Четверг, 25.04.2024, 20:07
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Արդարություն

  Ա. Արդարությունը գանգատվում է, երբ մարդիկ իրենց դատում են ո՛չ այնպես, ինչպես դատում էին ուրիշներին:
    Բ. Դատավորը հանցավորին պատիժների պիտի չենթարկի, եթե առանց իրավունքի հանդեպ մեղանչելու կարող է նրան անպատիժ թողնել, որովհետև պատժելով ոչ թե իրավունքը պաշտպանում է, այլ անգութ է դարձնում:
    Գ. Կան մարդիկ, որ կամենում են արդար օրենքները ծառայեցնել իրենց կամքին: Սրանք անօրեններն ու կամապաշտներն են, որոնք չեն հասկանում, որ օրե՛նքը պիտի իշխի մարդու կամքի վրա, և ո՛չ թե մարդու կամքը՝ օրենքի: Որովհետև եթե մարդու կամքն օրենք լիներ, կլինեին այնքան օրենքներ, որքան մարդիկ:
    Բայց օրենքը նաև իրեն հնազանդվողներ է պահանջում: Եթե ամենքն իրենց կամքն իբրև օրենք ներկայացնեին, ամենքն իշխող կլինեին, և ո՞վ կհնազանդվեր օրենքին, բացի միայն այն դեպքից, եթե միայն մի մարդ մնար աշխարհում: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր ազգի նախկին օրենսդիրները բարի օրենքներ սահմանեցին, որպեսզի ամենքը մի կամքով միաբանվեն: Եվ բնության՝ յուրաքանչյուրին տված առանձին կամքը մարդիկ մեկ օրենքի մեջ միավորեցին, ինչի վրա նույնիսկ բնությունը զարմացավ՝ տեսնելով, որ մարդիկ իրենց կամքը կառավարելու հնարներ գտան:
    Դ. Չարժե բնակվել այն քաղաքում, ուր օրենք կամ օրինապահ դատավոր չկա. որովհետև ուր օրենք չկա, մարդիկ անօրեն են լինում, և ո՞վ կարող է անօրենների մեջ անվնաս մնալ: Կամ եթե օրենք լինի, բայց դատավորն օրենքի հրամանները չգործադրի, զրկվածն ո՞ւր պիտի դիմի իրավունք փնտրելու. որովհետև այդպիսիք օրենքը ջատագովում են, բայց իբրև անօրեններ վարվում և օրենքը եղծելիս եղծում են քաղաքն ու հասարակությունը:
    Հասարակությանը վերաբերող օրենքները կամ բարեկարգությունները ամենքի հավանությա՛մբ պիտի հաստատվեն:
    Ե. Երջանիկ է այն քաղաքը, ուր կան իմաստուն ու արդար դատավորներ, որոնք նույն կերպ են նայում աղքատների ու հարուստների, եկվորների ու բնիկների դատաստանին, կաշառքի կամ վախի, կամ էլ սիրո պատճառով իրավունքը չեն թյուրում:
    Զ. Գործի ոչ մի վճիռ չի կարող հաստատուն մնալ, եթե իրավունքի վրա հիմնված չլինի: Ուստի երբ մարդիկ, մի ինչ-որ ժամի միմյանց հետ համաձայնելով, վճռում են իրենց վերաբերող որևէ գործ անել, վերջում տարաձայնում են միմյանց ու վճիռն իզուր է դառնում, եթե իրավունքով չի հաստատվել:
    Է. Եթե մարդն իր ընկերոջ հետ աննենգ ու խաղաղ ապրեր, դատավոր ու դատաստան ավելորդ կլինեին նրանց: Այդժամ ոչ ոքի միջև վեճ չէր ծագի և ոչ ոք դատի գնալու կարիք չէր ունենա, որովհետև դատավորը մարդկանց խարդախության ու անիրավության պատճառով սահմանվեց, որպեսզի եթե մարդիկ միմյանց հանդեպ անիրավ լինեն, դատավորն իրավունք անի: Արդարությունը սոսկում է, երբ դատավորը, որ իրավունքի պահապանն է, իր դատաստանից հալածում է արդարությունը, իսկ զրկվածը նրանից իրավունք է խնդրում: Ով իրավունքն ատում է, ատում է նաև նրանց, ովքեր իրավունքից են խոսում:
    Ը. Ով զրկում և ուրիշների ունեցվածքը հափշտակում է, իր ունեցվածքը ժառանգելու իրավունքը կորցնում է, ուստի ով ցանկանում է իր ունեցվածքը խաղաղությամբ վայելել, թող հատուցի նրան, ում զրկեց: Որովհետև ով զրկանքով ուրիշների ունեցվածքն է ժողովում, ասես իր հագուստի մեջ կրակ է ծրարում:
    Թ. Սրանից ավելի իրավացի ի՞նչ հատուցում կա, երբ նա, որ իր կյանքի ընթացքում ուրիշների ցավերով ու վնասներով է իր ունեցվածքը ձեռք բերել, թողնի գնա սրտի ցավերով ու հոգու վնասներով: Անշուշտ անիրավություն կլիներ, եթե նա, որ զրկանքով էր ունեցվածքը մթերել, հանգիստ սրտով վայելեր դրանք: Զրկանքով հավաքված գանձերը պահվում են կասկածներով ու կորչում ցավերով:
    Ժ. 0րենքի հանդեպ հանցավոր է, ով իր պարտավորությունը չի կատարում: Արդարև, իշխանավորը վարձահատուցման դաշինքով իր սպասավորին իր մոտ պահում է, որ ծառայի, և սպասավորն էլ ծառայում է, որ վարձ ստանա. եթե իշխանավորը զլանում է սակարկված վարձը տալ կամ սպասավորը հավատարմությամբ չի ծառայում, մեկը զրկող է դառնում, մյուսը՝ գող, և երկուսն էլ, իրենց պարտավորությունները չկատարելով, օրենքի հանդեպ հանցավոր են համարվում:
    ԺԱ. Ով առանց իրավունքի՝ շատերի տեր է դառնում, իրավունքը նրան ուրիշների ծառա է դարձնում:
    ԺԲ. Արդար հատուցում է լինում, երբ նա, որ վնաս հասցրեց նրան, ումից չարիք չէր տեսել, վնաս է կրում նրանից, ում բարիք էր գործել:
    ԺԳ. Ով առաջնորդում է մատնության ու դավաճանության, իր օրինակով սովորեցնում է ուրիշներին նույն կերպ վարվել և իր հանդեպ:
    Մարդու բնավորությո՛ւն է բազում բարի օրինակներից սակավ բարիք և սակավ չար օրինակներից բազում չարիք սովորել:
    ԺԴ. Աստված յուրաքանչյուրին փոխարենը հատուցում է ըստ նրա հոժարության, բաղձանքի ու ջանքի: Եթե մեկը հոժարում ու ջանում է բարի կամ չար բան կատարել և չի կարողանում գործով գլուխ բերել, միևնույն է՝ վարձի կամ պատժի է արժանանում:
    Քանզի գործերը, որ ունեն բարի կամ չար մտադրություն, սրա դիմաց փոխարինության են արժանի, որովհետև կամքի հրամանով են գործում. այլապես կլինեին մարդո՛ւ գործ՝ բնական ու հարկավոր, և ո՛չ թե մարդկային գործ՝ բարոյական ու կամավոր: Եվ քանի որ կամավորությունն է, որ գործը հատուցման արժանի է դարձնում, ուստի և կամքից ելնող բաղձանքը՝ բարի կամ չար բան կատարելու, վարձատրության կամ պատժի արժանի է դառնում՝ կա՛մ շատ, կա՛մ սակավ, ըստ յուրաքանչյուր մարդու շատ կամ սակավ, հարատև կամ անցողական ըղձանքի ու ջանքի:
    ԺԵ. Քրիստոսի ճշմարիտ հավատացյալն իբրև Աստծու որդի ու ժառանգ է, իսկ անհավատը՝ իբրև ծառա ու վարձկան: Ուստի երբ նրանք հավասար ծանրությամբ որևէ չարիք են գործում, արդարությունը պահանջում է, որ անհավասար պատիժներով պատժվեն՝ հավատացյալն ավելի սաստիկ պատժվի, քան անհավատը: Քանզի որդիների ապստամբությունն առավել չար է և առավել մեծ պատժի արժանի, քան ծառաների ապստամբությունը:
    Ուրեմն՝ ճշմարիտ հավատացյալները պարտավոր են բոլոր մարդկանցից առավե՛լ իրենց անձերի փրկության համար ահուդողով աշխատել՝ ըստ այսմ. «Եթե ձեր արդարությունն ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի» (Մատթ. Ե 20):

    «Արդարի բերանն իմաստություն է բարբառում, իսկ լեզուն արդարություն է խոսում» (Սաղմ. ԼԶ 30):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz