Հետաքրքիր բլոգ - Ա-ով սկսվող անուններ
Понедельник, 05.12.2016, 15:24
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Ա-ով սկսվող անուններ

ԱԴԵԼԱԻԴԱ - Տարածվել է եվրոպական գրականության միջոցով:


ԱԻԴԱ -  Եկել է իտալացի կոմպոզիտոր Վերդիի համանուն օպերայի շնորհիվ՝ 20-րդ դարի քսանական թվականներից:


ԱԼԻՍԱ - Ֆրանս. Alisa անունն է, որ տարածված է նաև մեզ մոտ: Գործածական է նաև Ալիս ձևով: Սրա փաղաքշականն է Ալլա:


ԱԼՎԱՐԴ- Հայ. վաևդ և ալ "կարմիր”, "կարմրավուն” բառերից: Նշանակում է "կարմիր վարդ”: Հնում այս անունը գործածական չի եղել հայերի մեջ, համդիպում ենք 12-րդ դարից միայն: Տարածման պատճառ եղավ Վահան Միրաքյանի "Լալվարի որսը” պոեմը:


ԱԼՎԻՆԱ - Նշանակում է "շիկահեր”, "սպիտակադեմ” : Ծագել է լատ. albus "սպիտակ” բառից: Կա նաև սրա փաղաքշական Ալյա ձևը:

ԱՂԱՎՆԻ - Հայ. աղավնի թռչնի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է : Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից: Համապատասխանում է ժողովրդական Դուխիկ անվանը: Այժմ էլ բավական տարածված անուն է : Երևում է նաև Աղունիկ ձևով:


ԱՄԱԼՅԱ - Եվրոպական անուն է , որ գործածական է դարձել մեզ մոտ 20-րդ դարի ութսունական թվականներից՝ Շիլլերի "Ավազակները” ողբերգության հերոսուհու անունով: Այժմ տարածված անուն է :


ԱՆԱՀԻՏ - Զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita "պիղծ” բառից. նշանակում է "անպիղծ”, "անապական”, "անարատ”: Անահիտը մեր ժողովրդի սիրած աստվածուհին է եղել, և նրա անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը: Այժմ տարածված անուն է:


ԱՆԳԻՆ - Հայ. անգին բառից, որ նշանակում է "հազվագյուտ”, "գին չունեցող”: Ստեղծվել է 20-րդ դարում և բավականին տարածված անուն է:


ԱՆԺԵԼԱ - Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է "հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:


ԱՆԻ -  Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն:


ԱՆՆԱ - Եբր. Khanna անունից, որ նշանակում է "շնորհալի”, "ողորմած” կամ "պարգևատու”, "ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:


ԱՆՈՒՇ - Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է "անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել "հաճելի”, "քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:


ԱՇԽԵՆ - Պահլ. akhsen "գորշ” բառից / զենդ. akhsaena "թուխ”, "կապտասև”/: Եթե պահլ. akhsen բառի դրափոխված ձևը համարենք , ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի ”մոխրագույն”, "գորշ”: Բայց գույն է արտահայտում նաև "աշխետ” բառը /պահլ. khset, զենդ. khsaeta/, որ կարելի է մեկնել "հրակարմիր”: Հնագույն անուններից է : Խորենացին հիշատակում է Աշխեն կույս, որ Աշխադարի դուստրն էր: Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարս. փաղաքշական en ածանցից /Աշխ - են/. ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում /Խորեն/: Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:


ԱՍՏՂԻԿ - Հայ. աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվասուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:


ԱՐԵՎԻԿ- Հայ. արև բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Ստեղծվել է 13-րդ դարում և այժմ էլ գործածական անուն է:


ԱՐԵՎՇԱՏ - Նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ "կյանք" իմաստով) և շատ բառերից. նշանակում է "երկարակյաց, "երկարատև": Կա նաև Արևշատյան ազգանունը:


ԱՐՄԻՆԵ - Արմեն անվան իգական ձևերից մեկն է: Կազմվել է  -ինե վերջամասնիկով / ինչպես՝ Կարինե, Զարինե /:


ԱՐՈՒՍ- Հայ. Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն:


ԱՐՈՒՍՅԱԿ - Հայ. Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է՝ Վեներան (լատ. Venus): Հայերի մեջ այս անունը գործածական է 9-րդ դարից՝ արաբական Zuhra անձնանվան փոխարեն, որ նույնպես գործածական էր Լուսաստղ իմաստով: Այժմ էլ տարածված անուններից է:


ԱՐՓԻՆԵ -  Կազմված է արփի /արև / բառից -ինե իգական ածանցով / ինչպես Ցոլինե, Նարինե /: Այժմ բավական տարածված անուն է:


ԱԼԲԵՐՏ - Գոթ. Albrecht- ից, որ նշանակում է "ազնվափայլ”: Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում, նաև մեզ մոտ:


ԱԼԵՔՍԱՆ - Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Սրանից է գալիս Ալեքսանյան ազգանունը:


ԱՂՎԱՆ -  Տարածվել է վերջին դարի սկզբին՝ աշուղ Եռանդի (Հովսեփ Ասլանյան) "Աղվանի և Օսանի հեքիաթը” հայտնի գրքի ազդեցությամբ (1900թ) հատկապես Շիրակի գյուղերում: Բոլորովին առնչություն չունի Աղվանից աշխարհի կամ ազգի հետ:


ԱՆԱՍՏԱՍ - Հուն.Anastasios անունից, որ անցել է եվրոպայի շատ ժողովրդների (լատ. Anastasius) . նշանակում է "հարություն” (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է):


ԱՆԴՐԱՆԻԿ - Հայ. անդրանիկ բառից, որ նշանակում է "ավագ”, "մեծ”, "երեց”: Իբրև անձնանուն հանդիպում ենք տակավին X դարից: Այժմ էլ շատ գործածական անուն է:


ԱՆԴՐԵԱՍ - Հուն. Andeioss անունն է, որ նշանակում է "առնական”,”հանդուգն”: Այս նույն անունը մուտք է գործել ռուսերենից՝ Անդրեյ (Андрей) ձևով: Սրանից է Անդրեասյան ազգանունը:


ԱՆՈՒՇԱՎԱՆ - Ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է: Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ. anaošo "անմահ” և urvan "հոգի” բառերից. նշանակում է "անմահ հոգի”: Այս կարծիքին են նաև Ն. Ադոնցը և Հր. Աճառյանը: Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում է նոճի, սոսի բառերը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես "պաշտող”, "նվիրված”: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է իբրև սոսանվեր ( տես՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը 1944, էջ 107): Ոմանք էլ դիտում են որպես հայ. աշուղ և ավան բառերից կազմված մի անուն :


ԱՆՏՈՆ - Լատ. Antonius անունից. նշանակում է "առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն:


ԱՇՈՏ - Այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Արաբ. ašath բառը ևս սեմական ծագում ունի: Հայերի մեջ Աշոտ-ը շատ տարածված է:


ԱՌԱՔԵԼ - Գրբ. առաքել բառից է (եա>ե) հնչյունափոխությամբ. նշանակում է "ուղարկված”, "պատգամավոր”, "դեսպան”: Սրանից է Առաքելյան ազգանունը:


ԱՍԱՏՈՒՐ - Հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր: Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները:


ԱՎԱԳ - Հայ. ավագ բառից, որ նշանակում է "մեծ", "տարեց”: Իբրև անձնանուն այժմ էլ կենդանի է: Սրանից ունենք Ավագյան ազգանունը:


ԱՎԵՏ - Հայ. ավետիք բառն է, որ նշանակում է "հաճելի լուր”, "բարև”, ”աչքալուսանք”:


ԱՎԵՏԻՔ - Հայ. ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. սրա փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ:


ԱՎԵՏԻՍ - Հին հայերենի ավետիք բառի հայցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ: Սրա կրճատ կամ փաղաքշական ձևերն են Ավիս, Ավո: Կան նաև Ավետիսյան, Ավոյան ազգանունները:


ԱՐԱ- Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին: Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ: Գ. Ղափանցյանն իր "Chetto-armeniaca” գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության մասին: Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով. ”Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են” (տես՝ նրա "Արա Գեղեցիկ”,էջ 314-315): Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է "անտառ”, "արտ” և այլն: Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ "արա” մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ,  Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:


ԱՐԱՄ - Ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև "վսեմություն” կամ "բարձրություն”: Մատենադարանի #5596 ձեռագրում սույն Արամ անունը դրված է "Բառք եբրայացւոցի” շարքում և բացատրված որպես "անեծք”, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ (թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է : Ունենք նաև Արամյան ազգանունը:


ԱՐԱՄԱԶԴ - Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է, որ հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով: Հյուբշմանն այս անունը մեկնում է իբրև "իմաստության տեր”. կազմված է զենդ. abura "տեր” և mazda "իմաստություն” բառերից: Այս ստուգաբանությունը հավանություն է տվել նաև Հ. Աճառյանը: Ոմանք Արամազդ անվան մեջ տեսնում են Արա աստծու անունը և կապում ուրարտական կուլտուրայի հետ, սակայն դա միայն պատահական նմանություն է: Թվում է ՝իրանական փոխառություն է:


ԱՐԱՄԱՅԻՍ - Հայ հին դիցաբանական անուններից է: Հայկ Նահապետի թոռան (Արամայիկի որդու ) անունն է: Որոշ գավառներում Արմավիս են կոչում, որ ավելի հավանական է դարձնում պատմահոր վկայությունը: Այս անվան կրճատ ձևերն են՝ Արմո, Մայիս և այլն:


ԱՐԱՅԻԿ - Հնագույն Արա անունն է ՝ -իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված ինքնուրույն անուն է :


ԱՐԱՐԱՏ - Հայոց մեծ լեռան անունն է , որ դարձել է նաև անձնանուն: Բիբլիական այս լեռան անունը ըստ էության չի ստուգաբանված: Գ. Ղափանցյանը հնարավոր է համարում Urart քաղաքական և էթնիկական տերմինից ծագած լինելու հանգամանաքը: Հնագույն Urart ձևը հեշտությամբ կարող է դառնալ Arart:  Ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է "Արայի արտ” ( նախ ՝Ar + art, ապա ՝ Arart ): Այս բացատրությունը իհարկե գիտական չէ, քանի որ Արարատ տեղանունը շատ հին և հայերենով չի ստւգաբանվում:


ԱՐԵԳ - Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ "հրային - լուսափայլ ճաճանչներով”, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում (Րաֆֆի): Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում` գեղարվեստական գրականության ազդեցությամբ / Ղ. Աղայանի "Արեգնազան” և Հ. Թումանյանի "Հազարան Բլբուլը”:


ԱՐԹՈՒՐ - Եվրոպական անուն է , որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով /Վոյնիչի "Բոռ” վեպից /:

ԱՐԻՍՏԱԿԵՍ - Հուն. Arostakes անունից: Առաջին անգամ հանդիպում ենք Ագաթանգեղոսի մոտ: Uտուգաբանվում է իբրև "կրկին պարգև”: Կրճատ ձևերն են՝ Արիստակ, Արիս: Կա նաև Արիստակեսյան ազգանունը: Գավառական ձևն է Ռստակ, որից՝ Ռստակյան :


ԱՐԾՐՈՒՆԻ - Հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսվել է գործածվել 20-րդ դարի 90 - ական թվականներից: Տարածված է նաև Արծրուն ձևով:


ԱՐԿԱԴԻ - Հուն. Arkados - ից է , նշանակում է "բարեհոգի”, "ազնիվ”, "երջանիկ”. բառացի՝ "Արկադի բնակիչ” / հին հունական դիցաբանության մեջ Արկադիան պատկերացվում է որպես "երջանկության և անտրտում կյանքի երկիր”:


ԱՐՄԱՆ- Պարս. arman բառից , որ "իղձ”, "կարոտ” է նշանակում: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, այժմ տարածված է  իբրև արական անձնանուն:


ԱՐՄԵՆ - Հայ. Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen /հայ/ և կամ Armenia /Հայաստան/ բառերի հետ: Այժմ չափազանց տարածված անուն է : Սրանից Արմենյան ազգանուն :

ԱՐՄԵՆԱԿ - Հայկական դիցաբանության անուններից է /Արամանյակ/: Շատ տարածված էր անցյալ դարում: Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն:


ԱՐՇԱԼՈՒՅՍ - Հայ. արշալույս /լուսաբաց / բառից: Իբրև անձնանուն գործածական է թե արական , թե իգական սեռերի համար:


ԱՐՇԱԿ - Պարս. "արջ” բառից՝ հայ. -ակ փաղքշական ածանցով: Նշանակում է "արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանունները:


ԱՐՇԱՎԻՐ - Հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է "տղամարդ” / զենդ. և vira բառերից /: Պատահական նմանություն ունի հայերեն արշավել բայի արշավիր հրամայական ձևի հետ:


ԱՐՍԵՆ - Հուն. Arsen բառից է , որ նշանակում է "առնական”, "ամրակուռ” / լատ Arsenius , ֆր. Arsene / : Այժմ էլ գործածաական անուն է : Ունենք նաև Արսենյան ազգանունը:


ԱՐՏԱԿ - Պահլ. artak " սրընթաց” բառից: Այժմ շատ տարածված է :


ԱՐՏԱՇԵՍ - ՀԲ ստուգաբանում է իբրև "լույս”, ”եռանդ, ուրախության” կամ "անեծք”: Այս անունը կրել են պարսիկ և հայ թագավորները մեր թվարկությունից շատ առաջ: Մինչև այժմ էլ տարածված անուն է: Սրա կրճատ ձևերն են ՝ Արտաշ, Արտուշ, Արտիկ և այլն: Կան նաև Արտաշիսյան , Արտաշյան ազգանունները:


ԱՐՏԱՇԻՐ- Պարս. անուն է, որ մեզ մոտ երևում է 5 -րդ դարից: Ոմանք համարում են Արտաշես անվան ավելի ուշ ստեղծված / իրանական / տարատեսակ: Նոր պարսկերենով ստուգաբանվում է որպես "զայրացած առյուծ”, սակայն անվան մեջ պարզ երևում է  arta "սրբազան” բառը, որից ծագած լինելն ավելի հավանական է :


ԱՐՏԱՎԱԶԴ - Պահլ. Artavazd անունից, որ հայերի մեջ տարածված էր տակավին մ. թ. ա. չորրորդ դարում: Արտավազդ անունը հաճախ կապում են դիցաբանական այլ անունների հետ / Պրոմեթևս, Ամիրան, Միհր և այլն / և դիտում որպես "մեռնող և հարություն առնող աստվածության " նման մի բան / Գ. Ղափանցյան ,"Արա Գեղեցիկի պաշտամունքը”, էջ 58/: Արտավազդ անունը ստուգաբանվում է որպես "տևական արդարություն”: Այժմ էլ տարածված անուն է:


ԱՐՏԵՄ (Արտյոմ)- Հուն. artemes բառից է, որ նշանակում է "ամրակազմ”, "ջլապինդ”:


ԱՔԻԼԼԵՍ- Հունական դիցաբանական հերոսներից մեկի անունն է, որ եկել է Հոմերոսի "Իլիականի” միջոցով վերջին դարերում:


ԱԶԱՏ - Հայերեն ազատ բառից, որ իրանական ծագում ունի (զենդ. azata): Շատ տարածված անուն է: Սրանից՝ Ազատյան ազգանունը:

ԱԶՆԱՎՈՒՐ - Առաջացել է հայ  "ազն" արմատից, որ նշանակում է "երևելի մարդ", "հսկա", "դյուցազն": Մեզնից անցել է վրացիներին Ազնաուրի ձևով: Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի գործածվում:

ԱՌՆԱԿ - Առաջացել է գրբ. այր սեռական հոլովից (առն) և ակ ածանցից, նշանկում է "քաջ տղամարդ", "կորովի": Այժմ էլ գործածական է:
 
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz