Пятница, 19.04.2024, 20:42
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Առաջնորդ

    Ա. Ինչպես ղեկավարն է նավի մեջ, զորապետը՝ զորքում, հովիվը՝ հոտում, և աչքը՝ գլխի վրա, նույնպես և առաջնորդն է իր քաղաքում ու ազգի մեջ: Եթե ղեկավարը ճարտար է, նավը կարող է անվտանգ հասնել նպատակադրյալ նավահանգիստը: Եթե զորապետը քաջ է, նրա զորքը մարտերում հաղթանակներ է տանում թշնամիների դեմ: Եթե հովիվը զգոն է, նրա հոտը, գայլերի շորթումից ազատ, արածելով գիրանում է դալար մարգերում: Եվ եթե աչքը պայծառ է, ամբողջ մարմինը լուսավոր է լինում: Այսպես եթե առաջնորդն արժանավոր է լինում, հասարակությունն ամբողջապես երջանկություն է վայելում:
    Բ. Նա է արժանի առաջնորդ լինելու, ով քաջածանոթ է ժողովըրդին և հրաժարվում է առաջնորդ լինելուց: Որովհետև ով ինքն է իրեն ներկայացնում և իշխանություն ցանկանում, նա չի իմանում, թե ինչ է նշանակում շատերի առաջնորդ լինել, և չի կարող իր պարտավորությունը կատարել: Բայց ժողովուրդն էլ պետք է ընտրի այնպիսինին, որ իմաստուն ու ջանասեր լինի: Որովհետև երկու շնորհ է հարկավոր առաջնորդին. խոհեմություն՝ օգտակար օրենքներ սահմանելու, և ջանք՝ այդ օրենքները գործադրելու համար:
    Գ. Կարևոր է, որ առաջնորդը գիտենա լավ ղեկավարելու եղանակը թե՛ խաղաղ ժամանակներում և թե՛ անհանգիստ. որովհետև այլ է ղեկավարելու կերպը խաղաղ ժամանակ, և այլ՝ անհանգիստ: Իսկ եթե առաջնորդը երկու պարագաներում էլ միօրինակ է վարվում, խոհեմ ու կատարյալ չէ՛:
    Դ. Պետք է, որ առաջնորդը զգույշ լինի ամեն ինչում. որովհետև բոլոր մարդիկ անթարթ աչքերով անընդհատ հետևում են, որ դատեն նրան, տեղյակ չեն այն վիճակին, որում գտնվում է նա, և չեն զգում կրած դժվարությունները. այլ ուզում են նրա մեջ տեսնել այն կատարելությունները, որոնք մարդկային կարողությունից վեր են:
    Ե. Առաջնորդներն ու իշխանները պետք է ավելի հոգածու լինեն հասարակության կրտսեր անդամների հանդեպ, քան նրանց ծնողները՝ ջանալով քաղաքի կամ ազգի դեռաբույս մանկանց կրթել գիտության ուսմամբ, բարի վարքով ու անհրաժեշտ արհեստներով: Որովհետև այն երեխաները, որոնք փոքր տարիքում սովոր են ուսումնատյաց, անգործ կամ չարաբարո լինել, տարիքի առաջանալու հետ հույժ դժվար են դառնում ուսումնասեր, ժրաջան ու բարեբարո:
    Զ. Առաջնորդները թող ջանան ուսուցանել ժողովրդին արհամարհել տանջանքն ու մահը՝ հանուն ճշմարիտ հավատքի, հեռու մնալ փափկությունից ու ապերախտությունից, աշխատանքում եռանդուն ու անձանձիր լինել, ճանաչել բարերարի երախտիքները և սիրել ազգն ու հայրենիքը:
    Է. Այն առաջնորդը, որ սիրում է միայն մեծարանք, օգուտ ու դյուրություն իր անձին, չի կարող սիրելի լինել ժողովրդին. որովհետև ընդհանուրի օգուտը նախադասելի է սեփական անձի օգտից ու դյուրությունից:
    Ուստի չեն կարող անբասիր լինել նրանք, ովքեր հանգիստ ու հանդարտ կյանք վարելու համար հրաժարվում են հասարակությանը ղեկավարելու ծանրությունը կրելուց: Անբասիր չեն նաև նրանք, ովքեր ցանկանում են ղեկավարող լինել և հնարներ են բանեցնում հափշտակելու համար այդ քաղցր պատառը:
    Առաջնորդը, եթե միայն իր հաճույքի ու օգտի համար է իշխանությունը վարում, անիրավ բռնակալ է: Իսկ եթե իրավունքով ու հասարակության օգտի համար է վարում, գթած հայր է և առաջնորդ լինելու արժանի:
    Ը. Առաջնորդները պետք է որոշակի ժամանակ հատկացնեն լսելու իրենց հպատակներին, որոնք բողոք ունեն նրա առաջ կամ կամենում են որևէ լուր հաղորդել: Առաջնորդը պիտի ընդունի նաև եկվորներին ու պանդուխտներին, զրուցի նրանց հետ ու տեղեկանա հեռավոր ազգերի սովորույթներից, ազգերի, որոնցից կարող է սովորել իր ժողովրդին օգտակար որոշ օրենքներ:
    Թ. Առաջնորդներն ավելի, քան ուրիշներն, արժանի են կարեկցանքի, քան թե դատումի: Որովհետև օժտված լինելով մարդկային տկարությամբ՝ ընկած են անտանելի ծանրության ներքո: Պարտավորված են ղեկավարել բազմաքանակ ժողովրդի, նրան բարիք գործել և միշտ հոգալ կարոտյալների պետքերը: Եվ քանի որ պետքերը բազում են, շատ աշխատանք են թափում նրանք, ովքեր կամենում են բարվոք ղեկավարել:
    Ժ. Եթե առաջնորդը տեսնում է իր կառավարիչների թերացումն իրենց ծառայության մեջ, պարտավոր է նրանց թերությունները հորդորիչ խոսքերով հայտնել և առանց վրդովման իրավունք պահանջել: Եթե այսպիսով ուղղվեն, կարող է վստահել նրանց հավատարմությանը, իսկ եթե ոչ, պետք է զգուշանա նրանցից, որպեսզի վնաս չկրի:
    ԺԱ. Մի առաջնորդ, որքան էլ բարեկարգ լինի, հնարավոր է, որ երբեմն իբրև մարդ սխալվի, և անշուշտ գովեստի է արժանի, եթե ունկնդիր լինելով խրատներին՝ ջանում է իր թերությունը հասկանալ և իրեն ուղղել: Ուղղվելու նշանը սեփական թերությունը խոստովանելն է և իմաստուն բարեկամների ծանր խրատները հանդուրժելը:
    ԺԲ. Ով առաջնորդ չէ, տակավին չգիտի, թե ի՛նչ է շատերին առաջնորդելը, ուստի համարձակորեն դատում է առաջնորդին, թե այս և այն բանում սխալվել է. բայց երբ այդպիսինին է պատահում հասնել առաջնորդական իշխանության, է՛լ առավել է սխալներ գործում և դատվում ուրիշների կողմից:
    ԺԳ. Հասարակ մարդն իր մասին կարծում է, թե ամենքից ավելի ունի բոլոր պարագաներում ղեկավարելու մեծ հմտություն, և համարում, թե ինքը չէր սխալվի, եթե տեսուչ լիներ. բայց չգիտի, որ ղեկավարելու իշխանությունը նվաճում է միտքը, և ըստ իշխանության մեծության՝ փոքր սխալները նրա մեջ խիստ մեծ են երևում:
    ԺԴ. Չարերը, երբեմն կարծելով, թե չարիք են հասցնում իրենց բարի ղեկավարներին, զրպարտությամբ ամբաստանում են նրանց և օտարության մատնում, բայց դրանով մեծ բարիք են գործում նրանց, որովհետև վերջիններս ազատվում են հասարակությանը ղեկավարելու բազմատագնապ հոգսերից և գտնում հանգիստ ու անզբաղ կյանք:
    ԺԵ. Առաջնորդները պարտավոր են վեճը երկար հետազոտելով քննել դատարանում և հասու լինել հանգամանքների ճշմարտությանը, որովհետև ամեն ամբաստանյալ չէ, որ հանցավոր է, և ոչ էլ հանցանքի մեջ կասկածը կարող է մեկին դատապարտման արժանի դարձնել ըստ մեղադրողների բողոքի:
    ԺԶ. Առաջնորդն օրենքի պահապան է և հասարակության լավ օրինակ: Ուստի դատի է արժանի ժողովրդի մեղքերի համար, եթե զանց է առնում օրենքի հանդեպ հանցավորներին պատժել և կամ իր անիրավությամբ, ագահությամբ ու սնափառությամբ չար օրինակ լինում ուրիշներին և նրանց գայթակղվելու ու մեղանչելու առիթ տալիս:
    ԺԷ. Որքան նախամեծար է մեկն ուրիշներից, այնքան ուրիշներից առավել բարեկարգ պիտի լինի: Առաջնորդի փոքր հանցանքը ժողովրդի մեջ պատճառ է դառնում մեծ չարիքների, որոնք երբեմն ձգվում են բազում դարեր:
    Ժողովուրդն ավելի աչալուրջ է առաջնորդի փոքր թերությունները տեսնելու մեջ, քան նրա մեծամեծ առաքինությունները, և նրանից կրած սակավ վնասն առավել է զգում, քան նրա շնորհիվ ստացած բազում օգուտները:
    ԺԸ. Առաջնորդներն արժանի են լինում պատժի, երբ իրենց ղեկավարությունը տալիս են անարժանների ձեռքը, ովքեր հասարակությանը չարիք են հասցնում: Որովհետև թեև իրենք անհաղորդ են վնասին, բայց քանի որ չեն ջանում քննել, արժանավորին գտնել ու կառավարչությունը նրան հանձնել, այդ պատճառով էլ նրանցից իրավացիորեն դատաստան է պահանջվում: Առաջնորդը, եթե կամենում է մեկին կառավարիչ դարձնել, պետք է նրան նախ ստորին պաշտոնի կարգի, փորձի նրա գործունեությունն ու հավատարմությունը, զննի նրա առանձին վարքը, հաճախ զրուցի նրա հետ, ծածուկ հարցնի ու իմանա նրանցից, ովքեր նրա հետ ընտանեբար են վարվում, թե ի՛նչ է ավելի սիրում, ո՛ւմ է ավելի հավանում, ինչեր է բնավորությամբ սիրում, ինչերի՛ հանդեպ ատելություն ունի, և նրա մասին բոլոր հանգամանքներին տեղեկանալուց հետո՛ միայն կարգի ավելի բարձր աստիճանի պաշտոնի:
    ԺԹ. Առաջնորդը եթե ստիպված է լինում չար մեկին որևէ պաշտոնի կարգելու, նրան միշտ ստորին կարգում պիտի պահի և զգույշ լինի ամեն ինչում, որպեսզի նա ավելի բարձր պաշտոնի չհասնի և գաղտնի ու ներքին մտքերի իրազեկ չդառնա: Առավել ևս պիտի նայի, որ եթե սակավ առ սակավ չուղղվի, որևէ հնարով նրան գործից ազատի: Բայց պետք է խոհեմությամբ վարվել, որպեսզի որևէ աղմուկ չբարձրանա: Որովհետև եթե հնարավոր չէ չարն անմիջապես հեռացնել, հարկ է միշտ սպասել ավելի պատեհ առիթի՝ նրան մեջտեղից հանելու համար:
    Ի. Առաջնորդները, երբ բարի ու գործունյա մարդուն որևէ պաշտոնի կամ գործի են կարգում, այնուհետև պետք է աներկմիտ սրտով հավատան նրան, որովհետև առաքինի մարդիկ ավելի կամենում են ազնվորեն ստանալ բարի համբավ, քան ոսկե գանձեր: Բայց պետք է նրան իր չափի մեջ պահեն և չափից դուրս համարձակություն չտան, որովհետև այնպիսին, որ կարող էր միշտ առաքինի ու հավատարիմ մնալ, գուցե անսահման իշխանությամբ խիստ համարձակություն ստանալով՝ ուղիղ ճանապարհից շեղվի:
    ԻԱ. Փառքն ու խաղաղությունը ազնվության ու հավատարմության անբաժան լծորդ են: Ուստի երբ առաջնորդի ազնվությունը կամ հավատարմությունը պակասում է, ժողովրդի միջից վերանում են փառքն ու խաղաղությունը, և նրանց փոխարինում են անարգությունն ու խռովությունը:
    ԻԲ. Շատ հավասարապատիվ մարդիկ չեն կարողանում տնօրինել վաղեմի օրենքները կամ սահմանել նորերը, մինչև նրանց մեջ չի գտնվում գլխավոր մեկը, ով օրենքներ վճռելու ու սահմանելու բավարար իշխանություն ունի: Որովհետև համապատիվ անձանցից յուրաքանչյուր ոք պնդում է իր կարծիքը հաստատելու վրա, ինչից հակառակություն ու խռովություն են ծնվում:
    ԻԳ. Առաջնորդն առանց ճշգրիտ ու երկար քննության, շտապ կերպով վճիռ պիտի չկայացնի դատի ժամանակ, որովհետև չարերն ամեն տեղ շատ են և խորամանկ հնարներով խաբում են անըզգույշ դատավորներին ու մոլորեցնում: Այլ պետք է երկու հակառակ կողմերին էլ ունկնդրի և ապա վճիռ կայացնի: Առաջնորդ կամ իշխան մեկը պետք է լսի ամենքին, բայց հավատա քչերին:
    ԻԴ. Առաջնորդը կարգված է կրելու ժողովրդին ղեկավարելու ծանրությունը՝ որպես հոտի հովիվ և ընտանիքի հայր: Եվ այս նրա համար դժբախտություն չէ, այլ երջանկություն: Որովհետև հանձին իրեն ցույց է տալիս Աստծու նմանությունը՝ չարերին պատժելով, բարիներին վարձատրելով և ամենքին հորդորելով կատարելու Աստծու օրենքը: Ուրեմն նրա համար բավական փառք է լինել Աստծու օրենքի պահապան և բավական մխիթարություն՝ հավիտենական կյանքի վարձը, որ Աստծու կողմից պատրաստված է նրա աշխատանքի դիմաց:
    ԻԵ. Որևէ առաջնորդ, եթե կամենում է իմաստուն ու առաքինի մարդկանց շատացնել, պետք է այդպիսի մարդկանց, որքան էլ քիչ լինեն, պատվի, նրանց օրինակներով շատերին հորդորի դեպի գիտության ուսումն ու առաքինության կրթությունը, և ովքեր առաջանան դեպի լավն ու իմաստությունը, նրանց հարգի ու որևէ պաշտոնի կարգի, որպեսզի ուրիշ շատեր, նրանց հանդեպ մեծարանքը տեսնելով, նմանվելու ջանք գործադրեն, որպեսզի պատիվ ստանան: Քանզի կան շատերը, որոնք այժմ զուրկ են գիտությունից ու առաքինությունից, սակայն հնարավոր էր, որ լինեին իմաստուն ու բարի, եթե լինեին պատվի արժանանալու հույսն ու ակընկալությունը:
    ԻԶ. Ով հասարակության տեսուչ է կարգված, պետք է լինի համբերող ու երկայնամիտ, որպեսզի լինի իր անձի և ապա ուրիշների տերը: Որովհետև անհամբերությունը ոչ թե հոգու մի զորություն է, որով շտապում են դեպի մի բանի վախճանը, այլ տկարություն է, որովհետև վշտերին տոկալ չեն կարողանում:
    Ով սպասել ու համբերել չգիտի, նման է նրան, ով չգիտի լռել ու իր խորհուրդը պահել: Այս երկուսն էլ առաջ են գալիս տկարությունից, որի պատճառով չի կարողանում մեկն իրեն զսպել: 0րինակ՝ ով արշավում է սրընթաց կառքով և բավական զորություն չունի պետք եղած դեպքում կանգնեցնելու, գահավիժում է վիհերը. այդպես էլ անհամբերը, չկարողանալով կանգ առնել, ընկնում է թշվառության փոսը: Որովհետև երբեք չի սպասում և չգիտի ժամանակը չափել, այլ ձեռք է զարկում ամեն ինչ իր հաճույքին ծառայեցնելու: Կոտրում է ոստերը՝ ժողովելու համար չհասունացած պտուղը, խորտակում դռները՝ չսպասելով, որ բացվեն, կամենում ինքը հնձել, երբ ուրիշները սերմանում են: Ինչ անում է, կարճմտությամբ շտապում է, չգիտի համբերել ու սպասել հարմար ժամանակի, և որքան մեծ է նրա իշխանությունը, այնքան մեծ է լինում և վնասը:
    ԻԷ. Որևէ ազգի առաջնորդ կամ ժողովրդի իշխան, եթե նայի ղեկավարման առթած վշտերին ու մարդկանց ապերախտությանը, իր համար դժբախտություն կհամարի առաջնորդ կամ իշխան լինելը: Բայց նա պիտի գիտենա, որ մարդիկ ապերախտ են լինում, սակայն այդ պատճառով պետք չէ հրաժարվել բարերարելուց: Այլ հարկ է ամեն միջոցով՝ բարի օրինակներով խնամել ու շահել իր ազգն ու ժողովուրդը, ոչ այնքան վերջիններիս, որքան Աստծու սիրո համար: Որովհետև չի կորչում այն բարերարությունը, որ մեկն ուրիշներին անում է Աստծու փառքի համար:
    Նաև՝ եթե ապերախտները բազում լինեն, կգտնվեն նաև երախտագետներ, որոնք ճանաչում են երախտիքն ու բարերարությունները և սիրում երախտավորին: Եվ թեպետ հասարակությունը փոփոխամիտ է երախտագետ լինելու մեջ, բայց իսպառ երախտամոռ չի մնում, ճշմարիտ առաքինության համար վաղ թե ուշ դատաստան է անում և բարերարությունը ճանաչում:
    Եվ քանի որ ապերախտությունն առավել առաջանում է բարքի վատ լինելուց, այդ պատճառով էլ առաջնորդը կամ իշխանը պիտի ջանա բարեկարգել և ուղղել մարդկանց բարքը և նրանց դարձնել առաքինի, հավատարիմ ու երկյուղած Աստծու հանդեպ, որպեսզի կարողանան ճանաչել իրենց բարերարին ու երախտավորին և սիրեն նրան: Ուստի հասարակությանը կատարյալ բարի դարձնելով՝ առաջնորդն իրեն բազում բարիք է գործում և բնավ չի երկնչում նրանց ապերախտությունից:
    Իսկ եթե առաջնորդը կամ իշխանն անիրավ ու անհավատարիմ լինի, զարմանալի ոչինչ չկա, եթե ժողովուրդն էլ ապերախտ լինի: Բայց եթե առաջնորդը կամ իշխանը բարի լինի և աշխատի իր օգտակար խրատներով ու բարի օրինակներով հասարակությանը վարժել բարի սովորությունների և Աստծու օրենքի պահպանությանը, կգտնի ու կվայելի իր աշխատության պտուղը հասարակության առաքինություններում, կամ գոնե կվայելի այն իր մեջ, իր առաքինություններում:
    ԻԸ. Երկյուղը հարկավոր է, երբ սերը պակասում է ժողովրդից: Բայց ղեկավարման մեջ այն պետք է ակամա մի՛շտ ունենալ՝ որպես առավել ազդու և առավել զորավոր դեղ:
    ԻԹ. Առաջնորդներին ամոթ չէ խոնարհվել ու իբրև տկար լինել՝ տկարներին շահելու համար. քանզի վարժապետն էլ մինչև չի իջնում աշակերտի մակարդակին ու ասում «այբ», աշակերտը չի կարողանում սովորել ու ասել «այբ»:
    Լ. Ո՛չ բոլոր ձկներն են միատեսակ խայծով որսվում, և ո՛չ բոլոր մարդիկ են միակերպ խրատներով հորդորվում դեպի բարին: Ուրեմն՝ ըստ մարդկանց այլևայլ վիճակների ու բնավորության պետք է խրատական խոսքը հարմարել:
    ԼԱ. Տկարամիտ է համարվում այն առաջնորդը, որ տեսնելով ժողովրդի անլուր լինելն իր խրատին՝ հուսահատված հետ է կանգնում նրան խրատելուց: Քանզի իր պաշտոնի համաձայն պարտավոր է սաստել, հանդիմանել ու մխիթարել ամենայն երկայնմտությամբ: Իսկ եթե այս ամենից հետո անուղղելի մնա, ինքն Աստծուց կառնի իր աշխատանքի վարձը: Բայց շատ անգամ նայելով առաջնորդի ջանքերին՝ Աստված Իր շնորհով շարժում է ժողովրդի կամքը՝ անսալու նրա խրատական խոսքերին և ուղղվելու:
    ԼԲ. Առաջնորդն ու նրա ժողովուրդն այնպես պետք է սիրեն միմյանց, որ դժվար լինի որոշել, թե ով է առավել սիրում: Քանզի պիտի ջանան սիրով միմյանց հաղթել, առաջնորդը՝ ժողովրդի օգտի համար, և ժողովուրդը՝ առաջնորդի հանգստության ու խաղաղության համար:
    ԼԳ. Անխոհեմ է առաջնորդը, եթե մեկի սիրո համար ամենքին ատելի է դառնում կամ մեկի օգտի համար ամենքին զրկում, կամ մեկի խորհրդին անսալով՝ արհամարհում է ամենքի խորհուրդները:
    ԼԴ. Մեղանչում է առաջնորդը, եթե պատվում է օրինապահ չեղող հարուստներին ու իշխանավորներին և արհամարհում օրինապահ աղքատներին ու հասարակ մարդկանց կամ պատժում է օրենքին անհնազանդ հասարակ մարդկանց, իսկ օրենքը խախտող հարուստներին ազատ արձակում: Որովհետև արդարության թշնամի է նա, ով անպատիժ է թողնում հանցավորին և անվարձ՝ անմեղին:
    Առաջնորդ լինելու արժանի չէ ագահ կամ ոխակալ մեկը. ագահն արդարությունը դրամով վաճառում է, իսկ ոխակալն իրավունքը թյուրում՝ մեկի հանդեպ ունեցած ատելության պատճառով:
    ԼԵ. Որևէ հանցավորի, որ միայն կշտամբանքի ու սաստերի է արժանի, ոխակալության պատճառով մեծապես պատժելը անիրավություն է: Որովհետև պատիժն արդարության սպասավորն է, և պետք է միայն այդ նպատակին ծառայեցնել այն. իսկ եթե մեկը ծառայեցնում է իր կրքերին, անիրավ է:
    Սաստիկ բարկացած ժամանակ տեղին չէ պատժել հանցավորին, այլ պետք է թողնել, մինչև որ սրտի բորբոքումն անցնի, որովհետև բարկությունը խանգարում է մարդու ուղեղը և անվայել բաներ խոսել ու անիրավություն գործել տալիս:
    ԼԶ. Առաջնորդը պետք է ամենքի հանդեպ քաղցր լինի. ում կարող է խրատներով շահել առանձին, թող չխրատի հրապարակավ, և ինչ կարող է անել համոզելով, թող չանի սպառնալիքով, և ում կարող է ուղղել սպառնալիքով, թող նրա հանդեպ պատիժ չգործադրի:
    Բայց եթե հարկավոր լինի պատժել, պետք է գթությամբ վարվի և ոչ թե ճշտագույն արդարությամբ, որպեսզի չլինի թե հանցավորն ուղղվելու փոխարեն հանդգնություն ձեռք բերի. քանզի առաջնորդը հանցավորների դահիճ չէ, այլ ուղղիչ:
    ԼԷ. Որևէ առաջնորդ, եթե ղեկավարման բոլոր գործերում ուրիշների խորհրդով է շարժվում, անխոհեմ է և առաջնորդության անարժան: Իսկ եթե բնավ չի խորհրդակցում ուրիշների հետ, այլ ամեն ինչ գործում է միայն ըստ իր կամքի ու մտքերի, կամակոր է ու հանդուգն: Բայց ով խոհեմ է և ղեկավարելու արժանի, ժողովրդի իմաստունների ու գլխավորների հետ խորհրդակցում է և գործում պատշաճն ու վայելուչը հասարակության օգտի համար:
    ԼԸ. Ժողովրդի տեսուչը, եթե կամենա որևէ մեկին համոզել գործելու օգտակար որևէ բան, պիտի նախ խորհի, թե ինչ միջոցներով է հնարավոր դեպի իրեն տրամադրել նրա կամքը. որովհետև ամենքը համաբարո չեն և միատեսակ խոսքերով չեն հորդորվում դեպի գործը:
    Ոմանք տրամադիր են վայելչականին, ինչպես երիտասարդները, ոմանք՝ օգտակարին, ինչպես հասուն տարիքի հասածները, ոմանք՝ համբավավորին, ինչպես ծերերը, ոմանք՝ մարդկանց շահավետությանը, ինչպես ագահները, ոմանք՝ փառավորին, ինչպես փառասերները, և այլք՝ իրենց բնավորությանը հաճելի մեկ այլ բանի: Ուրեմն՝ առաջնորդի գործն է յուրաքանչյուրի բնավորությունը ճանաչելը, որպեսզի կարողանա որևէ մեկի միտքը հոժարեցնել, այն մարդու կամքը, որին համոզում է, գործի շարժել: Կարևոր է հաշվի առնել նաև ժամանակի, անձի ու գործողության պարագաները, այլապես գործն ամուլ կամ թերի կմնա, և երբեմն էլ, փոխանակ օգուտի, վնասի առիթ կստեղծվի:
    ԼԹ. Մեղրն ընտիր ու քաղցրահամ է, բայց հաճախ որպես կերակուր մատուցվելիս սեղանավորներին ձանձրացնում է: Քարոզչի խոսքերն ինչքան քաղցրալուր ու ընտիր լինեն, եթե նույն ատենաբանության մեջ հաճախ են կրկնվում կամ խոսքերի հաճախությամբ երկարաձգվում, ունկնդիրներին ձանձրույթ են պատճառում: Մանավանդ որ շատ խոսելու դեպքում դժվարին է ակամա վրիպումներ թույլ չտալը կամ անպիտան ու ավելորդ խոսքեր պիտանիներին ու կարևորներին չխառնելը: Ուստի քարոզիչը պիտի զգուշանա երկարաբան ճառերից և չափով ու կշռով խոսի, որպեսզի իր խրատական խոսքերն ախորժելի ու ազդու լինեն ունկնդիրներին, և ինքը պատիվ ու գովեստներ ընդունի:
    Շատախոսությունը ոչ թե իմաստության նշան է, այլ տգիտության. որովհետև տգետներն են սովորաբար շատախոս, իսկ իմաստունները՝ սակավախոս: Այս ամենով իմաստունները պատվի ու մեծարանքի են արժանանում, ինչպես որ տգետ շատախոսները՝ արհամարհանքի:
    Խ. Աշխարհի իշխանները գործակալներ են կարգում, որովհետև անձամբ միայն չեն կարող ժողովրդի հոգսը քաշել, ինչպես որ Մովսեսը, Հոթորի խոհեմ խրատի համաձայն, ղեկավարման մասնավոր գործերի համար կարգեց զորավոր, աստվածապաշտ ու արդարակորով անձանց (տե՛ս Ելք ԺԸ 21): Ուստի առաջնորդները նույնպես, իբրև փոխանորդ ու ժողովրդի վերակացու, կարգում են քահանաների, որովհետև չեն կարող անձամբ ղեկավարել բազում ժողովրդի, որին Տիրոջ կողմից կարգվել են հովիվ ու դետ: Ուստի պիտի ամենայն արթնությամբ քննեն ու իմանան քահանաների վարքն ու ղեկավարումը, որպեսզի որևէ արատ կամ թերություն չգտնվի նրանց մեջ, այլ ամեն ինչում լինեն բարեկարգ ու աստվածահաճո, ինչպես պահանջում է քահանայական կարգը, որովհետև քանի որ քահանաներն առաջնորդի պաշտոնյաներն են, նրանց ամեն թերություն վերաբերում է առաջնորդին:

    «Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պես
    բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին
    իր մեղքերի մասին» (Եսայի ԾԸ 1):

    «Հովիվներն իրենք իրենց բտեցին-պարարտացրին
    և իմ հոտերը չարածեցրին,- այսպես է ասում
    Տեր Աստված:- Ահավասիկ ես այդ հովիվներին դեմ եմ
    ու հոտերս վերցնելու եմ դրանց ձեռքից» (Եզեկ. ԼԴ 8-10):

    «Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝
    հովվելու համար Տիրոջ ժողովրդին» (Գործ. Ի 28):

    «Նա շնորհ տվեց ոմանց լինելու առաքյալներ,
    ոմանց՝մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ,
    ոմանց՝ հովիվներ և ուսուցիչներ՝ հաստատելու համար սրբերին իրենց պաշտոնի կատարման մեջ,
    ի շինություն Քրիստոսի մարմնի» (Եփես. Դ 11-12):

    «Օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով,
    վարմունքով, սիրով, հավատով» (Ա Տիմ. Դ 12):

    «Հիսուս Քրիստոսի մի բարի պաշտոնյա կլինես՝
    սնված հավատի խոսքերով և
    բարի վարդապետությամբ» (Ա Տիմ. Դ 6):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz