Четверг, 28.03.2024, 21:34
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Առաքինության օգուտը

   Մարդուն երկու ունակություն է հատուկ՝ իմացական միտքն ու ազատ կամքը, որոնցո՛վ է նա մարդ: Մտքի գործը ճշմարտությունը ճանաչելն է և բարու ու չարի միջև ընտրություն կատարելը, իսկ կամքինը՝ չարից խորշելն ու ազատ բերումով բարին գործելը:
    Եվ սրանցով, ասես երկու թևով, մարդը բարձրանում է լինելու Աստծու պատկերն ու նմանությունը, ինչպիսին ստեղծվեց և առաջին մարդ Ադամը՝ ըստ այսմ. «Մա՛րդ ստեղծենք Մեր կերպարանքով ու նմանությամբ» (Ծննդ. Ա 26):
    Մարդը մեղանչելով կորցրեց Աստծու նմանությունը, բայց ոչ Աստծու պատկեր լինելը: Որովհետև համարվում է, թե պատկեր լինելն ըստ բնական կարգի է, իսկ նման լինելը՝ ըստ բարոյական կարգի: Եվ ինչ բնական է, բնությունից է և անեղծ: Ուստի ինչպես որ նախքան մեղանչելն էր մարդն անձնիշխան, նույնպիսին մնաց և անկումից հետո:
    Բնականով ոչ ոք չի կարող ժառանգել Աստծուն. որովհետև բնական գործողությունն ազատ կամքով չի կատարվում, այլ բնության ստիպմունքով, և ինչ որ կատարվում է բնության ստիպմունքով, արժանի չէ վարձի կամ պատժի: Իսկ բարոյականը, որ ազատ կամքով է կատարվում, արժանի է լինում վարձի կամ պատժի:
    Ուրեմն՝ մարդը բարոյական առաքինությա՛մբ պետք է նմանվի Աստծուն, որովհետև այս է, որ մարդուն Աստծուն նման է դարձնում: Եվ քանի դեռ մարդը չի նմանվել Աստծուն, չի կարող գտնել այն փառքը, որ կորցրեց, երբ Աստծուն նման էր:
    Այս նմանությունը հիմնվում է Աստծու կամքի հետ համաձայնության վրա, ինչի համար Աստված տվեց պատվիրանները և ցույց տվեց Իր կամքին հաճելին, որպեսզի մարդ ջանա միայն Նրան հաճոյանալ և միայն Նրան ծառայել: Որովհետև պատվերը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատվիրողի կամքը, և ոչ այլ ինչ է Աստծու կամքին ծառայելը, եթե ոչ հոժար կամքով հնազանդվելն ու այդ պատվերը պահելը: Որովհետև մարդու գործողության նպատակը պիտի լինի Աստծու կամքը՝ ըստ այսմ. «Այն, որ հանգիստն է հոգնածների, և Նրա կամքը՝ արարածների գործը» (շարական, Վաղարշապատ, 1888, էջ 442):
    Ուստի ով հոժարակամ սիրով պահում է Աստծու պատվիրանները, լինում է Նրա կամքին համաձայն, ինչն էլ ըստ բարոյական կարգի Աստծուն նմանվելն է, որովհետև անհնար է, որ արարածներն էությամբ նմանվեն Աստծուն: Այս մտքով է Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում ծառայել Աստծու կամքին, որպեսզի կարողանանք ժառանգել Աստծուն՝ իբրև վերջին նպատակ:
    Եվ քանզի Աստված ողորմած է և մարդկանց տկարությունների գիտակ, ուստի կամեցավ մարդկանց բարքի ուղղվելը, որը լինում է միայն առաքինությամբ:
    Իսկ առաքինությունները հիմնեց դյուրին սկզբունքներով, որպեսզի բոլորի համար հեշտընկալ լինեն, և ոչ ոք պատճառ չբռնի իր տկարությունն ու անզորությունը՝ ըստ այսմ. «Նրա պատվիրանները ծանր չեն» (Ա Հովհ. Ե 4), և թե. «Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. ԺԱ 30):
    Քանզի ի՞նչ կա ավելի դյուրին, քան սերը, քան խոնարհությունը, ժուժկալությունը, հեզությունը, համբերությունը, ներողամտությունը, պահեցողությունը, աղոթասիրությունը, ողորմությունը և այլն, որոնք նաև անաշխատ են արվում, և ամեն ոք կարող է անել:
    Իսկ եթե Աստված ամենքից պահանջեր Սամսոնի ուժեղությունը, Ասայելի արագընթացությունը, Հերակլեսի արիությունը, Արիստոտելի իմաստնությունը, Վերգիլիոսի բանաստեղծականությունը, այնժամ մարդիկ կարող էին իրենց անպատժապարտ համարել: Բայց այժմ անպատժապարտ մնալ չեն կարող, երբ չեն առաքինանում. առաքինության գործերը դյուրին են և ամեն մեկի համար հնարավոր, քանի որ պահանջում են միայն կամքի հոժարություն, և այն պատրաստ է, եթե կամենում է մարդ:
    Տե՛ս Աստծու և մյուս գթությունը, որ ոչ միայն դյուրին սկզբունքներով կարգեց առաքինությունները, այլև ամենքից միաչափ չպահանջեց, այլ ըստ յուրաքանչյուրի կարողության: Որովհետև ոչ աղքատներից տուրք է պահանջում, ո՛չ հիվանդներից՝ ծոմապահություն, ո՛չ տգետներից՝ խրատ: Արդարև, Աստված ինչպես որ ամենքին ըստ յուրաքանչյուր կարգի ու աստիճանի պարգևում է բավական շնորհ, նույնպես և ամենքից պահանջում է, որ բարիք գործեն այդ շնորհով, որ տվեց նրանց ձրիաբար: Որովհետև շնորհը տրվում է Աստծուց, իսկ գործածությունը պահանջվում է մարդուց: Ա՛յս է նշանակում Աստծու շնորհին գործակից լինել՝ Նրան հաճելի լինելու համար:
    Բայց Աստծու շնորհի գործածությունը կատարվում է բարոյական առաքինությամբ. ուստի մարդու կյանքում ոչինչ ավելի օգտակար ու հարկավոր չէ, քան բարոյական առաքինություն սովորելը: Իսկ բարոյական առաքինություններն էլ արդյունավորվում են աստվածաբանական առաքինություններից, որոնք են՝ հավատ, հույս և սեր: Հավատը ճանաչել է տալիս Աստծուն, հույսն առաջնորդում է դեպի Աստված, և սերը՝ միավորում Աստծու հետ:
    Բարոյական առաքինությունները միջոց են աստվածաբանական առաքինություններն ամբողջական պահելու համար: Ուստի աստվածային ու մարդկային առաքինությունները, միմյանցից անջատ, չափահաս մարդուն չեն հասցնում երանական փառքին՝ Աստծուն ժառանգելուն, քանի որ հավատն առանց գործերի, և գործերն առանց հավատի մեռած են (տե՛ս Հակոբ Բ 14-26), որովհետև աստվածաբանական առաքինություններն այնպիսին են, ինչպիսին հոգին է, և մարդկայինները, որ նույն ինքն բարոյականներն են, այնպիսին են, ինչպիսին մարմինն է:
    Արդարև, միայն առաքինությամբ է մարդու կամքն ուղղվում՝ նմանվելու Աստծու կամքին: Իսկ առաքինությունները մեզանում գործվում են ջանք թափելով ու կրթությամբ: Եվ քանի որ մարմինը մարդու միտքը հակում է դեպի հողեղեն հարկերը, և բազում արգելքներ են հանդիպում առաքինիներին այս կյանքի ճանապարհով Աստծու մոտ ելնելիս, ուստի մարդն ունի խրատների ու հորդորների առաջնորդության կարիք: Այս պատճառով սուրբ հայրերը, վարդապետներն ու հավատացյալ հոգիների տեսուչները միշտ հոգացին և հոգում են մարդկանց ուսուցանել և հորդորել Աստծու կամքի համաձայն բարիք գործել, քանզի պարտավորությունից չեն ազատվի, եթե իրենց անձի դյուրության համար չհոգան խրատելու նրանց, որոնք կարոտ են խրատների:
    Մենք ևս, այս պարտավորությունն ունենալով, Տիրոջ ողորմությամբ այժմ հրաժարված լինելով պատրիարքական գործերից, հաստատված լինելով Սբ. Երուսաղեմի վանքում, որ Խրիսուպոլսում է, չկամենալով թանկարժեք ժամանակն անաշխատ վատնել, որոշ բարոյական մտքեր ի մի հավաքելով և շատ ուրիշներ էլ դրանց հավելելով, մատուցեցինք իբրև «ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ»՝լի կյանքին պիտանի ամեն տեսակ նմուշով: Սրանում յուրաքանչյուր փափագող կարող է առձեռն պատրաստ գտնել իր հոգուն ու մարմնին անհրաժեշտ բաները:
    Եվ ոչ ոք թող չասի, թե անթիվ են սուրբ հայրերի կամ իմաստասերների խրատական գրքերը, մանավանդ որ Աստվածաշունչ մատյանն ամենուրեք անշեղ ուղեցույց է բարու ճանապարհը ցանկացողներին: Եվ ի՞նչ, մի՞թե անհարկի բան է միևնույն օգտակար դեղը զանազան եղանակներով մատուցելը տկարներին, ոմանց՝ դառնահամ, և ոմանց՝ քաղցրահամ, որովհետև մեկն ա՛յս, իսկ մյուսն ա՛յն է ախորժում ստանալ:
    Մանավանդ որ ինչ կա այստեղ, գտնվում է, այո՛, բազո՛ւմ գրքերում, բայց ցրիվ կամ մթին ոճով, իսկ այստեղ, որպես վճիտ հայելու մեջ, երևում է միանգամայն պարզ ու հստակ: Եթե առաքինի մեկը նայի սրա մեջ, այստեղ տեսնելով գեղեցկությունն առաքինության, որով ինքը զարդարված է, ուրախանալով կցնծա հոգով: Իսկ եթե մոլի մեկը լինի, այստեղ դյուրավ կնշմարի իր չարաչար վարքի արատն ու բիծը և անարգը պատվականի հետ բաղդատելով՝ կջանա իրենից մաքրել չարության բծերը:
    Արդարև, այս մատյանում կտեսնես, որ միևնույն նյութին վերաբերող խրատական խոսքերը, տրոհված բազում գլուխների, հատված առ հատված ներկայանում են իբրև նախնիների առածներ, որպեսզի խոսքերի իմաստը պարզ ու հստակ ցույց տրվի և դյուրընկալ լինի ընթերցողների մտքին:
    Այսպիսով, Տիրոջ շնորհով հույս ունենք, թե շատերն այս գրքի ընթերցումով իրենց համար օգուտ կքաղեն և առաքինության նազելի գեղեցկության սիրով վառվելով՝ կզարդարվեն բարի գործերով: Որովհետև ինչպես որ մարդն անձնիշխան կամքով Աստծու պատկեր է, նաև բարոյական առաքինությամբ պիտի լինի Աստծու կամքին համաձայն, որով կբարձրանա՝ նմանվելու Աստծուն, ընդունելու առաքինության գործերի արդյունքը՝ երանական փառքը, որ խոստացավ Աստված իր սիրելիներին:
    Եվ ահա այս մտքով ջանացինք աշխատասիրել այս մատյանը՝ հուսալով Աստծու առատ ողորմությանը, թե մեզ ևս վարձքից անմասն չի թողնի՝ ըստ այսմ. «Ով մեղավորին ետ դարձնի մոլորության ճանապարհից, իր հոգին մահվանից կփրկի և բազում մեղքերը կծածկի» (հմմտ. Հակոբ Ե 20):

   
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz