Четверг, 25.04.2024, 13:14
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Անգործություն

Ա. Ի՞նչ ավելի անզգա թմրություն կա, քան տանջանքների մեջ գտնվելով՝ իրեն երջանիկ համարելը: Ահա այսպիսին են դատարկաշրջիկները, որ շրջում են ամեն ինչից ձանձրացած՝ գտնելու իրենց բաղձանքի իրականացումը, և ոչ մի տեղ չգտնելով՝ չարաչար տանջվում են ու չեն գիտակցում այդ: Սրանք ծնվում են իբրև մարդ և մեռնում անբան արարածներից ավելի վատթար: Որովհետև անբան արարածներն անգործությունը չեն ճանաչում, իսկ սրանք գիտեն, ինչպես և պետք է նրանց իմանալ, բայց անզգայացած մտքով հարատևում են նույն վիճակի մեջ:
    Թող ոչ ոք չկարծի, թե անասունը կամ գրաստն ախոռում անգործ է կապված. նրա գործն իր տիրոջ կամքին հնազանդվելն է միայն՝ թե՛ գործով, թե՛ անգործությամբ: Թող ոչ ոք անգործ չհամարի նաև վայրի երեներին. նրանց գործը ճարակելն է՝ իրենց քաղցը հագեցնելու համար, և մշտապես հանգիստ են ապրում, որովհետև զբաղվում են այս գործով, որ բնությունից է հատկացված նրանց:    Իսկ դատարկաշրջիկ մարդը, որ չի ջանում կատարել իր պարտավորությունը՝ մտքով կամ մարմնով աշխատելը, անբաններից ավելի վատթար է. ձանձրույթից տանջվում է և բնավ հանգիստ չի գտնում:
    Բ. Արդյոք ո՞վ է ավելի անմիտ, քան դատարկաշրջիկը, որ չգիտի, թե ուր է գնում. տեղից տեղ է անցնում, որպեսզի օրը սպառվի, և ձանձրացած հառաչում է, թե արեգակը մայր չի մտնում, նեղսրտությամբ տառապում է օր ու գիշեր, փնտրում հանգիստ ու չի գտնում: Բնությունը, որ անգործությունից փախչում է, ներքուստ նրան դրդում է որևէ գործով զբաղվելու, ուստի և նա սկսում է նարդի կամ թուղթ խաղալ: Ողորմելին չգիտի, թե նեղսրտության փարատիչ դեղն օգտակար գործերով զբաղվելն է, և սրտի հանգիստը՝ չափավոր աշխատանքը և ո՛չ թե անպիտան ու վնասակար նարդին կամ թղթախաղը:
    Եվ այս օգտակար դեղը գտնելը դժվար չէ նրան, որովհետև ամեն տեղ պատրաստ սպասում է նրան: Բայց չի փնտրում ձեռք բերելու համար, որովհետև չգիտի, թե ի՛նչ թշվառ վիճակի մեջ է ընկած, իսկ այդ չգիտակցելն ավելի չար է, քան հենց թշվառ վիճակի մեջ ընկնելը:
    Գ. Մարդ կա, որին ժամանակը չի բավարարում, մարդ էլ կա, որի համար ժամանակն ավելանում է: Քանզի ժրաջանները կամենում են, որ ժամանակը երկարի, որպեսզի աշխատեն օգտակար ու բարի գործերի վրա, և չեն կամենում նույնիսկ մի փոքր վայրկյան կորցնել, որովհետև գիտեն, որ ժամանակն անգին է, և այն, ինչ մեկը մի անգամ կորցնում է, այլևս չի կարող ձեռք բերել:
    Իսկ անգործները ցանկանում են, որ ժամանակը կարճանա, տրտնջում են, թե օրը երկարեց, և չգիտեն, թե ինչպես այն անցկացնեն, որովհետև ժամանակն ավելորդ բան ու ձանձրույթի պատճառ է նրանց թվում:
    Դ. Մարդն ավելի մեծ բաղձանք չունի, քան երկար ապրելը, որպեսզի կարողանա բազում բարի գործեր կատարել: Ուստի և բարի մարդիկ ջանում են իզուր չկորցնել ժամանակը, և ուրիշ ոչ մի բանի կորուստն այնքան ցավ չէ նրանց, որքան ժամանակի կորուստը: Ուրեմն որքա՜ն ավաղելի են անգործները, որ անմտորեն այն կորցնում են, և չարերը, որ բարի ժամանակը չարիքների համար են վատնում:
    Ե. Եթե մեկն անգործությունը բոլոր չարիքների աղբյուր կոչի, չի սխալվի. որովհետև չկա մի մոլություն, որ անգործությունից առաջ չգա: Դևերն աշխատանքից հանգստանում են և այլևս չեն դրդում մարդկանց մեղք գործելու, երբ շատ են դատարկաշրջիկները, որոնք դևերից էլ ավելի են պատճառ դառնում նորանոր չարիքների:
    Աշխատանքից փախուստը լեռներում շատացրեց ավազակներին՝ թափելու անմեղ ճանապարհորդների արյունը, սակայն ավազակների արյունն էլ է վերջում թափվում մահապատժի վայրում: Կախաղաններն անպիտան կլինեին ավազակների համար,
եթե նրանց պիտանի լիներ արդար վաստակով աշխատանքը:
    Զ. Անհնար է, որ մարդու միտքն անգործ ու դատարկ մնա: Ուստի դատարկաշրջիկը նեղսիրտ է, և ջանասերը՝ հանգիստ: Դատարկաշրջիկն արժանի է նեղսրտության, որովհետև չի փնտրում հանգիստ, որը միայն օգտակար աշխատանքի մեջ է գտնվում:
    Ուստի և անգործը, որ օգտակար գործերով չի զբաղվում, ստիպված զբաղվում է վնասակար բաներով, որ ավելի չար է, քան ոչինչ չանելը:
    Է. Կարծր կեղևն անվնաս է պահում պտուղները թռչուններից. ժրաջան աշխատանքը մարդու միտքն անմերձենալի է դարձնում դևերի համար, որովհետև դևերը չեն կարողանում պարապ ժամանակ գտնել՝ աշխատողին դեպի չարիքները հրապուրելու:
    Ը. Մարդիկ, որ բորոտներին քաղաքից վտարում են, որպեսզի առողջներին չվարակեն, լավ կանեին, եթե դատարկաշրջիկներին ևս հեռացնեին, որպեսզի աշխատասերներին էլ ծուլության ախտի մեջ չներքաշեին: Զազիր գոլորշիներն ապականում են օդը, և վատթար ծուլությունը՝ մարդկանց բարքը:
    Թ. Աստված աշխարհն արարեց մարդուն ծառայելու համար, որպեսզի մարդն էլ Աստծուն ծառայի. իսկ ծույլը չի ծառայում Աստծուն, ուստի և անարժանությամբ է վայելում աշխարհը և նրանում եղած բոլոր բարիքները:
    Ժ. Ծույլը հասարակության թշնամի է, որովհետև առանց աշխատելու կամենում է հասարակության բարիքները վայելել, բայց ստույգ օրենք է, թե չաշխատող ձեռքը պիտի չուտի:
    ԺԱ. Եթե մեկը միշտ անգործ է շրջում, թող մարդկանց միջից վտարվի իբրև անպիտան ու անարգ, որպեսզի իշամեղվի պես ուրիշների վաստակը չուտի և ուրիշ շատերի համար չար օրինակ չլինի:
    ԺԲ. Ոչ մի թշնամի այնքան զորավոր չէ մի ողջ ազգ կործանելու համար, որքան անգործությունն ու ծուլությունը: Ամուր պարիսպը, որը թշնամիների ուժը չի կարողանում քանդել, բնակիչների անգործությամբ հեշտությամբ կործանվում է:
    ԺԳ. Չար է որևէ մեկի համար, եթե շեղվում է այն նպատակից, որին ի բնե կարգված է: Իսկ մարդը ծնվել է օգտակար աշխատանքի համար: Ուստի եթե անգործ ու դատարկակյաց է, իր նպատակից շեղվում է, և այս չարիքը բոլոր չարիքներից էլ մեծ է:
    ԺԴ. Այն մարդը, որ Աստծուն սիրում է և հասարակությանը բարիք գործում, երկնային հրեշտակ է: Ով սրտից հանում է Աստծու սերն ու չարիք հասցնում ուրիշներին, դժոխային դև է: Եվ ով միայն իր մարմինն է պարարում ու նրա ցանկությունը կատարում, երկրային անբան է:
    Իսկ արդյոք ո՞ւմ է նման անգործն ու ծույլը. թվում է, թե սրանցից և ո՛չ մեկին, որովհետև մարդկային ցեղի ամեն կարգից էլ դուրս է գտնվում: Քանզի այլ մարդիկ որևէ բարի կամ չար բան անում են, որոնցով թերևս երևում է, թե կենդանի են, իսկ ծույլերը՝ իբրև անզգա արձան, ամբողջ օրը պարապ ու անգործ են, չգիտեն, թե իրենք մարդիկ են և չեն ճանաչում մարդու պարտավորությունը, ուստի և բոլորից էլ անարգ են:
    ԺԵ. Բնավ անպատշաճ չէ կարծելը, թե դևերը մարդու մտքի մեջ գցեցին քաղաքներում կառուցել զվարճության վայրեր, որպեսզի մարդիկ, մարմնի թարմանալու նպատակով գնալով այնտեղ, սովորեն անգործությունն ու ծուլությունը, և իրենք առանց ջանք գործադրելու պահեն նրանց իրենց ծոցում: Քանզի դևերը բնավ չեն աշխատում որսալ դատարկակյաց մարդկանց. վերջիններս ինքնակամ արդեն ընկել են դևերի կորստական ծուղակները:
    ԺԶ. Անհրաժեշտ աշխատանքներից հանգստանալը և մարմինն առույգ պահելու համար թարմանալն ու զվարճանալը պետք է դեղի գործածության պես սակավ ու հազվադեպ լինեն. որովհետև ինչպես որ, օրինակ, դեղի հաճախակի կիրառությունն առավել վնասում է, քան օգնում, այդպես էլ երկար հանգստանալը մարմինն ավելի տկարացնում է, քան կազդուրում:
    ԺԷ. Մարդ պիտի չուրախանա, թե շատ տարիներ ապրեց, այլ պիտի անդրադառնա, թե ինչպե՛ս ապրեց՝ բարի՞, թե՞ չար կյանքով: Որովհետև ըստ նրան տրված կյանքի օրերի շատության ու սակավության է պահանջվում թե՛ բարի և թե՛ չար գործերի հաշիվը:
    ԺԸ. Ժամանակը բողոք է բարձրացնում երկինք և իրավունք պահանջում, երբ տեսնում է, որ մարդիկ սուղ ժամանակում մեծամեծ չարիքները դյուրավ են կարողանում գործել, իսկ փոքր բարիքները երկար ժամանակում ու մեծ դժվարությամբ են գործում:
    ԺԹ. Մարդիկ ոչ թե ժամանակն ունեն իրենց ձեռքին, այլ ժամանակի գործածությունը: Ուստի ով գիտի ժամանակը բարվոք գործածել, դյուրավ բազում բարիքներ է գտնում իր ծոցում: Լավ ասաց այս ասողը. «Չկա վայելուչ ագահություն, բացի ժամանակի ագահությունից»:
    Ի. Եթե բնությունն ու ժամանակը մարդկանց իրենց խորհրդակից անեին, ամեն ինչ կհաջողվեր մարդկանց կամքի համաձայն:
    ԻԱ. Մարդը երկու գերեզմանների միջև քայլող ճանապարհորդ է, գերեզմանից ելնում է գերեզման գնալու-մտնելու, այսինքն՝ ծնվում է մոր արգանդից և գնում թաղվելու հողի արգանդում:
    Ուստի մարդն անմիտ է, եթե կարծում է, թե այն ճանապարհը, որով արագ անցնում է, մշտնջենավոր բնակության վայր է, և եթե թողնում է, որ հարմար ժամանակն իզուր անցնի:
    ԻԲ. Մարդկանցից շատերն այնքան անմիտ են, որ չգիտեն մահն ու կյանքն իրարից տարբերել և իրենց գործերը տնօրինել ըստ երկու վիճակներից յուրաքանչյուրի պահանջի: Քանի դեռ կենդանի են, մեռյալի գործն են անում, և երբ մահվանն են մոտենում, ջանում են կենդանի եղողի գործը ցույց տալ:
    Քանզի երիտասարդության տարիներին հոգևոր ու մարմնավոր անհրաժեշտությունների մասին չհոգալով՝ անգործ շրջում են ու չեն աշխատում կարևոր բաներ ձեռք բերելու համար, ավելին՝ հայրական ժառանգությունից ինչ որ ունեն, շռայլությամբ անմտորեն վատնում են, կարծես թե հասել է նրանց մահվան օրը և պիտի աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ թողնեն և մերկ ու կողոպտված գնան:
    Իսկ երբ մահվանն են մերձենում և անհրաժեշտ վճռով ստիպված լինում մեկնել աշխարհից, սկսում են հոգալ հոգուն ու մարմնին անհրաժեշտ բաների մասին, կարծես երիտասարդական առույգ հասակի ու անցավ առողջության մեջ են և կարող ու ձեռնհաս են ամեն ինչ պատրաստելու:
    Բայց ավա՜ղ նրանց իզուր տառապանքին. մահվան ստվերը, շուտով ընկնելով նրանց բիբերի վրա, չի թողնում իրենց անձերի համար որևէ օգտակար բան գործել:
    ԻԳ. Հանգստանալ նշանակում է որևէ բան գործելուց դադարել. իսկ ով որևէ գործով չի զբաղվում, նա չգիտի, թե ինչ է հանգստանալը: Ուստի ով կամենում է հանգստի քաղցրությունը վայելել, թող մարմնով աշխատի:
    ԻԴ. Պարապությունն ու ծուլությունն ապականում են բնությունը և այն դարձնում որպես փշալից հող, իսկ չափավոր աշխատանքն այն զորացնում է և դարձնում որպես պտղալից հող:
    Մանուկների հոգիների համար ժանտամահ է տասնամյա տարիքից հետո առանց ուսման ու արհեստի մնալն ու պարապ շրջելը:
    ԻԵ. Աստված, որ իր անպարտական բարերարությամբ ստեղծեց մարդուն, իր ողորմությամբ ձրի տվեց նաև մարդու կյանքին խիստ անհրաժեշտ բաները՝ օդը, արեգակի լույսը և անձրևի ջուրը, բայց մարդուն թողեց ապրել իր աշխատանքով, այսինքն՝ հողը մշակել, որպեսզի այն ցորեն բուսցնի որպես կերակուր:
    Եթե Աստված առանց մարդու աշխատանքի ձրիաբար բավական ցորեն աճել տար հողում, մարդն անգործ ու ծույլ կմնար և կյանքի բազում վտանգներ կկրեր, որոնք առաջանում են ծուլությունից: Որովհետև ծուլությունը մարդու կյանքի թշնամին է: Իսկ երկրագործությունն այնպես սահմանեց Աստված, որ ցանկացած մարդ կարողանա ի գործ դնել՝ չունենալով հնարամտության ու իմաստության կարիք:
    Ուստի ծույլերը դատարկաշրջիկ լինելու պատճառ չունեն. ահա պատրաստ է հողը նրանց ոտքի տակ, թող այն մշակեն, ցորենի հաց ուտեն և սառը ջուր ձրի խմեն: Եվ թող վայելեն արեգակի լույսը և Արարչին փառք տան: Ապա թե ոչ, արժանի չեն հաց ուտելու, արև տեսնելու և Աստծու պարգևները վայելելու:
    ԻԶ. Մի՛ կարծիր, թե պարապությունը մարմնի հանգիստ է, որովհետև այն առավել տանջանք է նրան. սակավ առ սակավ հիվանդացնում է մարմինը, մինչև որ անբուժելի ցավերի մեջ է գցում:
    ԻԷ. Պարապ մարդիկ ժամանակն իբրև բեռ են կրում իրենց վրա կամ իրենց համարում ժամանակի ծառա: Սակայն իրենք են անտանելի բեռ ժամանակի վրա, որին իբրև ծառայի անվայել գործերի համար են բանեցնում: Բայց կգան օրեր, երբ ժամանակը նրանց ձեռքից կազատվի, և այնժամ կճանաչեն նրա հարգը:
    Սրանք նման են հագեցած որովայնին, որը մեղրն արհամարհում է, բայց երբ քաղցում է, ցամաք հաց է փափագում, բայց չի գտնում:
    ԻԸ. Բնությունը ժլատ չէ ամենքին ժամանակ մատակարարելիս, բայց ծույլերը, ժամանակը շռայլաբար վատնելով, ոչ մի օգուտ չեն ունենում: Մարդու երջանկությունը հաստատված է ժամանակի բարվոք կիրառության մեջ, և թշվառությունը՝ իզուր կամ չարիքների համար այն կորցնելու մեջ:
    ԻԹ. Շատերն են ժամանակի կիրառության մասին բարվոք խոսում, բայց սակավ մարդիկ են բարվոք գործածում: Ովքեր ժամանակի հարգը չգիտեն կենդանի ժամանակ, իզուր են հույս տածում իմանալ մեռնելիս. որովհետև քանի դեռ կենդանի են, տրտնջում են, թե ինչպես անցկացնեն ժամանակը, և երբ մահը գալիս է, գանգատվում են, թե ժամանակը վերցվում է:
    Արդ, եթե ժամանակը հարգի և պիտանի է, ինչո՞ւ անգործ վատնեցին այն իբրև ավելորդ բան. իսկ եթե անպիտան է, ինչո՞ւ են ավաղում նրա վերցվելու համար: Ով չի հոժարում իմանալ բարու հարգը, երբ այն ունի, իզուր է իմանալ, երբ նրանից վերցվում է:
    Լ. Այս աշխարհը դպրատուն է, ուր մարդիկ պարտավոր են սովորել ժամանակի բարվոք գործածությունը միայն: Ով իր կյանքն անգործ է անցկացնում, նրա կյանքը նրան պատիժ է դառնում:
    ԼԱ. Ժամանակը, իբրև սրընթաց գետ, անդուլ հոսում է՝ իր հետ տանելով նաև մեր կյանքը, և ով մի անգամ գնում է, այլևս չի վերադառնում. սակայն մենք երազ տեսնողի պես քնած գնում ենք՝ այդ չիմանալով և կարծում, թե տակավին նույն տեղում ենք:
    ԼԲ. Ժամանակի մեծագույն հարգն ու անկշռելի արժողությունը մեռյալներն են քաջ ճանաչում, որոնք եթե մի վայրկյան իսկ կարողանային վերստին ձեռք բերել, անգին գանձ կհամարեին և նրանով բազում օգուտ կստանային իրենց հոգու փրկության համար: Բայց ավա՜ղ, այժմ ապրողները շատ ժամանակ են ապարդյուն վատնում ի վնաս հոգու և թեպետ մահվանից հետո կճանաչեն իրենց սխալները, բայց անօգուտ կլինի, որովհետև ժամանակը, որպես աղեղից արձակված նետ, այլևս հետ չի դառնում:

    «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից: Մի քիչ քնով ընկնես, մի քիչ նստես, մի քիչ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և ահա աղքատությունը, ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը՝ իբրև ժիր սուրհանդակ, կկանգնի դռանդ առջև: Բայց եթե ծույլ չլինես, ապա քո ամառը պիտի հասնի աղբյուրի նման, և կարիքը, ինչպես ինքնահալած չարամիտ այր, պիտի փախչի հեռու» (Առակ. Զ 9-11):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz