիժների սաստկությունը, ուստի անզգուշաբար մեղքերի մեջ են սահում և դատապարտության տակ ընկնում: Իսկ մեռյալները, թեպետև ամեն ինչ ճանաչում են, բայց չեն կարող ապաշխարությամբ քավել կենդանի ժամանակ գործած մեղքերը, այդ պատճառով էլ դատապարտության տակ են մնում: Ուստի ապրողները պիտի մեռյալի միտքն ունենան, որպեսզի մեղքերի պատճառով չդատապարտվեն:

    «Ինչպես ազոխը վնասակար է ատամներին, իսկ ծուխը՝ աչքերին, այդպես էլ անօրենությունը վնասակար է նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով» (Առակ. Ժ 26):

    «Իրենց կուտակած մեղքերից տագնապած՝ նրանք պիտի հասնեն դատաստանի օրվան, և նրանց գործած անիրավությունները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ» (Իմաստ. Դ 20):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz