Четверг, 25.04.2024, 07:43
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Բարկություն


    Ա. Բարկությունն անվանել բոլոր չարիքների աղբյուր անտեղի չէ, որովհետև չկա չարիք, որ բարկությունից առաջ չգա՝ հայհոյանք, հարված, սպանություն, գերություն, ունեցվածքի կորուստ, քաղաքների ավերում, խաղաղության, սիրո և բոլոր բարիքների վերացում. մի խոսքով՝ բարկությունը մարդկային ցեղի ժանտախտ ու դժոխքի դուռ է:
    Բ. Բարկությունը հոգու կիրք է, որի պատճառը սրտի շուրջ արյան եռքն է, որի չափը երբ անցնում է, մարդու մեջ մեծամեծ վնասներ են գործվում, մինչև իսկ երակները պայթելու և տարաժամ մահվան հասնելու աստիճան: Որովհետև «բարկ» բառը նշանակում է սաստիկ ու ազդու, ուստի առած կա, թե բարկ քացախն իր ամանին վնաս է: Այս պատճառով էլ բժիշկները մարդկանց պատվիրում են սաստիկ բարկությունից զգուշանալ, քանզի դրանից առողջը հիվանդանում է, և հիվանդը՝ մեռնում, երբեմն էլ բարկությունը հիվանդանալու ժամանակ ու տեղ չի թողնում, այլ իսկույն նույն տեղում, իբրև անողորմ դահիճ, կյանքից զրկում:
    Գ. Բարկացողը ոչ միայն իրեն է վնասում, այլև այն ընկերոջը, որի վրա բարկանում է. որովհետև նման է խախուտ որմի, որը փլչելիս ոչ միայն ինքն է փշրվում, այլև խորտակում ու փշրում է նրանց, ում վրա ընկնում է: Շատ անգամ բարկացողն այնքան է խելագարվում, որ ինքն իր վրա է հարձակվում ու իրեն կորստյան մատնում:
    Դ. Մոլեկան բարկության տգեղությունը լավ ճանաչում է նա, ով այդ ժամանակ իր դեմքը նայում է հայելու մեջ և կամ մտաբերում սաստիկ բարկացածների կերպարանքը: Այդժամ իմանալով, թե որքան տգեղ ու գարշելի է բարկության ախտը՝ զգուշանում է նրան տեղի տալ և ավելի լավ է համարում հեզությամբ մեռնելը, քան բարկությամբ ապրելը:
    Ե. Բարկությունը գինով արբեցության պես կորցնել է տալիս մարդու բանականությունը, այն աստիճան, որ բարկացողը չի հասկանում, թե ինչ է խոսում կամ լսում, և իբրև դիվահար՝ ոչ ոքից չի ակնածում, վնասից չի խուսափում, իրեն նետում է կրակի մեջ ու սրի վրա և միևնույն ժամանակ կորցնում թե՛ մարմինը, թե՛ հոգին:
    Զ. Բարկացողը բարքով բնավ չի տարբերվում կատաղի շնից: Որովհետև ինչպես շունը, թողնելով քարը գցողին, հաչում, գռմռում ու խածատում է քարը, այսպես և սա է անտեղի հայհոյում, զայրանում, ամենքի հետ կռվում, որով անարգ ու արհամարհելի է ամենքի աչքին դառնում: Մարդու համար ավելի մեծ նախատինք է սեփական կրքերից հաղթահարվելը, քան բազմաթիվ թշնամիներից, և ավելի մեծ պարծանք է անբան բարկությանը հաղթելը, քան բազում ժողովուրդներին տիրելը: Չկա ավելի ազատ մեկը, քան նա, ով զերծ է մոլեկան կրքերից, և ոչ ավելի մեծ հաղթող, քան նա, ով հաղթում է դրանց: Որովհետև այդպիսին երկրում վարում է երկնային խաղաղ ու անվրդով կյանքը:
    Է. Բարկությունը թեպետ ամենքի մեջ էլ չար ու դաժան է, բայց իշխանավոր մարդու մեջ ավելի չար ու դաժան է: Որովհետև հասարակ մեկը բարկանալիս իրեն ավելի է վնասում, քան ընկերոջը, իսկ իշխանավորը բարկանալիս մեծամեծ վնաս է հասցնում ամենքին: Ուստի պետք և արժան է, որ իշխանավորները բարկությանը տեղի չտան կամ արագ կերպով հեզության անցնեն:
    Ը. Բարկությունը չար ու զգուշալի ախտ է, որովհետև ոչ միայն տկարամիտներին ու դաժանաբարոներին է ախտահարում, այլև խելացի ու բարի մարդկանց, այն ժամանակ, երբ ըստ կրոնի պահանջի ծոմապահության մեջ են կամ սովոր լինելով գործածել քթախոտ, սուրճ կամ ծխախոտ, այլևս չեն գործածում:
    Ուստի ամենքը պարտավոր են իրենց կրթել հեզության մեջ, որպեսզի անտեղի կամ մեկի փոքր հանցանքի համար չբարկանան: Քանզի մի թերություն, որ ինքնըստինքյան թեթև է կամ անգիտությամբ գործված, ավելի դյուրավ ուղղվում է խրատական փափուկ խոսքերով, քան սաստիկ բարկությամբ:
    Թ. Բարկությունը բարկացողի սրտում երբեմն ոխակալությամբ ծածկվում է, ինչպես կրակը՝ մոխրի տակ, որպեսզի հարմար ժամանակ քինախնդիր լինի: Որովհետև կան ոմանք, որ հենց նույն տեղում իրենց բարկությունը հայտնում են և իբրև մի փոքր քամուց շարժված ծով՝ մեծամեծ ալիքներ բարձրացնում, խռովվում ու խռովում ուրիշներին: Այսպիսիք են հիմարները, կասկածամիտները, թեթևամիտներն ու տաքարյունները:
    Բայց կան և ոմանք, որ երկար ժամանակ բարկությունն անմեռ են պահում սրտում, ուստի ոխակալ են: Սրանցից շատերը, նախքան իրենց ատելիներին բարկության հրով այրելը, իրենք են բոցակեզ լինելով այրվում դժնիկի նման:
    Ժ. Բարկությունը վրդովում է բանականությունը, տալիս գործել անվայել բաներ՝ չթողնելով գործել վայելուչը: Ուստի ով կամենում է բարկացածին համոզել, որ հեզ դառնա, թող մի փոքր թողնի, որ սաստիկ զայրացումից հանդարտվի, կամ սկզբում համաձայնի նրան՝ բարկությունն արդարացնելով, իսկ հետո սակավ առ սակավ համոզի նրան ու հանգստացնի: Անհաղթ թշնամիներն ավելի դյուրավ հաղթահարվում են համոզիչ խոսքերով, քան ահավոր ռմբարկուների մեծամեծ ռումբերով:
    ԺԱ. Կրակը վառոդով է ջանում հանգցնել, ով ջանք է գործադրում բարկացածին բարկությամբ հանդարտեցնել:
    ԺԲ. Ոչ մի բարկացող չի կարող իմաստուն լինել, որովհետև բարկությունն իմաստության հետ չի բնակվում: Իսկ Աստծու բարկությունը ոչ միայն անիրավների հանդեպ արդար վրեժխնդրություն է, այլև նրանց բարիքների պատճառ. որովհետև տանջելով շատ անգամ չարերին բարի է դարձնում և անպիտաններին՝ պիտանի:
    ԺԳ. Բարկությունը հաճախ տեսնվում է ծերերի ու հիվանդների մեջ, որոնք ստեպ տրտնջում են ընտանիքի ու սպասավորների ծառայությունից և բարկանում նրանց վրա՝ կարծելով, թե ուրիշներն էլ են բարկանալու առիթ տալիս: Բայց հույժ սխալվում են, որովհետև նրանց շուրջ եղող բոլոր մարդիկ էլ, ներելով նրանց տկարությունը, ցույց են տալիս, թե նրանց բարկությունն արդար է, որպեսզի չլինի թե ծերը հիվանդանա, կամ հիվանդը մեռնի:
    Արդարև, ծերը, կորցնելով առույգ հասակն ու մարմնի կարողությունը, երբ չի կարողանում վայելել հաճույքները, որ տեսնում է, սրտի ներսում տառապում է, ուստի ինչ որ անում են նրան, անախորժ է թվում նրան, տրտնջում է ու զայրանում: Հիվանդն էլ, ցավերից վշտացած, անտեղի բարկությամբ վշտացնում է նրանց, որոնք տքնում են իր առողջության համար: Այնինչ նրանք պետք է ավելի բարկանային իրենց բնության վրա, թե ինչու ծերացան կամ հիվանդացան, քան թե ընտանիքի ու սպասավորների: Ոչ սակավ վարձ պիտի ստանան Աստծուց նրանք, որոնք համբերությամբ խնամում են ծերին ու հիվանդին. որովհետև վերջիններս մանուկ են համարվում, որի միտքը տկար է և ընդունակ չէ ճանաչելու մարդու երախտիքն ու շնորհակալ լինելու նրանից:
    ԺԴ. Եթե որևէ իշխանավոր կամենում է բարկության ախտից զերծ մնալ, թող չծառայի իր քմահաճույքներին. որովհետև բարկությունն ավելի առաջանում է կամապաշտությունից, քան ծառայողների հանցավորությունից:
    ԺԵ. Բարկացողն անտանելի վիշտ է իր ընկերակիցների համար, որովհետև ինչ որ ուրիշները խոսում կամ գործում են, իրեն անարգանք է թվում: Որովհետև ինչպես որ ցուլերն են կատաղում կարմիր գույնից, գազանները խռովվում իրենց ստվերներից, և գրաստները խրտնում ճանապարհին ընկած դիակներից, այդպես էլ բարկացողն ունայն ու սին պատճառներից վրդովվում ու աղմուկ է բարձրացնում:
    ԺԶ. Բարկությունը մշտնջենավոր տանջանք է բարկացողի համար. որովհետև եթե վերջինս նավաստի է, քամու հետ է կռվում, եթե ջորեպան՝ գրաստների հետ, եթե երկրագործ՝ եզների հետ, եթե պայտար՝ ձիերի ու էշերի հետ, և շատ անգամ նախատում է նրանց ու հայհոյում:
    Ուրեմն նրանք պիտի անբան ու անզգա արարածներին բանական դարձնեին կամ իրենք անբան ու անզգա լինեին, որպեսզի նրանց հետ նույն բնությունն ու բարքն ունենալով՝ միմյանց հետ խաղաղությամբ վարվեին:
    Եվ հիրավի, բարկացողների բնությունը բնավ օտար չէ անբան ու անզգա էակների բնությունից, որովհետև կամենում են, որ անբան ու անզգա արարածները հնազանդվեն իրենց ամեն քմահաճության ու հրամանի:
    Բայց կան ոմանք, որ անբան արարածներից ավելի անբան են և անզգաներից ավելի անզգա, որովհետև կռվում են իրենց հանդերձի քղանցքի հետ, թե քայլքին խանգարեցին, և քարի հետ, թե խոչնդոտ եղավ: Եվ պատահում է, որ իբրև խելացնոր՝ իրենք իրենց հետ են խոսում, իրենց նախատում ու հայհոյում և եթե չհանդարտվեն, գուցե իրենց հարվածներ տան ու մեռցնեն:
    ԺԷ. Բարկության ախտի դեմ դյուրապատրաստ դեղ է մարդու բնության տկարությունը ճանաչելը, որն առավել տկար է մանուկների, կանանց, երկչոտների ու թեթևամիտների մեջ, և սպասավորների սխալները ներելը, որ ակամա գործվում են նրանց անգիտությունից կամ տկարությունից. որովհետև եթե նույնիսկ կամենան իրենց պարտավորությունն անթերի կատարել, միևնույն է, հնարավոր է, որ ինչ-ինչ բաներում թերանան:
    Ուստի տանուտերը ներողամիտ ու համբերող պիտի լինի և ոչ թե վառոդի պես բոցակիզի նրանց, որպեսզի չլինի թե հուսահատվելով կորցնեն իրենց հավատարմությունը և մտածեն նրան չարիք հասցնել:
    ԺԸ. Բարկացող իշխանավորը, սպասավորի մի փոքր թերության համար մեծապես զայրանալով և անվայել բաներ խոսելով կամ հայհոյելով, հլու սպասավորին հանդուգն է դարձնում և հավատարիմին՝ անհավատարիմ: Իսկ հեզաբարո իշխանը քաղցր խրատներով ու խելամիտ հանդիմանությամբ անկիրթին զգոնության է բերում, անզուսպին՝ հլության, օտարին որպես հարազատ դարձնում և ազատ սպասավորին՝ հոժարամիտ, արծաթագին ծառա:
    ԺԹ. Մարդ կա, որ իրավամբ է բարկանում, սակայն չափի մեջ չմնալով՝ հետզհետե սաստկացնում է իր սրտնեղությունն ու զայրույթը՝ սուր բարկության գագաթին հասնելու աստիճան: Եվ այդժամ բանականության լույսը խավարում է անմիտ կրքի միգապատ ծխից, և նա գահավիժելով կործանվում է հոգու ու մարմնի անհնարին վտանգների մեջ, կորցնում բարկանալու իր իրավունքը և մեղքի տակ ընկնում:
    Ուստի ավելի լավ է սկզբում հանցավորին մեղմորեն խրատել ու հանդիմանել, քան թե բարկության կրքին տեղի տալ. որովհետև բարկանալը դյուրին է, բայց առանց վնասի հանդարտվելը՝ դժվարին. որովհետև ըստ առածի՝ ով բարկությամբ է վեր կենում, վնասներով կնստի:
    Ի. Բարկությունը կարևոր կիրք է՝ բնավորված մարդու բնության մեջ, և հանիրավի հասցված վնասի համար վրեժխնդիր լինելու արդար բաղձանք է՝ ըստ այսմ. «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք» (Սաղմ. Դ 5): Որովհետև չափավոր բարկությունը՝ ըստ տեղի, անձի և ըստ այլ բոլոր պարագաների, արդարությունը վերականգնում է և անիրավությունը վանում: Իսկ երբ իբրև բոց վառվելով ու բորբոքվելով՝ չափն անցնում է կամ կռվում ընդդեմ իրավունքի ու արդարության, այդժամ չար ու անպիտան կիրք է, որ բարկացողություն է կոչվում, և երբ ցրտասառույց թմրությամբ դեմ դուրս չի գալիս անիրավությանը և չարիքների համար վրեժխնդիր չի լինում, այդժամ անզգայություն է: Ուստի պետք է գտնել ուղիղ միջասահման կետը երկու մոլեկան ծայրերի, այսինքն՝ բոցավառ բարկության ու ցրտասառույց անզգայության միջև, իսկ դա հեզությունն է, որն այս երկու ծայրահեղ մոլությունների միջին սահմանում գտնվող առաքինություն է: Ուստի բարկանալը նրա վրա, ով Աստծուն ընդդիմանում է, բարի նախանձ կամ նախանձավորություն է կոչվում: Բարկանալը նրա վրա, ով ընդդիմանում է ուղիղ բանականությանը, սրտմտություն կամ զայրացում է կոչվում: Մեկի բարկանալը նրա վրա, ով ընդդիմանում է իրեն, ատելություն կամ վրեժխնդրություն է համարվում:
    ԻԱ. Բանական բարկությունը, որ մասնավոր անվամբ կոչվում է սրտմտություն, ցասմնական զորության գործն է և բնությունից մարդուն տրված զենք՝ նրանով արիանալու, իրեն վնասից պաշտպանելու և իր բնության հակառակորդին վանելու համար: Բայց երբ բանականության դեմ ապստամբում է, կոչվում է անբան բարկություն կամ բարկացողություն և պաշտպանելու փոխարեն մարդուն վտանգի մեջ է գցում, և մարդը չի կարողանում բանական արարածի պես խորհել, խոսել ու գործել, այլ ամեն ինչ անկարգաբար է անում՝ ի վնաս իրեն և ընկերոջ:
    ԻԲ. Շունը հաչում է դռան բախոցի վրա՝ չիմանալով, թե բախողն ով է՝ ընտանի, թե օտար. բարկացողն ամեն ինչի համար բարկանում է՝ օգտակարն ու վնասակարը չճանաչելով: Բայց սաստիկ բարկությամբ իրեն ավելի է վնասում, քան ուրիշին, և պիծակի նման ուրիշներին խայթելով՝ ինքն է մեռնում:
    ԻԳ. Բարկացողը խելագարներից ու դիվահարներից անարգ է. որովհետև նրանք իրենց կամքից անկախ են անարգության հասնում, իսկ սա՝ կամովին: Նրանք շատ անգամ վախենալով զգաստանում են, իսկ սա բնավ չի երկնչում: Ուստի նրանք կարեկցության են արժանի, իսկ սա՝ վրեժների ու պատիժների:
    ԻԴ. Վայրի գազանները որքան էլ կատաղեն, իրենցից ծնվածներին վնաս չեն պատճառում, իսկ բարկացողն այլևս չի խնայում զավակներին ու ընտանիքին, ուստի ավելի վատթար է, քան կատաղի գազանները:
    ԻԵ. Բարկությունն ավելի տեսնվում է հպարտների մեջ, քան այլ մոլիների, որովհետև հպարտը կամենում է, որ ամեն ոք իր կամքին հետևի: Ուստի երբ մեկն իր հպարտի կամքին դեմ բան է անում, կամ իրեն անհաճո մի բան խոսում, իսկույն բարկությունից պայթում է, առանց մտածելու, թե գործը կամ խոսքը բարի՞ է, թե՞ չար, բավական է, որ ինքը չի հավանում: Եվ եթե չի կարողանում դա խափանել, իր կրքից տանջվում է, մինչև որ նույնիսկ մեռնում է. որովհետև բարկությունը ժանտ ծնունդ է, որն իր ծնողին սպանում է:
    Իսկ խոնարհը հանգիստ ու երկար է ապրում. որովհետև եթե բարի է այն, ինչ խոսում կամ գործում են ուրիշները, համաձայնում է նրանց, իսկ եթե չար է, բարկությամբ չի բորբոքվում, այլ դրանից հեռու է մնում:
    ԻԶ. Բոլոր բարկացողները փոքրոգի են: Որովհետև մարդ բարկանում է այն բանի վրա, ինչին անկարող է տոկալ, և այդժամ ցասմնական կիրքը բորբոքում է արյունը սրտի շուրջ, ինչի պատճառով բարկացածը բոցաշնչում ու հառաչում է և սառը ջուր կամենում սրտի տապը զովացնելու համար: Այստեղից խիստ տաք գոլորշիներ, ասես սաստիկ հնոցից, ջլերով ու նյարդերով ելնելով մինչև ուղեղը, մթագնում են բանականության լույսը և ասես անբան դարձնում՝ բազում անգամ պես-պես ախտերի և երբեմն մահվան պատճառ դառնալով: Այդ պատճառով էլ ում ռունգները լայն են, նա բարկությունից շուտ է հանդարտվում, որովհետև արյան ծխամած գոլորշիները ռունգների լայնանիստ խողովակներով դյուրավ դուրս են գալիս ուղեղից: Իսկ ում ռունգները փոքր ու սուր են, նա դժվարությամբ է հեզ դառնում. որովհետև գոլորշիները, հաջող ելք չունենալով, ուշ են ուղեղից վտարվում: Իսկ արյունը, որ վառվել էր սրտի շուրջ, բարկության կրքի թափից եռալով, տարածվում է երակներով և ողջ մարմինը ջերմացնում. ուստի բարկացածի դեմքն արյան գույն է ներկվում, և կրակի կայծակներ են թափվում նրա աչքերից: Եվ սիրտը, արյան պակասելու պատճառով, զրկվում է իր բնական ջերմությունից և սկսում դողալ. ուստի և աշխարհաբար հայերենով բարկանալը կոչվում է սրդողել, այսինքն՝ սրտդողել, որից առաջանում է նաև ձեռքերի, ոտքերի և ողջ մարմնի դողդոջյուն:
    Ուրեմն մեկի բարկության պատճառը փոքրոգի լինելն է. որովհետև եթե մեծահոգի լիներ, ցասմնական կրքին չէր թողնի ապստամբել բանականության դեմ. քանզի բարկացածը շատ անգամ անցնում է բանականության սահմանը:
    Ուստի ով բարկությունից հաղթվում է, թեպետև մեծատուն մեկը լինի, մեծահոգի չէ, այլ մանավանդ տկար ու փոքրոգի:
    Գեղեցիկ բարկություն է սեփական բարկության վրա բարկանալը:

    «Զայրացկոտ մարդը կռիվ է հարուցում, բայց համբերատարը խաղաղեցնում է այն» (Առակ. ԺԵ 18):

    «Ընկեր մի՛ լինիր բարկացկոտ մարդուն և մի՛ առնչվիր դյուրաբորբոք բարեկամի հետ» (Առակ. ԻԲ 24):

    «Ամեն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի» (Մատթ. Ե 22):

    «Թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր՝բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծու արդարությունը չի կատարում» (Հակոբ Ա 19-20):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz