Суббота, 20.04.2024, 13:25
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ազգասեր

     Ա. Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից՝ իբրև մասերից բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են: Եվ ինչպես որ մարմնի անդամներից մեկի հիվանդության պատճառով վշտանալու դեպքում մյուս բոլոր անդամները ջանում են դարմանում տալ ու բժշկել նրան, որպեսզի մահաբեր հիվանդությունն ամբողջ մարմինը չապականի, որով իրենք ևս կապականվեն, այդպես և ազգի հասարակության բոլոր անհատները պարտավոր են օգնական ու դարմանիչ լինել ձախողակի պատահարներով վշտացած ընկերոջ տկարությանն ու ցավերին, որպեսզի ախտը հետզհետե չտարածվի հասարակության մյուս բոլոր անդամների վրա. որովհետև ողջ ազգի տկարանալու և կործանվելու դեպքում անշուշտ կկործանվեն և իրենք:
    Ուստի ովքեր կարող են, բայց չեն ջանում ցավակից ու օգնական լինել իրենց ազգակիցներին, արժանի են դատաստանի, որովհետև անհոգությամբ ամբողջ ազգի կործանման պատճառ են դառնում:
    Ով իր հաջողության ժամանակ ձեռք չի մեկնում փորձության ենթարկվածներին, իր ձախորդության ժամանակ չի գտնի իրեն ձեռք մեկնող մեկի:
    Բ. Աստվածային ամենիմաստ տեսչությունը, որ քաղցրությամբ խնամում է իր արարածներին, բոլոր մարդկանց միօրինակ չստեղծեց, այլ ոմանց՝ հարուստ, ոմանց էլ՝ աղքատ, որպեսզի աղքատների ողորմելի վիճակը հարուստների գութը շարժի, հարուստներն իրենց ունեցվածքից հոգան աղքատների կարիքները, և փոխնիփոխ միմյանց բարեգործության պատճառ լինելով՝ ամենքն Աստծուց վարձ ընդունեն: Եթե ամենքն աղքատ լինեին, ո՞վ կկարողանար ողորմություն տալ, և եթե ամենքը հարուստ լինեին, ո՞վ կխոնարհվեր ողորմություն առնելու:
    Ուրեմն՝ ովքեր կարող են ողորմել, թող գոհանան Տիրոջից, որ նրանց ունեցվածք տվեց կարոտյալներին օգնելու, որպեսզի իրենց բարերարության դիմաց անեզրական վարձ ընդունեն: Նույնպես և աղքատներն իրենց կարիքները հարուստների տվածով հոգալիս թող գոհությամբ երախտահատույց լինեն Տիրոջը և պարգևողներին, որպեսզի արժանի դառնան Աստծուց վարձ ստանալու:
    Նույնիսկ եթե բազմությունը երախտագետ չլինի, հարուստները պիտի չդադարեն բարերարելուց, եթե կամենում են Աստծուն նմանվել: Որովհետև ահա շատերը, Աստծուց բազում բարիքներ ստանալով, չեն ճանաչում նրա բարերարությունը, սակայն նա տակավին բարիք է գործում նրանց:
    Գ. Ազգասեր մարդուն բավական չէ միայն ժողովրդի օգուտը սիրել ու նրա համար աշխատել, նաև պիտի ատի ու հեռու հալածի նրան, ով ընդդիմանում է իր բարվոք դիտողությանն ու ջանում վնաս հասցնել հայրենիքին:
    Դ. Հայրենասերին վայել չէ իսպառ համակվել տրտմությամբ ու վհատությամբ՝ տեսնելով, որ բազում մարդիկ միմյանց հանդեպ ատելությամբ են լցված, առերես բարեկամ են ձևանում, իսկ իրենց սրտում չարիք խորհում. կեղծում են, իբր միմյանց օգուտն են կամենում, այնինչ գործով չեն դադարում վնասելուց. որոգայթներ են լարում իրենց երախտավորների ոտքերին և դավաճանության հայտնի դառնալու ժամանակ մի կողմ քաշվում ու անմեղ ձևանում. խրատվում են ու չեն զգաստանում, հանդիմանվում ու չեն պատկառում: Բայց հայրենասերը պետք է քաջալերվի ու մխիթարվի նրանով, որ կան և սակավ մարդիկ, որոնք ճշմարտապես սիրում են իրենց ընկերներին, ջանում նրանց բարիք գործել, ընդհանուրի օգտի համար իրենց վտանգի են մատնում և սուտ բարեկամների թշնամությունից սրտաբեկ լինելով՝ հետ չեն քաշվում:
    Ե. Ով բարերարելու կարողություն ունի, բայց կարիքավոր մեկը չի գտնվում, որ իրենից օգնություն խնդրի, ինքն անարդյուն է մնում, իսկ եթե գտնվում են կարոտյալներ, բայց ինքը նրանց օգնել չի կամենում, պարտապան է մնում: Որովհետև ի՞նչ օգուտ է հարուստ լինել և աղքատներին ձեռք չմեկնել, կամ գիտնական՝ և տգետներին չուսուցանել, կամ խորագետ՝ և փորձանավորներին խորհուրդ չտալ, կամ ուժեղ՝ և տկարներին տկարությունից չազատել: Որովհետև նրա բոլոր բարիքները, որ ընդարձակ աշխարհում որևէ մեկին օգուտ չտվեցին, բնավ օգուտ չեն տա նրան անձուկ գերեզմանում, ավելին՝ պատիժ ու դատապարտություն կդառնան նրա անձին, որովհետև անաչառադատ ատյանում Տիրոջից լսելու է. «Չա՛ր ու վա՛տ ծառա, ինչո՞ւ Իմ դրամը լումայափոխներին չտվիր, որպեսզի Ես գալով տոկոսներով միասին պահանջեի այն» (տե՛ս Մատթ. ԻԵ 26, Ղուկ. ԺԹ 23):
    Զ. Ով որևէ մասնավոր անձի բարերարում է, որպես հատուցում նրանից շնորհակալություն է ստանում, իսկ ընդհանուրի բարերարին ոչ ոք չի համարում հատուկ ի՛ր երախտավորը, որպեսզի գոնե շնորհակալությա՛մբ իր պարտքը հատուցի նրան: Ուստի ընդհանուրի բարերարն իր աշխատանքի հատուցումը ստանում է Տիրոջից, ով անթերի հատուցում է յուրաքանչյուրին ըստ գործերի:
    Է. Ով կարոտյալին կարող է օգնել խոսքով ու գործով, բայց միայն բերանի խոսքով է օգնություն մատուցում և ոչ թե գործով, գործի վարձին պարտապան է դառնում, որովհետև կարող էր, բայց չկամեցավ կատարել. կորցնում է վարձը նաև իր լեզվի, որով աշխատեց նրա համար: Իսկ ով գործով օգնել չի կարող և միայն խոսքով է ջանում նպաստ մատուցել՝ միջնորդությամբ, խրատով կամ մխիթարությամբ, հոժարության համար գործի վարձը ստանում է, որովհետև կամենում էր, բայց ձեռնհաս չէր կատարելու:
    Մարդիկ դժոխքում պատժվելու են ոչ միայն գործած չարիքների համար, այլև այն բարիքների, որոնք պարտավոր էին անել, բայց զանց առան:
    Ը. Կանացի ու անարի սրտին է հատուկ աշխատանքի ծանրությունից երկնչելն ու ազգօգուտ գործերից ետ կանգնելը, երբ դժվարությունների հանձնառությամբ կարելի է դրանք կատարել: Այսպիսին ոչ միայն անվարձ է մնում, այլև պարտապան, որովհետև անելուն ձեռնհաս էր, բայց չարեց:
    Իշխան լինելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակության բեռը կրելը:
    Թ. Ամբողջ աշխարհով տարածված մարդկային ցեղերն իրենց սերնդի սկիզբը մեկից ունեն և միմյանց եղբայրներ են, ուստի պարտավոր են սիրել միմյանց, և ընկերները պիտի օգնեն միմյանց: Իսկ ով վնասում է ընկերոջը, վնասում է իրեն, որովհետև նույն արյունից են շաղախված:
    Ժ. Ուրիշներին ծառայեցնող բռնակալը նման է զայրացած գետի, որ փոխանակ հեզիկ ընթացքով երկիրը ոռոգելու, ուժգին հոսանքով իր հունից դուրս վայթելով, ավերում է այն հանդերն ու ծառաստանները, որոնց միջով անցնում է:
    ԺԱ. Իշխանների բռնությունները չեն կարող քաղաքում զարգացնել որևէ օգտակար արհեստ. այդ կարող են անել արհեստավորների վարձատրությունն ու ժողովրդի օգուտը. որովհետև մարդիկ իրենց օգտի համար են ջանում արհեստներ ստեղծել կամ կատարելագործել:
    ԺԲ. Բարերար ու իմաստուն իշխանի կողմից առաջնորդվող մարդիկ երջանիկ ու ամեն բարիքով լի են ապրում, ուստի իշխանին սիրում են իրենց կյանքից առավել և կամենում ամեն բարիք նրան նվիրել, քանի որ ամեն ինչ նրա շնորհիվ ունեն: Բայց իշխաններն էլ պարտավոր են սիրել իրենց հպատակներին իբրև որդիների, որպեսզի իրենք ևս նրանց կողմից սիրվեն իբրև հայր:
    ԺԳ. Իր ժողովրդի բարու ու հանգստյան համար աշխատող իշխանին ժողովուրդը նույնպես օգնում է նեղության ժամանակ. նրա համար չի խնայում իր ունեցվածքը, որ նրա ջանքերով է ձեռք բերել: Եվ այսպես հասարակության ունեցվածքն իշխանինն է լինում առանց զրկողության ու հափշտակության. նա հասարակության անդամների համար իբրև բարեգութ հայր է, իսկ նրանք՝ իբրև հավատարիմ որդիներ:
    ԺԴ. Բարի ու ազգասեր իշխանը չի հոգում իր կյանքի համար պահապաններ կարգելու մասին, որովհետև հասարակության սերը պահպանում է նրա կյանքը. հասարակության անդամները գիտեն, որ նրան կորցնելով՝ կկորցնեն իրենց երջանկությունը, ուստի իրենց նվիրում են նրա պահպանությանը՝ նրա շնորհիվ ձեռք բերած իրենց երջանկությունը պահպանելու համար:
    ԺԵ. Ազգի կամ քաղաքի օգտի համար աշխատանքը կարող է լինել երկու տեսակ՝ կա՛մ հայրենիքի սիրո համար անձնվիրությամբ, առանց վարձատրության ակնկալության, կա՛մ էլ աշխատանքի վաճառմամբ, վարձ ստանալու համար: Արդ, անձի անվարձահատույց նվիրումը հատուկ է ազատաբարոյին, իսկ վարձի ակնկալությունը՝ ծառային, որովհետև այս երկու ծայրերն անմեջ են:
    Բայց արդարությունը պահանջում է, որ հասարակությունն անվարձահատույց աշխատող բարերարի երախտիքի չափն իմանա և փոխարենը շնորհակալություն կամ վարձ հատուցի: Միայն թե երախտավորը որևէ ակնկալություն չունենա, որպեսզի ազնվական ազատությունն անարգ ծառայություն չդառնա. որովհետև ծառաներն են աշխատանքի դիմաց վարձ առնում: Անհնար է, որ ընկերոջ օգտի համար բարիք գործողը կորուստ ունենա:
    ԺԶ. Ընկերոջ օգտի համար ի սեր Աստծու անվարձահատույց աշխատելն Աստծուն ծառայել է և ընկերոջը բարերարել: Իսկ վարձի ակնկալությամբ ընկերոջ համար աշխատելը մարդկանց ծառայել է և սեփական անձի՛ն բարերարել: Ով պատվի ու հարստության ակնկալությամբ է աշխատում հասարակության օգտին, պատվի ու հարստության ծառա է, իսկ ով աշխատում է ազատորեն՝ առաքինության հանդեպ սիրուց միայն, պատվի ու հարստության վրա իշխող է:
    ԺԷ. Փառքը բարերարության մեջ է և ոչ թե հարստության: Ուրեմն ով կամենում է փառք ստանալ, թող չդադարի ուրիշներին բարիք գործելուց: Ոչ ոք չի կարող ճշմարիտ մեծարանք ու փառք ունենալ, եթե բարերարություն չունի: Հասարակության օգտին պետք է աշխատել սոսկ առաքինության հանդեպ սիրուց և ոչ թե փառքի, գովության ու շահի համար: Որովհետև եթե մեկն իբրև աշխատանքի վարձ ընդունի փառք, գովություն կամ ինչք, կկորցնի առաքինության հարգը և ասես ոսկին կփոխանակի հողով:
    Հնում մի օրենսդիր հարուստ իր ազգի համար բազում օգտակար օրենքներ սահմանեց, ժողովրդին երդմնեցրեց իր բացակայության ընթացքում այդ օրենքներից ոչ մեկը չխախտել և ապա իր հայրենիքից գաղտնի հեռանալով օտար երկիր՝ այնտեղ իբրև մի աղքատ մարդ մնաց մինչև մահ: Այս արեց ազգի հանդեպ սիրուց, որպեսզի երդման պարտավորության տակ օրենքները հաստատուն ու մշտնջենավոր մնան:
    Եգիպտացի Սեքրուպը, որ դարձավ աթենացիների իմաստուն թագավոր, այնքան էր կամենում հասարակության բարին, որ մինչև իսկ չուզեց իր որդուն թագավորության հաջորդ կարգել՝ մտածելով, որ գուցե իր որդուց առավել արժանավոր այլ մեկը գտնվի:
    ԺԸ. Բնավ զարմանալի չէ, եթե բարի ու հասարակության հանդեպ երախտավոր իշխանը վարկաբեկվի նրանց կողմից, ում բարիք է գործել: Որովհետև ա՛յս իսկ է այժմ աշխարհի օրենքը, երախտավորն ամենքից պիտի ատվի: Ուստի և բարերար իշխանը, այս իմանալով, բնավ չի նեղվում ստացած դաժան հատուցումից, այլ մխիթարվում է իր դյուցազնական առաքինություններով, որոնք ի վիճակի են նրա սիրտը սփոփելու, մանավանդ որ համոզված է, թե վայել է, որ բարի իշխանը բազում բարիքներ գործի հասարակության համար՝ գիտենալով հանդերձ, որ ապաշնորհներից իբրև հատուցում բազում չարիքներ պիտի ստանա:
    ԺԹ. Ընկերային կենցաղավարությունը, ուր ընկերության անդամները միմյանց հետ հաղորդակցությամբ բարիք են գործում հասարակությանը, նման է անվավոր ժամացույցի. մեկը հողն է մշակում, մյուսը՝ խաշներն արածեցնում, մեկը ոստայնանկությամբ է զբաղվում, մյուսը՝ երկաթ մշակում, մեկն օգտակար օրենքներով հասարակությանն է կառավարում, մյուսը՝ զենքի ուժով հայրենիքը պաշտպանում, մնացած բոլորը նույնպես Աստծուց ստացած պես-պես շնորհներով, աշխատանքի արդյունքներով ծառայում են հասարակությանը:
    Եվ օրինակ՝ եթե որևէ անիվ ժամացույցից պակասում կամ խանգարվում է, այնուհետև ժամացույցը չի կարողանում պարտուպատշաճ գործողությունն անվրեպ կատարել, այլ մերթ կաղիկաղ է ընթանում, մերթ էլ արգելակվելով կանգնում, նույն ձևով էլ, եթե հասարակության կարևոր անդամներից մեկը պակասի կամ խանգարվի, ողջ հասարակությունը վտանգի մեջ կհայտնվի կամ իսպառ կկործանվի, օրինակ՝ եթե պակասի մշակը, ոստայնանկը կամ դարբինը, կամ էլ եթե խանգարվի զինվորական բարեկարգությունը կամ օրենքի արդարությունը, օրինակ՝ եթե զինվորը քաջասիրտ ու հայրենասեր լինելու փոխարեն վատասիրտ ու հայրենիքի դավաճան լինի, և իշխանը կամ դատավորն օգտակար ու իմաստուն օրենքների փոխարեն անիրավ ու հասարակությանը վնասակար օրենքներ սահմանի, մանավանդ եթե իր կա՛մքն օրենք դարձնի:
    Ուրեմն՝ ազգասերը պիտի փութա այդ անդամների պակասը լրացնել ու խանգարվածին ուղղել: Իսկ եթե վերջինս չկամենա ուղղվել, պատեհ է այդպիսինին հասարակության մարմնից կտրել-հեռացնել, որպեսզի մյուս անդամներին էլ չփչացնի: Ահա սրանում են հաստատված ընկերային կենցաղավարության երջանկությունն ու թշվառությունը:
    Ի. Ազգի երջանկության համար չորս բան է խիստ անհրաժեշտ. առաջին՝ մեծ ու առաջնային համարել օրենքի պահպանությունը, երկրորդ՝ անհրաժեշտ բաներն ունենալու համար յուրաքանչյուրը պիտի աշխատի, երրորդ՝ նեղության ժամանակ ընկերոջը թիկունք կանգնել, չորրորդ՝ հասարակության օգտի ու բարու համար ջանք թափել:
    Երջանիկ է այն ազգը, որի առաջնորդները բարեկարգ են, իշխանները՝ հայրենասեր, քահանաներն՝ իմաստուն, դատավորներն՝ արդար, ուսուցիչներն՝ առաքինի, ծերերը՝ խորհրդատու, երիտասարդները՝ ջանասեր:
    ԻԱ. Աստված անում է ոչ թե այնքան, որքան կարող է, այլ որքան կամենում է. իսկ մարդն անում է ոչ թե այնքան, որքան կամենում է, այլ որքան կարող է, Աստված էլ մարդուց այնքան բարիք է պահանջում, որքան մարդը կարող է գործել: Բայց հայրենասեր մարդը պիտի նախընտրի ազգին օգտակար գործերը, քան փառավորները, երբ երկուսը միաժամանակ գործելու հնարավորություն չկա:
    ԻԲ. Ով իր սրտում բնակված ունի Աստծու հանդեպ սերը, չի դադարում իր ընկերոջը սիրելուց: Իսկ ընկերոջը սիրելը նրան բարիք գործելն է, որովհետև սերը հիմքն ու արմատն է, իսկ բարերարությունը՝ ոստն ու բողբոջը, և եթե ոստը դալար է, նշանակում է՝ նրա արմատը կենսունակ է: Իսկ ով ընկերոջ հանդեպ սերը լոկ խոսքով է ցուցադրում և որևէ օգտակար գործ նրա համար չի անում, Աստծու հանդեպ սիրո մեջ կատարյալ չէ:
    ԻԳ. Ով գութն ու մարդասիրությունը կորցնում է, այլևս մարդ չէ, այլ այլանդակ գազան: Ուստի երբ վտանգի մեջ է ընկնում, նրան կարեկից ու օգնական մեկը չի գտնվում, այլ ամենքը հեռու են մնում նրանից՝ իբրև մի ահավոր գազանից: Որովհետև ով ուրիշների հանդեպ անգութ է, Աստծու արդարությունը թույլ չի տալիս, որ նա որևէ մեկից գթություն գտնի: Ուստի թող ոչ ոքի չմեղադրի իր նեղության մեջ, որովհետև իր անգութ սրտին արժանի հատուցում է ստանում:
    ԻԴ. Ով օգնել կարող է, բայց հանձն չի առնում, անգութ է, իսկ ով կարող է ու հանձն է առնում, բայց չի օգնում, անգութ ու անիրավ է, որովհետև կարոտյալին ավելի է սրտաբեկում:
    Բարեգութ սրտի նշան է, նեղության մեջ լինելով հանդերձ, ըստ ձեռնհասության նեղյալին օգնել ջանալը:
    ԻԵ. Ամենքին ամեն ժամանակ օգնելը գործն է Աստծու, բոլոր խնդիրքները կատարելը՝ ծառայի, որոշ խնդիրքներ կատարելն ու որոշներ զանց առնելը՝ ազատի, խնդրածը չստանալու համար տրտնջալը՝ անիրավի, խնդրածը ստանալով հանդերձ ապերախտ գտնվելը՝ անհավատի, խնդրածը չստանալու համար չտրտմելը՝ բարեբարո անձի:
    ԻԶ. Քաջ ու երկայնամիտ մարդը չի հուսաբեկվում, երբ իր օգտի համար արած իր խնդիրքի կատարումը հապաղում է, այլ քաջությամբ համբերում է, մինչև ստանա:
    Իսկ ով անարի ու փոքրոգի է, խնդիրքի կատարման հապաղելու պարագային վհատվում է ու հետ կանգնում: Եվ նա, ով մոռանում է մեկից ստացած բարերարությունը և գանգատվում խնդրածը չստանալու համար, անիրավ է ու ապերախտ:
    ԻԷ. Հետին անմտություն ու հակաբնական բան է սեփական անձը վատաբանելը: Եվ զարմանալի է, թե ինչպես են ոմանք վատաբանում իրենց ազգը՝ նրանից չարախոսելով, կարծես միայն իրենք են ընտիր ու պատվական, իսկ ամբողջ ազգը՝ անարգ ու վատ: Կրքից կուրացածները չեն տեսնում, թե ամեն մաս ամբողջին է պատկանում ու նրանում պարունակվում, իսկ եթե ամբողջը վատ ու արհամարհելի է, քաջ հայտնի է, որ նրա որևէ մաս և՛ս նրա հետ անարգ ու վատ է:
    Արդ, եթե ողջ ազգի հասարակությունն արհամարհելի է ու վատ, ապա իրենք իսկ չարախոսները, որ ազգի ողջ հասարակության անդամ ու մաս են, արհամարհելի են ու վատ: Ուրեմն չարաչար կուրություն է սեփական ազգը վատաբանելը:
    ԻԸ. Մոլի մարդը, երբ իր ազգի կողմից հանդիմանվում ու անարգվում է, գնում միանում է այլ ազգի՝ իրականացնելու իր ցանկությունները. որովհետև այլևս հույս չունի իր ազգի ներսում իր չար կամքը կատարելու և կորցրած պատիվը վերագտնելու:
    Ապա սկսում է չարախոսել իր ազգից՝ վերջինիս վրա առանց խղճմտանքի կուտակելով բյուր բամբասանք, իրեն անմեղ և օտարների աչքին հաճելի դարձնելու համար:
    Ավա՜ղ մտքի կուրությանն ու մեծ անզգամությանը: Կամենալով հարգանք գտնել՝ առավել է անարգվում, որովհետև նախատելով իր ազգին՝ իրեն է նախատում. քանզի եթե արմատը լավը չէ, ապա ոստը՝ նույնպես: Եվ այսպես չարիքի վրա չարիք է ավելացնում, որովհետև առաջ միայն իր ազգի ներսում էր չար, իսկ հիմա, եղածին ավելացնելով ազգատեցության անարգ ու տմարդի գործը, դառնում է ամենաչար ու հայրենիքի դավաճան: Ինչով կամենում էր իր չարությունը վարագուրել, դրանով այն առավել հայտնի է դարձնում, որովհետև լսողները, բազմիցս անզգույշ լինելով, հավաստի են համարում նրա զրպարտությունները, բայց սեփական ազգի հանդեպ նրա ապերախտության պատճառով արհամարհում ու մերժում են նրան՝ մտածելով, որ եթե իրենների հանդեպ անհավատարիմ եղավ, օտարների հանդեպ ինչպե՞ս հավատարիմ կլինի:
    Ազգատյացը, տեսնելով, որ չարդարացավ իր սին հույսը, որով ակնկալում էր իր ցանկությունները կատարել և միաժամանակ իբրև ճշմարտասեր պատիվ գտնել, այնուհետև դեպի հայրենիք դառնալ չի ախորժում, որովհետև չի կամենում իր սխալները ճանաչել: Ուստի իսպառ հուսահատված՝ շատացնում է անհնարին հերյուրանքներ ու ստեր՝ մե՛րթ մի ազգի վրա, մե՛րթ մյուսի, որպեսզի գոնե նրանցից մեկին բարեհաճո երևա, սակայն միշտ անարգ ու վատահամբավ է մնում:
    Արդ, այսպիսիների չարության պատճառով շատ ազգերի մատյաններ լի են միմյանց մասին զրպարտություններով, որովհետև հայրենատյացը իր հանցանքները ծածկելու համար առանց խղճմտանքի ստում է, իսկ լսողն՝ առանց քննության հավատում ու դատում, ինչից միշտ անհնարին ատելություն է ծնվել ու ծնվում ազգերի միջև:
    ԻԹ. Մարդկանցից յուրաքանչյուրի վրա այնքան հարկ կա սիրելու իր հայրենիքն ու ազգը, որ հարկադրաբար վրա հասած բանական պատճառների ստիպմունքով նա պարտավոր է ոչ միայն իր արտաքին բարիքները՝ ունեցվածքն ու ստացվածքը, այլև մարմնի կյանքը նվիրել ի սեր և հօգուտ ընդհանուրի բարու, որովհետև ա՛յս է ազգասիրության իրավունքի կշիռը: Որովհետև եթե մեկի մարմնի վտանգմամբ կամ մահվամբ շատերը կարող են հոգու կամ կյանքի կորստի վտանգից փրկվել, թող վնասվի այդ մեկը, որ փրկվեն շատերը:
    Եվ այդ դեպքում նա ոչ թե մեռած է համարվում, այլ անմահ հիշատակով հավերժացած: Որովհետև միշտ կենդանի է մնում իր ազգի կամ հայրենիքի հետ, որի փրկության պատճառը եղավ: Իսկ ավելի ճիշտ՝ ազգն է ապրում նրա մեջ, ով ազգի համար իրեն ու իր ունեցվածքը զոհաբերեց, ըստ այնմ՝ քաղցր է հանուն հայրենիքի մեռնել:
    Բայց միշտ պետք է զգուշանալ, որ սեփական հոգու կորստյան վտանգ չլինի, որովհետև ի՞նչ օգուտ ամբողջ աշխարհը շահելուց ու սեփական անձը, այսինքն՝ հոգին, կորցնելուց (տե՛ս Մատթ. ԺԶ 26): Քանզի ամեն մարդ իր հոգու փրկությունը պիտի նախադասի իր ազգից ու հայրենիքից: Ուր հոգին վնասվում է, այնտեղ որևէ օգտակար բան չի գործվում. որովհետև արդարությանն ու աստվածային վճռին դեմ է ուրիշների պատճառով սեփական հոգին կորըստյան մատնելը:
    Դարձյալ՝ եթե մեկի ունեցվածքի կորստյամբ կամ մարմնի մահվամբ փրկվելու է մյուսի հոգին, առաջինին լավ է, որ իր ինչքը կորսվի և ինքը մարմնով մեռնի, որպեսզի մյուսի հոգին ապրի: Որովհետև մեկի հոգու փրկությունն առավել է, քան մյուսի բոլոր գանձերն ու մարմնական կյանքը. մի հոգու փրկության հետ աշխարհի ոչ մի գանձ և ոչ մի մարմնական կյանք չի կարող փոխանակվել:
    Դարձյալ՝ եթե երկու հոգուց մեկին հարկը ստիպի մեռնել միայն մարմնի մահվամբ, յուրաքանչյուրն էլ պիտի ջանա իր կյանքը պահպանել, որովհետև սեփական անձի հանդեպ սերն առաջնային է ընկերոջ հանդեպ սիրո համեմատ: Այս օրինակով նաև պետք է վարվել ունեցվածքի կորստյան դեպքում. ամենքը պիտի պահպանեն նախ իրենցը, հետո նոր՝ ընկերոջինը:
    Եվ դարձյալ՝ եթե պատահի, որ մեկը կա՛մ հոգին կորցնի, կա՛մ ունեցվածքն ու կյանքը, պիտի հոգին պահի, իսկ ունեցվածքն ու մարմնի կյանքը կորցնի. որովհետև ոչ թե հոգին է ունեցվածքի ու մարմնի համար սահմանված Աստծուց, այլ ունեցվածքն ու մարմի՛նը՝ հոգու համար:
    Լ. Հայտնի է, որ մարդկային մեր ցեղը մեկից սկզբնավորվեց, և ապա մարդիկ, տեղով, լեզվով, կրոնով և քաղաքական կառավարմամբ միմյանցից զանազանվելով, բաժան-բաժան եղան: Եվ քանի որ մարդու բնության մեջ արմատացած է ընկերոջը գերազանցելու ձգտումը, ազգերն օրըստօրե ջանացին միմյանցից փոխ առնել ապրելուն անհրաժեշտ բաների մեջ օգտակարն ու ամենադյուրինը, ինչով այժմ պայծառացած՝ ազգ ազգի վրա պանծում է:
    Սակայն ազգային գործերն այնժամ են դեպի լավն ընթանում, երբ ազգի անհատ անձինք, մի կամքով գոտեպնդված, ջանում են ստեղծել ընդհանուրի բարին և ինչ մի անգամ ձեռք են բերում, հարատևությամբ այն հաստատուն են պահում, որով ողջ ազգը, մարդկությանը պիտանի ամեն ինչից անպակաս, աշխարհում բախտավոր կյանք է վայելում: Բայց հնարավոր չէ, որ այս ազգօգուտ իրողությունը մեկի կամ սակավ մարդկանց կողմից իրականացվի: Որովհետև եթե մեկով կամ մի քանիսով սահմանափակվեր, նրանց պակասելու դեպքում կչքանար նաև այդ օգտաբեր գործը: Ուրեմն պարզ է, որ ամենքի վրա տարածվելով է պահպանվում: Եվ ամենքի մեջ ո՞վ կարող է տիրաբար պարծենալ ինքն իրենով, թե ինքը մի ազգի բարօրության պատճառն է, մինչ նույն այդ մեկը, ով էլ որ լինի, շատերի օգնության կարիքն ունի: Որովհետև Աստծուց բացի չկա մեկը, որ ինքնուրույն ընդունակ լինի անելու այն, ինչ կամենում է:
    Ուրեմն՝ որևէ օգտակար բան կատարելը պատշաճում է մարդկանց միությանը և լինում միայն ազգասիրությամբ, որպեսզի միմյանց օգնությամբ կարողանան ունենալ այն, ինչ չունեին, և անկորուստ պահեն մի անգամ ձեռք բերածը:
    Երբ տեսնում ես, թե կա մի մեծ ազգ, իմացի՛ր, որ կան նրանում շատեր, ովքեր ազգասեր բարքով, մեղուների նման միաբանված, նախանձախնդիր են իրենց հայրենի ազգի պահպանությանը, այլապես այդ ամբողջ ազգը կանհետանար:
    Որովհետև ազգը պահպանվում է սեփական օրենքով, կառավարմամբ, լեզվով ու սովորույթներով: Սրանց եղծվելու և կորչելու դեպքում կորչում է և ազգը, որովհետև այսպիսի տարբերությունների վերանալու դեպքում բոլոր մարդիկ, ինչպես որ նույնն են բնությամբ, նույնը կլինեին և ազգությամբ, և աշխարհը կդառնար մի ընդհանուր բաղնիք, ուր անհանդերձ մարդիկ չեն տարբերվում միմյանցից, թե ո՛ր ազգից են:
    Ուստի կրոնը, լեզուն, սովորույթը և այլն ազգի զարդն ու հանդերձն են, որոնք գեղեցկանում են ազգասեր անձանց ամենօրյա աշխատանքով: Ոմանք կրոնն են պահպանում, ոմանք՝ լեզուն կատարելագործում, մի մասը գիտություններն է զարգացնում, մյուսները՝ օգտակար արհեստները, իսկ այլ պիտանի բաներն օտար երկրից են ներմուծում: Եվ սրանք առանց միմյանց չեն լինում, որովհետև մեկի պակասելու դեպքում պակասում կամ թերանում են նաև մյուսները՝ միմյանցից կախում ունենալու պատճառով: Ուրեմն բոլորն էլ պիտանի են ազգի առողջության ու կատարելության համար:
    Բայց նրանցից ոչ ոք իր մասին չի կարող ասել, թե միայն ինքն է ազգը պահող-պահպանողը, և ոչ ոք պիտի չուրանա, թե այն պահող-պահպանողը միայն ինքն է: Ուստի ասածիցս պարզ է, որ որևէ ազգի յուրաքանչյուր անհատ այսպե՛ս պիտի ասի ու հավատա, որպես թե ողջ ազգը միայն իր կարիքն ունի, այլև թե եղբայրությանն օգնել է հարկավոր: Որովհետև ոչ թե ինքը, այլ միաբան եղբայրությունն է պահում ազգը, ինչով ազգի հետ ինքն էլ է պահվում: Ուստի ով օգնում է եղբայրությանը, իրեն է օգնում:
    ԼԱ. Ազգասիրության հատկություններից է առևտրով կամ արդյունավոր գործով ազգակիցներին օգուտ բերել ջանալը: Որովհետև համարվում է, թե մեկի օգուտը մյուսինն է. եթե այսօր նա է քեզանից օգտվում, վաղը գուցե դո՛ւ ուրիշներից կամ նրանից օգտվես: Արդ, ազգակիցների միջև այնպիսի սերտ միասնություն պիտի լինի, որպես թե ազգի բոլոր անհատները մի անձ ու մի հոգի են: Բայց, ավա՜ղ, այժմ կարծես իսպառ անհետացել է ազգասիրության ոգին մեր ազգի մեջ. որովհետև կամենում են ավելի շատ օտարների, քան համազգիների հետ առևտուր անել և առավել սիրալիր են օտարների, քան յուրայինների հանդեպ:
    ԼԲ. Ազգի համար փոքր պարծանք չէ սեփական լեզու, գիր, օրենք ու կրոն ունենալը, և փոքր ազգասիրություն չէ դրանք հաստատուն պահելն ու օրըստօրե շքեղացնելը, որով ոչ միայն բովանդակ ազգն է փառավոր լինում, այլև նրա յուրաքանչյուր անհատ, որովհետև ազգի փառքը նրա անհատներով է երևում: Ազգասեր այս ջանքը տեսնվում է բոլոր քաղաքակիրթ ազգերի մեջ:
    Եվ ինչո՞ւ մեր ազգակիցներից ոմանք առավել ջանասեր են օտար ազգերի լեզուն ու գրականությունը սովորելու մեջ, քան հայերինը: Լեզվին տեղյակ շատերն էլ միմյանց հետ այլ լեզվով են խոսում ոչ միայն փողոցներում ու շուկաներում, այլև իրենց տներում. գուցե և դա պարծանք են համարում:
    Այս անփույթ ախտով շատերը յոթանասուն, ութսուն ու իննսուն թվականների հայերեն անունները մոռացել են. տասը թվականից մինչև վաթսունը հայերեն են հաշվում, իսկ դրանից հետո թուրքերեն անունները գործածում, առանց մտածելու, որ ամբողջ ազգն այլ ազգերի առաջ նախատելի է դառնում իբրև աղքատալեզու:
    Ազգին մեծ անարգանք է սեփական լեզու ու գրականություն չունենալը, որովհետև չի համարվում, թե առանձին ազգ է: Ուստի ավելի մեծ նախատինք է այն ազգին, որ ունի, բայց չգիտի, և էլ ավելի մեծ արհամարհանք կա այն ազգի նկատմամբ, որ գիտի, բայց չի գործածում:
    Լեզուներ իմանալը, այո՛, գովելի է ու օգտակար, որովհետև մեկը որքան լեզու գիտի, այնքան մարդ է համարվում: Բայց նախ պետք է սեփականն իմանալ և ապա ուրիշներինը: Ուստի ով չգիտի իր ազգի լեզուն, գիրն ու գրականությունը, դեմ է դուրս գալիս բնությանը, որը նախ արմատն է առաջ բերում և հետո՝ ոստերը: Ուրեմն ամենքը նախ մայրենի լեզուն, գիրն ու գրականությունը պիտի լավ սովորեն և ապա այլ ազգերի լեզուները:
    Այս պատճառով էլ առաջնորդներն ու գլխավորները, որոնց են հանձնված ազգի խնամքն ու տեսչությունը, պարտավոր են ամենայն հոգատարությամբ ջանալ կրթել ազգի մանուկներին մայրենի լեզվով, գիր ու գրականությամբ, մանավանդ այն քաղաքներում, ուր հայերեն բնավ չգիտեն:
    Եթե առաջին հոգաբարձուները հոգ տանեին սովորեցնելու նրանց մեր մայրենի լեզուն, նրանք արդեն հայերենախոս կլինեին: Եվ եթե այժմյան տեսուչներն ու խնամածուները տակավին անփույթ գտնվեն, նրանց հաջորդների օրոք ամենքը այլալեզու կլինեն, որովհետև օրըստօրե բազում վայրերում մեր ազգի մեջ պակասում է հայոց լեզվի գործածությունը:
    Շատերն էլ, անտեղյակ լինելով հայոց լեզվի պատվականությանն ու հնությանը, ոչինչ են համարում այն: Բայց մեր լեզուն կատարյալ է և շատ այլ ազգերի, գուցե և բոլորի լեզուներից էլ հին:
    Հավաստի է թվում, ինչը նաև կարելի է բազում փաստերով ցույց տալ, թե սա է այն սկզբնական լեզուն, որով խոսում էին Ադամը, նրա որդիներն ու սերունդները մինչև Բաբելոնյան աշտարակաշինությունը: Որովհետև Նոյ նահապետն ու նրա ընտանիքը խոսում էին Ադամի լեզվով, քանի որ մինչև ջրհեղեղը երկրի վրա ուրիշ լեզու չկար: Եվ երբ, ի պատիժ աշտարակաշինության, լեզուները խառնակվեցին, Նոյը կենդանի էր Հայաստանում: Սկզբնական լեզուն նրա տանն անխառն մնաց, և Նախիջևանի ու Այրարատի բնակիչներն այդ լեզվով կրթվեցին: Իսկ երբ Հայկը Բաբելոնի կողմերից վերադարձավ Արարատյան երկիրը, հույժ հավանական է, որ կիրառեց նույն լեզուն, որով խոսում էին տեղի բնակիչները, մանավանդ որ այդ լեզուն Հայկի հենց մայրենի լեզուն էր, որով խոսում էր նախքան լեզուների խառնակվելը: Բայց, ավա՜ղ, կան ոմանք, որ այդ լեզվի հարգը չճանաչելով՝ իզուր այն արհամարհում են, որով անպատիվ են դարձնում ազգը, նրա հետ և իրենց, որ ազգի մասն են:

    «Եղբորից օգնություն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի. նա հզոր ու բարձր է ինչպես հաստատուն թագավորություն» (Առակ. ԺԸ 19):

    «Գոտեպնդվեցե՛ք, զավակնե՛րս, հաստատ մնացեք ձեր օրենքի վրա, որովհետև դրանով պիտի փառավորվեք» (Ա Մակբ. Բ 64):

    «Երիտասարդների բարության ու առաքինության օրինակ թողնեմ, որպեսզի նրանք հոժար կամքով և քաջությամբ, կյանքի գնով կարողանան պաշտպանել սուրբ օրենքները» (Բ Մակբ. Զ 28):

    «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, որովհետև նա սիրում է մեր ազգը, և ժողովարանը նա՛ շինեց մեզ համար» (Ղուկ. Է 4-5):

    «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում» (Ղուկ. ԺԱ 17):

    «Եվ, ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ» (Ա Պետ. Գ 8):

    «Նախընտրեց չարչարվել Աստծու ժողովրդի հետ, քան մեղապարտ հաճույքներ վայելել» (Եբր. ԺԱ 25):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz