Четверг, 28.03.2024, 18:10
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ագահություն

  Ա. Ագահությունը դրամի ու ունեցվածքի անկարգ բաղձանք է: Ագահներն իրենց ողջ կյանքում տանջանքով են ապրում, որովհետև միշտ տառապում են գանձեր մթերելու համար, և ցավերով մեռնում, որովհետև գանձերն իրենց կամքին հակառակ են թողնում և գնում են անդառնալի ուղիով: Ագահների զավակները շատ անգամ շռայլ են լինում, և ինչ որ ծնողները ժողովեցին քառասուն կամ հիսուն տարում, սրանք այն վատնում են նույնքան օրերում:
    Բ. Ընչասիրության անկարգ բաղձանքն իր հետ ունի գաղտնի դավաճանություն և երբեմն հայտնի զրկանք: Քանի որ շատերը հազիվ են կարողանում իրենց վնասներով լրացնել մի զրկանքի վնասի տեղը, ինչպես երբ ագահ բռնավորն իշխանավորներից մեկին կեղեքում է, իշխանավորն էլ իր ստորադրյալներին է կեղեքում, նրանք էլ ուրիշներին՝ մինչև հետին չքավորները, ուստի ընչասիրության բաղձանքը շատերին վնասելու բաղձանք է:
    Գ. Ապրելուն անհրաժեշտ ունեցվածքը հնարավոր է ձեռք բերել, և կյանքը պահելու համար ավելորդ ունեցվածքը պետք է կորցնել: Ուստի որքա՜ն անմիտ են ագահները, որ ունեցվածք ձեռք բերելու կամ պահելու համար կորստյան վտանգի մեջ են դնում իրենց կյանքը:
    Դ. Ժլատները, սակավ դրամ խնայելով, կորցնում են իրենց մեծ պատիվը, մինչ պատշաճ էր, որ նրանք ամեն ինչ տային և պահեին պատիվը, որն առավել արժե, քան բոլոր գանձերը:
    Ե. Ով կաշառք տալու համար դրամ չունի, թող իրավունք չակընկալի կաշառակեր դատավորից, որովհետև նա ոչ թե օրենքի իրավունքին է նայում, այլ միայն տրվող կաշառքին:
    Ուստի կաշառակեր դատավորի ատյանում անմեղ աղքատները դատապարտվում են, և հանցավոր հարուստներն՝ արդարանում. որովհետև կաշառքը հանցավորությունը փոխակերպում է անմեղության և անմեղությունը՝ հանցավորության:
    Զ. Ագահը, եթե սրտում գանձեր չունի, նշանակում է գանձերն են իրենց մեջ շղթայել ագահի սիրտը. ուստի երբ գանձերը կորչում են, կորչում է և նրա սիրտը, և անկենդան է մնում, որովհետև ագահների կյանքը նրանց գանձերն են:
    Է. Ագահներն ու ընչաքաղցները, որ բանտարգել են անում դրամները, թող գոնե նրանց տեսքին նայեն ու խրատվեն: Քանզի դրամներն ունեն բոլորշի ձև, ուստի նրանց հատուկ է անդադար շրջաններ կազմել՝ հայտնելով, թե պետք է անընդհատ շրջեն մեկից մյուսը և հագեցնեն ամենքի կարիքները:
    Ը. Ոսկու դեղինության պատճառը թերևս մարդկանց հանդեպ երկյուղն է, որոնք ընկել են ոսկու ետևից՝ բռնելու և փոխանակելու համար անարգ հաճույքների հետ կամ ագահակամ բարքով ամրափակելու բանտում: Այս պատճառով էլ ոսկին զարհուրած թաքուն է շրջում և փախչելու հնարներ մտածում: Որովհետև եթե մարդիկ այն փնտրեին օգտակար ու համեստ նպատակով, անշուշտ նա հայտնի կշրջեր, ամենքի հետ կընտանենար և բնավ չէր կամենա խույս տալ, ուստի մարդիկ իրենց պետք եղած ժամանակ անաշխատ կգտնեին այն և անընդհատ չէին տառապի:
    Թ. Ընչաքաղցն ամեն տեղ ու ամեն ժամանակ սխալվում ու վնասվում է, բայց այնժամ է ավելի սխալվում ու վնասվում, երբ ամուսնանում է հարուստ, բայց անզգամ կնոջ հետ, որը կարող է բավական պատիժ լինել նրա ագահությանը. որովհետև կորցնում է հանգիստն ու դյուրությունը և ձեռք բերած գանձերը, գուցե և կյանքը, որ կապել է գանձերին:
    Ժ. Ագահ վաճառականը խստագույն պատիժների է արժանի. որովհետև իր անհագ բաղձանքը հագեցնելու համար իր կարողությունից ավելիին է ձգտում, ուրիշներից ապառիկ համաձայնությամբ բազում ապրանք ժողովում, ծովով ու ցամաքով հեռավոր երկրներ ուղարկում և երբ որևէ ձախողությամբ ունեցվածքը կորցնում է, տնանկությանն է ապավինում՝ ոչինչ չհատուցելով, որովհետև ոչինչ չունի: Այս վնասակար ախտով հիվանդանում են ուրիշ նրանից սովորածներ, որովհետև օտարների ունեցվածքն առնելով վատնում են և կործանում շատերի տունը:
    ԺԱ. Ագահ զրկողներն իրավունքը չեն ճանաչում, որովհետև անիրավ զրկողների իրավունքն իրենց զենքերն են: Ուստի անիրավների հետ կա՛մ հարկավոր է զենքով վարվել, կա՛մ ինքնակամորեն նրանց իրավունքին հնազանդվել: Իսկ եթե մեկը չի կարող զենքով վարվել, պետք է հնազանդվի նրանց ամեն հրամանի և տա ունեցած ամեն ինչ. որովհետև ավելի լավ է ունեցվածքից զրկվել, քան կյանքից:
    ԺԲ. Եթե իշխանների սրտից ագահությունը վերանա, տառապալից դժբախտությունները կտարագրվեն քաղաքներից, և թշվառությունները՝ գյուղերից, որովհետև գլխավորների ընչաքաղց բաղձանքն է, որ աշխատասեր հասարակությանը տառապեցնում է քաղցով, մերկությամբ, կապանքներով ու պանդխտությամբ, և նրանց աղաղակը միշտ երկինք է ելնում՝ իջեցնելու աստվածային արդար ցասումը:
    ԺԳ. Ագահության ախտը կարճում է կյանքը. որովհետև ագահը մտքով տանջվում է, թե ինչպես ձեռք բերի չունեցածը, ինչպես պահպանի ունեցածը և սրանով միշտ հյուծվում և մաշվում է: Որովհետև դրամ ձեռք բերելն աշխատանքով է, պահելը՝ երկյուղով, և կորցնելը՝ ցավերով:
    ԺԴ. Տոկոսների ցանկությունը շատ անգամ նաև մայր դրամն է կորցնում:
    ԺԵ. Ագահը թող իրեն ազատ չհամարի, քանզի ոսկի շղթաներով կապված է: Եվ իրոք, մեծ անմտություն է կապվելը նրան, ինչը մարդու կենդանության ժամանակ երկյուղ է ծնում, իսկ մահվան ժամանակ՝ ցավ:
    ԺԶ. Ագահը չի ցանկանում երկինք ելնել, որովհետև գիտի, որ այնտեղ ոսկի չկա. սակայն ցանկանում է իջնել սանդարամետը, որովհետև կարծում է, թե այնտեղ ոսկի գուցե գտնի:
    ԺԷ. Պետք չէ զարմանալ, թե ինչպես են գողերը համարձակվում ագահների ունեցվածքը գողանալ՝ տեսնելով, որ գողերին կախում են: Որովհետև կամենում են շուտով կախաղան ելնել և դժոխք գնալ, ուր ագահները շատ են. թերևս այնտեղ կարողանան գողանալ նրանց ունեցվածքը:
    ԺԸ. Հարստությունն ունեցվածքի առատության մեջ չէ, այլ բաղձանքի: Որովհետև կա մարդ, որ սակավով բավարարվելով՝ շատը չի ցանկանում և հարուստ է համարվում, կա էլ, որ շատն ունի, բայց անհագ բաղձանքի պատճառով, որով տառապում է է՛լ ավելին ձեռք բերելու համար, չքավոր է համարվում. որովհետև ցանկությունը ծնվում է չունեցած բանի կարիքից:
    Եվ որովհետև ագահը հերիք չի համարում այն, ինչը բավականին ունի, այլ չունեցողի պես միշտ ցանկանում ավելին ձեռք բերել, չքավոր ու կարիքավոր է թվում:
    ԺԹ. Ագահը պինդ պահում է այս աշխարհի ունեցվածքը, որ կյանքի ընթացքում ձեռք բերեց, որպեսզի կարողանա անթերի հատուցել աշխարհին այն օրը, երբ նրանից պահանջի:
    Ի. Ագահը, չճանաչելով մարդկային բնության տկարությունը, թե շատ տարիներ կենդանի մնալ չի կարող, մթերում-կուտակում է շատ տարիների գանձեր: Թեպետ գանձերը կարող են մնալ երկար ժամանակ, որպեսզի մարդիկ դրանք վայելեն, բայց բնությունը դաշնակից չէ գանձերին, որ թույլ տա գանձի տիրոջը վայելել, որքան կամենում է. որովհետև մինչ գանձերն ամփոփված պահվում են արկղի մեջ, գանձի տերը, հակառակ իր կամքին, գնում է գերեզմանի մեջ ամփոփվելու: Ուստի թող չխնդա ագահը, թե շատ ունեցվածք ունի, որովհետև իրեն մնում է միայն պատանքի երկկանգուն կտավ:
    Ուրեմն՝ ով ճանաչում է իր բնության տկարությունը, թող գանձերից այնքան պահի, որքան իրեն պետք է, իսկ ավելորդով կերակրի կարոտյալներին՝ որպես հավիտենական պաշար. քանզի ամեն ինչ թողնելու է աշխարհում և մերկ գնալու գերեզման: Ով ոսկին սիրով է ժողովում կենդանի ժամանակ, մահվան ժամին առանց ցավերի չի կարող այն թողնել:

    «Ինչպես անհագ են դժոխքն ու կորուստը, անպես էլ անհագ են ագահ մարդու աչքերը» (Առակ. ԻԷ 20):

    «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում» (Մատթ. Զ 19):
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz