Հետաքրքիր բլոգ - Բամբասանք
Вторник, 06.12.2016, 11:13
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Բամբասանք


    Ա. Արարածների մեջ ի՞նչն է ավելի ազնիվ ու գերազանց, քան մարդը, որ հրեշտակների նման ունի հոգեղեն կարողություն, կենդանիների նման՝ կենդանական, բույսերի նման՝ տնկական և անզգաների նման՝ անզգայական, որովհետև Աստծու պատկերն ու նմանությունն է և բոլոր արարածների պսակը: Եվ թեպետ հոգին մարմնից պատվով ու գերազանցությամբ առավել է, բայց մարմինն էլ իսպառ զուրկ չի մնում պատվից:
    Ունի գործարաններ՝ ծառայելու հոգու կարողությանն ու գործունեությանը, այսինքն՝ հինգ զգայարանները, որոնք են՝ տեսանելիք, լսելիք, հոտոտելիք, ճաշակելիք և շոշափելիք, որոնցով հոգին, իբրև թագավոր, հավատարիմ ծառայողներով ու գործակալներով կառավարվում ու կառավարում է մարդու բնության քաղաքը:
    Նրանց մեջ լսելիքը, որ ականջն է, և ճաշակելիքը, որ բերանն է, մյուսներից առավել կարևոր են: Նրանցից առաջինը, այսինքն՝ ականջը, որպես լրտես, ազդարարող է դրսից դեպի ներս՝ հոգին, որովհետև ինչ որ լսում է, անդանդաղ հասցնում է մտքին, իսկ մյուսը, այսինքն՝ բերանը, որպես ներքին խորհրդակից, դեպի դուրս է ծանուցում ինչ որ հոգին մտքում խորհում ու պատրաստում է:
    Եթե ականջը չլիներ, մարդը ոչինչ չէր իմանա, ինչպես հայտնի է խուլերից, և եթե չլիներ բերանը, ոչինչ չէր կարողանա իմացնել ուրիշներին: Ուստի մարդիկ իմանալով ու իմացնելով են հաղորդակցվում միմյանց և առաջ բերում տեսական ու գործնական բազմահնար արհեստներ ու գաղափարներ: Ուստի ականջն ու բերանը մարդու մեջ որպես թռչունի երկու թև են, որոնցով ուր կամենում, թռչում են, և ինչ բաղձում, դրան հասնում են:
    Իսկ արդ՝ սրանք մարդու մեջ որքան արժանահարգ ու կարևոր են իրենց պաշտոնները ճիշտ վարելիս, այնքան անարգ ու անպիտան են զարտուղելիս:
    Ականջի ուղղությունն ուրիշներից լսածը մտքին հայտնելն է, բերանի ուղղությունը՝ մտքում ունեցածն ուրիշներին ասելը: Իսկ եթե ականջը՝ լսած խոսքը, և բերանը՝ մտքի խոսքը խառնակ կերպով այլափոխում են, մեկն իրեն է խաբում, մյուսն՝ ուրիշներին, որով և ճշմարտությունը վերացվում է. իսկ սրանից ավելի չար ի՞նչ կա աշխարհում:
    Բ. Եթե ականջը ներս չի տանում լսածը, բերանը չի կարող դուրս հանել՝ ասելու համար: Եվ այս հավաստի է փորձից, որովհետև բոլոր խուլերը նաև համր են: Արդարև, համր չէր գտնվի, եթե խուլ չլիներ. որովհետև չկա մտքում մի բան, որ նախ չլինի զգայարանների մեջ:
    Ուստի երանելի է ականջը, եթե լսում է, և ավելի երանելի, եթե ինչպես որ լսում է, այդպես էլ նույն չափով ու կերպարանքով, հասցնում է մտքին, և է՛լ ավելի երանելի է, եթե միայն բարին է լսում և չարի հանդեպ իր դռները փակում: Նույն երանությունը կընդունի և բերանը, եթե ուղիղն ու բարին միշտ խոսի:
    Գ. Ականջներն արդարև խցաններ են, որոնք աստվածային պատվիրանի հանդեպ դժվարալուր ու համրաշարժ են, իսկ բամբասանքի հանդեպ՝ դյուրալուր ու արագաշարժ:
    Դ. Բնությունը, որ ոչինչ զուր տեղը չի գործում, մարդուն տվեց երկու ականջ՝ միշտ բաց, մի բերան՝ հաճախ փակ, որպեսզի մարդ ի բնե սովորի շատ լսել և սակավ խոսել: Եվ մյուս զգայարանները շարժուն ստեղծեց, իսկ ականջը՝ անշարժ, որպեսզի ինչ որ մի անգամ լսում է, անմոռաց ու անշարժ պահի:
    Արտաքին դիրքերը, խոռոչներն ու ճանապարհը, որով ձայնը մտնում է, բնությունը դարուփոս ու շրջապտույտ կազմեց, որպեսզի լսած ո՛չ ամեն ձայն ականջը թողնի ներս մտնել, այլ ասես մաղով անցկացնելով՝ բարին ու ազնիվը ներս մտցնի, իսկ խոսքի անարգ թեփը դուրս թափի:
    Ե. Կանանց ականջի բլթակից մարդիկ սովորեցին օղ կախել, որը հին դարերում գերի լինելու նշան էր, բայց այժմ՝ զգաստության նշան, որպեսզի կանայք չմոռանան ականջները փակել՝ վնասակար բաներ չլսելու համար, նաև որպեսզի իրենց հնազանդ ճանաչեն իրենց ամուսիններին:
    Այս մտքով էլ մանուկները երբեմն ականջներին օղ են կրում, որպեսզի նրանք էլ, մանկական տարիքի բերումով չունենալով մտքի կատարելություն, գոնե մի արտաքին ազդարարից խրատվեն լինելու զգաստ և իրենց ծնողներին ու դաստիարակներին հնազանդ:
    Զ. Այո՛, բամբասողն ամենքի մեջ անարգ է, բայց նրանից ոչ պակաս անարգ ու արհամարհելի է և բամբասանք լսողը: Ուրեմն՝ որքա՜ն անարգ ու վատթար է նա, ով գործը թողած՝ տարբեր տեղեր է շրջում, ուր հաճախ բնակվում են դատարկապորտ, քսու ու լկտի անզգամներ՝ նրանցից լսելու որևէ մեկի մասին բամբասանքներ:
    Ականջն ու բերանն Աստծուց տրվեցին որպես բարիքների գործիքներ, բայց սրանք դարձնում են դրանք չարիքների ծառաներ: Ի՞նչն է սրանից ավելի չար, երբ մեկը չի հագենում սուտ խոսելուց ու բամբասելուց, իսկ մյուսը չի ասում՝ հերի՛ք է ականջ դնեմ:
    Է. Մարդիկ երբեմն բամբասանքի արատի մեջ իրենց անմեղ ցույց տալու համար ասում են. «Ճշմարտությունն ասացինք», ինչպես որ մեղք չէ, երբ մեկն իր լսածն ուրիշներին է պատմում:
    Արդարև, կա բան, որը լսողն ու ասողը չեն մեղանչում, բայց ասելիքն ու լսելիքը ճիշտ ընտրել ամենքը չէ, որ կարող են: Ուրեմն՝ ավելի լավ է չասել ու չլսել այն բաները, որոնց վնասն ու օգուտը չես կարող լավ ճանաչել, որպեսզի չլինի թե վնասակարն անվնաս համարելով՝ անզգույշ լեզվով խոսես՝ նպաստելով լսողների կործանմանը:
    Ը. Եթե չես կամենում բամբասանքի մեղքի մեջ գլորվել, ուրիշների խոսքերին դյուրահավան մի՛ լինիր, երբ մեկին վատահամբավում են: Այլ մտքով կշռիր, թե ո՛վ և ինչպիսի՛ մեկն է, որ պատմում է քեզ ուրիշների մասին, արդյոք առաքինի՞ է, թե՞ մոլի, խոհե՞մ է, թե՞ պարզամիտ, ստախո՞ս է, թե՞ ճշմարտախոս, դատարկաշրջի՞կ է, թե՞ գործունյա, թշնամի՞ է նրան, ումից խոսում է, թե՞ բարեկամ, շահախնդի՞ր է, թե՞ արդարամիտ, և այսպես բարվոք քննելով՝ կարող ես ճշմարիտը ստից տարբերել:
    Քանզի մոլին բամբասում է, որպեսզի ինքը բարի երևա, պարզամիտը բամբասում է, որովհետև խելացի չէ, ստախոսը բամբասում է, որովհետև դա է իր սեփական պաշտոնը, դատարկակյացը բամբասում է, որպեսզի ժամավաճառ լինի, թշնամին բամբասում է, որպեսզի վրեժ առնի, շահախնդիրը բամբասում է, որպեսզի ինչ-որ բան շահի:
    Իսկ դու, եթե չես ախտացել այդ մոլությամբ, այդպիսիներից հեռու մնա, որպեսզի ականջներդ չապականվեն, սիրտդ չգայթակղվի, և հանիրավի դատելովդ՝ դու ևս չդատվես Աստծուց ու մարդկանցից:
    Թ. Բամբասողն առավել եռանդուն է իր ազգին, ծանոթներին, մերձավորներին ու իրեն հավասարներին բամբասելու մեջ, քան օտարներին: Քանզի սրանց խոսքերն ու գործերն իրեն ավելի են հայտնի և որևէ կերպ իրեն են վերաբերում, ուստի որպես վրեժխնդիր ու որպես ուղղիչ ելույթ է ունենում՝ դատաստան անելու համար:
    Բայց ողորմելին չգիտի, որ այլ է վրեժխնդրության, ճշմարտության ու դատաստանի գործը, և այլ՝ բամբասանքինը: Քանզի նրանք գործում են կամ օրենքի արդարության համար կամ ընկերոջ սիրո, կամ էլ Աստծու փառքի համար, իսկ սա, այսինքն՝ բամբասանքը, գործում է անիրավության, ատելության ու նախատինքի համար: Նրանք գործում են ինչ-որ ազնիվ նպատակով առաջնորդվելով, իսկ սա՝ հանդգնությամբ, որովհետև հանդգնություն է մեկին դատելն առանց իրավունքի առաջնորդության: Ուստի բամբասողները հանդուգն են ու արդար օրենքին հակառակող, ընկերությունն ատող և Աստծու փառքն արհամարհող:
    Ժ. Իրավացի բամբասանքն այն է, երբ մարդն ինքն իրեն է բամբասում, այսինքն՝ իր թերությունները քննում է և իրեն մեղավոր համարում: Եթե այս անում է, ահա նա է ճշմարտախոս, արդար ու բարեմիտ: Իսկ եթե իր հանցանքները թողած՝ ուրիշների թերությունն է մեջտեղ բերում ու դատում, ստախոս է ու անիրավ, որովհետև կամենում է ուղղել ուրիշների վարքը և ոչ իրենը:
    Այն լեզուն, որ ուրիշներին բամբասում է, ուրիշների մեղքերն իրենով մաքրում է, իսկ ով իրեն է բամբասում, իր մեղքերի խոցը մաքրում ու բուժում է:
    ԺԱ. Շատ անգամ մարդն անգիտությամբ է ընկնում բամբասանքի մեջ, երբ պատմում է մեկի գործերի մասին: Եվ թեպետ ասողի միտքն ուղղակի նպատակ չունի ուրիշներին դատել, այլ միայն պարզաբար ասել ինչ որ տեսավ կամ լսեց, սակայն խոսքն այնպես է շրջվում, որ լսողն իր հետաքրքրասիրությամբ խոսքը բամբասանքի է վերածում: Որովհետև բազմիցս պատահում է, որ փոփոխվում են գործողի ու գործի դիտավորությունները, այսինքն՝ գործողի դիտավորությունն ուրիշ նպատակ է հետապնդում, բայց գործի ելքն այդ նպատակից տարբեր է լինում: Ուստի պետք է խիստ զգույշ լինել որևէ մեկի մասին ինչ-որ բան պատմելիս:
    ԺԲ. Շատերն էլ, իբրև թե խղճահարությունից, մեկի թերության մասին պատմելիս, խոսքն իբրև խոստովանություն են ներկայացնում, կարծես եթե խոստովանություն են անում, այդ բամբասանք չէ. սակայն մեծապես խաբվում են: Քանզի ստույգ բամբասող է, ով մեկի թերությունը հայտնում է մյուսին. եթե պետք է խոստովանել, ոչ ոք իրավունք չունի խոստովանելու ուրիշների մեղքերը, այլ իր հանցանքները: Ուստի այսպիսիները, խղճահարությամբ սկսելով, անխղճորեն բամբասում են:
    ԺԳ. Նրա վրա է մեկը խոժոռվում, նրան բամբասում ու դատում, ում մասին լսում է, թե որևէ բան է խոսել կամ գործել ի վնաս իրեն: Բայց դո՛ւ, ո՛վ մարդ, արագ մի՛ հավատա ու դատիր, այլ քննի՛ր ու տես, թե արդյոք նա բարեկա՞մ է քեզ, թե՞ անծանոթ:
    Եթե բարեկամ է, սիրով գնա՛ նրա մոտ, հարցրո՛ւ, իմացի՛ր, թե լսածդ ճշմարի՞տ է, թե՞ սուտ. բայց այս արա ո՛չ թե խռովված սրտով ու վրեժխնդրության հոգով, այլ եղբայրական սիրով: Եթե ճշմարիտ է, խրատի՛ր կամ քո իրավացի փաստե՛րը հայտնիր, որպեսզի երկուսդ էլ բժշկվեք և դադարեք իրար գաղտնի վշտացնելուց: Իսկ եթե ճշմարիտ չէ, ուրեմն վե՛րջ վեճին:
    Բայց եթե նա անծանոթ է քեզ ու օտար, լսածիդ համար բնավ մի՛ վշտանա և մի՛ բամբասիր նրան, որովհետև իրավունք չունես ամենքին քեզ հնազանդեցնելու և ամենքի լեզուն ու ձեռքերը կապելու ու արձակելու ըստ քո կամքի: 0տարների գործերը քո ի՞նչ հոգսն են. օտարը որքան էլ նետահարի, սաստիկ չի վիրավորում, որովհետև հեռվից արձակված նետը տկար է հարված հասցնելու համար: Իսկ եթե այսպես չվարվես, հնարավոր չէ, որ անհավանությունից ու բամբասանքից զերծ մնաս:
    ԺԴ. Կասկածամիտները, ինչպիսին են կանայք, դյուրամետ են դեպի բամբասանքը և դժվարությամբ են ողջամիտ դառնում ու բամբասելուց դադարում, որովհետև ոչ ոքի չեն հավատում, այլ իրենց չար կարծիքի մեջ հաստատուն են մնում: Գուցե իրենց լսածն ու կասկածն անհիմն ու սուտ են. բայց ո՞վ կարող է ուղղել նրանց մտքի թյուր դատողությունը:
    Ավելի լավ է ոչ թե խոսքո՛վ ջանալ այդպիսիներին հավանության բերել, այլ գործերի արդյունքով: Որովհետև ինչ անտեղի կարծիք որ ունեին մեկի մասին, երբ գործով դրա հակառակն են տեսնում, այդժամ ինքնին փոխում են իրենց կարծիքը և ուղղվում: Ինչպես որ բարբարոսները Մելիտինեում, երբ տեսան Պողոսի ձեռքից կախված իժը, ասացին. «Այս մարդը մարդասպան է», բայց երբ տեսան, որ ոչ մի վնաս չեղավ նրան, խոսքը շրջելով ասացին. «Աստված է սա» (Գործ. ԻԸ 3-6):
    Իսկ եթե մեկն ուրիշ կերպ վարվի կասկածամիտների հետ, ոչ մի օգուտ չի ունենա, այլ առավե՛լ կգրգռի նրանց անփոփոխ մնալու նրա մեջ, ինչի մեջ մի անգամ մտքով գահավիժեցին:
    ԺԵ. Բամբասանքն այլ մոլություններից ավելի հաճախ է հանդիպում մարդկանց մեջ, որովհետև առաջ է գալիս գործի կամ խոսքի որևէ թերությունից: Եվ քանի որ առանց թերության մարդ չկա, մեկը գործերի մեջ է սխալվում, մյուսը՝ խոսքի, եթե մեկի բոլոր սխալները մեջտեղ բերելով՝ մարդ բամբասի, հարկ է, որ բոլորի՛ն բամբասի, և այդժամ բամբասողին ո՞վ կդատի, որովհետև ինքն էլ է սխալական մարդ:
    Ուրեմն՝ ների՛ր մարդկանց սխալները, որպեսզի դու էլ ներում գտնես քո հանցանքներին:
    ԺԶ. Ավա՜ղ, ինչպիսի՜ աղետներ ու անհնարին դառն կրքեր. հազարավոր երիտասարդներ ու մանուկներ, կույսեր ու մանկամարդներ ավելի շատ մեռան ու մեռնում են քսու կանանց, մանավանդ շատաշրջիկ բանսարկու պառավների չարաթույն լեզվից, քան այլ պատահարներից:
    Քանզի թունավոր օձի պես, մահվան գործիք դարձնելով իրենց լեզուն, հարվածում ու սպանում են բյուրավոր մարդկանց, որոնք ոչ մի մեղք չգործեցին իրենց հանդեպ: Եվ սրտում ունենալով խռովության դևին, մանավանդ իրենք իսկ մարմնազգեցիկ դև լինելով՝ ստահոդ բամբասանքով, ասես բրիչներով ու մուրճերով, քանդում-կործանում են սիրո հիմքը, որ դրված էր երկու կողմերի՝ փեսացուի ու հարսնացուի միջև, և անհաշտ թշնամություն գցում նրանց միջև, մինչև որ ուրանում են նշանախոսությունն ու բաժանվում են: Որովհետև բամբասանքի սերմը խոսեցյալների և նրանց ազգականների ու մերձավորների մեջ չարաչար ու դառն ատելություն բուսցրեց:
    Եվ ո՞վ կարող է թվել դրանից հետո ի հայտ եկող չարիքները: Երբեմն տղան տարագնաց լինելով հեռանում է հայրենիքից, երբեմն կարեվեր տրտմությունից անբուժելի ցավերով է պատվում, երբեմն հուսահատությունից մոլեգնելով մոլության անվայել ախտերի մեջ ընկնում: Իսկ արդյոք ի՞նչ վտանգ չի կրում աղջիկը, որի անունը բծավորվեց հանիրավի. ո՞վ կտեսնի նրան մաքուր աչքերով, որ համբավվեց նախատինքով, թեպետև այն զուր և սուտ լինի. բայց ի՞նչ շահ դրանից, ամեն ոք խորշում է նրանից:
    Ավա՜ղ, ինչպիսի՜ թշվառություն: Աղջիկն ամոթից իր մահն է կամենում, արտասուք թափում, չի թողնում տանը խորշ ու անկյուն, ուր թախծոտ սրտով չհառաչի, չի կարողանում չարախոսների սուտը ցույց տալ և իր անմեղությունը հայտնել: Եվ քանի որ կանացի բնությունը տկար է, ցավերով ու հեծությամբ զարկվում է սրտից, մինչև որ հյուծական ախտով է պաշարվում և տարաժամ մեռնում կամ հուսաբեկ լինելով՝ անմիտ բաներ գործում:
    Իսկ ի՞նչ է տեղի ունենում նրա ծնողների հետ: Բնական մահն այնքան չի վշտացնում նրանց, որքան բարոյական մահը: Իսկ այսքան դառնաղետ ու չարաչար վշտերի պատճառը ոչ այլ ոք է, եթե ոչ բամբասող լեզուները: Ուստի կամ բամբասողները պարտավոր են կանգ առնել ու զղջալ մահառիթ բամբասանքի համար, կամ պիտի չորանա նրանց լեզուն, որպեսզի անմեղներին մահվան չմատնեն:
    ԺԷ. Բամբասողները մատնիչներից պակաս չեն մեղանչում, չասեմ թե՝ ավելի: Որովհետև կամ նախանձից են կամենում արատավորել մեկի անունը, կամ իրենց շահի համար են զուր ու սուտ խոսում: Եվ խիստ հաճախ են պատահում նրանց մեջ այս վերջինները, որոնք չարախոսում են աղջկանից կամ տղայից, որպեսզի նրանք ուրիշների հետ նշանվեն և իրենք էլ սրանցից դրամով կաշառք ստանան կամ մի ուրիշ բան՝ ընծայի անվան տակ: Այսպիսիները դասակից են մեր Տիրոջ մատնիչ Հուդային, որ արծաթի համար մատնեց Տիրոջը:
    Չարախոսների մեջ կան և այնպիսիք, որ ունեն չափահաս ուստրեր կամ դուստրեր և այս անում են, որպեսզի ուրիշների նշանը խափանելով իրենց զավակների համար հաստատեն: Բայց ինչպես որ իրենք արեցին ուրիշներին, այդպես էլ իրենց հետ կվարվեն ուրիշները, որովհետև ստույգ վճիռ է, թե ինչով որ մեկը չափում է ուրիշներին, նույնով կչափվի և իրեն:
    Արդարև, ով այսպիսի անիրավություններ է գործում, իրեն ու իր զավակին մատնում է հոգու և մարմնի վնասի ու դատապարտության:
    ԺԸ. Բամբասանք անունը կարող է ստուգաբանվել որպես «բամ ասված բան», այսինքն՝ սին ու դատարկ զրույց: Որովհետև «բամ» բառը զուր և ունայն է նշանակում, իսկ ի՞նչ ավելի դատարկ խոսքեր կան, քան բամբասական խոսքը, որով մեկն ուրիշներին զրպարտում է: Իսկ ըստ հարմարագրության՝ ստուգաբանվում է որպես «բամբ ասված բան», այսինքն՝ դղրդաձայն խոսք: Որովհետև «բամբ» բառը բոմբյուն ու դղրդյուն է նշանակում, քանզի ամեն բամբասող դղրդացնում, խռովում է ուրիշներին և աղմուկ գցում: Կարող է ստուգաբանվել նաև որպես «բան բասրանք», այսինքն՝ մեղադրական ու նախատական խոսք: Որովհետև բամբասող լեզուն ուրիշներին որպես հանցավոր դատում է ու մեղադրում:
    Բայց քանի որ ստապատիր մեղադրանքով ընդդեմ ճշմարտության է կռվում, աններելի մեղքի մեջ է ընկնում, որովհետև նախանձի ու ատելության պատճառով լույսը խավար է կոչում: Ուստի չարախոսները թող դադարեն բամբասելուց և սովորեն բարին խոսել: Որովհետև աններելի մեղքին համապատասխան աններելի տանջանք կկրեն:
    ԺԹ. Ոմանց առավել քաղցր է թվում եկեղեցականներին բամբասելը, եթե մարդկային սխալմունքների փոքր-ինչ արատ են նշմարում նրանց մեջ. բայց չգիտեն, որ այս դրդումը դիվական է:
    Որովհետև ով մի անգամ իր կարգավորներից մեկին բամբասում է, պարզ է, որ նրանից գայթակղվում է, որով նրան համարում է անարգ ու փոքր և նրա խոսքը՝ արհամարհելի ու սին: Բայց դրանից հետո ո՞ւմ պիտի հնազանդվի, ո՞ւմ անսա, ումի՞ց խրատվի, ո՞ւմ առաջ մեղքերը խոստովանի:
    Եվ ի՞նչ այնուհետև. կարգավորներից օտարանալով՝ հեռանում է նաև Եկեղեցու սրբարար խորհուրդներից: Այս ախտը հետզհետե այնքան է զորանում, որ կարգավորների քարոզած օրենքն արհամարհել է տալիս, և ահա ա՛յս էր չար դևի նպատակը՝ բամբասողներին գցել կորստյան վիհը:
    Ի. Ամեն ընդհանուր բաղկանում է առանձնավորներից. որովհետև բոլոր առանձնավորները, միմյանց համանման լինելով, իրենց տեսակի համաձայն՝ մի ընդհանուր են ստեղծում:
    Արդ, ընդհանուրն ազգն է, որի առանձնավորներն անհատներն են: Ուստի եթե այսօր որևէ անհատի տեսնելով ինչ-որ սխալմունքի մեջ՝ բամբասում ես, գուցե վաղն էլ ուրիշին բամբասես, մյուս օրն էլ՝ մեկ ուրիշի: Եվ օր առ օր բամբասանքը շատացնում ես, մինչև այն քեզ սովորություն է դառնում, հետզհետե՝ երկրորդ բնություն, և այնուհետև դառնում ես ամեն մարդու դատավոր, ավելին՝ դահիճ, քանզի մարդկանցից ոչ ոք անսխալ չէ:
    Ուստի բոլոր մասնավորներին դատելով՝ բամբասում ես քո ընդհանուր ազգը, բայց քանի որ դու ևս ազգի նույն ընդհանրության մասն ես, ուստի ինքդ քեզ ես բամբասում, ուրեմն սխալվելով դատում և քեզ: Ուստի զգուշացի՛ր քո եղբայրներին բամբասելուց, որպեսզի դու էլ արժանի չդառնաս բամբասանքի:
    ԻԱ. Մի բամբասանքից սովորաբար երեք չարիք է ծնվում. առաջին՝ բամբասողը մահու չափ մեղանչում է, երկրորդ՝ լսողը մեղսակից է դառնում, երրորդ՝ բամբասվածը նույն մեղքով մեղանչում է կամ ուրիշ մեղքեր էլ գործում:
    Որովհետև բամբասվածը, լսելով, որ մեկի կողմից բամբասվում է, կա՛մ սկսում է իրեն բամբասողին բամբասել, կա՛մ նետահար արջի պես սրտի ցավից կատաղելով՝ նրան մեծամեծ չարիքներ է հասցնում, որ վրեժ առնի, և այսպես միմյանց դատելու չարի հրդեհը օր առ օր բորբոքվում և այրելով տոչորում է ամենքին:
    Արդարև, չարիքների մեջ բամբասանքից ավելի մեծը չկա և այժմ չկա նրանից ավելի տարածվածը, և թեպետ ամենքը գիտեն, որ ուրիշներին բամբասելը ծանր մեղք է, բայց տակավին շարունակում են նույնը:
    ԻԲ. Բամբասանքի թունավոր նետերից մարդկանցից ոչ ոք անխոց չի մնում, բացի մանուկներից, և սրա համար մանուկները երջանիկ են: Իսկ բոլոր չափահաս տղամարդիկ ու կանայք, նրա երեքթևյան նետերով վիրավորվելով հոգուց, գեշի պես թավալվում են միմյանց արյան մեջ, և ոչ միայն այսքան, այլև մեռյալների արյամբ են շաղախվում:
    Քանզի կա մարդ, որ մարմնով կենդանի է, բայց հոգով մեռած, և բամբասում է նրան, ով մարմնով մեռած է, բայց հոգով կենդանի: Ինչպիսի՜ ողբերգություն. եթե միայն կենդանի եղողին բամբասեր, ո՞վ գիտի, գուցե մի օր մտքում զղջալով՝ գնար ու նրանից ներում խնդրեր, իսկ մեռյալին, ում զրպարտությամբ վատահամբավեց, որտե՞ղ կարող է գտնել: Կգտնի, այո՛, գերեզմանո՛ւմ, երբ ինքն էլ թաղվի նրա մոտ, բայց հանցանքն իր մեջ կմնա, որովհետև հանդերձյալ աշխարհում չկա մեղքերի ու դրանց թողության առևտրի տոնավաճառ, որովհետև այնտեղ ոչ ոք չի կարող մեղանչել մեկի հանդեպ, և ոչ ոք չի կարող ներել մեկի հանցանքները:
    ԻԳ. Թերևս մեկը կամենա ասել, թե ինչպե՞ս է, որ բամբասանքը մեղք է համարվում, երբ պատմում եմ այն, ինչ ուրիշներն ասացին կամ արեցին. մի՞թե արգելված է ճշմարիտն ասելը. հապա անցյալ դարերի բազում գրքերում արձանագրված չե՞ն մարդկանց գործերը՝ բարի կամ չար:
    Լսի՛ր, ո՛վ դու, որ այս ասում ես: Եթե բարի է այն գործը, որ պատմում ես, այդ բամբասանք չէ, այլ գովասանք, պատշաճ է այն հռչակել և ոչ թե թաքցնել, որպեսզի գործողը փառավորվի, և լսողները շահեն: Իսկ եթե չար է, պատշաճ է այն ծածկել, որպեսզի գործողը վատ համբավ չունենա, և լսողները չգայթակղվեն: Որովհետև քո վատաբանելով չարը բարի չի դառնում, այլ է՛լ առավել չար, և դու չարիքների պատճառ ես դառնում:
    Իսկ այն գործերը, որ գրքերում են պատմվում, դրանք գրվում են կամ դեպի բարին հորդորելու համար, եթե գործը բարի է, կամ լսողների զգուշության համար, եթե գործը չար է: Արդ, դու ևս, եթե լսողների զգուշության համար ես պատմում, որպեսզի ուրիշները չհետևեն չար օրինակին, սա բամբասանք չի համարվում, այլ զգուշության խրատ՝ չարից խորշելու համար, և այդժամ միայն գործն է արհամարհելի լինում, իսկ գործողը՝ ցավակցության արժանի, որովհետև մարդկորեն սայթաքեց:
    ԻԴ. Չի կարող իրեն արդարացնել, ով առանց քաջատեղյակ լինելու՝ մեկին դատում ու բամբասում է: Ուստի չես կարող անհանցապարտ մնալ, բամբասո՛ղ, որ չիմանալով գործողի միտքը և չնայելով գործի նպատակին՝ սկսում ես անդուռ բերանով դատել գործն ու գործողին: Քանզի հնարավոր է, որ ում այժմ անգիտությամբդ հանցավոր ես համարում, հետո նրա անմեղության մեջ համոզվելով՝ գիտությամբ գովես նրան, և ում սկզբում հանցագործ էիր կարծում, նա հետո բարերար երևա քեզ:
    Բայց այնժամ դու ինչպե՞ս կհամարձակվես բանալ բերանդ՝ գովելու համար նրան, ում ավելի առաջ պախարակեցիր: Ուրեմն պարտավոր ես կա՛մ բերանդ փոխել, կա՛մ միտքդ: Բերանդ փոխել չես կարող, որպեսզի տեսնողների առաջ ծռմռված ու ծաղրելի չլինես, ուրեմն ստիպված ես միտքդ փոխել, որովհետև սա անմարմին է, հակառակ կարծիքի փոխվելիս դեմքդ չի ծռում և քեզ այլանդակ չի դարձնում: Բայց այդ դեպքում դու անխոհեմ ես երևում, որովհետև չկարողացար սկզբից հասու լինել գործի էությանը:
    ԻԵ. Մարդ կա, որ բարի մտադրությամբ հասարակական մի գործ է սկսում հօգուտ ազգի կամ քաղաքի, Աստծուն օգնության կանչում, երկար խորհրդածությամբ քննում գործի պարագաները և պատշաճ միջոցներ ընտրում՝ հաջողությամբ հասնելու նպատակադրված գործի վախճանին, բայց քանի որ մարդը միայն որոշում է, իսկ օգնությունը Տեր Աստծուց պիտի լինի, ուստի եթե Աստված ինչ-ինչ գաղտնի պատճառներով չի օգնում, և գործը բարի ելքով չի հաջողվում, իսկույն պիտի տեսնես բամբասողների ծափաձայն ցնծությունը: Բայց ի՞նչ մեղք գործեց նա. կամեցավ հայրենիքին բարիք գործել, բայց Աստված չկամեցավ այդ գործի հաջողությունը: Ահա այնպիսին են բամբասողները, որ եթե հնար լինի, Աստծուն էլ կբամբասեն, բայց նրան չկարողանալով հասնել՝ չարաչար դատում ու վատահամբավում են Աստծու կամքի գործիքին, որ մարդն է:
    ԻԶ. Քանի որ կանայք ի բնե շատախոս ու դատարկաբան են, նրանց մոտ սովորական բան է բամբասանքը, և եթե նրանցից ոմանք լռում են, համրի պես են երևում:
    Եվ քանի որ կանայք գիտություններից ու գաղափարներից զուրկ են և կարևոր ու օգտակար բաների մասին չգիտեն, սկսում են իրար բամբասել:
    Ուստի ով էլ որ լինի՝ դրացի, խնամի, թե ընտանիքի անդամ, զերծ չի մնում նրանց լեզվից, որովհետև բոլոր ասեղնագործություններից ավելի լավ գիտեն ծաղկեցնել բամբասանքը՝ մեկը հազարով բազմապատկելով, փոքրը մեծացնելով, լուն փիղ դարձնելով:
    Նրանց դատարկաբան լեզուն ամբողջ գիշեր ու ցերեկ անվի պես անդադար պտտվում է բամբասելով և չի ասում՝ բավական է:
    Վա՛յ նրան, ով կանանց բերանն ընկավ:
    ԻԷ. Հետաքրքրասեր մարդն արագորեն է սահում բամբասական խոսքերի մեջ, որովհետև շարունակ ցանկանում է իմանալ նորանոր բաներ ուրիշների խոսքերի կամ գործերի մասին: Իսկ այդ ամենին վերջակետ ու սահման չկա. որովհետև աշխարհում գտնվող բոլոր մարդկանցից էլ միշտ ծնվում են նորանոր խոսքեր ու գործեր:
    Եվ քանի որ հետաքրքրասերը չի կարող այդ բոլորին տեղյակ լինել, ուստի միշտ տանջվում ու տառապում է: Եվ հագուրդ տալու համար իր անհագ բաղձանքին՝ ձգտում է ամեն ժամ ու ամեն տեղ լսել ու իմանալ ուրիշներին վերաբերող բաներ, և ինչ որ մի անգամ կարողանում է իմանալ, անհապաղ ուրիշներին հաղորդել է ջանում, քանզի հետաքրքրասիրության նպատակը սրա՛ն է միտում՝ լսածը պատմել ուրիշներին:
    Մանավանդ որ հաճախ մտքում տագնապում է, թե ինչպե՛ս կարողանա խոսքերը սքանչելի կերպով զարդարել, որ ախորժական ու ըղձալի դարձնի ունկնդիրների ականջներին, ասես որպեսզի դրանով հանճարեղ ու լավ ճարտասան երևա: Եվ այս չի հաջողվում այլ բանով, եթե ոչ ստով, շատախոսությամբ, դատարկ շաղակրատությամբ, դերասանությամբ:
    Ահա սրանք են, որոնցից վերընձյուղվում են բազմապատիկ դատարկաբանությունները, ժամավաճառություններն ու բամբասանքները, և սրանց բոլորի դայակն ու մայրը հետաքրքրասիրությունն է:
    ԻԸ. Սուրբ Գրքի ու գիտությունների մխիթարությունից զրկվածները հաճախ են ընկնում բամբասանքի մեջ, քանզի չիմանալով օգտակար ու հոգևոր թեմաներով մի բան խոսել՝ անխտիր ամենքին բամբասում են, որպեսզի ժամանակն անցկացնեն:
    Իսկ եթե նրանց մեջ մի իմաստուն ու գրագետ մարդ է գտնվում և գրքերից մի բան է ասում, շուտով ձանձրանում են և նրան շաղակրատ ու թեթևամիտ համարում, արհամարհում և զրույցի թեման փոխելով՝ նրան լռել տալիս: Մարդիկ էլ կան, որ հանդգնում են ասել՝ բավակա՛ն է, ինչ որ վարդապետեցիր, մի փոքր կանգնիր, ուրիշներն էլ խոսեն: Եվ բնավ զարմանալի չէ. որովհետև ովքեր սովոր են ըմբոշխնել աղբի գարշ հոտը, տաղտկանում ու խորշում են ծաղիկների անուշաբուրությունից:
    ԻԹ. Բամբասողի լեզուն պապանձվում-կարկամում է, երբ բամբասվողը համբերում է: Եթե ասվածը ճիշտ է, անշուշտ առանց վշտանալու պիտի համբերի, որովհետև լսում է այն, ինչ արել է: Իսկ եթե բամբասանքը հանիրավի է, դարձյալ պետք չէ զայրանալ ու ընդդիմաբանել, այլ մանավանդ ծիծաղել կամ քաղցր ու համոզիչ խոսքերով սեփական անմեղությունը ցույց տալ: Իսկ ավելի լավ է աղոթել Աստծուն բամբասողի համար, որովհետև այդժամ Աստված, տեսնելով բամբասվածի բարեմտությունը, կա՛մ իր շնորհով զգաստացնում է բամբասողին, կա՛մ իր արդարությամբ պատժում, եթե նույն չարիքի մեջ համառում է:
    Լ. Սրանից ավելի իրավացի բամբասանք չկա, եթե մեկը մտքում իրեն բամբասի, որով և զերծ կմնա ընկերոջը չարաչար բամբասելուց: Ով կարողանում է տեսնել իր թերությունները, այդքան չի կարող տեսնել ուրիշներինը:
    ԼԱ. Գավազանի հարվածն այնքան չի ցավեցնում մարդուն, որքան լեզվի հարվածը. որովհետև թեպետ լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր փշրում է: Ինչպես որ կրակն է լափում փայտը, այդպես էլ բամբասողի լեզուն՝ անմեղի ոսկորները: Ավելի պետք է զգույշ մնալ խածնող շուրթերից, քան կատաղի շների ժանիքներից:
    ԼԲ. Լեզուն գուցե այն պատճառով է համարձակվում չար բաներ խոսել, որ չունի աչքեր, որոնցով ամաչի, և չունի ականջ, որով լսի իր խոսքերը, չի տանջվում, որ վախենա, և բերանից դուրս չի գալիս, որ վտարվի: Եթե այսպես չլիներ, գուցե չհանդգներ շատ վնաս գործել:
    ԼԳ. Եթե այն ամենը, որ լեզուն խոսում է, ձեռքերը կատարեն, շուտով նրանց մատները կփշրվեն, քանի որ լեզուն, ոսկոր չունենալով, կարող է շատ բան խոսել ու անվնաս մնալ, բայց ձեռքը, ոսկորներից կազմված լինելով, եթե այդ ամենն անի, սաստիկ կերպով կփշրվի:
    ԼԴ. Մարդիկ իրավացիորեն են հանդիմանում ու պատժում նրանց, ովքեր միայն լեզվով են անտեղի, թյուր ու վնասակար պատմություններ անում, թեպետ մտքով չհամաձայնեն իրենց խոսքերին: Քանզի մարդ կարող է միայն արտաքին բաներն իմանալ և ըստ այդմ է դատում, և նրա դատաստանն արդար է: Իսկ ըստ ներքին մտածումների ու կամքի դատելն Աստծուն է հատուկ, որ գաղտնիքները քննող է: Ուստի ամեն ոք պիտի իր լեզուն զսպի անվայել բաներ խոսելուց, որպեսզի դատաստանի չարժանանա՝ ըստ Տիրոջ վճռի. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ 37):

    «Արդար շուրթերը լռեցնում են թշնամանքը, իսկ բամբասանք տարածողները անզգամներ են» (Առակ. Ժ 18):

    «Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից» (Առակ. ԻԱ 23):

    «Այսուհետև զգո՛ւյշ եղեք անօգուտ քրթմնջյունից և բամբասանքներից խնայեցե՛ք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Ա 11):

    «Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզվի երեսից» (Սիրաք ԻԸ 22):

    «Լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում» (Հակոբ Գ 5):

    «Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք. ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը» (Հակոբ Դ 11):

     «Եթե միմյանց խածոտեք և հոշոտեք, զգո՛ւյշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք» (Գաղատ. Ե 15):
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz